Երեւանը եւ Չերեւանը 5.Երեկոյան Երեւան

Երեւանը, ինչպես հայտնի է, ամենից սիրուն է աշնանը եւ ավելի կոնկրետ` աշնանային երեկոներին, երբ արեւամուտի արեւի ճառագայթները մեղմորեն շոյում են քաղաքի տուֆակերտ շենքերը եւ տուֆակերտ շենքերով կառուցապատված Քաղաքի հրապարակը։ Օրվա մասերի եւ տարվա եղանակաների իզոմորֆիզմի դեպքում աշունը համապատասխանում է հենց երեկոյին, ինչպես որ, ասենք, գարունը համապատասխանում է առավոտվան, ձմեռը` գիշերվան եւ այլն։ Երկուսը միասին` երեկոն եւ աշունը համապատասխանում են արեւմուտքին (երեկո — արեւամուտ), ինչպես առավոտն ու գարունը արեւելքին եւ այլն։ Այսինքն աշնանային արեւամուտի միջոցով Երեւանը միանգամից շեշտված կապվում է արեւմուտքի հետ, էլ չասած նրա մասին որ երեկոն եւ Երեւանը մտնում են իրար հետ անագրամային եւ ալիտերացիոն ձայնագրական կապի մեջ։ Այսքանը կես-կատակ, կես-լուրջ։

Բայց ավելի լուրջ է այն, որ Երեւանը իր սահմանային դիրքով ուղված է դեպի Արեւմուտք, ինչը հայկական համատեքտում նշանակում է դեպի Արեւմտյան Հայաստան, դեպի Երկիր։ Այդ իսկ պատճառով, եթե մեր շարքի նախորդ հոդվածը նվիրված էր Երկնային Երեւանին, ապա այս մեկով կխոսենք Երեւանի եւ Երկրի փոխառնչության մասին։ Երեւանը, կարելի է ասել, սահմանային քաղաք է, թեկուզ այնքանով, որ մայրաքաղաքի ցանկացած բարձրահարկից, որի պատոհանները ուղված են դեպի արեւմուտք, կարելի է տեսնել Հայաստանի արեւմտյան սահմանը եւ սահմանից էլ այն կողմ ընկած տարածքները` Մասիսով ու իրա “ամեն ինչով”, ինչպես կասեին խորովածանոցների վաճառողները։ Այսինքն քաղաքը իր ընդհանուր դիտանկյունով ուղորդված է դեպի Արեւմուտք, դեպի Երկիր։ Իսկ դիտանկյունը, կամ տեսադաշտը իշխանության, վերահսկելիության հիմքերից է։ Այսպիսով, Երեւանը ինքը Սարյանի արձանի մոտի վերնիսաժից քաջ հայտնի Արարատի պատկերով մի նկար է։ Եվ չնայած, քաղաքից երեւում են նաեւ Արագածը, Գեղամա լեռները եւ այլն, բայց ակնհայտ է, որ դրանք ի տարբերություն Արարատի զուտ բնական, այլ ոչ թե նաեւ գաղափարախոսական ու նախագծային էսթետիկական լանդշաֆտի մասնիկներ են։ Այս առումով Երեւանը կարելի է համեմատել Թալինի շրջանի սահմանամերձ գյուղերից մեկի հետ, որի ծագումով արեւմտահայ (տվյալ դեպքում ոչ սասունցի) բնակիչները պատասխանելով իմ հարցին, թե ինչո՞ւ են իրենց պապերը այսպիսի չոլ տեղում գյուղ հիմնել, ասեցին, թե հատուկ սահմանին մոտիկ են բնակվել, որպեսզի երբ “բացվի ճանապարհը դեպի Երկիր” իրենք առաջինը կարողանան վերադառնալ։ Երեւանը թեեւ հիմնված չէ այդպիսի պատճառաբանությամբ, բայց մայրաքաղաքի մոտիկությունը սահմանին եւ նախագծային ուղվածությունը դեպի Արարատի տեսարանը թույլ են տալիս տիպաբանական կապ տեսնել Երեւանի եւ այդ սահմանամերձ գյուղի միջեւ։ Հենց հիմա իմ պատոհանից երեւում է Մասիսը որը Քաղաքի դեմ դիմացն է եւ այդ տեսարանը ինքնին առաջացնում է միտք “երբ ճանապարհը բացվի”-ի մասին, չնայած այսօրվա համատեքստում այդ միտքը կարող է վերաիմաստավորվել որպես “երբ բացվի հայ-թուրքական սահմանը” ձեւակերպումով։ Ցանկացած դեպքում ճանապարհը շատ հստակ երեւում է եւ դա կարող է լինել, օրինակ, Մաշտոցի պողոտան, կամ Աբովյանի փողոցը, որոնք, եթե շարունակվեն ուղիղ գծով, դուրս կբերեն մեզ դեպի սահման եւ այնտեղից էլ դեպի Արարատ։ Կարծում ենք, իրոք չափազանցություն չի լինի, եթե ենթադրենք, որ Երեւանը իր որպես մայրաքաղաքի լեգիտիմությունը ստանում է Մասիսի տեսարանից ու Մասիսի հետ առնչությունից։

