Ազատության պողոտա

Հյուսիսային պողոտան` անկենդան, անծանոթ, արհեստական, սառը, վերամբարձ, մեծամիտ, վերեւից նայող` քաղաքի մեջ խորթ մարմին: Երեւանում էր, բայց «երեւան» չէր: Ոճը` դասական էր, բայց շունչը օտար` քաղաքի բացվաց վերք դառնալու աստիճան: Երեւանը` մայրական, ուշադիր, ջերմ, իր օղակաձեւ գրկում ամուր սեղմող, դարդն ու հոգսը մոռացնել տվող, անհոգացնող, անոխակալ, սահմանները ջնջող, բոլորին հավասար աչքով նայող, բոլորի համար մի բաժակ սուրճ նախատեսած. Պողոտան ինքը տեղով սահման, միջինին ու խեղճին արհամարհող, չտես գավառական տիկին: Այսպես է՛ր:

Բայց գարնանային մի օր` այն գարնան, որն արյունոտ մի արշալույսով բացվեց, որը դեպի երկինք կրակող ու Քաղաքի մութը ծիածանի յոթ գույներով լուսավորող լուսարձակ փամփուշտների կրակոցով զարդարեց իր երեկոն, որը արեւի փոխարեն արյուն ու կրակով տաքացրեց մեր օրերը ու զայրույթով հալեցրեց մեր ուղեղներն ու սրտները, որը ծառերի մատղաշ կանաչի փոխարեն, երիտասարդ զոհերի դեպի երկնային պարտեզ ընթացող մատաղ կարմիրով ծաղկեց. իմաստունին ավելի իմաստացնող, իսկ հիմարին ավելի հիմարացնող. հասունացնող, չարն ու բարին, արդարին ու անարդարին զատող` Զատկական այդ գարնանը….:

Այդ գարնան օրերից մեկին զարթնեցիքն ու տեսանք` Հյուսիսային պողոտան կենդանի շունչ առած, գեղեցկացած, գարնանային, երեւանյան մայրամուտի արեւի մեղմ ջերմությունը արտացոլող, մեզ էլ տաքացնող-ջեմացնող…: Կարծում էինք` անճաշակ պճնված գավառական մեծահարուստի հաստահետույք կին էլ չի` կով է. պարզվեց` մազերը արձակած նորահարս է…: Հյուսիսային էլ չի` Ազատության պողոտա է…: Մի 20 տարի հետո կնայենք կինոխրոնիկայի կադրերը` կասեն, ահա Ազատության պողոտան, ուր Ազատության Հրապարակից դուրս մղված քաղաքացիները ոստիկանության հետ ՙես զբոսնում եմ` բռնեք ինձ՚ խաղն են խաղում, եւ որի պատճառով էլ, սիրելի երեխաներ, պողոտան կոչվեց Ազատության պողոտա…: Մեկ էլ այդպես կոչվեց, որովհետեւ էրկու հազար ութը թվի փետրվարի 26-ին, դարձավ հայության երկու հատվածների` Ազատության հրապարակում ինքնակամ ժողովված ժողովրդի եւ Հանրապետության հրապարակում ստիպողաբար քշվածների միացման ուղի…:

Թամանյանի նախագծած ՙարեւային ժամացույց՚ Քաղաքը նորից խաբեց իր կարծեցյալ տերերին: Թամանյանը ոչ թե ուղղակի քաղաք է նախագծել, որտեղ մարդիկ պետք է ապրեն: Թամանյանն ի սկզբանե նախագծել է Ազատության Քաղաք, Պոլիս: Եվ չնայած նախագիծը իրականացնող-կառուցողները էն գլխից ճիշտ հակառակին են ձգտել, բայց երբեք չեն կարողացել շղթայել-փակել, Թամանյանի ՙնախագծած՚ արեւային քաղաքի այդ ոգին, եւ տեղյակ էլ չեն եղել դրանից: Եվ ահա, ասյօր մեր աչքի առաջ Հյուսիսային պողոտան դառնում է Երեւան, դառնում է Ազատության պողոտա…:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements