Կայսեր նեխած դիակը պատմության խաչմերուկին

Ռուս գրող և հրապարակախոս Ա. Պրոխանովը (առավել հայտնի որպես “Զավտրա” թերթի խմբագիր և “Պարոն Հեգսոգեն” վեպի հեղինակ) վերջերս հանդես եկավ “Հինգերրորդ Կայսրություն” ծավալուն ծրագրային հոդվածով, որտեղ, կարող ենք ասել առանց չափազանցությունների մեջ ընկնելու վախի` մարդկային միտքը հասավ իր անկման գագաթնակետերին: Այս անկումը առավել շեշտվում է նրանով, որ հեղինակի գեղարվեսատական տաղանդը անիմաստ է հերքել: Պետք է ասել, որ հոդվածում ներկայցված “դերժավնիկական” տեսակետը այսօրվա Ռուսաստանի համատեքստում մարգինալ երևույթ չէ` ավելի շուտ կարելի է պնդել, որ այսօր այն կազմում է ռուսական ինտելետուալ դաշտի մեյնսթրիմը: “Հինգերրորդ Կայսրությունը” այդ առումով տիպական է: Միաժամանակ Պրոխանովի նոր հոդվածում դարավոր ավանդույթ ունեցող ռուսական կայսերական գաղափարաբանությունը ինչ որ տեղ հասնում է իր կուլմինացիոն կետին` ընդգրկելով վերջինիս բոլոր բնորոշ բաղկացուցիչ տարրերը և ավելացնելով նորերը: Այնպես որ, այս հոդվածի օրինակով հարմար է դիտարկել նաև այդ գաղափարի մտավոր սնանկացումը: Մեր այս պնդումները իհարկե չափից ավելի հավաքնոտ ու ծայրահեղական կարող են թվալ, ինչը սակայն չի ստիպում մեզ հրաժարվելու դրանցից, իսկ թեման ակտուալ համարելուց ներկա Հայաստանի պայմաններում: Միտքը չի կարող չսնանկանալ երբ նա լծվում է իշխանության, գոյություն ունեցող հասարակարգի ու կայսրության ծառայելու գործին:

Имперская сиська

Վերջին տասնամյակի ռուս դերժավնիկության տարրերը քիչ թե շատ հայտնի են: Դա “ուղղափառությունն” է` “տարրօրինակ” կերպով միացված Ստալինի պաշտամունքի հետ, որով փորձում են հաշտեցնել Կայսերական և Խորհրդային ժառանգությունները` ռուսական մեսիականության կարգախոսով հանդերձ: Պրոխանովի հոդվածը այս առումով նոր բան չի ավելացնում: Նա լեփ լեցուն է ավետարանական բառապաշարով ու Աստծո անվան հիշատակությամբ` “Աստված համբուրում է Ռուսաստանի շրթունքները”, “բացել ժողովրդին Աստծո հետ կապող ուղիները”, “հրաշալի մանկան ծնունդը” և այսպես անվերջ: Հեղինակը հենց ամենասկզբում հպարտությամբ հայտնում է, որ ինքը “տեսել է Ստալինին”, չի մոռանում հայհոյել ԶԼՄ-ները, որոնք լծված են “Ստալինի կերպարը սևացնելու գործին”: Նա նույնիսկ պատմում է մեզ, թե ինչ էր մտածում “ժողովուրդների առաջնորդը” 1945-ին հաղթանակից հետո: Օրինակ` “արդարացրեց արդյո՞ք իրեն ԳՈՒԼԱԳ-ը…..”: Պարզվում է` այո, որովհետև “հաղթանակը այդ բոլորը արդարացրեց”: Անշուշտ առկա է և մեսիականությունը` Ռուսաստանը պետք է փրկի ժողովուրդներին, Աստված ընտրել է Ռուսաստանը, նախկին խորհդային տարածքները կվերամիավորվեն “կայսերական ծիծիկի հետ” (հեղինակի մոտ` “имперская сиська”) և այլն: Բայց հետաքրքիր է սա չէ: Այս երկու ավանդական դարձաց տարրերին Պրոխանովը ավելացնում է նորը: “Ուղղափառության” ու Ստալինի կողքին որպես ռուսական դերժավնիկության նորագույն մարմնավորում ու ժառանգորդ նա նշում է “Գազպրոմը”: Ահա ռուս կայսերական գաղափարի նոր ձևակրեպումն ու “սրբազան” երրորդությունը` “ուղղափառություն”, Ստալին, Գազպրոմ: “Գազպրոմը հավաքում է Ռուսաստանը”, “Գազպրոմի երկրաքաղաքականությունը, որը դառնում է Ռուսաստանի մայրաքաղաքը, նրա Գլխավոր Շտաբը…” և այլն: Այսինքն` Ռուսական Կայսրությունը կոչված է փրկել ժողովուրդներին, Գազպրոմը միավորում է Ռուսական կայսրությունը, հետևաբար Գազպրոմը ժողովուրդների նոր փրկիչն է: Ժողովորդներին մնում է միայն ցնծալ այս նոր երջանկության բերկրանքից: Այստեղ է, որ մտքի գռեհկությունը ու գաղափարական կոմպոտի անճաշակությունը հասնում է գագաթնակետի: “Ուղղափառ” բառապաշարով ու խորհրդային կարոտախտով ծաղկազարդված այս ծավալուն տեքստը իրականում թաքցնում է իր մեջ տափակ մի միտք` ռուսական կապիտալիզմի գիգանտներին պետք են նոր եկամուտներ ու նոր շուկաներ: Դրանց ծավալումը ապահովելու համար անհրաժեշտ է քաղաքական “կտուր” ի դեմս “Հինգերրորդ Կայսրության”: Ավելորդ է ասել, որ Պրոխանովի կարծեցյալ սոցիալիզմը այստեղ մի մեծ ապտակ է ստանում հենց հեղինակի կողմից:

Национал-сатанизм

Մի այլ ապտակ ստանում է նաև նրա “քրիստոնեությունը”, երբ հեղինակը կոչում է չեչենական պատերազմում զոհված ռուս գեներալներից մեկին` “ռուս սուրբ” և “մարտիրոս” (великомученник), իսկ ռուս օմոնականներին հիշատակում է աղոթող վանականների հետ մի շարքում, որոնք բոլորը միասին կոչված են վերածնել Կայսրությունը: Սա բավականին մոդայիկ է այսօր ռուս դերժավնիկ-“ուղղափառների” մոտ` չեչենական պատերազմում զոհվածներին մարտիրոս կոչել: Դժվար է ավելի պարզ օրինակի վրա հասկանալ, թե այս մարդկանց դավանանքը ինչ աղոտ կապ ունի քրիստոնեության հետ: Իհարկե, որոշ դեպքերում պատերզամում զոհված զինվորները կարող են եկեղեցական մարտիրոս համարվել, բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ ռուս զորքերի բոլոր անմարդկային դաժանությունների մասին վկայությունները զուտ չեչենական կամ արևմտյան քարոզչության արդյունք են, միևնույնն է դժվար է ավելի ուժեղ հակասության մեջ մտնել Ավետարանի հետ: Նույն հաջողությամբ ցանկացած ավանդապես քրիստոնյա պետության ցանկացած զոհված զինվորի կարելի է սրբացնել: Ինչո՞ւ այդ նույն տրամաբանությամբ սուրբ մարտիրոսներ չեն Ալժիրում մահացած ֆրանսիացի, Վիետնամում զոհված ամերիկացի և ….Մոսկվայի տակ ընկած գերմանացի զինվորները: Քաղաքական տրամաբանության շրջանակներում ռուսների պայքարը Չեչնիայւմ կարող է իր արդարացումը ունենալ կամ չունենալ, բայց ի վերջո կա թեկուզ զուտ մարդկային արդարություն, որով սեփական հողի վրա Ռուսաստանի կազմից դուրս ապրել ցանկացող ժողովրդի հետ պատերազմը չի կարող սրբեր տալ: Իսկ եթե ենթադրենք (հետաքրքիր է արդյո՞ք շատ են մարդիկ, որոնք ռեալ հավատում են, որ ռուս զորքերը նման են հրեշտակների գնդի), որ այնուամենայնիվ ռուս բանակի դաժանությունների մասին հաղորդումները գոնե մասամբ ճշմարտացի են, ու մարտիրոսներ են հռչակվում մարդիք, որոնք կասկածվում են բռնաբարությունների, կտտանքների, երեխաների ու կանանց սպանության մեջ, ապա ուղղափառ կոչված նացիոնալ-սատանիզմի էությունը հստականում է: Բայց ո՞րտեղից լույս աշխարհ եկավ այդ “հրաշալի մանուկը”, եթե օգտագործենք Պրոխանովի բառերը:

Св. великомученник Иосиф Сталин

“Ուղղափառության” ու ստալինիզմի այս դաշինքը, որն ի վերջո պսակվեց Գազպրոմի կայսերապաշտության կրակոտ գովերգությամբ ու սպեցնազի սրբացմամբ, իրականում այնքան էլ պատահական չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Երկուսն էլ իրենց կառուցվածքի մեջ իրոք մոտիկ են ու հոգեհարազատ: Երկուսն էլ հիմնված են պատմական մեծ կեղծիքի վրա` մեկը քրիստոնեական բառապաշարի տակ դարերով թաքցնում է քրիստոնեությանը ծայրահեղ հակադիր մի ոգի, իսկ մյուսը նույն ձևով կեղծում է սոցիալիստական ուսմունքը: Որպեսզի հասկանանք այս կեղծիքի ակունքները, ստիպված ենք համառոտել այդ չար ոգու պատմությունը: Դրա սկիզբը բյուզանդական կայսերական քրիստոնեության շրջանակներում է: Շատերին այսօր Քրիստոսի մեկ կամ երկու բնություն ունենալու մասին միջնադարյան վեճերը թվում են ձևական ու անբովանդակ պայքար ոչինչ չնշանակող բառերի շուրջ: Իրականում, երկու բնությունների մասին դոգմատը, որն ընդունվել է բյուզանդական եկեղեցու կողմից (և մերժվել Արևելյան, այդ թվում Հայկական Եկեղեցիների կողմից) և որը շեշտում է Քրիստոսի մարդկային բնությունը` բյուզանդական Կայսեր իշխանության աստվածաբանական հիմնավորումն էր և նրա իշխանության սրբացումը: “Մարդկային բնությունը” դա հենց Կայսրն է: Դա նշանակում էր խզում նախնական քրիստոենական ավանդույթի հետ, յուրահատուկ հակահեղափոխություն քրիստոնեության շրջանակներում` վերադարձ դեպի Հռոմեական կայսերապաշտական հեթանոսությունը, Երկնային Արքայության փոխարինումը երկրային կայսրությունով: Ահա այս բյուզանդական քրիստոնեությունն էլ (ավելի ճիշտ` քրիստոնեությամբ քողարկված կայսերապաշտ հեթանոսությունը) ժառանգեց Ռուսաստանը, ուր այդ ուսմունքը հասավ իր կատրյալ ձևին: “Մոսկվան` երրորդ Հռոմն է” բանաձևով արտահայտված այս աշխարհայացքը կատարյալ մի նենգափոխույուն է, ուր կրոնական մեսիականությունը փոխարինվում է պետականով, պետությունը իր գործառույթների մեջ նույնացվում է Եկեղեցու հետ, Հռոմը զբաղեցնում է Երուսաղեմի տեղը: Այս կրոնական համակարգի պաշտամունքի իրական կենտրոնը, նրա “աստվածամարդը” ոչ թե Քրիստոսն է, այլ Ցարն ու Կայսրը: Եվ պատահական չէ, որ առաջին ռուսական ցարը` Իվան Ահեղն էր, որն իր խենթ չարագործությամբ գերազանցեց Կալիգուլային ու Ներոնին միասին վերցված: Եվ իհարկե պատահական չէ, որ այսօր ռուսական եկեղեցու ներսում լուրջ տեսակետ կա, որ Իվան Ահեղին պետք է հռչակել սուրբ: Այսպիսի սրբի ֆոնի վրա իհարկե մարտիրոս օմոնականները բավականին անմեղ կարող են նայվել: Պտահական չէ նաև այն, որ Պրոխանովի իր հոդված վերջում ավետում է “մանկան”` Կայսեր “հրաշալի” ծնունդը: Եվ պարզ է, թե ում եղջյուրներն ու սմբակներն են երևում այդ սրբի պատկերի ետևից: Ռոմանովների շրջանում “Ուղղափառ” եկեղեցին վերջնականապես վերածվեց պետության մի կցորդի, հոգևոր ոստիկանության, արտաքին ծավալապաշտության ու ներքին ճորտատիրության ջերմ պաշտպանի ու արդարացնողի: Քրիստոնեության հետ շատ հեռավոր կապ ունեցող, բայց քրիստոնեության անունից խոսացող այս համակարգը կործանվեց 1917 թ.-ին` իր վերջին “մարտիրոս” Նիկոլայ 2-ի հետ: Այս նորահայտ սուրբը հայտնի է հանրահավաքների մասնակիցների գնդակահարումներով, պոգրոմների հովանավորմամբ, հայ դպրոցները փակելով, Հայ Եկեղեցու գույքը բռնագրավելու հրամանագրով և այլ սրբակենցաղ դրսևորումներով:

