Երեւանը եւ Չերեւանը 3. Ճարտարապետությունը եւ գաղափարախոսությունը

Թամանյանի Երեւանը սկսվում է շրջանակաձեւ նախագծից։ Նախագծի ընդհանուր շրջանակաձեւոթյան հետ կորելացվում է կոնկրետ ճատարապետական լուծումների` դալանների, կամարների, “թամանյանական ոճի” շենքերի պատոհանների կլորությունը։ Շրջանակաձեւ հատակագիծը, շրջանակը ընդհանրապես, ինչպես դժվար չէ կռահել կապված է վերադարձի, վերածծնդի հասկացողությունների հետ։ Վերածծնդի գաղափարը դասականության (այդ թվում եւ նորդասականության) կարեւորագույն տարրն է եւ այդ առումով պատահակն չէ, որ նորդասական ճարտարապետությունը, որի արտահայտումներից է նաեւ “թամանյանական ոճը” հակված է շրջանակային ձեւերին։

Դասականության պաթոսը ընդհանրապես ուղված է “փառավոր անցյալի” վերականգնմանը։ Եվրոպական դասականության դեպքում դա անտիկ` հունահռոմեական անցյալն է։ Ընդ որում այս կառուցվածքում` հեռավոր “փառավոր անցյալը” (հնագույն ժամանակները, ասենք Հին Հռոմը) հակադրվում է մերձավոր “ոչ փառավոր անցյալին” (հին ժամանակները, ասենք միջնադարը) եւ նույնպես “ոչ փառավոր” ներկային։ Այսպիսով, հղումը հնագույնին ծառայում է փաստացի նորարարության հիմնավորման համար։ Թամանյանական եւ առհասարակ հայկական նորդասականության դեպքում կառուցվածքը մնում է նույննը, միայն թե հունա-հռոեմական անցյալի փոխարեն այստեղ հղում է կատարվում հայկական վաղ միջնադարին եւ հին ժամանակներին, ազգային անտիկությանը (որն էլ իր հերթին ծագումով եւ կոնկրետ մշակութային արտահայտումներով ներգծված է հելենիստական եւ հետհելենիստական մշակույթի արեալի մեջ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ ազգայնացնել եվրոպական դասականության կառուցվածքը հայկական մշակույթի համատեքստում)։ Վաղ շրջանի հայ արդիականության գաղափարախոսները անընդատ օգտագործում են այդ կառուցվածքը` հնագույն “փառավոր” եւ իրենց շրջանին անմիջապես նախարդող անկումային անցյալի, ինչպես նաեւ ներկայի հակադրությունը` հիմնավորելով ազգային արդիական նախագիծը ուղղված դեպի ապագա։ Նույնը արտահատվում է հայ կլասիցիստական գրականության մեջ։

Մեր մոտ հաճախ ազգայնականությունը մեկնաբանվում է որպես ռոմանտիզմ, մինչ ազգայնականությունը ավելի շատ հակված է կլասիցիզմի։ Համենայն դեպս այսպես ասած հասուն ազգայնականությունը եւ դասականությունը ունեն մի շարք կառուցվածքաբանական համընկնումներ։ Բացի արդեն նշված “փառավոր անցյալի” վերակոչումից դրանց թվում կարելի է նշել` ձգտումը դեպի “մեծ ոճ”, էպիկականությունը, տարածությունների եւ զանգվածների ռացիոնալ կազմակերպվածության մղումը, հրապարակայնությունը եւ այլն։ Այս ամենը հակադրվում է ռոմանտիզմի անհատապաշտությանը, հղմանը “գոթական” միջնադարին, լիրիրկականությանը, իռացիոնալիզմին, միայնակությանը, ընդվզմանը, անիշխանականությանը եւ այլն։ Իսկ ազգայնականության ծայրահեղ` ազգայնամոլական դրսեւորումները, ինչպես օրինակ ցեղասպանությունը (մարդկանց ծրագրովարոված եւ կազմակերպված սառնասիրտ ոչնչացումը) առավելագույնս հեռու է ռոմանտիզմից, բայց օտարոտի չի դասականության ռացիոնալիզմին եւ տեխնիցիզմին։ Ռոմանտիկական սպանությունը չի կարող լինել անանուն եւ զանգվածային ինչպես նորագույն ժամանակների ցեղասպանություններն են։

Թամանյանի նախագիծը լավագույնս ներգծվում է դասականության այս կառուցվածքի մեջ։ Նա ժխտում է իրեն ժամանակով անմիջապես նախորդող անցյալն ու ներկան` Էրիվանը հանուն “փառավոր” անցյալի “վերականգնման”, իսկ վերջինս էլ փաստորեն համընկնում է նորակերտման հետ։ Այսինքն` երեւակայական “հնագույնը” հանդես է գալիս որպես իրական նորագույնի գաղափարական հիմնավորում։ Ճարտարապետության մեջ դա արտահայտվում է ազգային անտիկության` վաղ միջնադարի հայ ճարտարապետությունից արված “մեջբերումներով” (հատկապես ուժեղ են Անիի ճարտարապետությունից արված փոխառումները), ռացիոնալ պլանավորմամբ, լայն եւ շքեղ փողոցների ու հրապարակների նախագծմամբ, որոնք պետք է կազմակերպեն “ազգայնացված” ամբոխներին, “ճիշտ” ձեւ տան դրանց եւ այլն։

Նույնը արտահայտում է նաեւ Երեւանի օրհներգը` “Երեւան դարձաց մեր Էրեբունի, դու մեր նոր Դվին, դու մեր նոր Անի”։ Այս տողերը կառուցվածքաբանակն տեսակետից նույնն են, ինչ որ քաղաքի շրջանակաձեւ նախագիծը` դարերի ընթացքում տեղի է ունենում անընդատ շրջադարձ, որի արդյունքում հնագույն Էրեբունին, Դվինը եւ Անին վերադառնում են Երեւանի տեսքով։ Մեր խոսակցության համատեքստում այստեղ կարեւոր է, որ Երեւանը անմիջապես կապվում է իրենից ժամանակային առումով կտրված այս երեք քաղաքների հետ, շրջանցելով իրեն ժամանակագրորեն անմիջապես նախորդող Էրիվանը։ Այսինքն Էրեբունին դառնում է Երեւան ոչ թե Էրիվանի միջոցով, ինչը պատմականորեն եւ ժամանակագրորեն կարծես թե ավելի ճշգրիտ է, այլ Դվինի ու Անիի միոջոցով։ Էրիվանը, ինչպես տեսնում ենք այստեղ կրկին ժխտվում է։ Այսինքն կրկին գործ ունենք “դատարկ տարածության”, “ամայի հողի” հետ, այս անգամ ժամանակագրական առումով, քանի որ մի կողմից Էրեբունիի, Դվինի, Անիի եւ մյուս կողմից Երեւանի միջեւ ռեալ ժամանակագրությունում ներկա է Էրիվանը, որը ներկայացնում է ազգային անցյալի “ոչ փառավոր” մասը, նրա անմիջական անցյալը, բայց այդ ռեալ ժամանակագրությունը անտեսվում է, որի արդյունքում էլ գոյանում է մեզ արդեն հայտնի իշխանատենչ “ամայի տարածությունը”։ Այս նույն “շրջանակաձեւ” համատեսքտում են գտնվում, անշուշտ եւ նախորդ հոդվածում հիշատակված “նոր սեբաստիաները”, որոնք հավելյալ կռվան են Թամանյանի Երեւանի հավակնություններին վերածնել հայոց պատմական բոլոր քաղաքները եւ սերել նրանցից։ Չէ, որ Նոր Սեբաստիա, կամ Նոր Արաբկիր նշանակում են ոչ միայն “նորը” բառացի իմաստով (այդ թվում ակնակրկելով Թամանյանի Երեւանի իրական` ժամանակագրակն եւ գաղափարախոսական` մոդեռնիստական “նորությունը”), այլեւ “նոր”` “վերածննդի”, “հավերժ շրջադարձի”, “հնագույնի վերադարձի” առումով, որն էլ կառուցվացքային վերլուծության տեսակետից լիովին համընկնում է շրջանակաձեւ հատակագծի հետ։

Այսպիսով, Թամանյանի Երեւանը ի սկզբանե նախատեսվում է որպես “հին քաղաք”։ Բայց այն ժամանակ երբ նախագիծը կյանքի էր կոչվում այդ հնությունը գրեթե ոչ մի ռեալ պատմական հիմք չուներ։ Հայոց պատմության ծաղկուն շրջանին Երեւանը փաստորեն անհայտ է։ Ճիշտ է կա 8 դարին վերաբերվող մի հիշատակություն, բայց այն էլ կասկածի տակ է առնվում` պարզ չէ, թե արդյո՞ք նույն Երեւանի մասին է այնտեղ խոսքը գնում, թե՞ դա մի այլ նույնանուն բնակավայր է։ Ցանկացած դեպքում, մինչեւ ուշ միջնադար Երեւանը որեւէ նշանակալի դեր չի կատարում հայոց պատմության մեջ։ Իսկ, երբ սկսում է այդ դերը կատարել դա արդեն մահմեդական տիրապետության կենտրոն էր, որի նկատմամբ հայերի ատելությունը այդքան ճոխ նկարագրում է Աբովյանը։ Ստացվում է, որ իրականության մեջ 1920-ականների 1930-ականների Երեւանը չափից ավելի նոր քաղաք էր։ Բայց նրա ճարտարապետությունը (դասականության ոճը) եւ գաղափարախոսությունը (Նոր Դվին, Նոր Անի եւ Նոր Սեբաստիա) ի սկզբանե ծրագրավորված են դեպի հնագույն պատմություն ունենալը։ Այսինքն Երեւանի “գաղափարախոսական հնությունը” նախորդում է նրա պատմական փաստական հնության ապացուցմանը։ Եվ այստեղ եւս բախտը չտեսնված ժպտում է Թամանյանի քաղաքին։ 1940-ականներին տեղի ունեցած Էրեբունիի ավերակների բացահայտումը Երեւանին տալիս է հնագւոյն քաղաքի արդեն գիտականորեն ապացուցված կարգավիճակ։ Եվ այն էլ ինչ զարմանալի ձեւով։ Մենք այնքան սովոր ենք Էրեբունի-Երեւան այս պատմությանը, որ շատ դժվար է նկատել, որ սա այնքան տարրօրինակ ու ինքնատիպ պատմություն է, որ ինքնին, համարյա հրաշք կարող է համարվել։ Աշխարհում այնքան էլ շատ չեն քաղաքները որոնց հիմնադրման տարեթիվը եւ հանգամանքները ստույգ հայտնի են։ Այն քաղաքները, որոնց մասին, այնուամենայինիվ նման տեղեկություններ կան, վերջիններիս կեսից ավելին կիսալեգենդար են եւ պայմանական, հիշատակվում են հիմնադրումից շատ ավելի ուշ շրջանի աղբյուրներում եւ այլն (օրինակ Հռոմի, Մոսկվայի կամ Թբիլիսիի դեպքում)։ Բացի այդ դրանցից, գրեթե ոչ մեկը չունի մոտավորապես այն հնությունը ինչ Երեւանը եւ հիմնադրման մասին էլ խոսում են ոչ թե հենց հիմնադրի արձանագրությունները, այլ պատմագիրների մատյանները։ Դժվար է մտաբերել մի հին քաղաք, որի մասին պահպանված լիներ հիմնադրման արձանագրություն։

Եվ ահա ի՞նչ է ստացվում 1940-ական թթ-ին։ Պարզվում է, որ Երեւանը որը հայոց պատմության տեսանկյունից ոչինչ էր, ոչ միայն գոյություն ուներ “փառավոր անցյալում”, այլեւ ավելի հին է, քան Դվինը, Անին եւ մնացած բոլորը (բացառությամբ միայն երեւի Վանի)։ Նա գոյություն է ունեցել հնագույն ժամանակներում, եղել է կարեւոր վարչական կենտրոն։ Եվ խնդիրը նրանում չէ, որ ներկայիս Երեւանի տեղում հայտնաբերվեց մի հին բնակավայր (այդպիսիք բացի Էրեբունիից էլ կան` օրինակ ուրարտական Թեյշեբաինին եւ այլն), այլ որ այդ հնագույն բնակավայրը կրում էր հենց նույն անունը։ Նույնիսկ ոչ մասնագետին ակնհայտ է, որ Երեւանը, հնագույն Էրեբունիի մի փոքր ձեւափոխված արտասանությունն է (պետք է նաեւ հաշվի առնել, որ սեպագիր արձանագրությունների այն նշանը, որը ավանդաբար կարդացվում է որպես “բ”, կարդացվել է նաեւ որպես “վ”, ավելի շուտ` “ւ” (վաղ միջանադարում “ւ”-նը արտասանվել է մոտավորապես ինչպես անգլերեն “w”-ն), այսինքն, Էրեբունին ամենայն հավանականությամբ արտասանվել է որպես “Էրեւունի”)։ Այսինքն, այն հավակնությունը, որն ի սկզբանե ներդրված էր Թամանյանի նախագծի ճարտարապետության եւ գաղափարախոսության մեջ, հանկարծակի ստանում է նաեւ զուտ փաստագրական անժխտելի հիմնավորում։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ Արգիշտիի հիմնած Էրեբունին թագավորի մահվանից մի 200 տարի անց անկում է ապրում, մոռացվում է եւ մեր համար միանգամայն անհայտ գոյություն է քարշ տալիս փոքր մի բնակավայրի տեսքով մինչեւ, որ անսպասելի վերածնունդ է առնում որպես Երեւան մայրաքաղաք, որը աշխարհի նորագույն քաղաքների շարքից ամենաանսպասելի եւ միաժամանակ ամենահիմնավորված ձեւով մեկ ակնթարթում անցնում է աշխարհի հնագույն քաղաքների շարքը` մրցակցության մեջ մտնելով Հռոմի հետ։ Եթե մենք սովոր չլինեինք այս փաստին, մենք կընկալեինք, թե իրականում սա սենսացիա է համարյա սկանդալային երանգներով։

Այսպիսով շղթան փակվում է։ Շրջանակաձեւ հատակագիծը դառնում է կատարյալ։ Հնագույնն ու նորագույնը համընկնում են։ Մոդեռնիստական ուտոպիզմը եւ արխաիկ միֆոլոգիզմը երկուսն էլ հղում են կատարում հավերժ վերադարձի:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements