Հայկական ֆաշիզմի ծնունդը

Երբ պապուասական մարինդ-անիմ ցեղի ներկայացուցիչներից մեկը մահանում է` անկախ նրանից թե ինչ տարիքի է մահացածը, կամ ինչից է նա մահացել` ծերությունից, հիվանդությունից, դժբախտ պատահարից, թե որեւէ այլ պատճառից, մահացածի բարեկամները անպայման փորձում են գտնել մեկին, որի կախարդանքի, թուղթ ու գրի կամ չար աչքի պատճառով մահացել է հանգուցյալը: Այսինքն, մարինդ-անիմների պատկերացմամբ մարդը չի կարող մահանալ հենց այնպես, բնական պատճառով` եթե մարդուն չեն սպանել, իսկ նա մահացել է, ուրեմն ինչ որ մի չար կախարդ անպատճառ պետք է մեղավոր լինի դրանում: Այսպիսի ընկալումը տիպիկ է քաղաքակրթության նախնական փուլում գտնվող հասարակությունների իռացիոնալ, իրականությունը որպես այդպիսին չընդունող, դեպքերի պատճառահետեւանքային կապերի վերլուծություն իրականացնելու անկարող առասպելական մտածողության համար: Քաղաքակրթության աճին զուգահեռ աճում է նաեւ իրականությունը ռացիոնալ ձեւով ընկալելու ունակությունը: Պետության ժողովրդավարական ձեւը հիմնված է նախ եւ առաջ բանականության, երկխոսության եւ իրականության սթափ վերլուծության վրա: Սակայն նույնիսկ քաղաքակրթության զարգացման բարձր փուլերի վրա հազվադեպ չեն իռացիոնալ մտածողության ուժեղ ներխուժումներ: Իռացիոնալի ագրեսիվ ներխուժման լավագույն օրինակներ են 20 դարի առաջին կեսին գերմանական նացիզմը եւ ստալինյան կեղծ սոցիալիզմը: Բանականության կորուստը ֆաշիստական համակարգի ձեւավորման թիվ մեկ նախապայմանն է: Այդ գործընթացի ախտանիշները ավելի քան ակնհայտ են այսօրվա Հայաստանում: Ընգծենք, որ երբ ասում ենք այսօրվա Հայաստանում ֆաշիզմի տարրերի ձեւավորման մասին, ի նկատի չունենք սոսկ բռնակալական եւ անօրինականության դրսեւորումները, այլ նախ եւ առաջ դրանց զուգահեռ ընթացող այն պրոցեսները, որոնք վկայում են նրա մասին, որ քաղաքական եւ մտավորական վերնախավերի մի զգալի մասի մոտ ակնհայտ է իրականությունից դեպի մոգական բացատրությունների աշխարհ փախուստի սիմպտոմները: Սա ի դեպ պատահական չէ, քանի որ աշխարհի բանական, ռացիոնալ ընկալումը սերտորեն կապված է պատասախանատվության զգացումի հետ, որը բնորոշ է հասուն անհատներին եւ հասուն հասարակություններին, իսկ մոգականությունը թույլ է տալիս անհատին եւ խմբերին խուսափել պատասխանատվությունից թեկուզ սեփական խղճի առջեւ: Ո՞րն է հիմնական տարբերությունը մտածողության երկու` բանական եւ իռացիոնալ տիպերի միջեւ: Բանական մտածողությունը փորձում է որեւէ իրադարձություն վերլուծել դրա ներքին պատճառահետեւանքային կապերի վերհանելու միջոցով: Ասենք, եթե մարդը մահանում է, բանական մտածողությունը փորձում է վեր հանել օրգանիզմում տեղի ունեցած այն ներքին գործընթացները` հիվանդությունները եւ այլն, որոնք բերեցին մահվան: Նույնը եւ հասաարակության առումով. օրինակ եթե տեղի են ունենում դժգոհության զանգավածային դրսեւորումներ, ապա դրանց պատճառները առողջ բանականությունը փորձում է գտնել նախ եւ առաջ տվյալ հասարակության ներսում:  Ոչ բանական, «նախաֆաշիստական» մտածողությունը, հակառակը, ցանկացած իրականության պատճառները փորձում է գտնել արտաքին աշխարհում: Իռացիոնալ մտածողության տեսակետից հասարակական անկայունության պատճառները պետք է փնտրել ինչ որ մեկի չար կամքի, ինչ որ գաղտնի խմբերի դավադրության, արտաքին մութ ուժերի գործողությունների, բայց ոչ երբեք համակարգի ներքին սխալների մեջ: Մտածողության վերջին տիպի վառ դրսեւորման տեսակետից բազմաթիվ ընդհանուր կետեր են ցուցաբերում պապուաս մարինդ-անիմները, գերմանական նացիստները, ստալինյան կեղծ սոցիալիստները եւ Հայաստանի ներկա քաղաքական վերնախավի եւ մտավորականության իշխանամետ ներկայացուցիչները: Այն որ վերջինների մոտ այսօր գերակայում է հենց այդպիսի պրոֆաշիստական մտածելակերպը հաստատվում է բազմաթիվ հայտնի օրինակներով: Այսպես, դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ երկրում ծավալվեցին հարյուր հազարավոր մարդկանց ընդգրկող հասարակական եւ քաղաքական գործընթացներ` իշխանության ներկայացուցիչները դրանց պատճառները խորը վերլուծելու փոխարեն առաջ քաշեցին այդ ամենը “չարությամբ”, “ատելությամբ” եւ այլ ոչ քաղաքական` մոգական-բամբասանքային ոճի կատեգորիաներով: Ավելի ուշ իշխանամետ ուժերը սկսեցին տարածել սկավառակներ, ուր ընդդիմության առաջնորդ` Տեր-Պետրոսյանին վերագրվում էր գաղտնի կազմակերպությունների գործիք լինելու հանգամանքը: Արդեն հետընտրական շրջանում եւ մանավանդ մարտի մեկի դեպքերից հետո իռացիոնալ դրսեւորումները հասայն գագաթնակետին, ստացան բացահայտ պաշտոնական բնույթ, իսկ ֆաշիզմի ձեւավորման միտումը ակնհայտ դարձան: Հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ընթացող հանրահավաքները բացատրվեցին որպես հոգեխանգարմունքի, զանգվածային հիպնոզի, “նեյրոլինվիստիկ” ազդեցության, ապա եւ արտաքին դավադրության եւ այլնի արդյունք: Այսպիսի գիտականատիպ, բայց էությամբ մոգական բառապաշարն, ի դեպ, եւս բնորոշ է ֆաշիստական գիտակցությանը: Եթե «հոգեխանգարմունքի» զանգվածային հիպնոզի այս տեսությունը թարգմանենք ավելի ժողովրդական լեզվով, ապա ստացվում է, որ հանրավաքաների պատճառը «թուղթ ու գիրն» է: Իհարկե, հոգեխանգարմունքի տեսությունը դարձել է բոլորիս համար հումորի անսպառ առիթ, բայց միաժամանակ պետք է հասկանալ, որ դա լրջագույն վտանգ է ներկայացնում հայ պետականության ապագայի համար, քանի որ մոգական մտածողության գերակայությունը վերջնականապես խարխլելու է ժողովրդավարության հեռանկարները Հայաստանում: Բացի այդ, մոգական մտածողությունը, որը շատ բնորոշ է մեր հարեւան` ադրբեջանական հասարակությանը եւ որը, ինչքան էլ ինչ որ մեկի համար տարրօրինակ չհնչի պատճառներից մեկն էր պատերազմում Ադրբեջանի պարտության, տարածվելով Հայաստանում լուրջ ական կարող է դառնալ նաեւ հայ-ադրբեջանական մրցակցության հեռանկարի առումով:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements