Մեծ տերության մայրամուտը

Վերջերս հայտնի դարձան Լևադա կենտրոնի կողմից անցկացվող ամենամյա հարցման այս տարվա արդյունքները, որով պարզվում է, թե ռուսաստանցիների կարծիքով ո՞ր երկրներն են Ռուսաստանին թշնամի, իսկ որոնք բարեկամ համարվում: Հարցման արդյունքները հետաքրքիր են ինքնին, բայց մեր ուշադրությունը առավել սևեռվեց ռուսաստանցինիրի կողմից թշնամի ընկալվող (իհարկե ոչ առանց պաշտոնական քարոզչության օգնության) երկրների առաջին հնգյակը` Լատվիա (46%), Վրաստան (44%), Լիտվա (42%), ԱՄՆ (37%), Էստոնիա (28%): Այստեղ թաքնված է շատ կարևոր հոգեբանական, բայց նաև քաղաքական (եթե կարելի է այսպես ասել` աշխարհահոգեբանական) մի նրբերանգ:

Слон и моська

Ինչպես տեսնում ենք, ԽՍՀՄ նախկին թիվ մեկ (ու մեծ հաշվով միակ) թշնամի` ԱՄՆ-ը ընդամենը 4-րդ տեղում է` զիջելով միանգամից երեք հետխորհրդային փոքր երկրների: Այսինքն` ռուսաստանցիների թշնամիներն են իրենց տարածքով, պաշարներով ու միջազգային կշռով Ռուսաստանից անհամաչափ ավելի փոքր ժողովուրդներ: Բայց իրականում թշնամիների այսպիսի “հիթ-շքերթը” միաժամանակ նաև արտացոլում է ռուսաստանցիների (ու նրանց գիտակցությունը ձևավորող վերնախավի) ինքնաընկալումը` “ասա ինձ ով է քո թշնամին, ասեմ ով ես դու” սկզբունքով:
Մեծ տերությունը` դա բացի մեծ տարածքից ու ռեսուսրներից նաև հոգեբանություն է (ինչպես և առաքելության զգացում): Մեծ տերության թշնամին կարող է լինել միայն իր պես մի մեծ տերություն: Երբ այդպես չե, ուրեմն առկա է մի կարևոր սխալ համակարգի ներսում, որը և պետք է փորձենք գտնել: Հայաստանցիներիս համար սա ակտուալ է թեկուզ այն պատճառով, որ պուտինյան նեոդերժավնիկության հետևորդները քիչ չեն նաև մեզ մոտ:
Սովորական է, երբ փոքր ազգերի համար հիմնական թշնամի է ընկալվում ավելի մեծ մի պետություն: Բայց այպիսի թշնամության զգացմունքը սովորաբար անզուգաչափ է լինում` ավելի ուժեղը չի նկատում թույլի ատելությունը, կամ քիչ նշանակություն է տալիս դրան: Թույլը այս դեպքում հաճախ ընկալվում է որպես “մոսկա”, որը հաչում է փղի վրա` առանց փղի ուշադրությանը արժանանալու: Համենայն դեպս “մոսկաների” նկատմամբ թշնամությունը երբեք չի սողոսկրում նորմալ մեծ տերության պաշտոնական քարոզչական մակարդակ: Առհասարակ, ատելության զգացմունքը, այդ թվում ազգերի մեջ` ենթադրում է, որ ատելին ներքուստ առնվազն հավասարազոր է ճանաչվում, իսկ դեպքերի մեծամասնությունում, նաև քեզանից ուժեղ է: Այսպես, հայ-թուրքական թշնամանքը նույնքան աառաջնային չէ թուրքերի համար, որքան հայերի: Հակառակը` հայ-ադրբեջանական թշնամանքը այդքան ակտուալ չէ ներկա Հայաստանում որքան Ադրբեջանում: Պատճառը երկու դեպքում էլ նույնն է` մի դեպքում պարտվածի կարգավիճակով հայերն են, մյուս դեպքում` ադրբեջանցիները` պարտվածի համար էլ կոնֆլիկտը ավելի ակտուալ է:
Քանի որ մեծ տերության կարգավիճակը ենթադրում է բացի ամեն ինչից նաև գոլբալ մի որևէ նախագծի առկայություն, որի շուրջ այդ տերությունը կոչում է միավորվել մնացած ազգերին, ապա դրա թշնամին դառնում է մեկ այլ մեծ տերություն, որն ունի այլընտրանքային ինտեգրացիոն նախագիծ: Դա վերաբերվում ոչ միայն համաշխարհային գերտերություններին, այլ նույնիսկ տարածաշրջանային առաջնայնությանը հավակնող պետություններին: Ռուսաստանին հարևան բազմաթիվ հարևան փոքր ազգերը` ֆիները, մերջբալտիացիները, լեհերը, հյուսիսկովկասցիները, վրացիները, հայերը և այլոք միշտ ունեցել են ռուսաֆոբիայի իրենց տարբերակները: Բայց երբեք, ո՛չ կայսերական Ռուսաստանում (թերևս հյուսիսկովկասցիների բացառությամբ, որոնք սակայն իրոք որպես լուրջ սպռանալիք էին ընկալվում), ո՛չ էլ առավել ևս ԽՍՀՄ-ում դրանք չեն դիտվել որպես թիվ մեկ թշնամի: Հակառակը պաշտոնական դոկտրինը նրանց նկատմամբ եղել է միսիոնիստական, հովանավորչական անկախ իրական հարաբերությունների նրբերանգներից: Որպես պաշտոնական թշնամիներ կայսերական շրջանում հանդես էին գալիս համապատասխան մեծ տերությունները` Օսմանյան, Բրիտանական, Գերմանական, Ավստրիական կայսրությունները և այլն, բայց ոչ երբեք ասենք լեհերի նման մի ազգ: Երբ ԽՍՀՄ-ը դարձավ գերտերություն, ապա համապատասխան իր այդ բարձրագույն կարգավիճակի ունեցավ մեկ պաշտոնական թշնամի` իր պես գերտերություն ԱՄՆ-ին, որը ներկայացնում էր այլընտրանքային հասմաշխարհային գերնախագիծ: ԽՍՀՄ բոլոր տեղական առճակատումները ընկալվում էին որպես ԱՄՆ հետ կոնֆլիկտի դրսևորումներ: Լեհաստանից մինչև Աֆղանստան փոքր ազգերը շարունակում էին հակառուսական իրենց ավանդույթը, բայց երբեք դրանք չէին ընկալվում որպես ԽՍՀՄ թշնամի` հակառակը պաշտոնական տարբերակում այդ ժողովրդներին օգնում էին “ինտերնացիոնալիստական պարտքի” շրջանակներում: Կարևոր չէ, որ վերջինս իրականում կեղծիք էր` կարևոր է որ այդպես էր ձևակերպվում պաշտոնական մակարդակում:
Նույնսիկ ելցինյան Ռուսաստանի շրջանում, որն ընկալվում է որպես ռուս դերժավնիկության անկման փուլ, իրադրությունը քիչ փոխվեց: Չնայած որ հետխորհրդային հանրապետություններից շատերում հակառուսականությունը այդ շրջանում պաշտոնական գաղափարախոսության նման մի բան էր, բայց դրանք երբեք չմտցվեցին Ռուսաստանի թշնամիների ցանկի մեջ: Ու դա բնական էր, որովհետև այնուամենայնիվ նույնիսկ անկյալ Ռուսաստանը գիտակցում էր մասշտաբների տարբերությունը իր և “ինչ որ” Լատվիայի միջև:
Ամեն բան փոխվեց պուտինյան վարչակարգի օրոք` արդեն 2002 –ի աշնանը ռուսները ուժգին տեղեկատվական հարձակում ծավալեցին Վրաստանի դեմ: Դրանից հետո էլ ռուսական ԶԼՄ-ները, պետպատվերով խրախուսված, լծվեցին Վրսատանի, Մերձբալտիկայի և այլ հակառուսական կողմնորոշում ունեցող երկրների դեմ քարոզչական արշավի: Սա ընակլվեց և ընկալվում է որպես “դերժավնիկության” վերադարձ: Բայց շատ իզուր, քանի որ իրականում սրանով նշանավորվեց որ Ռուսաստանն այլևս անշրջելիորեն կորցրել է մեծ տերության իր երբեմնի որակները, կամ դրանցից կարևորագույնը: Առաջին անգամ պատմության մեջ Ռուսաստանը արձագանքեց փոքր ազգերի ռուսաֆոբիային, որով և ինքն էլ ստուգապես ընտրեց “փոքր ազգի” վերածվելու անշեղ ուղին: Ակնհայտ է, որ ո՛չ Լատվիան, ո՛չ էլ Վրաստանը ի տարբերություն Ռուսաստանի չունեն իրենց գերազգային նախագծերի հավակնություններ:: Ռուս-լատվիական, կամ ռուս-վրացական կոնֆլիկտները ընդամենը սովարական շահերի բախում են երկու հարևան ազգային պետությունների, ու քանի որ հենց այդ կոնֆլիկտերի միջոցով է ներկայիս ռուսական հասարակությունը հաստատում իր ինքնությունը (ինքնության կարևրագուն բաղադրիչը թշնամու կերպարն է), ուրեմն և Ռուսաստանը ընդամնեը տարածքով մեծ “Վրաստան է”: Տարածքի մեծությունն ել այս պարագայում իհարկե միայն ժամանակի հարց է:

