Երեւանը եւ Չերեւանը 4. Երկնային Երեւանը

Թամանյանի նախագծի մեջ երկու տարրերը` մոդեռնիստական ուտոպիզմը եւ արխաիկ միֆոլոգիզմը համընկնում են։ Երեւանի նախագիծը ազդված էր անգլիացի ճարտարապետ Հովարդի “Պարտեզ-Քաղաքի” գաղափարից (չնայած նրան, որ ի վերջո Թամանյանից անկախ պատճառներով “Պարտեզ-Քաղաքի” նախագծի միայն շատ քիչ մասը իրականություն դարձավ Երեւանում)։ Ճարտարապետական առումով Թամանյանի Երեւանը փոխառում է Հովարդի նախագծիծ` շրջանակաձեւ հատակագիծը, կենտրոնի եւ արտաքին շրջանակի միջեւ ընկած օղակաձեւ ու կանաչապատ ճանապարհի գաղափարը, դեպի ծայրամաս դուրս բերված գործարանային թաղամասը եւ այլն։ Բայց պետք է հաշվի առնել, որ Հովարդի նախագիծը ուներ ոչ միայն եւ ոչ այնքան զուտ ճարտարապետական, որքան սոցիալական ուտոպիստական հիմնավորում։ Դա ապագայի արդարության սոցիալիստական հասարակության քաղաքի նախագիծ էր, ուր լուծված պետք է լինեին շահագործական հասարակությանը բնորոշ սոցիալական հակասությունները։ Այսպիսով, Թամանյանի նախագծի ենթատեքստում կա ոչ միայն ազգային մոդեռնի, այլեւ սոցիալական ուտոպիստական գաղափարը։ Եվ այս համատեքստում էլ կրկին պատահական չի շրջանակաձեւ հատակագիծը, քանի որ ուտոպիզմը խոստանում է ոսկե դարի վերադարձ, այսինքն ժամանակների լրացում։ Ուտոպիզմը ոչ միայն կառուցվածքաբանական, այլեւ ուղղակի ծագումնաբանական առումով կապված է առասպելաբանական մտածողության հետ։ Բավական է հիշել նոր ժամանակների ուտոպիստների նախահայրերից` Կամպանելայի գրքի` “Արեւի քաղաք” անվանումը, որն անշուշտ կապված է հնում եւ միջանդարում աշխարհով մեկ հայտնի աղանդների ավանդույթի հետ, որոնք դավանում էին սոցիալական հավասարաության, կոմունիզմի, հակաաստիճանակարգային սկզբնունքներ եւ հաճախ կոչում էին իրենց “արեւի որդիներ” (Հայաստանում եւս հայտնի է արեւորդիների աղանդը, որը պավլիկյանների եւ թոնդրակյանների ուշ ճյուղավորումներից էր)։ Կամպանելայի “Արեւի քաղաքը”, ուր լուծված էր մարդկանց հավասարության եւ հասարակական արդարության հարցը եւս շրջանակաձեւ էր (Արեւն ինքը շրջանակ է)։ Այս առումով հատկանշական են Չարենցի տողերը նվիրված Թամանյանին` “Նա տեսել էր երեւի արեւային մի քաղաք…Արեւային ժամացույց` քարտեզն ահա քաղաքի, Պողոտաներ, փողոցներ` բոլորաձիգ երկարած, Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտե մի բագին”։ Այսպիսով, Չարենցի բանաստեղծական տեսիլքում Թամանյանի քաղաքը եւս արեւային է, իսկ նրա քարտեզը արեւային ժամացույց է, այսինքն ուղղակի կապ է հաստատվում շրջանակաձեւ քաղաքի եւ ժամանակի դարձի, հավերժ շրջապտույտի ցիկլիզմի, ուրեմն եւ ոսկե դարի վերադարձի, ժամանակների կատարման միջեւ։ Բայց, եթե “արեւի քաղաքի” մոտիվը Չարենցին կարող էր եւ ծանոթ լինել, թեկուզ նույն Կամպանելայի միջոցով, որին մարքսիստները դասում էին իրենց նախակարապետների շարքում, ապա այսպես կոչված “Սիբիլայի գրքերը” նրան հաստատապես ծանոթ չէին (դրանք ուշ հեթանոսական վաղ քրիստոնեական շրջանի յուրահատուկ աղբյուր են, ուր միահյուսված են երկու այդ դարաշրջաններին բնորոշ պատկերացումները)։ Մ. Էլիադեն իր “Հավերժ վերադարձի առասպելը” գրքում գրում է. “Սիբիլայի գրքերը պահում են հիշողությունները Նոր Յերուսաղեմի մասին, որի կենտրոնում փայլում է “տաճառը, որի բարձր աշտարակը հասնում է ամպերին”“։ Ինչպես տեսնում ենք սա գրեթե բառացիորեն համընկնում է Չարենցից կատարված մեջբերման “Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտե մի բագին” տողի հետ։ Ուրեմն, խոսքը ոչ թե Չարենցի կողմից արված փոխառության մասին է, այլ պոետին բնորոշ ենթագիտակցական առասպելաբանական շերթերի միջից փոխաբերություններ վեր հանելու ունակության։ Եվ բնորոշ է մեր համատեքստում, որ կոմունիստ եւ աթեիսթ, Չարենցը տեղադրում է քաղաքի կենտրոնում “երկնահաս բագինը”։
Առասպելաբանական մտածողության տեսանկյունից “արեւ”, “շրջանակ” հասկացողություններին մոտիկ սեմանտիկ դաշտում է գտնվում եւ “արդարություն”, “առաքինություն” գաղափարները։ Ուշմիջնադարյան ալքիմիկոս Ջոն Դին գրում է. “Բոլոր իրերի պատկերացման ամենապարզ օրինակը … շրջանակն է։ …Արեւը կրում է բարձրագույն առաքինությունը եւ նրա խորհրդանիշն է շրջանակը, որի կենտրոնում կետ է”։ Այսպիսով, արեւի եւ շրջանակի հետ կապվում է բարձրագույն առաքինության եւ արդարության գաղափարները (համմ. Նոր Կտակարանում` “Զի եղիջիք որդիք Հոր ձերոյ որ յերկինսն է. զի զարեգակն իւր ծագէ ի վերայ չարաց եւ բարեաց”, այսինքն արեգակը հիշատակվում է անաչառության, հավասարության, կատարելության համատեքստում)։ Ուրեմն եւ ավելի հասկանալի է դառնում արդարության ու հավասարության ուտոպիկ գաղափարի կապը շրջանակի եւ Արեւի քաղաքի հետ։
Վերջապես սրանց բոլորի հետ անմիջապես կապված է եւ վերածծնդի գաղափարը, որն, ինչպես հիշում ենք կարեւոր կառուցվածքաբանական դեր է կատարում Թամանյանի նախագծի մեջ։ Կրկին մեջբերենք Էլիադեին. “Հին Հնդկաստանի բոլոր արքայական քաղաքները կառուցված են երկնային քաղաքի առասպելական մոդելին համապատասխան, ուր Ոսկե Դարի շրջանում բնակվում էր Մեծ Տիրակալը։ Հետեւելով վերջինիս օրինակին արքան ձգտում էր վերածնել Ոսկե Դարը”։ Կամ` “Սենեքրիմը հրամայեց կառուցել Նինվեն “ըստ հնագույն ժամանակներում կազմված նախագծի, որը նախանշված էր Երկնքի կողմից”“, “հին մշակույթների քաղաքները ունեն իրենց երկնային նախատիպերը… հավիտենականության մեջ”։ Հավիտենականությունը դա հենց շրջանակաձեւ նախագիծն է, “հնագույն ժամանակներում կազմված նախագիծը”` Էրեբունի-Երեւան երգի “Երեւան դարձաց իմ Էրեբունի”-ն է, իսկ երկնային նախատիպը` “արեւի ժամացույցն է”, այսինքն քաղաքի հատակագիծը որպես Արեւի խորհդանիշի վերարտադրություն, որպես Արեւի երկնային մարմնավորում։ Բայց նույն ցիկլիկ շրջանակային կառուցվածքը, որը կողմնորոշված է դեպի “Ոսկե դարի” վերածնունդ, կամ ժամանակների կատարում ունեն ոչ միայն միֆոպոետիկ այս պատկերացումները, այլեւ մոդեռնի այն մեծ նախագծերը, որոնց համատեքստում գտնվում է Թամանյանի Երեւանը` ազատական “պատմության ավարտը”, սոցիալիստական ուտոպիզմը եւ ազգայնական “ազգային փառավոր անցյալի վերածնությունը”։
Ազգային նախագծի առումով խոսուն է, օրինակ Դ. Վարուժանի “Կռվի երթ” բանաստեղծության ավարտը, ուր գլխավոր հերոսը, որն ընկնում է մարտի դաշտում հանուն հայրենիքի ազատության տարիներ հետո արթնանում է եւ տեսնում է ապագայի պատկերը` “Պիտի տեսնե որբն հագ եւ հագն` ապահով, Մշակն անվախ արտին մեջ` արտն` անավեր, Կյանքը ազատ, ազատությունն` հառաջադեմ..”, այսինքն ազգային նախագծի իրագործումը բերում է կոնֆլիկտներից ու հակասություններից զուրկ մի վիճակի` պատմության ավարտի)։
“Մարքսիզմ-լենինիզմի” սովետական բուհական դասագրքում որպես դիալեկտիկայի օրինակ գրված է` “նախնադարյան-համայնքային հասարկությունը չէր ճանաչում շահագործում։ …Անցումը դեպի սոցիալիզմ վերացնում է շահագործումը եւ այդ իմաստով սոցիալիզմը վերադարձ է դեպի նախնադարյան հասարակություն”։ Այսինքն տեղի է ունենում շրջադարձ, որի սկզբում եւ վերջում գտնվում է “ոսկե դարը”, իսկ արանքում ծավալվում է բուն պատմական գործընթացը։ Ըստ էության նույնն են ասում նաեւ արեւմտյան նեոմարքսիստները 60-ական թթ-ին, երբ նրանք Մարկուզեի կամ Ադորնոյի նման քննադատում են քաղաքակրթությունը` հակադրելով դրան նախնադարյան (“նախաէդիպյան”) մարդու ենթադրյալ երջանկությունը, որը պետք է վերագտնվի Ապագայի հասարակությունում։ Բայց սա փաստորեն նույն միտքն է, որն արտահայտված է հնագույն շումերական ամանօրյա ծեսի մեջ, որի ենթադրում էր ժամանակավոր ծիսական վերադարձ դեպի ոսկե դար “երբ ծառան հավասար էր իր տիրոջը”, իսկ “մարդը չէր վարձակալվում մարդու կողմից”։ Ընդ որում, այս ամենը շումերերենում արտահայտվում էր “վերադարձ մոր մոտ” ֆրազով, այսինքն նույն հոգեվերլուծական եզրաբանությամբ ինչ “նոր ձախերի” մոտ։ Ուրեմն, Երեւանի շրջանակը դա ոչ այլ ինչ է քան մի մեծ մայրական արգանդ, որի առջեւ, ըստ նախնական պլանի որդիները պետք է հավասար լինեն։ Նա ընգրկում է ձեզ վագինալիզմի անվերջ շրջադարձի մեջ եւ չի թողնում փախչելու ճանապարհ։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements