Моя милиция меня бережет

Որ ասում են, էս երկիրը երկիր չի, հո՞ սուտ չեն ասում։

Սա ի՞նչ երկիր է, եթե արդեն քանի տարի շարունակ ոստիկաններին այստեղ անպատվում են, հայհոյում են, ծեծի ու բռնարարքների են ենթարկում եւ նույնիսկ…արցունքաբեր գազ են օգտագործում նրանց դեմ։ Բա եթե ոստիկանի` կարգ ու կանոնի պաշտպանի անվտանգությունը, արժանապատվությունը, թերեւս նաեւ ֆիզիկական գոյությունը եւ առողջությունը ապահովված չէ, էլ ի՞նչ ասենք շարքային անզեն քաղաքացիների մասին։ Իհարկե, վերջիններիս իրավունքներն էլ շարունակ խախտվում են, հատկապես` երթեւեկության իրավունքը, բայց համաձայնվեք սա անհամեմատելի է հայոց ոստիկանի անպաշտպանության ու ճնշվածության հետ։

Խոսենք օրինակներով։ Անշուշտ չեք մոռացել, ինչպես 2004 թ. ապրիլի 12, լույս 13-ի գիշերը վտանգավոր ռեցեդիվիստ Էդգար Առաքելյանը, զինված լինելով ամենավերջին ու կատարելագործված մակնիշի պլաստիկե միջմայրացամաքային շշով, այդ զանգվածային ոչնչացման զենքով հարվածեց ոստիկանի մարմնի այն մասին, որով նա օրն ի բուն մտահոգված է լինում հայրենիքի ապագայով եւ հայ քաղաքացու անվտանգության ապահովման հարցերով, մինչ ոստիկանը խաղաղ զբոսնում էր Բաղրամյան պողոտայով` վայելելով գարնան նորաբողբոջ ծաղիկների բուրմունքով լի ապրիլյան օդը։ Այս քստմնելի ոճրագործության համար հանցագործը, դատապարտվեց ընդամենը 1 ու կես տարվա ազատազրկման (օ՜վ, հայրենի դատական համակարգի մանկամիտ ներողամտություն, որը բնորոշ է պետականությունից երկար տարիներ զուրկ ազգերին միայն) եւ ազատվեց ժամկետից էլ շուտ։ Այս վայրենագործությունից հազիվ մեկ ամիս էր անցել, երբ ռեցեդիվիստի երկու երիտասարդ հետեւորդներ (ահա՛, թե ինչ արդյունքների է բերում երիտասարդության հայրենասիրական եւ պետականամետ պատշաճ դաստիարակության բացակայությունը եւ արտասահմնայան ֆիլմերի ազդեցությունը, ուր գովերգվում է ամենազոր մաֆիան եւ գանգստերիզմը) Մաշտոցի պողոտայի վրա փակցնում էին թռուցիկներ նորահայատ հայկական Չիկատիլոյի` Էդգար Առաքելյանի ազատման կոչերով։ Երբ այդ երկու մոլորյալներին մոտիկացավ ոստիկանության ներկայացուցիչը եւ ոսկեղենիկ գրաբարով ու դասական ուղղագրությամբ դիմեց նրանց, փորձելով բացատրել նրանց արարքի հասարակական վտանգավորությունը, այդ երկու` հայրենիքի համար, ավա՜ղ, վերջնականապես կորուսյալները լուտանքների եւ զազիր արտահայտությունների մի ամբողջ զինանոց օգտագործեցին իրավապահի դեմ, որից վերջինս ուղղակի ամոթից կարմրեց եւ քիչ էր մնում ուշաթափ լիներ, քանի որ մանկուց մեծացել էր այնպիսի մաքրամաքուր միջավայրում, հատկապես ոստիկանության դպրոցում, ուր այդպիսի արտահայտությունները ուղղակի անպատկերացրելի են։ Միայն ոստիկանության մյուս աշխատողների միջամտությամբ հնարավոր եղավ ուշքի բերել խեղճ ոստիկանին, իսկ ուխտադրուժ բարբարոսներին հասցնել ոստիկանության բաժանմունք, ուր նրանց արդեն սպասում էր ժպտադեմ գնդապետը եւ թեյի թաք գավաթը։ Բայց այս անգամ եւս մեր դատական համակարգը չտեսնված ներողամիտ գտնվեց։ Մինչ այդ Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող դատարանի եւ ոստիկանության շենքի բակում հավաքվել էր զազրախոսներին պաշտպանող անգործ, թմրամոլ ու կոսմոպոլիտ երիտասարդության մի քանի հարյուր հոգիանոց խումբ (նույնիսկ սուրբ եկեղեցու մոտիկությունը չսթափեցրեց նրանց եւ փոխանակ անմիջապես դիմեին քահանային ապաշխարհության եւ մեղքերի թողության խնդրանքով, նրանք անվայելուչ կարգախոսներով օկուպացրել էին ոստիկանության բակի 20 տոկոսը)։ Զազրախոսները, կամ ինչպես կյանքում առաջին անգամ հայհոյանք լսած ոստիկանը ինքն էր ասում` ձանձրախոսները դուրս պրծան ընդամենը 1500 եւ 1000 դրամ տուգանքով։ Եվ բնական է, որ այպիսի ներողամտությունը չէր կարող իր վտանգավոր արդյունքները չունենալ։ Ինչպես շատերը արդարացիորեն նշում են, երկրում սկսեց տիրել ամենաթողության մթնոլորտ, ուղղակի բեսպրեդել։ Անցնենք թարմ օրինակների։ Ինչպես չեն մոռացել շատերը, սույն թվականի մայիսի 9-ի երեկոյան մի խումբ անպատասխանատու ալկաշներ մոտիկացան Ազգային անվտանգության ծառայության շենքին եւ այդտեղ կանգնած ոստիկանների եւ հատուկջոկատայինների նկատմամբ դարանակալ եւ ուխտադրուժ հարձակում ձեռնարկեցին` արցունաբեր գազի կիրառմամբ։ Սա արդեն համաշխարհային ռեկորդ էր։ Ողջ քաղաքակիրթ աշխարհում, եւ նույնիսկ երրորդ աշխարհի առաջատար երկրներում արցունքաբեր գազը օգտագործում է ոստիկանությունը ցուցարարների դեմ։ Մեր մոտ բեսպրեդելը հասել է այն աստիճանի, որ այդ գազը կիրառում են իրենք հասարակության թափթփուկները` իրավապահների դեմ։ Կանգ չառնելով այդքանի վրա այսպես կոչված ցուցարարները, որոնց զգալի մասը ներկայացնում էին “Իմպիչ-մենթ” զինված ապօրինի ջոկատը (որի անունը թարգմանաբար նշանակում է “հըլը, արի ծեծ կեր, այ մենթ”, իսկ ըստ այլ վարկածի պարզապես` “դիլխոր մենթ”), դաժան ծեծի ենթարկեիցին հատուկջոկատայիններին։ Նրանք մեկ կամ երկու հոգով օղակի մեջ էին առնում 6-ից 10 հատուկջոկատայինների ու ջարդուփշուր անում նրանց, ինչը վկայում է գործողության նախօրոք ծրագրավորված լինելու մասին Սորոսրի գաղտնի շտաբերում Վրաստանում, Ուկրաինայում եւ Սերբիայում։ (Անշուշտ մեր երկրի բոլոր երկուս ու կես գիրք կարդացած գիպերինտելեկտուալները հասկանում են, որ, երբ ոստիկանները ծեծում են ցուցարարներին, դա միշտ էլ Սորոսի մշակված տեխնոլոգիայի կիրառում է ցուցարարների կողմից, ինչպես որ բոլոր ադրբեջնացի սուպերինտելեկտուալները շատ լավ հասկացել են, որ բոլոր այն դեպքերում, երբ հայերը կոտորվել են թուրքերի կողմից, դա հայկական հատուկ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է եղել)։

Ճիշտն ասած, այսքանից հետո պարզ չէ, թե ո՞ւր է նայում ՀՀ ղեկավարությունը։ Կամ նա թափթփուկների հետ գաղտնի պայմանավորվածության մեջ է, կամ էլ ուղղակի այլեւս անզոր է կառավարել օրեցոր անիշխանության գիրկը ընկնող երկիրը։ Դրա վառ ապացույցն է հոկտեմբերի 23-ի դեպքերը։ Մի խումբ խուլիգաններ (մոտ 50 հոգի), օրը ցերեկով քայլում էին մայրաքաղաքի փողոցներով` անարգելով հանրությանը եւ խորը վիրավորանք հասցնելով մեր հասարակությանը իրենց քայլվածքով ու արտաքինով եւ բացի այդ` շեղելով անցորդների ուշադրությունը։ Ոստիկանությունը այդ ընթացքում ստանում է վրդովված քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, որով կոչ է արվում վերջ տալ գանգստերների հետագա առջընթացին։ Ոստիկանության աշխատաղները Կորյուն եւ Աբովյան փողոցների խաչմերուկին մոտեցան այս ազգադավ բանդայի ներկայացուցիչներին եւ, դիմելով նրանց, խնդրեցին կանգ առնել եւ տալ ոստիկանությանը իրենց ապօրինի եւ թունավոր բարձրախոսը։ Տականքները, փոխանակ ենթարկվեն ոստիկանության այս համեստ խնդրանքին, զազրախոսելով պահանջեցին ցույց տալ իրենց օրենքի այն կետը, որով արգելվում է բարձրախոս օգտագործել ցույցի ժամանակ։ Այս զզվանք առաջացնող հայհոյախոսությունը ոստիկաննները բնականաբար առնականորեն եւ սառնասրտորեն արհամարհեցին։ Միայն երկար պնդումներից հետո, գնդապետ Աֆյանը վերջապես բացատրեց չափն ու սահմանը կորցրած այս տականքին, որ “օրենքն այստեղ ներկայացնում եմ ես”, “օրենքը դա ես եմ”։ Ապօրինի խմբի ներկայացուցիչները “Հայկական Ժամանակ”-ի խմբապետ Նիկոլ Փաշայի գլխավորությամբ այսքանից հետո, է՛լ ավելի սանձարձակ պահելաձեւ ընդունեցին։ Նրանք անմիջապես սկսեցին հայհոյել ոստիկաններին։ Ոստիկաններից շատերը աչքերը իջացրեցին ամոթից, ոմանք ուշաթափվեցին։ Ոգեշնչվելով այս ընթացքից, տականքները հարձակում գործեցին պատահականորեն նույն փողոցի վրա գտնվող հատուկ ջոկատայիններ վրա եւ դաժան ծեծի ենթարկեցին նրանց։ Միայն այսքանից հետո բանդայի պարագլուխներին հնարավոր եղավ նստեցնել ոստիկանության ավտոմեքենաները եւ ուղեկցել ոստիկանական բաժանմունք։ Ի դեպ, պետք է նկատել, որ ամենասարսափելին, թերեւս այն է, որ ծեծկռտուկին եւ հատուկջոկատայինների նկատմամբ բռնի արարքներին մասնակցեցին այս անգամ նաեւ կանայք եւ անչափահասները։ Սա վկայում է նրա մասին, որ բարոյականության կորուստը մեր հասարակությունում արդեն մոտիկանում է անդառնալի աստիճանի։ Երբեւէ՞ պատմության մեջ հայ կինը, կամ հայ անչափահասը իր ձեռքը բարձրացրել է հատուկջոկատայինի վրա, որը գիշեր ցերեկ հսկում է հենց նույն այդ հայ կնոջ եւ հայ պատանյակի հանգիստը։

Այս ամենը հայտնի է։ Եթե նույնիսկ որոշ մանրամասներ ընթերցողը իմանում է այս հոդվածից, ապա վրդովված քաղաքացիների դիմումների, ցուցարարների հայհոյախոսությունների, մարդկանց ուշադրությունը շեղելու, ոստիկանության եւ հատուկջոկատայինների նկատմամբ իրագործված բռնարարքների, արցունքաբեր գազի կիրառման մասին արդեն խոսվել է հանրապետության ԶԼՄ-ների, ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Այլ հարց է, որ ո՛չ հասարակության լայն շերթերի, ո՛չ ներկա վարչակարգի, ո՛չ էլ միջազգային իրավապաշտպան կոչված կառույցների կողմից այս փաստերը արժանի հակադարձի չեն արժանանում։ Թերեսւ, մենք միակն ենք աշխարհում, ուր ոստիկանությունը, այդ թվում հատուկջոկատայինները գնտվում են նման անպաշտպան, անօգնական, ճնշված վիճակում։ Ելքը այս ամենից կարող է լինել միայն մեկը։ Կամ մեր իշխանությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ աշխարհում բարի կամքի տեր բոլոր մարդիկ միավորում են իրենց ջանքերը` ոչ միայն դատապարտելու, այլեւ գործնական քայլերով վերջ դնելու այս իրավիճակին, կամ անխուսափելի են երկրում արմատական փոփոխությունները եւ իշխանափոխությունը, որի արդյունքում ոստիկանի կյանքը, պատիվը, գույքը եւ մի կտոր չալաղաջն ու մանկական խաղահրապարակի տեղում կառուցվելիք խանութը միանգամայն ապահով դառնան փողոցային թափթփուկի ոտձգություններից, դեղին մամուլի հայհոյախսություններից, եւ հրոսակախմբերի բարձրախոսներից։ Այո՛, մի օր ոստիկանության եւ ուժայինների նյարդերն էլ կարող են տեղի տալ եւ նրանք իշխանությունը կարող են վերցնել իրենց ձեռքը ինչպես դա տեղի է ունենում, օրինակ Աֆրիկյան մայրցամաքի բազմաթիվ քաղաքակիրթ երկրներում, ուր ոչ ոք թույլ չի տա, որպեսզի ոստիկանի գլխին անարգել հարվածեն պլաստիկե շշով, կամ արցունքաբեր գազ կիրառեն նրա նկատմամբ, ուր մեծերի, տան տղամարդկանց եւ հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանքը դեռ այնքան ուժեղ է, որ որեւէ կին, կամ դեռահաս չի թույլ տա իրեն հարվածել հատուկջոկատայինին։

 

 

Պատճենը` ազնիվ եւ ճշմարտախոս

մամուլի ներկայացուցիչներին,

ՄԱԿ Գլխավոր ասամբլեային,

իրավապաշտպան կազմակերպություններին,

բարի կամքի բոլոր մարդկանց։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s