ЧК и ЦК

Որո՞նք են այս երևույթի պատճառները: Ինչպես հիշատակեցինք ելցինյան և պուտինյան վարչակարգերը հակադրվում են հանրային գիտակցության մեջ որպես “ապազգային” և “ազգային”: Ըստ այդմ` Պուտինն ու նրա նեոչեկիստական թիմը իշխանության գալով, վերականգնեցին ռուս ավանդական դերժավնիկությունը: Իրականում սակայն, արդեն իր մայրամուտին մոտեցող պուտինյան դարաշրջանը ցույց տվեց, որ “չեկիզմը”` գիտակցաբար թե անգիտակից, տիրապետում է միայն իմիտացիոն տեխնոլոգիային, բայց չի տիրապետում մեծատիրական քաղաքականության կարևոր գաղտնիքին: Այսինքն` կան գործողություններ, որոնք ենթադրաբար “մեծատիրական են”, բայց չկա դրա իմաստավորում, կա շարունակ նմանակում կայսերական և խորհրդային Ռուսաստանների քաղաքական ժեստերին, բայց բացակայում է դրանց ներքին իմաստի հասկացողությունը: Կարճ ասած, գործ ունենք սովորական թութակման հետ` չեկիստները մեծ քաղաքականության վարպետներ չեն, այլ ընդամենը “խոսացող թութակներ”, որոնք կարողանում են արտասանել մարդկային լեզվի բառերը, բայց չեն հասկանում դրանց իմաստը: Համակարգը կարծես թե գործում է, բայց նրանից դուրս է հանված մի հիմնական տարր: Ի դեպ նորչեկիստական այս թութակային դերժավնիկության նախապատմությունը և մեխանիզմը բացել է Ս. Կուրղինյանը իր “Ցիկ և Չիկ” ծավալուն հոդվախում: Ըստ այդմ` խորհրդային ժամանակներում կար մեծ քաղաքական որոշումներ ընդունող կառույց` ՑԿ-ն (ԽՄԿԿ Կենտկոմը) և որոշումները ի կատար ածող ՉԿ-ն (անվտանգության կառույցները): Ուշ խորհրդային ժամանկներում ՉԿ-ն փորձեր արեց իր սեփական քաղաքական նախագիծը առաջ քաշելու (Անդրոպով և այլն), որը հասարակության մի մասի կողմից որոշակի հույսերով ընդունվեց: Երբ ՉԿ-ին ի դեմս Պուտինի եկավ իշխանության այդ հույսերը վերակենդանացան: Բայց պարզվեց, որ ՉԿ-ն, լինելով իրականում զուտ կատարողական կառույց անկարող եղավ ստնձնել ՑԿ-ի դերը ու սնանկ դուրս եկավ:
Իրականում պատմականորեն մի ունիկալ իրադրություն է ստեղծվել: Սկսած հինարևելյան տերություններից ու Հռոմից մինչ այսօր` որևէ մեծ տերություն, որևէ կայսրություն երբեք չի հիմնավորել իր ծավալապաշտությունը որպես սոսկ տնտեսական կամ քաղաքական շահերի արդյունք: Ոչ ոք երբեք չի ասել` նվաճում եմ քեզ, որովհետեև քո երկրում ունեմ շահեր` ռեսուրսային, տարածքային և այլն: Ու թեև իրականում առավել հաճախ պատճառը եղել է հենց ռեսուրսային բախումը, բայց հիմնավորումը միշտ եղել է արժեքային դաշտում: Նույնիսկ մոնղոլները, որոնք ընկալվում են որպես պատմության ամենաբարբարոս կայսերաստեղծ ուժերից մեկը` իրենց ծավալմանը առհասարակ և ամեն մի դեպքին մասնավորապես տվել են արժեքային հիմնավորում: “Աստված մեզ ընտրել է որպեսզի պատժենք մեղքերի մեջ թաթախված ազգերին”, ասում է մոնղոլական մեծ խանը` Հայաստանի սպարապետ Սմբատ Գունդստաբլի հաղորդմամբ, ինչի մասին վերջինս գրում է իր զարմիկ` Գի դե Լուսինյանին ուղված նամակում: Եվ այսօրվա ետարդիական դարաշարջանում էլ քաղաքականության սուբյեկտի հավակնություն ունեցող ուժերը առաջ են քաշում իրենց նախագծերը: ԱՄՆ հանրապետական վարչակարգը պայքարում է “ժողովրդավարության տարածման” համար (կարևոր չէ, թե ինչի համար է պայքարում իրականում, բայց նաև անժխտելի է, որ ամերիկացիների մի զգալի մասի համար սա ռեալ հավատք է), Եվրոպան առաջակում է յուրահատուկ “պատմական դրախտի” իր նախագիծը ու անկախ դրա բոլոր թերություններից դա մարդկանց համար մի հստակ պատկեր է, որին կարելի է ձգտել: Պատմական գրեթե միակ բացառությունը պուտինյան Ռուսաստանն է, որի վերնախավը “խաղում է” մեծ տերություն, խոսում է ինտեգրացիայի մասին, բայց պարզ չի, թե ի՞նչ է առաջակում իր հետ ինտեգրվող ցանկացողներին` ի՞նչ այլընտրանքային արժեքային դաշտ, ի՞նչ պատկեր: Ռուսական հիմնավորումները նույն Վրաստանի կամ Ուկրաինայի ու Մերձբալթիկայի հետ կոնֆլիկտներում ուղղակի մեծ քաղաքակնության պրոֆանացիա են` “դու չպետք է մտնեք ՆԱՏՈ, որովհետև մենք ձեր տարածաշրջանում ունենք մեր կենսական շահերը”: Այսպիսի բան երևի ողջ մարդկության պատմության մեջ չի հնչել որևէ մեծ տերության վերնախավի շրթերից: Եվ սա ոչ միայն քմծիծաղ է առաջացնում, այլ նաև մատնում է պուտինյան չեկիստների ոչ ադեկվատությունը: Կա խորհրդային իներցիայով պահպանվող հակադրությունը վերացական Արևմուտքին, բայց բացարձակ պարզ չէ, թե հակադրվելով Արևմուտքւն, Ռուսաստանը արևմտյանին ի՞նչ այլընտրանքային նախագիծ է առաջակրում (խոսում են իհարկե եվրասիականության մասին, բայց այդ նախագիծը, որը 90-ականներին ձևակերպվեց Ա. Դուգինի կողմից, իր ամբողջության մեջ թվում է թե ոչ միայն անհասու է իրականում նեոչեկիստների ուղեղների համար, այլև հակասում է իր էական կետերով այսօրվա կուրսին, թեկուզհենց նույն Լատվիան ու Վրաստանը որպես հիմնական թշնամի, կամ Չեչնյան դարձնենք արյան ծով քաղաքականության առումով): Չկա մեծ նախագիծ` չկա և մեծ տերություն, անկախ բոլոր նավթային եկամուտներից (Քուվեյթն ել դրանք ունի բայց մեծ տերություն չի): Ուրեմն և բնական է, որ ռուսաստանցիների թիվ մեկ թշնամիմ Լատվիան է կամ Վրաստանը: Ռուսները իրենք իրենց դրեցին այս երկների հետ մի տրամաչափի մեջ: Դերժավնիկական ողջ գոռգոռոցն էլ անշանթ որոտում է:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

One response to “Մեծ տերության մայրամուտը

  1. Ծանուցում՝ 2006-ի հակառուսական շարքից « Ուստա Հրանտի արհեստանոց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s