Սրբերի այս ազնիվ շարքի արժանավոր ժառանգորդ Ի. Ստալինը (կարծում ենք հեռու չէ այն պահը, երբ պիտի հասունանա նաև նրա սրբացման առաջարկի ժամանակը), որը կարծում ենք պատահական չէր ավարտել “ուղղափառ” ճեմարանը ջանասիրաբար կիրառեց նույն կեղծման տեխնոլոգիան սոցիալիզմի ուսմունքի նկատմամբ: Պետք է խոստովանել, որ Ստալինը բավականին հումորով մարդ էր: Սոցիալիստական գաղափարը, որը պետության վերացումը պաշտոնապես հռչակում էր որպես իր գլխավոր նպատակ (ինչի մասին խոսում էր նաև ԽՍՀՄ առաջին` 1922 թ. Սահմանադրությունը) նա օգտագործեց պատմության մեջ դեռ չտեսնված պետական բռնակալության կառուցման համար, մարդու շահագործման վերացման կարգախոսի ներքո ստեղծեծ էժան աշխատուժի շահագործման այնպիսի համակարգ, որի մասին երազել չէր կարող որևէ կապիտալիստ, հակահեղափոխության հետ պայքարի անվան տակ 1937-39 թթ ոչնչացրեց բոլոր մարդկանց ով գեթ հեռավոր առնչություն ուներ հոկտեմբերյան հեղափոխության անմիջական իրականացման հետ և մեծ հաջողությամբ կառուցեծ պետական բյորոկրատական կապիտալիզմ: Այսպիսով “ուղղափառություն-ստալինիզմ” դաշինքը ոչ պարադոքս է, ոչ էլ պատահականություն: Դա ոչ միայն նույն տեխնոլոգիան է, այլև նույն երևույթը: Պատահական չէ նաև, որ այս դավանանքը ի վերջո պետք է պսակվեր Գազպրոմի ու սպեցնազի սրբացմամբ ու պաշտամունքով: Դարերի կոմպրոմիսի ավանդույթը վարժեցրել է այս մարդկանց ոչ միայն հաշտեցվել ցանկացած առկա իրականության, առկա իշխանության ու առկա բիրտ ուժի հետ, այլև սրբացնել դա, պաշտել ու սրբազան դող զգալ: Գազպրոմի պաշտամունքը “ուղղափառության”, ինչպես և ստալինյան “սոցիալիզմի” պատմական վերջին ու մաքուր արտահայտումն է:

Kill the King!

Կայսրությունը և միտքը հակադիր են իրար: Միտքը ազատ է ըստ իր սահմանման: Մտածել նշանակում է` մտածել ազատության մասին: Կայսրությունը պահանջում է ծառայող, ուրեմն և անպտուղ միտք: Այդ պատճառով կայսերական գաղափարը հիմնավորելու փորձ անող միտքը չունի սեփական բառապաշար, ի զորու չէ ստեղծել սեփական լեզու, ստիպված է թութակել ու փոխառել ազատ մտքի բառապաշարը: Բայց այդ ձևով օգտագործված բառապաշարը միշտ միայն պճնազարդ է, որը քողարկում է բիրտ ուժի տափակ պաշտամունքը ու մտավոր սնանկությունը: Կայսրությունը միշտ ստիպված է ստել, դա կեղծիք է իր էությամբ: Իրերը իրենց անունով կոչելու դեպքում նա փլուզվում է: Հակառակ ծախու քրմերի մտավոր օնանիզմի` ժողովուրդների փրկիչը ոչ Գազպրոմն է, ոչ էլ Ջեներալ Մոթորսը: Սասնա ծուռ Դավիթը երկու կես է անում աշխարհատեր Մսրա Մելիքին: Դավթի տնից ծնվում է Բեթղեհեմի Մանուկը, որը հաղթում է այս աշխարհի իշխանին: Նրա առաջին հետևորդները մարտիրոսանում են, որվհետև հրաժարվում են երկրպագել Կայսեր պատկեր առաջ: Կայսրությունը դատապարտված է, որովհետև աշխարհ է եկել նրանից ավելի հզոր մի ուժ: Նրա նեխած ու անթաղ լեշը հոտ է հանում մինչև հիմա: Չմոռանաս կրակել ատրճանակից, երբ անցնես նրա կողքով:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements