Երեւանը եւ Չերեւանը

Երեւանի մասին մենք գիտենք ամեն ինչ եւ ոչինչ։ Չերեւանի մասին չիգիտենք առհասարակ ոչինչ։ Չերեւանը հենց այն ոչինչն է, որ գիտենք Երեւանի մասին, բայց որի շնորհիվ Երեւանը գոյություն ունի անկախ մեզանից։ Մինչ Երեւանը ապրում է ցերեկային արեւի ճառագայթների եւ երեկոյան քաղաքի էլեկտրական լուսավորման լույսի ներքո, Չերեւանը տեսանելի է միայն գիշերային քաղաքում, երբ փողոցներից անհետանում են վերջին անցորդները ու Օպերայի շենքը մնում է մեն մենակ իր հռոմեական նորդասականության հետ։ Բայց այդ ժամանակ էլ Չերեւանը տեսնելու համար պետք է հատուկ հայացք, որը նայում է ոչ թե ուղիղ իր առջեւ, այլ սուր անկյան տակ։ Այդ պահին կարելի է նկատել աղվեսի նման փախչող մի ստվեր։ Միայն ճանաչելով Չերեւանը, կարող ենք մոտիկանալ Երեւանի ճանաչողությանը ու կառավարելիությանը։ Մինչ այդ Քաղաքը անկախ է մեզանից եւ ոչ թե մենք ենք իրեն կառավարում, այլ նա է ստեղծում մարդկանց ու իրադրությունները` իրագործելով տասնյակ դարեր ի վեր հողին հանձնված հին արքաների կամքը, որից մենք տեղյակ չենք։ Այլ կերպ ասած, Չերեւանը Երեւանի անգիտակցականն է, եւ որպեսզի Քաղաքը իրապես հասկանալի ու կառավարելի դառնա մեր համար, այլ ոչ թե մենք լինենք նրա կողմից հսկվող, պետք է իրականացնել հոգեվերլուծական մի օպերացիա` երեւան հանելով Չերեւանը։

  • * *

Երեւանը որպես Հայաստանի մայրաքաղաք նախագծային քաղաք է։ Դա ընգծվում է եւ այն ունիկալ կարգավիճակով, որը տրվում է քաղաքի նախագծին եւ նրա հեղինակին` Թամանյանին Երեւանի մասին պաշտոնական գաղափարաբանությունում եւ ոչ պաշտոնական առասպելաբանությունում։ Մեր բոլորիս պատկերացումներում Քաղաքը ունի իր հստակ հեղինակին, իսկ նրա նախագիծը այն աստիճան է սրբացված, որ դրա բարձրաքանդակները կարելի է գտնել քաղաքի տարբեր մասերում (մի բան, որ հազիվ թե գտնեք աշխարհի այլ քաղաքներում)։ Այս առումով Թամանայնը փաստորեն նույնն է Երեւանի համար, ինչ Պետրոս Մեծը Պետերբուրգի։
Երեւանը ոչ թե աճում է Ռուսական կայսրության ժամանակաշրջանում գոյություն ունեցած գավառական Էրիվանից, այլ գոյանում է վերջինի տեղը, ինչ որ տեղ ի հակադրություն Էրիվանին` ժխտելով նրան։ Այս առումով Երեւանը նման է նախագծային այնպիսի քաղաքներին ինչպիսիք են հին աշխարհում Ալեկսանդրիան, միջնադարում Կոնստանտինապոլիսը, նոր ժամանակներում Սանկտ-Պետերբուրգը եւ տարբերվում է “բնականորերն” գոյացած քաղաքներից, որոնք կազմում եմ աշխարհի քաղաքների մեծամասնությունը։ Երեւանին այս առումով մանավանդ մոտիկ է Կոնստանդնապոլիսը։ Ինչպես եւ Երեւանի դեպքում, Կոնստանտինի քաղաքի տեղում էլ կար մի հին բնակավայր` Բյուզանդիոն փոքր քաղաքը, բայց ինչպես եւ Երեւան-Էրիվան զույգի դեպքում Կոնստանտինապոլիսը ոչ թե աճում է Բյուզանդիոնից որպես նրա “բնական” ծավալման արդյունք, այլ փաստորեն ուղղակի գոյանում է նրա տեղում։ Դրանով իսկ, երկուսի` դեպքում, է՛լ ավելի է ընգծվում նախագծային քաղաքի գաղափարը, որն իր կառուցման տեղում տեսնում է դատարկ տարածություն նույնիսկ այն պարագայում, երբ փաստացիորեն տարածությունը զբաղված է։ Նա գոյանում է “յոչէից” որպես ազատ կամքի մաքուր արտահայտում։
Կարող է կասկածելի թվալ Երեւանի ու Էրիվանի հակադրության մասին պնդումը։ Բայց ուշադիր քննության դեպքում այդքան էլ դժվար չի նկատել Երեւանի կողմից Էրիվանի, ինչպես նաեւ Էրիվանին նախորդող պարսկական շրջանի Իրավանի ժխտումը վերբալ` գաղափարաբանական եւ ոչ վերբալ` ճարտարապետական մակարդակենրում։ Ցանկացած հանրագիտարանային կամ տեղեկատվական “պատում” Երեւանի մասին ընգծում է նրա շահավետ տարբերությունը կայսրության եւ խանության շրջանի փոշոտ ու ասիական քաղաքի հետ։ Թվում է, թե դա սովետական գաղափարախոսությանը բնորոշ տարրի արտահայտում է միայն։ Բայց այդպիսի նկարագրությունը իրականում կարեւոր է նաեւ ազգային դիսկուրսի կողմից Երեւանի ընկալման համար։ Այս առումով պետք չէ մոռանալ, որ Թամանյանի նախագիծը կազմվել է ոչ թե խորհրդային, այլ դեռեւս Առաջին հանրապետության ժամանակ (ընդ որում փաստորեն որպես պետական պատվերի մաս. այլ հարց է, որ նախագծի իրականացումը կյանքի է կոչվել արդեն խորհրդային տարիներին)։ Երեւանը գրեթե հաշվի չի առնում Էրիվանը ո՛չ իր ընդհանուր նախագծի առումով, ո՛չ էլ կոնկրետ ճարտարապետական լուծումների համատեքստում։ Այն պրոեկտում է միանգամայն նոր քաղաք երեւակայական “դատարկ տարածությունում”։ Եվ դա բնական է նոր շրջանի հայկական ազգային նախագծի համատեքստում, որի հիմնական գաղափարական առանցքը ուղղված է “արտաքին արեւելքի” հետ պայքարին եւ “ներքին արեւելքի” (“ռաբիզ”` հասկացված լայն իմաստով) դաստիարակմանը ու հսկմանը։ Այս տեսանկյունից Էրիվանը ու դրան նախորդած Իրավանը արեւելք են միաժամանակ եւ արտաքին եւ ներքին տեսակետից։ Իրավանի, որպես արտաքին արեւելքի նկատմամբ հայկական լուսավորչականության ատելությունը լավագույնս երեւում է Խ.Աբովյանի “Վերք Հայաստանի” նախաբանում, ուր Երեւանի բերդը ներկայացված է, որպես հայերին ոչնչացնող մարդակեր դեւ։ Միաժամանակ Էրիվանի առօրյան իր շեշտված արեւելյան բնույթով, իր նեղլիկ, ծուռ ու մուռ փողոցներով, տիպիկ ներքին արեւելք է, որը ազգային գաղափարաբանության տեսանկյունից արդյունք է մահմեդական տիրապետության երկար դարերի ընթացքում հայկական ոգու աղճատման եւ որը պետք է վերացվի, կամ գոնե վերահսկվի։ Երեւանը պետք է ապահովեր ազգային լուսավորչական նախագծի իշխանությունը “ներքին արեւելքի” նկատմամբ։ Միայն այդպիսին կարող էր լինել նա որպես Հայաստանի Հնարապետության մայրաքաղաք (անկախ այդ հանրապետության կոնկրետ վարչակարգից` դաշնակցական, խորհրդային, թե հետխորհրդային)։

  • * *

Երբ Թամանյանը ստեղծում էր Երեւանի իր նախագիծը, դեռ ոչ մի բան հայտնի չէր Էրեբունիի հիմնադրման վերաբերյալ Արգիշտի Ա արքայի արձանագրության մասին, որը կհայտանագործվի միայն 20-րդ դ.-ի 40-ական թվականներին։ Այնպես, որ Թամանյանը տեղյակ չէր, որ իրականցնում է ընդամենը Խալդիի եւ մնացած ուրատական աստվածների կամքը։ Արգիշտին գրում է` “Խալդիի զորությամբ …այս ամրոցը կառուցվեց։ … Հողն ամայի էր, մեծ սխրագործություն ես կատարեցի այստեղ”։ “Հողն ամայի էր”` սա ստանդարտ արտահայտություն է ուրարտական արձանագրությունների համար, երբ խոսքը գնում է որեւէ շինարարական աշխատանմքի մասին։ Պատմաբանները դրան տարբեր մեկնաբանություններ են տալիս. հատկապես, ասում են, թե դրանով ուրարտական թագավորները ցանկանում էին շեշտել, որ իրենք ոչ մեկի հողին ձեռք չեն տվել (ի նկատի ունեն համայքնային սեփականության հողերը) եւ չեն խախտել որեւէ մեկի սեփականության իրավունքը։ Բայց թվում է, թե այս արտահայտությունը ունի եւ ավելի խորքային էներգետիկա։ Համենայն դեպս տվյալ դեպքում այն զարմանալիորեն համընկնում է թամանյանական նախագծի ենթատեքստի հետ։ Երկու դեպքում էլ գործ ունենք դատարկ տարածությունում քաղաքի հիմնադրման ակտի հետ։ Մենք, երեւի թե չենք իմանա, թե ինչքանով իրոք ամայի էր այն հողը, ուր Արգիշտին հիմնադրում էր Էրեբունին։ Համենայն դեպս Երեւանի տարաքծը բնակեցված էր եւ մինչեւ ուրարտական շրջանը։ Բայց դա, ինչպես նաեւ արտահայտության ստանդարտությունը միայն ընգծում է դրա ավելի վերացական ու ավելի խորքային իմաստը` բառացի մեկնաբանությունից անդին, ինչպես Էրիվանի փաստացի գոյությունը միայն շեշտում է դրա չգոյությունը Թամանյանի նախագծի իդեալի տեսանկյունից։
Միայն “յոչէից” ստեղծելով, ամայի տարածությունում կամքի լիակատար ազատ ակտի շեշտումով` կարելի է հասնել ինքնակալ իշխանության ձգտող Քաղաքի հիմնադրմանը։ Եւ որ Արգիշտիի քաղաքը ձգտում էր մաքուր իշխանության երեւում է նույն արձանագրության մյուս հատվածից` “Խալդիի զորությամբ այս ամրոցը կառուցեց….ի փառս Բիայնիլիի եւ ի հնազանդեցում բարբարոս երկրների”։ Սրանից ակնհայտ է դառնում ամայի տարածքում ստեղծած Էրեբունիի հսկման, հնազանդեցման ու դաստիարակման նույն գործառույթը, ինչ որ երեւակայելի դատարկ տարածությունում ստեղծված թամանյանական Երեւանի դեպքում։ Բացի “հնազանդեցումից” այստեղ հետաքրքիր է նաեւ հնազանդեցման առարկայի` “բարբարոսների” հիշատակումը, որոնք համապատասխանում են Թամանյանի նախագծի ներքին եւ արտաքին արեւելքին։ Ավելի ուշ մենք կտեսնենք Էրեբունիի եւ թամանյանական Երեւանի նախագծերի համընկնումները մանրամասների մեջ։
Բայց ո՞րն է ի վերջո այդ “ամայի հողը”, եւ “յոչէից”-ի – “ոչը”։ Ստացվում է, որ իրականում նախագծային Քաղաքը “ոչ մի տեղ է”։ Մեծ հաշվով նա ազատ է իր կոնկրետ տարածքային կապվածությունից (ի տարբերություն “բնական քաղաքի”), որոշակիորեն կտրված է իր իսկ հողից, որն էլ թույլ է տալիս նրան իրականացնել իշխանության գործառույթը։ Դրանով նա նաեւ ունի հավերժ քաղաքի հավակնություն, որը վերակագնվում է պատմության ընթացքում տարբեր տեղերում ու տարբեր ժամանակներում։ Դա Հռոմն է, կամ Արշակավանը։ Վերջապես դա հենց այն Չերեւանն է, այսինքն չերեւացող Երեւանը, որի գոյության մասին ակնարկեցինք հոդվածի սկզբում։ Եւ ըստ երեւութին, դա բացատրության բանալի է տալիս այն զարմանալի փաստի, որ Թամանյանն ակամայից այն աշխարհից կյանքի կոչեց ուրարտական միապետի նախագիծը` չիմանալով դրա մասին ոչինչ։ Նրա Երեւանը ի սկզբանե ուներ հնագույն պատմություն` ներդրված իր նախագծի գաղափարաբանության եւ ճարտարապետական լուծումների մեջ, որն ամենահաջողակ կերպով հաստատվեց փաստերով, երբ Արին Բերդի պեղումների արդյունքում պարզվեց նաեւ քաղաքի իրական պատմական հնությունը։ Արգիշտիի քաղաքը, որը վաղուց անհետացած էր եւ նրա մասին հիշողության հետքերն իսկ չէին մնացել, հանկարծակի նորից վերակենդանացավ նույն “յոչէից”, որից ստեղծվել էր։ Բայց դա կարելի է բացատրել միայն նրանով, որ քաղաքի անտեսանելի ուրվականը` Չերեւանը ի տարբերություն նրա նյութական երեւացող մասի` Երեւանի, ոչ մի տեղ չէր էլ անհետացել։ Նա ի սկզբանե հենց “ոչ մի տեղ էր” եւ դրանով ուներ զրոյից հավերժ վերակենդանանալու հնարավորություն ժամանակի ցանկացած կամային կետում։ Այսինքն Թամանյանը ոչ միայն ճարտարապետ էր, այլ մեռածների ոգեկոչող։
Եվ վերջապես, եթե “ոչ մի տեղը” թարգմանենք հունարեն, ապա կստանանք Ուտոպիա բառը, որն էլ ոչ այլ ինչ է, քան բացարձակ իդեալականության մետաֆորա, այսինքն փաստացի իրականության բացարձակ անտեսման մետաֆորա։ Կառուցելով Էրեբունին “ամայի հող”-ում Արգիշտին ստեղծում էր իր ֆուտուրիստական ուտոպիան։ Եվ պետք չի զարմանալ, որ Թամանյանի նախագիծը զգալի չափով հիմնվում էր հայտնի ճարտարապետ Հովարդի “պարտեզ-քաղաքի” նախագծի վրա, որն էլ իր հերթին ոչ այնքան ճարտարապետական որքան ուտոպիստական սոցիալիստական գաղափարի արտահայտումն էր։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements