Հայկական տերմիդորը և ապստամբության իրավունքը

Չենք կասկածում, որ Հայաստանի անկախության 15-ամյակի առթիվ դեռ կարտասանվի դատարկաբան կեղծիքով մյուռոնազոծված “ոգեշունչ” բառերի հեղեղ, կկազմակերպվեն բաձրաճաշակ գավառականության հիթ-շքերթներ ու շոուներ, մեր անկախությունը կշնորհավորեն մարդիկ, որոնց համար ոչ այնքան հեռավոր չաղ ու բախտավոր անցյալում անկախության գաղափարը խելագարության հոմանիշ էր և այլն: Այս բոլորը դեռ կլինի, սակայն գուցե չասվի գլխավորը` այն, որ “թագավորը մերկ” է: Ու քանի որ այն ոչ միայն մերկ է, այլև բոբիկ, կուզենայինք կիսվել ընթերցողի հետ որոշ մտքերով այդ առումով:

Թագավորը մերկ է

Ճակատագրի բերումով Հայաստանի անկախության օրը` սեմպտեմբերի 21-ը գրեթե համընկնում է ֆրանսիական հեղափոխական օրացույցի նոր տարվա առաջին օրվա` սեպտեմբերի 22-ի հետ (ըստ հեղափոխական օրացույցի` վանդեմյերի մեկը), այսինքն և համընկնում է ֆրանսիական հեղափոխության գլխավոր իրադարձություններից մեկի` հանրապետության հռչակման օրվա հետ: Հայաստանում այսօր իհարկե հազիվ թե շատերը հիշեն այս տարեդարձի մասին, բայց կարծում ենք իզուր: Երկուսի մեջ որոշակի կապեր կարելի է գտնել: Ի վերջո պետք չէ մոռանալ, որ ինչպես և ժամանակակից պետությունների մեծ մասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հռչակված հիմնարար արժեքները և սիմվոլիկան գոնե ձևական առումով ժառանգում են Ֆրանսիական մեծ հեղափոխությանը: Ազգային պետության, հանրապետական իշխանակարգի, ժողովրդի գերիշխանության և այլ գաղափարները ընդհուպ մինչև դրոշի եռագույն կառուցվածքը` այս բոլորը այդ ժառանգականության մասն են:
Ֆրանսիական հեղափոխությունը հետաքրքիր է նաև այն առումով, որ դրա պատմությունը սեղմ ձևով տալիս է հետագա երկու դարերի գրեթե բոլոր հեղափոխական ու ժողովրդական շարժումների զարգացման պարբերաշրջանների նախատիպը: Այս պարբերաշրջանների կարևոր տարրը այսպես կոչված տերմիդորն է (անունը գալիս է 1794 թ.-ի հուլիսին` հեղափոխական օրացույցով տերմիդորին իրականացված հեղաշրջումից, որի արդյունքում իշխանության եկավ հեղափոխության շրջանում հարստություններ կուտակած նոր օլիգարխիան): Կառուցվածքային առումով տերմիդորի ժամանակ տեղի է ունենում իշխանության զավթում հեղափոխության ալիքի վրա բարձրացած վերնախավի մի մասի կողմից, որը հեղափոխության ընթացքում կուտակելով որոշակի նյութական ու սոցիալական կապիտալ ցանկանում է այլևս սանձել անմիջական ժողովրդավարական ալիքը և հաստատել “նոր կայունություն” հանուն իր իշխանության: Տերմիդորը բերում է հեղափոխական շրջանի էական ձեռքբերումների ոչնչացմանը` պահպանելով միաժամանակ հեղափոխական կարգախոսները ու հեղափոխական արժեքներին ձևական հավատարմությունը: Տերմիդորի կարևորագույն հատկանիշը նրանում է, որ այն չունի սեփական գաղափարաբանություն, այլ օգտագործում է հեղափոխական ժողովրդավարական բառապաշարը, որը սակայն զրկվում է որևէ ռեալ բովանդակությունից բացի զուտ հռետորականությունից: Տերմիդորի էությունը արժեքների կեղծումն է: Հիմնական մետաֆորան, որը հաճախ օգտագործվում է տերմիդորյան տիպի ռեժիմի նկատմամբ` “ճահճային կայունությունն” է: Վերնախավում ներգրավված անձերի առումով տերմիդորը բերում է վառ (և հաճախ հակասական նկարագրով) անհատականությունների փոխարինմանը գորշ ու նեղմիտ քաղքենիներով: Որոշ կարևոր նրբերանգներով հանդերձ տերմիդորը բնորոշ է Նոր ժամանակաշրջանի բոլոր հեղափոխական ու ժողովրդական շարժումներին: Այսպես, Հոկտեմբերյան հեղափոխությունը ունեցավ իր տերմիդորը ստալինյան բռնակալության տարիներին և իր “ճահճային կայունությունը” բրեժնևյան “զաստոյի” ժամանակ: Տերմիդորի տարրեր կարելի է գտնել և չինական, իրանական և 20 դարի այլ հայտնի հեղափոխությունների պատմական զարգացման ընթացքում: Ինչ որ տեղ որպես յուրահատուկ տերմիդոր կարելի է գնահատել և հայ ավանդական սոցիալիստական կուսակցությունների պատմությունը, որոնց այսօրվա de facto պահպանողական գաղափարախոսությունը, նույն ձևի գործելաոճը ու հասարակական իմիջը խիստ հակասության մեջ է մտնում ծրագրերում ու կուսակցական անվանումներում ամրագրված հեղափոխական գաղափարների ու մեթոդաբանության հետ, որոնք ժամանակին ունեցել են ռեալ բովանդակություն: Սա կարելի է համարել Հայկական հեղափոխության տերմիդոր (եթե ընդունենք Հայկական հեղափոխություն տերմինը 19-րդ դ. վերջի-20 դ. սկզբի իրադարձությունների նկատմամբ):

Թագավորը բոբիկ է

20 դարի երկրորդ “հայկական հեղափոխությունը”, եթե դրա տակ հասկանանք 1988-ի շարժումն ու անկախության համար պայքարը, որն անշուշտ ուներ հեղափոխության ու ժողովրդական քաղաքացիական ինքնակառավարման բոլոր էական հատկանիշ տարրերը, ևս զարգացավ տերմիդորյան տրամաբանության համատեքստում: Զարգացման հիմնական գիծը տարավ ինքնակառավարվող հասարակության ուղիղ ու անմիջական ժողովրդավարությունից դեպի քաղաքացիներից լիովին օտարացված պետական վարչակարգ: Բայց միաժամանակ անփոփոխ մնաց հեղափոխական շրջանում ձևավորված հիմնական բառապաշարը ու հռչակվող արժեքային դաշտը, որը ևս ենթարկվելով խիստ օտարացման գործընթացի` իրական վերապրված զգացմունքից վերածվեծ մեռյալ ու դատարկ խոսքերի: Այսինքն, հեղափոխական շրջանի գաղափարաբանությունը ձևականորեն պահպանվեց, սակայն իրականում քողարկելով միանգամայն հակառակ արժեքային իրականություն: Նոր հայկական տերմիդորի ձևավորման ու կայացման հիմնական առանցքային կետեր կարելի է ընդունել 1995-ից սկսված բոլոր տեսակի ընտրությունների խախտման գործընթացը, որը ևս ապրեց իր ներքին էվոլյուցիան 90-ականների համեմատաբար “համեստ” ու որոշ չափով իմպրովիզացված կեղծումներից մինչև 2005-ի սահմանադրական հանրաքվեի կեղծման կատարյալ ու անվրեպ գործող մեքենան: Հատկանշական է և պետական ու քաղաքական վերնախավի մարդկային ոճի ու մակարդակի աստիճանական փոխակերպումը, որը ևս մեր մոտ տեղի ունեցավ տերմիդորյան տրամաբանությամբ: Շարժման հետ կապված հեղափոխական առաջին վերնախավի հիմնական ներկայացուցիչները իրենց մարդկային նկարագրի ու քաղաքական վարքագծի բոլոր հակասություններով հանդերձ` վառ անհատականություններ էին (Լ. Տեր-Պետրոսյան, Վ. Մանուկյան, Վ. Սարգսյան, Վ. Սիրադեղյան, Ա. Մանուչարյան, Ի. Մուրադյան, Պ. Հայրիկյան, Ա. Նավասարդյան և այլն): Սրանք աստիճանաբար փոխարինվեցին գորշ գավառական, նախկին կոմերիտական կարիերիստ, մարդկայնորեն անհետաքրքիր տիպով: Բայց խնդիրը միայն զուտ հոգեբանական կամ էսթետիկական չի (թեև դա էլ է լուրջ խնդիր): Տերմիդորի հիմնական արդյունքն է` երկրի ներուժի խիստ նվազումը հասարակական ակտիվության ու ստեղծագործականության ամլության ու պետական վարչակարգի ձևական ուժեղացման պայմաններում: Ճնշելով հասարակությանը ու օտարանալով դրանից` պետությունը իրականում զրկել է ինքն իրեն այն իրական լծակից ու ուժից, որին կարող է դիմել վտանգի ու մոբիլիզացման անհրաժեշտության պայմաններում: Տակտիկական ու ժամանակավոր առումով պետական վարչակարգը հաղթանակ է տարել, բայց հեռանկարային ու արտաքին մրացկցության համատեքստում պետությունը ջախջախիչ պարտություն է կրել: Արդյունքում անկախության 15 տարիների գրեթե ողջ ընթացքը կարելի է կոչել հայ ժողովրդի կորցրած պատմական ժամանակաշրջան: Առկա էր պատմական շանս, համեմատաբար կայունության ամբողջ մի շրջան, որի ընթացքում պետք էր կերտել սեփական գոյատևման ու բարգավաճման ռեալ հիմքերը 21 դարում, բայց այդ շանսը չի օգտագործվում:

Թագավորը պետք է տապալվի

Այժմ մի պահ ընդհատելով շարադրանքը` կրկին վերադառնանք ֆրանսիական հեղափոխության պատմությանը: Տերմիդորի կուսակցության ու նրանց հակառակորդների միջև գլխավոր վեճերից մեկը ընթանում էր Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրի տեսքտի վերաբերյալ: Տեսականորեն կողմ արտահայտվելով Հռչակագրին (այլ դիքորոշում արտայատելը հնարավոր էլ չէր հեղափոխության պայմաններում)` նրանք պնդում էին որ այն չպետք է ունենա իրավական ուժ, չպետք է դիտարկվի որպես օրենք, այլ լինի այսպես ասած բարի նպատակների, բարոյագիտական, բայց ոչ քաղաքական դեկլարացիա: Ի վերջո, գալով իշխանության, նրանք հենց այդպսել էլ արեցին, ու բացի այդ նաև փոփոխության ենթարկեցին Հռչակագրի տեքստը: Այդ նոր խմբագրման կարևրագույն տարբերությունը առաջին տարբերակից նա էր, որ հանվում էր ժողովրդի ապստամբության իրավունքի մասին կետը: Սա առանցքային նշանակություն ունի, քանի որ այդ կետի բացառմամբ հռչակագիրը ստանում է իսկապես զուտ դեկլարատիվ բնույթ: Իրոք, եթե ժողովուրդը հռչակվում է ինքնիշխան և նա է իշխանության գլխավոր աղբյուրը ու հենց իշխանությունը ինքը, ապա այդ բոլորը գործնական նշանակություն է ստանում միայն այն դեպքում, եթե որևէ խմբի կողմից իշխանության զավտման դեպքում ժողովուրդը ունի պաշտոնապես ամրագրված ապստամբության իրավունք: Եթե ոչ, ուրեմն մնացած ամենը զուտ հռետորական դեկորացիաներ են:
Հիմա անդրադառնանք հայկական այսօրվա իրականությանը: Հանրապետության սահմանադրությունը ամրագրում է, որ “իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդը իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների….միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից` հանցագործություն է”: Սա Սահմանադրության գլխավոր դրույթն է, նրա հիմնաքարը: Այս հոդվածը, սակայն պակասավոր է, որովհետև թեև ցույց է տալիս, թե ինչ միջոցներով է ժողովուրդը իրականացնում իր իշխանությունը, սակայն չի նշում այն մեխանիզմները որով ժողովուրդը կարող է վերահաստատել իր ինքնիշխանությունը, եթե տեղի ունենա նշված “իշխանության յուրացումը”: Այսինքն մեր մոտ էլ Սահմանադրության տառը փաստորեն շրջանցում է ապստամբության իրավունքը, որով ժողովրդի հռչակված իշխանությունը մնում է իրավաբանորեն անպաշտպան այն դեպքում, երբ հոդվածում նշված իշխանության իրականացման ձևերը` ազատ ընտրությունները, հանրաքվեները և այլն ոչնչացվում են իշխանությունը զավտող խմբերի կողմից: Սակայն, եթե Սահմանադրության տառը չի հիշատակում այդ իրավունքը, ապա Սահմանադրության ոգին, դրա առանցքային կետի տրամաբանությունը անմիջականորեն ենթադրում է դա: Իրոք, եթե իշխանությունը որպես այդպիսին պատկանում է ժողովրդին, ապա վերջինս բնականաբար իրավունք ունի տապալել տվյալ պահի “իշխանությունը” (այսինքն վարաչակարգը), եթե այն խախտում է ժողովրդի ինքնիշխանությունը: Մեկը անխուսափելիորեն բխում է մյուսից: Եվ այստեղ խոսք լինել չի կարող որևէ նեղ իմաստով հասկացված լեգիտիմության կամ ձևական օրինապահությանն մասին, քանի որ գերագույն լեգիտիմությունը ժողովրդի ինքնիշխանությունն է: Այսինքն ապստամբության իր իրավունքի (ձևականորեն չամրագրված, բայց Սահմանադրության ոգուց տրամաբանորեն բխող) իրականացման պարագայում ինքնիշխան ժողովուրդը վեր է ամեն տեսակ այլ օրինականությունից ու ազատ է ձևական լեգիտիմության հետևելու պարտականությունից, քանի դեռ խախտված է հիմնարար օրենսդրական-պետական սկզբունքը: Ժողովրդական ապստամբության իրավունքը ինքն է այդ դեպքում գերագույն ու գլխավոր օրենքը, քանի որ կոչված է վերահաստատելու իր կորցրած իշխանությունը:
Քանի դեռ Հայաստանի ժողովրդի իշխանությունը խախտված է ու զավտված է “խմբի” կողմից, Հայաստանի անկախությունը մնում է լոկ բառ: Հետևաբար, Հայաստանի անկախության 15 և մոտակա բոլոր տարեդարձերի գլխավոր խնդիրը մնում է ապստամբության գերագույն իրավունքի ու նաև պարտականության իրականացումը, մինչև որ չի վերականգնված Հանրպետության ռեալ ինքնիշխանությունը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources