Երեւանը եւ Եփրատի վերին ավազանը

Նախորդ շարադրանքում տեսանք, որ Թամանյանի Երեւանի եւ Արգիշտիի Էրեբունիի գլխավոր ատրիբուտներից է դրանց նորակերտումը` նախագծային բնույթը։ Եթե լինեինք դասական առասպելաբանական մտածողության կրող եւ մարինդ անիմ պապուասական ցեղի նման փնտրեինք իրերի “իսկական”, “գաղտնի” անունները ի հակադրություն դրանց բոլորին հայտնի առօրյա “բնական” անունների, ապա երկուսի` Երեւանի ու Էրեբունիի մոգական անունը կարող էր լինել` Նոր քաղաք (կամ Նորակերտ, որի մասին կխոսենք ավելի ուշ)։ “Նոր”-ը, սակայն ինքը ունի բազմաթիվ առումներ` հաճախ առաջին հայացքից իրար հակասող, որոնց մի փոքր մասը միայն կփորձենք բացել այս հոդվածով։

Երբ նայում ենք Երեւանի քարտեզին, ապա առաջին բանը, որը գրավում է ուշադրությունը դա “նոր” որոշիչի առատությունն է։ Քաղաքի շրջանակաձեւ կենտրոնը գրեթե բոլոր կողմերից պատված է այդ որոշիչը կրող թաղամասերի (նախկին ինքնուրույն բնակավայրերի) ցանցով։ Դրանք հիմնականում կրում են Արեւմտյան Հայաստանի կամ ավելի շուտ Փոքր Ասիայի հայաշատ բնակավայրերի անունները եւ ինչպես հայտնի է հիմնադրված են այդ տարածքներից ծագող գաղթական վերաբնակիչների կողմից։ Եթե հյուսիսից շարժվենք ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ, ապա դրանք են ըստ հերթականության` Նոր Արաբկիրը, Նոր Սեբաստիան, Նոր Մալաթիան, Նոր Կիլիկիան, Նոր Բութանիան, Նոր Արեշը (միակ բացառությունն է, որ կապ չունի Արեւմտյան Հայաստանի հետ` բուն Արեշը գտնվում է ներկայիս Ադրբեջանի տարածքում), Նոր Մարաշը, Նոր Զեյթունը եւ …կրկին Նոր Արաբկիրը, որով շղթան փակվում է (իհարկե դժվար չէ նկատել, որ այս շղթան իդեալական չի եւ տեղ տեղ ընդհատվում է, բայց դա այդքան էլ էական չի տվյալ դեպքում)։ Բայց ասես սա էլ քիչ լինի եւ այն տեղերում ուր հին անուններով նոր բնակավայրերի շղթան ընդհատվում է, դա լրացնելու են գալիս  ավելի հին թաղերի (կրկին նախկինում ինքնուրույն բնակավայրերի) անունները` Նորք, Նորագավիթ եւ նույնիսկ` քաղաքի թաղամասի համար պարադոքսալ անուն կրող` Նորագյուղ։ Այս շքահանդեսը ավարտում եւ գագաթնակետում է խորհրդային տարիներին կառուցված Նոր Նորքը (ժողովրդական լեզղվում ավելի հայտնի որպես “մասիվ”), որի անունը, եթե մի փոքր վերացարկվենք նրա սովորական դարձաց լինելուց, ուղղակի ֆանտասմագորիկ է հնչում  եւ թվում է լեզվական-ճարտարապետական կատակ։ Կարծես քիչ է Նորքի “նոր”-ը` մի հատ էլ “Նոր” ավելացվում է վրայից, որպեսզի քաղաքի ապագա հետազոտողն ու նրա պոետը հանկարծ չկորցնի զգոնությունը եւ անպայման նկատի նորամոլության այս պաթոսը։ Արդյունքում ստացվում է, որ քաղաքի այն թաղամասերը որոնք չեն կրում “նոր” որոշիչը կամ չունեն իրենց հիմքում “նոր” արմատը ավելի շուտ բացառություն են կազմում։

Եվ այսպես, եթե նույնիսկ չիմանանք Երեւանի մասին ուրիշ ոչ մի բան, բացի նրա թաղամասերի անուններից, ապա այդ դեպքում էլ կարող ենք կռահել, որ Երեւանը հիմնականում վերաբնակչիների քաղաք է։ Այսինքն, այստեղ նորից հաստատվում է “ամայի հողում”, կամ “դատարկ տարածության” մեջ Քաղաքի կերտման ենթատեքստը, այն իմաստով, որ Քաղաքի բնակիչները անմիջական կապ չունեն այն հողի հետ, որում նա գոյացել է։

Էրեբունին եւս վերաբնակիչների քաղաք է։ Խորխորյան արձանագրությունում Արգիշտին հայտնում է, “Էրեբունի քաղաքը ես կառուցեցի … 6600 զինվորներ ես բնակեցրեցի այստեղ Խաթե երկրից, Ծուփանի երկրից”։ 6.600 ռազմական վերաբնակիչը այնքան էլ քիչ թիվ չի այն ժամանկվա քաղաքի համար։ Ակնհայտ է Արգիշտիի ձգտումը այդ վերաբնակիչների վրա հենվելով` հսկել ու ղեկավարել տեղական ապստմաբ բնակչությանը, իրականացնել իր իշխանությունը նվաճված Արարատյան դաշտում։ Համեմատությունը Երեւանի եւ Էրեբունիի վերաբնակիչների միջեւ կարող է թվալ բռնազբոսիկ։ Բայց հատուկ նրա համար որպեսզի փարատվեն սկեպտիկների կասկածանքները պատմությունը մի ական է պատրաստել, որը կարելի է ընկալել կամ որպես կուրյոզ, կամ որպես հերթական ակնարկ արված համընկնումների` “աստվածների լեզվով”։ Արգիշտիի հիշատակված Խաթեն եւ Ծուփանին, դա խեթերի երկիրն է եւ ավելի ուշ ժամանակաշրջանի հայկական Ծոփք նահանգը` Հայկական Լեռնաշխարհի հարավ-արեւմուտքում։ Խաթեն Արգիշտիի ժամանակ արդեն միասնական երկիր չէր, այլ մի բավականին ընգրկուն տարածք` նախկին Խեթական կայսրության հողերի վրա, ուր գոյատեւում էին խեթական ծագում ունեցող դինաստիաների կողմից կառավարվող մանր թագավորությունները։ Այդ տարածքը ընկած է պատմական Մեծ Հայքից դեպի Արեւմուտք` Փոքր Ասիայում։ Մեծ Հայքի ու դրա սահմանը անցնում է մոտավորապես Եփրատով, որից արեւելք Մեծ Հայքն է ընկնում, իսկ արեւմուտք ուրարտական արձանագրությունների Խաթին (ներառյալ նաեւ ապագայի Փոքր Հայքը)։ Ինչո՞ւ ենք այս ամենը հիշատակում։ Խնդիրն այն է, որ Երեւանի տարածքում գտնվող բոլոր թաղամասերը, որոնք կրում են “Նոր” որոշյալը եւ հանդիսանում են արեւմտահայ վերաբնակիչների նախկին ինքնուրույն բնակավայրեր` Նոր Արաբկիրը, Նոր Սեբաստիան, Նոր Մալաթիան, Նոր Կիլիկիան, Նոր Բութանիան, Նոր Մարաշը եւ Նոր Զեյթունը ներկայացնում են գրեթե 100 տոկոսանոց ճշտությամբ նույն տարածքի աշխարհագրական անունները, որը Արգիշտիի ժամանակ հայտնի էր որպես Խաթի։ Բացի Բյութանիայից, որը գտնվում էր Փոքր Ասիայի շատ ավելի դեպի արեւմուտք ընկած, բայց կրկին խեթական ազդեցության գոտում, մնացած բոլորը այս ցանկոից գտնվում են Եփրատի վերին ավազանում` գետից դեպի արեւմուտք։ (Հենց Խորխորյան արձանագրության Էրեբունիի մասին պատմող մեջբերված հատվածից անմիջապես առաջ Արգիշտին հիշատակում է դեպի Խաթե երկիր կատարած իր արշավանքի մասին, որի ընթացքում ինքը ի թիվս այլոց գրավել է նաեւ Մելիդու, այսինքն` Մալաթիա քաղաքը)։ Որպեսզի պատկերը էլ ավելի ամբողջական լինի` Երեւանից դուրս, բայց նրա անմիջական հարեւանությամբ, քաղաքին գրեթե կպած կառուցված է Նոր Խարբերդ բնակավայրը։ Խարբերդը Ծոփքի ուշ շրջանի, եւ Արգիշտիի շրջանի Ծուփանիի գլխավոր քաղաքն է, որի անունով էլ նոր ժամանակներում ամբողջ Ծոփքը սկսեցին կոչել Խարբերդ։ Նոր Խարբերդը, թեկուզ վարչականորեն Երեւանից դուրս, բայց պետք է անպայման լիներ, որպեսզի Արգիշտիի նախագծի եւ ոչ մի տարրը բաց չթողնվեր 20 դարում։ Իրավ, ուշադրություն դարձրեք այն փաստի վրա, որ Երեւանի շրջագծի մեջ մտած “Նոր” բնակավայրերից եւ ոչ մեկը չի կրում բուն Արեւմտյան Հայաստանի աշխարհագրական անունները. չկա Նոր Վան, Նոր Կարին, Նոր Կարս, Նոր Բիթլիս, Նոր Մուշ։ Մինչդեռ, եթե մի պահ նորից վերացարկվենք մեզ սովորական դարձաց փաստերից, միթե՞ ավելի տրամաբանական չէր լինի, եթե հենց այդպիսի անուններով բնակայարեր գոյանային, եթե հաշվի առնենք որ այդ բուն Հայաստանում գտնվող քաղաքները ավելի կարեւոր են հայկական պատմական հիշատակի համատեքստում, դրանցից ծագող ոչ պակաս թվով մարդ կա, եւ այդ մարդիկ էլ կապված են եղել ամուր հայրենակցական կապերով։ Կարծես թե ոչ մի տրամաբանական բացատրություն չկա, թե ինչո՞ւ հենց Նոր Սեբաստիա եւ Նոր Մալաթիա, այլ ոչ թե Նոր Վան ու Նոր Կարին։ Միակ տրամաբանությունը` սովորական ռացիոնալ պատկերացումներից դուրս է` Թամանյանի քաղաքը “յոչ”-էից վերածնված Էրեբունին էր։ Այսինքն, եթե ընթերցողների մեջ դեռեւս մնացին այնպիսինները, որոնք կասկածում են, որ Թամանյանը ընդամենը Խալդիի կամքի անգիտակից իրականոցնողն էր, նրանք լուրջ մտածելու առիթ ունեն։ Եվ մենք կտրամադրենք նրանց այդ գործողության համար անհրաժեշտ ժամանակ, մինչեւ երկու նախագծերի միջեւ նոր համընկնումների բացահայտումը հաջորդ հոդվածներում։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

2 responses to “Երեւանը եւ Եփրատի վերին ավազանը

  1. Եթե չեմ սխալվում Երևանի Այգեստան թաղի անունը Վանի Այգեստանից է եկել

  2. Մերսի, չէի իմացել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s