Ինքը Երկիրը 20 դարի երկրորդ կեսի սերնդների համար ոչ այնքան իրական հողակտոր է, որքան իդեալական կամ սրբազան մի տարածք, երազային մի Հայաստան։ Մեծ հաշվով դա “այլ աշխարհ է”, “նախնիների երկիր”, այսինքն նաեւ “հանգուցյալների երկիր”, “էն աշխարհ”։ Նախնիների երկիրը, որտեղ բնակվում են ապուպապերի հոգիները միֆոպոետիկ լանդշաֆտներում տեղադրվում է արեւմուտքում, ինչը պարզ է, քանի որ մահացած նախնիները հետեւում են Արեւին, որը մայր է մտնում արեւմուտքում։ Այսպիսով Երկիրը ոչ միայն ռեալ աշխարհագրական տեսակետից է արեւմուտք, այլեւ առասպելաբանական տոպոգրաֆիայի տեսանկյունից։ Եւ Երեւանն էլ իր մոտիկությամբ ու ուղվածությամբ դեպի այդ ռեալ եւ միաժամանակ սրբազան արեւմուտքը իր լեգիտիմիզացիան է ստանում շնորհիվ այդ առնչության։

Իր լոկալ աշխարհագրությամբ եւս Երեւանը ներառնում է իր մեջ Երկիրը` շնորհիվ Արեւմտյան Հայաստանի բնակավայրերի անունները կրող թաղամասերի։ Սրանով, Երեւանը կարող է դիտվել որպես Երկրի, առհասարակ “երկու Հայաստանների” փոքր մոդել։ Բայց, թվում է թե, առավել հետաքրքիր է այն, որ նշված թաղամասերի այսպես ասած “նախատիպ” բնակավայրերը իրենք գտնվում են Երկրի ամենաարեւմտյան մասում, այսինքն արեւմտյան են հենց Արեւմտյան Հայաստանի մասշտաբով։ Ավելի շուտ դրանք նույնիսկ ոչ այնքան Արեւմտյան Հայաստանն են ներկայացնում որքան վերջինից անմիջապես արեւմուտք ընկած Փոքր Հայքի, Կիլիկիայի եւ Անատոլիայի հայաշատ տարածքները։ Մեր այս շարքի հոդվածներից մեկում նշել ենք արդեն, որ տարրօրինակ ձեւով Երեւանի այդ թաղամասերից ոչ մեկը չի կրում բուն Մեծ Հայքի հայտնի բնակավայրերից եւ ոչ մեկի անունը։ Էլ ավելի տարրօրինակ զուգադիպությամբ նույն այդ Մեծ Հայքից արեւմուտք ընկած տարածքներից են եղել նաեւ Էրեբունիի վերաբնակիչները, այսինքն Էրեբունին իր բնակչության առումով նույնպես կապված է եղել արեւմուտքի հետ։ Ավելին, ըստ Արմեն Պետրոսյանի առաջարկած վարկածի Էրեբունի — Երեւան անվան ծագումն իսկ կապվում է Փոքր Ասիայի արեւմուտքի` խեթերեն եւ լուվիերեն լեզուների հետ, որոնցով խոսում էին Էրեբունիի վերոնշյալ վերաբնակիչները։ Էրեբունի անունը բացառություն է ուրարտական թագավորների հիմնած քաղաքների անվանումների մեջ, քանի որ սովորաբար այդ քաղաքները անվանակոչվում էին կամ թագավորների կամ աստվածների անուններով (ինչպես Արգիշտիխինիլի, Ռուսախինիլի, Թեյշեբաինի եւ այլն)։ Ուստի տրամաբանական է ենթադրել այս բացառիկ անվան կապը դրա կարգավիճակի առանձնահատկության եւ դրանում ապրող վերաբնակիչների հետ։ Ըստ նշյալ վարկածի Էրեբունի-Երեւանի անվանակից “քույր” քաղաքները կարող են լինել Արաւանա քաղաքը Պափլագոնիայում — Երեւա քաղաքը Լիկիայում (երկուսն էլ Փոքր Ասիայի արեւմուտքում` խեթա-լուվիական լեզուների տարածման գոտում)։ Այսպիսով Երեւանի հենց անվան ծագումը կարող է կապված լինել Արեւմուտքի հետ ։ “Արաւա-” խեթերեն նշանակում է “ազատ”, որը բաղկացած է “արա-”` “ճիշտ, արդար, խեթական կարգին համապատասխան” (ի հակադրություն “նատտա արա”` “բարբարոսական, ոչ խեթական”) եւ “ւա” ածանցից։ Այսպիսով, այս արմատից անվանակոչված բնակավայրերը ունեցել են հատուկ “ազատ քաղաքի” կարգավիճակ եւ առանձնացել են մյուսներից։ Նշենք, որ նույն Խեթական կայսրության “արաւանա”` “ազատ քաղաքի” կարգավիճակ ունեցող բնակավայրերի մի զգալի մասը գտնվել է երկրի ծայրամասերում, սահմանային գոտիներում։ Այսինքն, այստեղ եւս կապ կարելի է նշմարել Երեւանի հետ, որը նույնպես սահմանային է իր դիրքով։

Երեւանը կատարում է “արեւմուտքի” գործառույթը նաեւ ազգային նախագծի գաղափարախոսության տեսանկյունից։ Երեւանը փաստորեն “արեւմտամետ է” քաղաքակրթական տեսանկյունից։ Հայկական աշխարհայացքը, այն ձեւով, որով նա ավանդվել է գոնե 5 դարից, եւ վերաիմաստավորվել է նոր ժամանակներում մեծ հաշվով իր գոյության եւ իր ներքին ու արտաքին գործունեության լեգիտիմացումը ստանում է քաղաքակրթական Արեւմուտքից։ Գոնե այդպես է ինքն իրեն ենթադրում հայկական ինքնագիտակցությունը։ Ճիշտ է նա ունի նաեւ իր կոնֆլիկտը արեւմուտքի հետ, սակայն առճակատման հիմնական գիծը արտաքին եւ ներքին արեւելքի հետ է։ Այս առումով Երեւանը, կամ ավելի շուտ Երեւանի նախագիծը, “իդեալական Երեւանը” ինչպես արդեն նկատել ենք կատարում է հատկապես ներքին արեւելքը դաստիարակելու, վերահսկելու եւ զսպելու գործառույթը եւ այդ իմաստով նա “ներքին արեւմուտքն է”, ազգային ինքնագիտակցության մոդելի ինքնարտահայտումը թեկուզ ճարտարապետության ձեւերի մեջ։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements