Առյուծի եւ արծվի համագործակցությունը

Գրելով նախորդ` “Առյուծի եւ արվի կռիվը” նյութս, ակնարկեցի դրա հնարավոր շարունակությունը։ Բայց հիմա հասկանում եմ, որ այսօրվա գրելիքս նախորդի ուղղիղ շարունակելին չէ` պահպանելով առաջին հոդվածի տրամաբանությունը այս նյութում շեշտերը բավականին տարբերվելու են։ Ի տարբերություն նախորդի, որը հիմնված էր հիմնականում անցյալի եւ ներկայի վերլուծության վրա, այս մեկում ավելի շատ կփորձեմ կենտրոնանալ ապագայի հնարավոր մի մոդելի վրա։ Բայց միեւնույնն է այս անգամ էլ նախ չեմ կարող խուսափել շատ համառոտ պատմական ակնարկից, այնքանով ինչքանով որ դա անհրաժեշտ է տվյալ նյութի շարադրանքը ավելի ճշգրիտ ներկայացնելու հետ։
Առյուծի եւ արծվի հայկական մոդելը, ըստ երեույթին ծագումով, ավելի հին է քան ինքը հայկականությունը։ Հնագույն հնդեւրոպական պանթեոնի եւ դրա հիման վրա գոյատեւող այդ շրջանի աշխարհայացքի մոդելը նույնպես դուալ էր (երկու տարրից բաղկացած) ըստ իր կառուցվածքի։ Պետք է ասել, որ չնայած նման կառուցվածքները շատ հին պատմությանն են վերաբերվում, սակայն նրանք ոչ թե լիովին անհետանում են ժամանակի ընթացքում, այլ կազմում են մարդկանց` անհատների եւ խմբերի ենթագիտակցության մեջ ընկած մշակութային արխետիպերի հիմքը, որով հնագույն այդ մոդելները տարբեր ժամանակահատվածներում վերարտադրվում են տարբեր կոկնրետ դրսեւորումներով անկախ այդ վերարտադրությունը իրականացնողների գիտակցության։ Այլ կերպ ասած, այդ կարգի կառուցվածքները ունիվերսալ մոդելներ են, որոնք կարեւոր տեղ են գրավում մարդկային մտածողության եւ գործունեության համակարգում։ Սա է պատճառը, որ խոսելով տվյալ պահի կոնկրետ քաղաքական գործընթացներից, մենք, առաջին հայացքից անսպասելիորեն, անդրադառնում ենք այդպիսի հնություն ներկայացնող փաստերին, որոնք թվում է թե որեւէ կապ չեն կարող ունենալ այսօրվա հետ։
Եվ այսպես, ո՞րն էր հնդեւրոպական հնագույն աշխարհի մոդելի կառուցվածքը։ Հնդեւրոպական հնագույն պանթեոնը, այնպես, ինչպես որ դա վերականգնվում է այսօրվա գիտության կողմից ճանաչում է երկու գլխավոր աստվածային գործառույթ եւ համապատասխանաբար երկու գլխավոր աստվածային պերսոնաժ` Երկնքի, արեւային օրվա Աստված կամ Հայր Աստված (որը եւ գլխավորում է պանթեոնը) եւ Ամպրոպի աստված (աստիճանակարգով երկրորդը պանթեոնում)։ Այս երկուսը մարմնավորում են համապատասխանաբար հայեցողության եւ գործողության ֆունկցիաները. առաջինը ավելի մոտ է քրմական դասին, երկրորդը` ռազմական եւ իշխանական։ Հետեւաբար առաջինի գործառույթային ոլորտի համար բնորոշ է հետեւյալ բառապաշարը` խաղաղություն, հանգիստ, կայուն իրավիճակ, կանոնակարգվածություն, բանականություն, ներում եւ այլն` այն ամենը ինչ կարելի է ըստ ասոցիացիայի կապել` արեւային հանդարտ օր պատկերի հետ։ Երկրորդի գործառույթային ոլորտին համապատասխանաբար բնորոշ է հակառակ բառապաշարը` պայքար, վճռականություն, անկանխատեսելիություն, կամավորություն, խանդավառություն (կամ մոլեռանդություն), պատիժ, հատուցում (կամ վրեժ) եւ այլն` այն ամնեը, ինչ կարելի է ասոցացնել ամպրոպային օրվա հետ։ Երկու այս տիեզերական սկիզբերի համակեցությունից բաղկացած կռուցվածքը կարգավորում եր նաեւ հնագույն հասարակական հարաբերությունները։ Հետաքրքիր է, որ հին հնդեւրոպական հասարակություններից շատերում երկար ժամանակ պահպանվում էր նաեւ պետության երկու անձերի կողմից կառավարվելու համակարգը, որոնցից ամենահայտնին հռոմեական հանրապետության երկու կոնսուլներնի մոդելն էր։ Հայաստանի ռեալ պատմությունից երկկառավարման նման համակարգ հայտնի չէ, բայց դրա փոխարեն այդպիսի աշխարհապատկերի հետքերը մնացել են երկվորյակ կառավարիչների մասին լեգենդներում, որոնցից կարելի է նշել Խորենացու մոտ հիշատակվող Երվանդ թագավորի եւ նրա եղբայր` քրմապետ Երվազի մասին ավանդույթը։ Երեւի դժվար չէ նկատել, որ ներկայացված կառուցվածքը ունիվերսալ է եւ նրա օգնությամբ կարելի է նկարագրել ոչ միայն հնագույն կրոնական պատկերացումները, այլեւ նոր ժամնակների երեույթները։ Կարծում եմ նաեւ, որ նախորդ հոդվածիս ընթերցողը ճանաչեց ի դեմս առաջին գործառույթի “առյուծային”, իսկ ի դեմս երկրորդի` “արծիվայինը”։
Հիմա տեսնենք, թե ինչպես է այս ամենը համադրվում ներկայիս ներհայկական քաղաքական իրավիճակի հետ։ Հենց այսօր “Լրագրի” էջում մի հետաքրքիր հոդված տեղադրվեց, ուր վերլուծվում էր ներկայիս քաղաքական իրավիճակը` ելնելով նորացված Սահմանադրության կարեւոր համակարգային տարրերից։ Սահմանադրական փոփոխությունները զգալիորեն սահմանափակել են հանրապետության նախագահի գործառույթները, պահպանելով այնուամենայնիվ նախագահական հանրապետության ձեւաչափը ինքնին (այսինքն, նախագահը ի տարբերություն խորհրդարանական պետության համակարգի չի վերածվում մեր մոտ զուտ արարողակարգային ֆիգուրի), եւ համապատասխանաբար լայնացրել են վարչապետի լիազորությունները` դարձնելով վերջինիս լիարժեք քաղաքական ֆիգուր, այլ ոչ թե զուտ նախագահի կամքի կատարող։ Հոդվածի հեղինակը դիտարկում էր այդ նոր իրավական վիճակի նրբությունները եւ դրանում թաքնված մարտահրավերները Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու դեպքում, իսկ նյութի ավարտին նշում էր, որ եղած մարտահրավերներից խուսափելու լավագույն տարբերակն, իհարկե, կլիներ, եթե Սարգսյանը ընդհանրապես չընտրվեր նախագահ։ Հենց այս ավարտական մտքից էլ, ես ուզում եմ շարունակեմ` միավորելով այդ շարունակությունը նախորդ շարադրանքիս հետ։ Ս. Սարգսյանի ընտրվելու սցենարը, ինձ առհասարակ չի հետաքրքրում։ Իսկ միակ ռեալ այլընտրանքային սցենարը այս պահին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելն է, ինչը կարծում եմ, կարիք չունի հավելյալ փաստարկման։ Հենց այս դեպքում էլ կարող է ոչ միայն ուղղակի տեսականորեն կիրառելի դառնալ նկարագրված հնագույն առասպելաբանական սխեման, այլեւ այն կարող է մի կողմից օպտիմալ տարբերակ լինել նոր վարչակարգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու տեսանկյունից եւ մյուս կողմից չի բացառվում, որ հենց այդ սխեման էլ տարրերայնորեն սկսի ձեւավորվել եւ գործել եւ դրան կարող է օբյեկտիվորեն նպաստել նորացված սահմանադրությունը։
Առաջին հոդվածում Լեւոն Տեր-Պետսրոսյանին նկարագրեցինք որպես “առյուծային” (ավելի երկար արտահայտվելու դեպքում` հնդեւրոպական դուալ աշխարհի մոդելի առաջին գործառույթի արտահայտված ներկայացուցիչ ) ոճի տիպիկ գործիչ։ Եթե վերհիշենք այդ ոճի հիմնական կոդային բնորոշիչ բառերը, ապա դժվար չի նկատել, որ այդ կոդը գրեթե իդեալապես համընկնում է առաջին նախագահի թե՛ իմիջի հետ, թե՛ նրա նախորդ շրջանում դրսեւորված գործելաոճի եւ գաղափարախոսության, թե ներկայիս ընտրարշավում նրա որդեգրած ոճի հետ (վերջինս թեեւ կոշտ ընդդիմադիր է եւ անխնա քննադոտղական, բայց միաժամանակ ընգծված դիստանցիա է պահպանում հեղափոխական հռետորականությունից)։ Կարելի է չկասկածել, որ նույն այս ոճը Տեր-Պետրոսյանը կպահպանի նաեւ նախագահ ընտրվելու դեպքում։ Առհասարակ այդ ոճը նաեւ միանգամայան սազական է նախագահի գործառույին ընդհանրապես (չմոռանանք, որ առասպելաբանական սխեմայում այն եւս բնորոշ է պանթեոնի գլխավոր աստվածությանը), քանի որ ենթադրում է հեռանկարային հաշվարկի եւ փուլային, հետեւողական ռազմավարության վրա հիմնված կառավարում։ Իսկ անկախ պետության նախագահի պաշտոնը, որը մեր մոտ դեռ շփոթվում է սոսկ գլխավոր պռոռաբի կամ մենեջերի գործառույթների հետ, իրականում ենթադրում է հենց այդպիսի հեռանկարային կառավարում։ Նորացված սահմանադրությունը, եթե այն իրապես գործածվի, փաստորեն, օգնում է նախագահական պաշտոնի այդ իրական էության ավելի մաքուր դրսեւորմանը, այսինքն արտաքնապես սահմանափակելով նախագահի գործառույթների գործնական մասը հոգուտ վարչապետի, ազատում է նախագահին զուտ վարչարարական` պռոռաբական ֆունկցիաներից։ Միաժմանակ, Տեր-Պետրոսյանի վերընտրվելու դեպքում նրա այս ոճը կարող է անշուշտ օգնել իշխանափոխության եւ հեղափոխական իրավիճակներին բնորոշ հայտնի թերիներից` ծայրահեղականություն, վհուկների որս եւ այլն, խուսափելու առումով։
Մյուս կողմից, սակայան, այս ոճը, կարծում ենք այնքան էլ բավարար չպետք է լինի իշխանափոխության էյֆորիան վերապրած հասարակության հոգեբանության տեսանկյունից, որը բնականաբար կունենա համապատասխան սպասելիքներ նոր վարչակարգից եւ այդ սպասելիքների բավարարումը ընկած է ոչ այնքան եւ համենայն դեպս ոչ միայն բանականության, որքան զգացմունքների, էմոցիաների տիրութում։ Ընդ որում, պետք չէ այնպես մտածել, թե զգացմունքների այդ տիրույթը ավելի անլուրջ կամ ոչ կարեւոր բան է քան բանականության տիրույթը։ Ի վերջո ցանկացած պետություն, բացի եւ նախքան պետություն, այսինքն որոշակի քաղաքական, տնտեսական եւ այլ ինստիտուտներ լինելը` երկիր է, այսինքն մի գոյ, որի հիմքում ընկած են ում եւ ինչը սիրելու, հանուն ինչի ապրելու եւ մեռնելու, սեփականի եւ օտարի մասին պատկերացումները եւ ապրումները։ Հետեւաբար, եթե իշխանափոխության դեպքում գործադրվեն միայն առասապելաբանական սխեմայի առաջին գործառույթի տարրերը, երկիրը թեեւ կարող է հասնել լուրջ եւ անհերքելի գործնական եւ ինստիտուցիոնալ արդյունքների, բայց հոգեբանական առումով հասարակությունը կարող է մնալ նույն` դեպրեսիվ ցինիզմի կետին ինչ այսօր է։ Ինչ որ առումով նման իրավիճակ մենք արդեն անցել ենք։ Երբ հիմա, տարիներ անց հետադարձ հայացք ես գցում 90-ականներին, կարծես թե համոզվում ես, որ իրոք Հայաստանի այն ժամանկվա իշխանությունները ծանր իրավիճակում ունեցել են լուրջ հաջողություններ եւ “առյուծային” գործառույթի գերակայությունը թույլ է տվել մեզ խուսափել, ասենք, նույն շրջանի Վրաստանին (ուր “արծվաիյն”, ռոմանտիկ, “դաշնակցական” արխետիպը ակնհայտ գերիշխող էր) բնորոշ քաոսից եւ բոլորը բոլորի դեմ պատերազմի սցենարից։ Իսկ մյուս կողմից այն ժամանկվա շատ շատերիս կոշտ ընդդիմադիր լինելու հանգամանքը, ըստ երեւույթի պայմանավորված էր ոչ միայն սոցիալական դժվարություններով, կամ օրինախախտումների առատությամբ, այլ մի տեսակ “սրտի”, “ջերմության”, “ջիգյարի” բացակայությամբ` սառը եւ ինտրովերտ ոճի գերիշխանությամբ։
Այսօր այդ իրվաիճակի կրկնությունից թույլ է տալիս խուսափել “երկրորդ գործառույթի” “խոդի քցելը” առաջինին զուգահեռ, որը կարող է լինել տարրերային, կամ գիտակցված ձեւով։ Սա իրոք հետաքրքիր եւ ունիկալ շանս կարող է լինել։ Այն հետաքրքիր է նույնիսկ զուտ տեսականորեն եւ էսթետիկորեն, քանի որ “երկրորդ գործառույթի” էությունը հենց նրանում է, որ նա երկրորդն է, այսինքն հոդվածի սկզբում ներկայացված առասպելաբանական մոդելի տեսանկյունից էլ չպետք է գերակայող դիրք գրավի։ Այս սցենարի դեպքում էլ կարեւորվում է, ինչպես երեւի կռահեցիք, ապագա վարչապետի դերը, որն էլ հենց պետք է վերցնի իր վրա “երկրորդի” դերը, որը տվյալ պարագայում ենթադրում է հասարակության հոգեբանության հեղափոխական սպասումների արդարացում` պայքար պետական կոռուպցիայի դեմ, արդար պատիժ նախորդ շրջանի ամենաակնառու օրինազանցների դեմ, էմոցիոնալ ոճ, անսպասելի նախաձեռնություններ, արագ տեպմ եւ այլն` մանրամասները կարեւոր չեն, քանի որ պարզ է ընդհանուր ուղղվածությունը։ Ներկայումս Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերի մեջ կան այդպիսի անձնավորություններ, որոնք կարող են շատ լավ իրականացնել նման գործառույթը կան։ Անունները կարող ենք չտալ, թեեւ կարծում ենք, պարզ է, թե ով են այդ մարդիկ (թեկնածուները կարող են մի քանիսը լինել եւ տվյալ համատեքսոտւմ այդքան էլ էական չէ կոնկրետ անձը` կարեւորը նրա ֆունկցիան է)։ Կոպիտ ասած, վարչապետի պաշտոնում, “հհշ”-ը նախագահի կողքին, անհրաժեշտ է “դաշնակ” վարչապետ։ Իհարկե, “դաշնակ”-ը այս դեպքում ոչ մի կապ չունի “Դաշնակցություն” կուսակցության անդամության, կամ գաղափարախոսության, եւ նույնիսկ իրական գործունեության հետ։ “Դաշնակը” տվյալ դեպքում զուտ սիմվոլ է, որը առնչվում է հասարական գիտակցության որոշակի կարծրատիպի հետ, եւ խորհդանշում է որոշակի խառնվածք, տեմպերամենտ, ոճ` պաթոսային, իմպուլսիվ վճռական, “կրակող” եւ այլն։
Այսպիսով, մեր զինանշանի երկվությունը, նրա սյուժեն, որը մի պատում է երկու գլխավոր հերոսներով` առյուծով եւ արծվով, այսօր հազվադեպ շանս ունի իրականանալ ոչ թե որպես երկուսի հակադրություն, այլ նրանց համագործակցություն։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

One response to “Առյուծի եւ արծվի համագործակցությունը

  1. Ծանուցում՝ Լրագրի երկու հինհոդված « Ուստա Հրանտի արհեստանոց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s