Միայնակ մարդը

Բոլորովին մենակ մարդը կանգնած էր Ազատության հրապարակի հարթակում եւ զորահանդես էր ընդունում: Մեկ ու կես կիլոմետր շրջակայքով մարդկային գետ մի շունչ չկար: Ինքն էր այդպես ուզելª Քաղաքի կենտրոնում իր համար պաշտպանության գոտի էր ստեղծել, բարիկադավորվել էր: Ու դատարկության ու լռության մեջ դառնում էր դատարկ տարածքի ու սգավոր լռության «նախագահ»: «Հողն ամայի էր…Քաղաք կառուցեցի այստեղ», արձանագրում էր Արգիշտի արքան Էրեբունի-Երևանի կառուցման մասին: Որպեսզի շուրջ երեք հազար տարի անց այդ քաղաքում նախագահ կարգվի միայնակ մարդը, նա նորից պետք է ամայի դարձներ տարածքը: Պատկերն ինքը այնքան անիրական էր, այնքան անհավատալի, այնքան պատրանքային, որ դրա ֆոնին արդեն անիրական չէին թվում այն ձայնները, որ խանգարում էին Հրապարակի թվացյալ լռությունը: Ժողովուրդի ձայներն էին: Ծով ժողովուրդ այդ նույն Հրապարակում, որ երգում էր, ուրախանում էր, սիրում էր: Մարդ ջան, դու կարող էիր դառնալ այդ հպարտ ու անվախ, այդ ուրախ ու բարի, այդ միասնական ու ներողամիտ ժողովրդի նախագահը, կամ թեկուզ նրա եղբայրական համախմբման մի կարեւոր մասնիկը: Կարող էիր ներկայացնեիր այդ ժողովուրդը արտերկրում, ու փոխանակ վիզդ ծուռ կանգնեիր աշխարհի հզորների առջեւª տիրական կեցվածքով տեղեկացնեիրª այս բանին իմ ինքնիշխան ժողովուրդը համաձայն է, իսկ այս ինչ բանը մերժում է: Էս երկրի լավը, ազնիվը, ինքնազոհը, տաղանդավորը, գրագետը հավաքեիր շուրջդ: Գայիր հրապարակ այդ ծով ժողովրդի մոտ ու ասեիրª ես էլ եմ ձերը, մի մերժեք: Ու թերեւս ներվեիր: Չեկար, չուզեցիր, քաջությունդ ու իսկական պետական այրի լայնախոհությունդ չհերիքեցին: Ո՞ւր է հիմա քո ժողովուրդը, ո՞ւր են քո ազդարարված կոալիցիոն 70 տոկոսը, ո՞ւր են ստիպողական հանրահավաքների մասնակիցները, ինչո՞ւ չեն ողջունում քեզ, ինչո՞ւ ես այդքան մենակ ու այդքան խղճահարություն առաջացնող: Ու հիմա ուրիշ ձայներ են հնչում Հրապարակում: Դա կանանց ճիչերն են ու անեծքները, տղամարդկանց հայհոյանքներ են, երեխաների լացը: Գլխին հասցված հարվածից մարդը թուլացել է, արյունոտված է, ընկել է ու չի կարող փախչել: Նրան շրջապատել են ու նորից ծեծում են: Արյուն է հրապարակում ու անզեն մարդկանց ծեծից խրոխտացած, հոխորտացած «զորքը» շրջապատել է Հրապարակը, դեռ չի հանգստանում, դեռ էլի արյուն է ուզում, պատահական անցորդների վրա է գրոհում: Սա է քո ժողովուրդը` քո ծեծված, նվաստացած, հոգու խորքից վիրավորված ժողովուրդը, ու դուª այդ նվաստացած ժողովորդի երիցս նվաստացած ինքնահռչակ նախագահ: Հիմա այդ հաղթանակած զորքը նորից շարել ես Հրապարակում ու զորահանդես ես անում: Հաղթանակդ ես տոնում: Ուզում ես ամրագրես, որ Հրապարակը քոնն է ու զորքինը: Միայնակ, անժպիտ, լուռիկ մունջիկ կանգնած ես այն հարթակին, ուր ուրիշներին ողջունների որոտով էին դիմավորում: Եւ քամին խառնում է քո մազերդ, մոլեգնանում է ու կարծես ուզում է ոտքերիդ տակ փռված խալին խլի, քշի, տանի: Լուռ քայլում ես շարքերի միջով եւ միայն մի պատառոտված ցելոֆանի պարկ է ետեւիցդ թռնում: Կանգնած ես զորքիդ առջեւ, իսկ այդ տեղից մի քանի խաչմերուկ ներքեւ գտնվող փողոցի ասֆալտի մոխրագույնը դեռ 40 օր առաջ ներկված էր արյան կարմիրով ու մարդկային գլխուղեղի այս ու այն կողմ ցպնված սպիտակով: Կանգնած ես այստեղ, իսկ այդ պահին զոհերի հոգիները քառասուն օր դեգերումներից հետո կանգնել են Աստծո առաջ ու վկայություն են տալիս: Կանգնած ես, իսկ այդ պահին մի քանի խաչմերուկ ներքեւ սեւազգեստ մայրերը սգում են իրենց որդիների մահը եւ այդտեղ, ի տարբերություն քո զորահանդեսի, ժողովուրդ կա: Ինչի՞ վրա ես հույսդ դրել, մարդ ջան: Չե՞ս տեսնում արյունը ճանապարհդ կտրել է: Կարծում ես, դեռ կշահե՞ս մարդկանց սրտները: Չտեսար, որ նույնիսկ ամենաճիշտ, ամենասիրուն, ամենախելացի ճառերով չի ստացվում ոչինչ անել, քանի դեռ քո առջեւ հավաքված չէ ազատ ու ինքնակամ ժողովուրդ, քանի դեռ խոսքդ ու գործդ հակադիր են, քանի դեռ բառդª կեղծիք է: Չե՞ս ուզում հարց ուղես քո նախորդին ու նախորդիդ նախորդինª «մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ» ու ստանաց պատասխանըª «եթէ դու յորս հեծսիս յԱզատն ի վեր ի Մասիս, զքեզ կալցին քաջք, տարցին յԱզատն ի վեր ի Մասիս. անդ կացցես եւ զլոյս մի տեսցես»: Քո նախորդը գնաց, իսկ քո նախորդի նախորդը երկիրը, այսինքն ժողովրդին իր հետ տարավ, քեզ մնաց դատարկ Հրապարակը, քար լռությունը, ոտքերիդ տակից գորգը փախցնել ճգնող քամին ու աննպատակ դեգերող ցելոֆանի պատառոտված պարկը: «Այսինքնª Մասիսն ի վեր առ Աստված քո գնացքը թող բեկվի, քո չարությունը թող քեզ կալանի եւ չարժանանաս դու քո Աստծո տեսքին» (Հրանտ Մաթեւոսյան): Չեմ անիծում քեզ, մարդ ջան: Ասում եմ, գնա սգացող մայրերի ոտքերն ընկի, փորձիր ներողություն հայցել, ու հասկացի, որ այն կատաղությունը, այն վրդովմունքը, որ դուք առաջացրել եք Հայաստանում ու հենց երեգ էլ նորից կրկնապատկեցիք, աննախադեպ է, եւ այդ վրդովմունքը հենց այնպես երբեք չի անցնի: Մի՛ նայիր նախորդին օրինակին: Մի՛ փորձիր քո Տեր Աստծոն: Պատիժն ինչքան հետաձգվում է, այնքան ավելի ուժգին ու վայրագ է դառնում: Ճամփեդ արյուն է կտրել: Ուրախություն չկա սրտումդ:

Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

One response to “Միայնակ մարդը

  1. Ծանուցում՝ 2008-ի գարնան “ուստահրանտներ”-ից: « Ուստա Հրանտի արհեստանոց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s