Ակսել Բակունց. գիրը եւ մահը

Ի՞նչ կապ կարող է լինել գրի եւ մահվան միջեւ։

Գրված 2008-05-04

Տպագրված` Պանորամա 2008-ի մայիս:

(Չխամբգրաված)

Եթե մի օր Հայաստանում պետք է առաջանա իրապես արմատական ձախ միտք եւ քաղաքական հոսանք ժամանակակից իմաստով, եւ եթե այդ հոսանքը պիտի հենարաններ փնտրի ազգային մշակույթում, ապա նոր շրջանի մեր մշակույթում այդպիսի թերեւս ամենահուսալի հենարան կարող է դառնալ Ա. Բակունցի ստեղծագործությունը։ Խնդիրն այն է, որ Բակունցի երկերում առկա է ոչ միայն իր ժամանակի համար սովորական սոցիալական քննադատությունը, աշխատավորների եւ շահագործողների հակասության ցուցադրումը, այլեւ ավելի խորքային կառուցվածքների ակնարկում, որը համահունչ է 20 դարի երկրորդ կեսի եվրոպական ձախ քննադատական մտքի բացահայտումներին։ Այդպիսի կառուցվածքային կապերից մեկը, որն ի հայտ է գալիս Բակունցի մի քանի պատմվածքների վերլուծության արդյունքում՝ գրի եւ մահվան կապն է։
Դիտարկենք մի քանի օրինակ։ “Տիգրանուհի” պատմվածքի մեջ գյուղացի Վասիլը սկսում է օրագիր վարել “տնտեսությունը պլանով վարելու համար”։ Այդ օրագրում նա նշում է իր վար ու ցանկի, տնային կենդանիների, եկամուտների, ծախսերի եւ պարտքերի, ինչպես նաեւ իր տան անդամների մասին տեղեկություններ։ Օրագիրը սկսվում է Վասիլի տան անդամների ցուցակից՝ ինքը, մայրը, կինը, չորս երեխա եւ 17 տարեկան քույրը՝ Տիգրանուհին։ Տիգրանուհին հիմնականում հիշատակվում է օրագրի մեջ Վասիլի ունեցած պարտքի դիմաց աշխատելիս։ Օրագիր վարելու սկզբից մոտ կես տարի անց նա անսպասելի մահանում է, ինչի մասին նշում է անում Վասիլը՝ “Տիգրանուհին մահացավ առանցի կարծիքի, տեղոց տեղ, լավ թաղեցինք. եղավ ծախս ութ մանեթ փողով, եւս մի փութ գարի տերտերին…”։ Այլ մանրամասներ օրագրում չկա եւ հաջորդ էջերին շարունակվում են սովորական առօրյա գրառումները Վասիլի տնտեսության մասին։ Բակունցի ամբողջ պատմվածքը սա է։ Վասիլի օրագրի մեջ Տիգրանուհու մասը ընդամենը մի դրվագ է եւ հիշատակվում է իմիջայլոց այլ նման դրվագների շարքում։ Մյուս կողմից պատմվածքի տեսանկյունից Տիգրանուհու մահը առանցաքային տեղ է գրավում՝ օրագրի մասին հեղինակը պատմում է այնքանով, որքանով այնտեղ հիշատակվում է Տիգրանուհու մահը։ Սակայն Բակունցը ոչ մի առանձակի եզրակացություն չի անում եւ ոչ էլ զարգացնում է պատմվածքի սյուժեն։ Այսինքն պատմվածքի բովանդակությունը հենց այդքանն է՝ Վասիլ գյուղացին պահում էր օրագիր, որի մեջ իմիջայլոց հիշատակում է նաեւ իր փոքր քույր Տիգրանուհու մահը։ Հետեւաբար պատմվածքի իմաստը պետք է փնտրել հենց բուն այդ պատումի մեջ։ Եվ այդ դեպքում, առաջին հայացքից, Բակունցի այս գործը գրեթե զուրկ է իմաստից եւ ընդամենը կոչված է հերթական անգամ մի թեթեւ խղճահարություն առաջացնել խեղճ գյուղացի աղջկա մի ճակատագրի հանդեպ, որը զոհ է գնում իր եղբոր անզգամության։ Բայց փորձենք գտնել պատմվածքի ավելի խորքային իմաստը, որը գուցե եւ գիտակցված չէ հենց հեղինակի կողմից։ Քանի որ “Տիգրանուհին” ունի ընդամենը երկու գլխավոր մոտիվ՝ Վասիլի կողմից օրագիր պահելը եւ Վասիլի քրոջ մահը, մեզ մնում է միայն ենթադրել որ այդ երկուսի՝ օրագրի եւ մահվան միջեւ ինչ որ ներքին կապ կարող է լինել։ Այդպիսի ենթադրությունը թվում է բռնազբոսիկ։ Ի՞նչ կապ կարող է լինել գրի եւ մահվան միջեւ։ Չշտապենք պատասխանել այս հարցին։ Նախ ստուգենք մեր ենթադրության արդարացիությունը, որի համար տեսնենք կա՞ արդյոք գիր եւ մահ սյուժետային կապ նույն հեղինակի այլ գործերին։
“Նամակ ռուսաց թագավորին” պատմվածքում Արթին պապի տղան անհայտացած է լինում՝ ըստ լուրերի նրան աքսորել են Սիբիր։ Գյուղի գզրի խորհրդով Արթինը նամակ է ուղարկում ռուսաց թագավորին։ Մեծ նվերների դիմաց նամակը անգրագետ պապի փոխարեն կազմում եւ ուղարկում է ոմն Միրզա Դավիթը՝ ոսկե ղալամով։ “Էնպես ղալամ ունի, որ քարին դնի, քարը կտրաքի…Օրենքի գրքերը բաց արեց, կարդաց, մինը դրեց, մյուսը վերկալավ, վերջը գտավ։ Ոսկե ղալամը դրեց թղթի վրա…։ Էդպես էլ գիր, էդպես էլ զորություն…”։ Ուղարկելով նամակը պապը վերադառնում է տուն հետը բերելով “թղթի մի փոքրիկ կտոր, որ նրան տվել էին նամակն ընդունելուց հետո”, այսինքն նամակի ուղարկման փոստային ստացականով։ Այդ ստացականը նա հանձնում է իր կնոջը՝ “Նազու աղջիկ…աչքի լույսի պես պահի, պատասխանը էս թղթովն ա գալու։ Թե որ կորավ…”։ Տարիներ են անցնում սակայն նամակի պատասխանը չի գալիս։ Ավելին՝ նոր գյուղապետն ու պրիստավը, իմանալով Արթինի գրած նամակի մասին մի լավ ծեծում են պապին՝ “մենք քեզ ցույց կտանք, թե ինչ ասել է թագավորին նամակ գրել”։ Արթին պապը այդպես էլ մահանում է չստանալով իր նամակի պատասխանը։ Նրանից մի տարի անց մահանում է եւ նրա կին Նազուն։ Նրա հետ գերեզմանում “թաղել էին եւ թղթի այն կտորը, որն իբրեւ թանկագին ավանդ, պառավը պահում էր սնդուկի մեջ”։ Այսպիսով ակնհայտ է, որ այս պատմվածքում եւս գրի թեման կապվում է մահվան հետ, թեեւ պատմվածքի սյուժեն արտաքուստ այլ բաների մասին է։
Նույն կառուցվածքային կապը գտնում ենք եւ “Վանդունց Բադի” պատմվածքի մեջ։ Գյուղի տավարած վանդունց Բադին ունենում է Հաբուդ անունով մի տղա։ Օրերից մի օր գյուղի պատերին թղթեր են կպցված լինում, որոնք ազդարում են պատերազմի սկզբի մասին։ Վանդունցի տղային զորակոչում են բանակ։ Տարիներ անց, ցարի տապալումից հետո տղան, որը բանակում ծառայելու ընթացքում կապնվում է բոլշեւիկների հետ վերադառնում է հայրենի գյուղ։ Նա կապված է լինում մոտակա քաղաքում բոլշեւկների կողմից նախապատրաստվող ապստամբության հետ։ Ապստամբության նախորդ գիշերը Հաբուդը ամբողջ երեկո ինչ որ բաներ է գրում։ “Հաբուդ, հերիք ա գրես, աչքդ գիրը կտանի, ասում էր մաւյրը կեսգիշերին, իսկ Հաբուդը շարունակում էր գրել, ջնջել”։ Լույսը բացվելու պես նա դուրս է գալիս տնից եւ հեռանում է անհայտ ուղղությամբ։ Ծնողները նրան այլեւս չեն տեսնում։ Որպես ապստամբության մասնակից նա բանտարկվում է, ապա սպանվում բանտում։ Այստեղ եւս արտաքնապես սյուժետային անմիջական կապ չկա Հաբանդի գրելու եւ նրա մահվան միջեւ, սակայն մոտիվային առումով մահը հաջորդում է գրելուն եւ մոր նախազգուշացումին՝ “հերիք ա գրես”, որոնք ծնողի կողմից տղային ասված վերջին խոսքերն են։ Բացի այդ պտամվածքում կան եւ այլ “հակագրային” ակնարկներ. արդեն հիշատակված պատին կպցված թղթերը պատերազմի ազդարարման մասին, ինչպես նաեւ գյուղի “պիսարի” մասին հիշատակությունը, որն ըստ Բակունցի “Վանդունց Բադիի աչքի գրողն էր”։ Ընդ որում վերջին արտահայտության մեջ կարելի է նաեւ բառախաղ տեսնել՝ հաշվի առնելով գրող բառի երկու իմաստը՝ չէ որ “պիսար”-ը թարգմանաբար հենց գրողն է, ուրեմն կարելի է կարդալ՝ “գրողը նրա աչքի գրողն էր”։
Այսպիսով համոզվում ենք, որ Բակունցի առնվազն երկու պատմվածքներում եւս գրավոր խոսքի թեման կառուցվածքային-մոտիվային առնչվածություն ունի մահվան թեմայի հետ։ Հետեւաբար մեր ենթադրությունը Տիգրանուհու մահվան եւ Վասիլի կողմից օրագիր պահելու որոշման միջեւ ներքին ինչ որ կապի գոյության մասին, կարծես թե, հաստատվում է։ Ուրեմն պետք է փորձել պարզել, թե ի՞նչ բնույթի ներքին կապ է դա։ Այդ թեման կարող է ունենալ մի քանի ճյուղավորումներ, որոնցից միայն մեկ-երկուսը կակնարկենք։ Արդեն ֆոլկլորային մտածողության մեջ գիրը որոշ առումով կապված է մահվան հետ։ Այս առումով կրկին հիշենք գրող բառի երկու իմաստը։ Ժողովրդական բանահյուսության մեջ Գրողը մահվան հրեշտակն է, որի դաֆտարի մեջ գրված է յուրաքանչյուր մարդու ճակատագիրը, ինչպես նաեւ գրանցվում են մարդու արած-չարածները։ Հայկական հեքիաթներից մեկում նա այսպես է նկարագրվում՝ “..մի ծեր գըզըզված մարդ հրեն ճամփի վրեն նստել ա, դաֆթարը բաց արե ու մի բան ա գրում”։ Գրվածն էլ “մարդկերանց մեղքն ա…թե ամեն մարդ ի՞նչ մեղքի տեր ա, յա ամեն մարդի ճակատի ի՞նչ ա գրած, նրա վերջը ի՞նչ պիտի լինի”։ Այստեղից էլ գրողը որպես անեծքային ու հայհոյանքային բանաձեւերի կարեւոր պերսոնաժ՝ գրողը տանի, աչքի գրողը եւ այլն։ Բայց ի՞նչ կապ կարող է ունենալ այս Գրողը մեր իմացած գրողի՝ այսինքն գրավոր խոսք գործածող մարդու հետ։ Նույն Բակունցի մոտ տեսնում ենք կայուն սյուժետային մի մոտիվ՝ գրավոր խոսքը ներխուժում է գյուղական համայնքի ներփակ ու բնության ցիկլերով ապրող աշխարհ որպես իշխանական հրաման, որը սովորաբար դառնում է բակունցյան պատմվածքների սյուժետային կոլիզիայի առիթ։ Դա կարող է լինել, ինչպես տեսանք, պատերազմի մասին թագավորական հրամանը կախված պատերին, բայց նաեւ բժշկական մի արձանագրություն, կամ նամակ, կամ ստացական եւ այլն։ Ցանկացած դեպքում գրավոր խոսքը առիթ է դառնում համայնքի ինքնամփոփ կյանքի խախտման սկիզբ, որն էլ հաճախ ավարտվում է ողբերգությամբ։ Գիրը բակունցյան աշխարհում կայուն կերպով կապված է իշխանության հետ, որը հակադրվում է գյուղի կապվածությանը բնության հետ։ Նույնպես եւ գրավոր խոսքի ցանկացած կրող, այսօրվա իմաստով՝ մտավորականը այդ աշխարհի մեջ իշխանության կրող է՝ պիսարը, վարժապետը, անասնաբույժը եւ այլն։ Այսպիսին է անասնաբույժը “Այու սարի լանջին” պատմվածքում, կամ ռուս բժիշկը “Սպիտակ ձին” պատմվածքում։ Փաստորեն նրանք բոլորը կատարում են ֆոլկլորային Գրողի դերը՝ գրավոր արձանագրության միջոցով, կամ առհասարակ գրավոր խոսքին տիրապետելու միջոցով տնօրինում են մարդկանց նաեւ՝ կենդանիների ճակատագրերը՝ կյանքն ու մահը։ Այսպիսով Գրողն ու գրողը նույնանում են։ Այսինքն, կարելի է ենթադրել որ գիրը կապված է մահվան հետ իշխանության միջնորդավորվածությամբ։ Չէ՞ որ, ի վերջո իշխանութունը իր նախնական եւ էական իմաստով կյանքի ու մահվան նկատմամբ իշխանությունն է։ Կյանքից զրկելու իրավունքը՝ ինքնիշխանության հնագույն ատրիբուտն է, որով եւ իշխանության հնագույն խորհրդանիշներն են մահվան գործիքները՝ զանազան զենքերը։ Հետեւաբար եւ ինչքանով որ գիրը կապված է իշխանության հետ, այնքանով էլ նա կարող է կապված լինել մահվան հետ։ Բացի այդ իշխանությունը հնագույն ժամանակներից կապված է նաեւ անեծքի հետ։ Օրինակ, հնագույն թագավորական արձանագրությունները որպես կանոն ավարտվում են անեծքային բանաձեւերով, ինչն իր հերթին հիշեցնում է Գրողի կապը անեծքների հետ։
Թեման սակայն այսքանով ամենեւին չի ավարտվում, այլ ընդամենը թեթեւակի ակնարկվում է։ Այն ավելի խորքային ձեւով ընկալելու համար պետք է ավելի լայն դաշտ բացվի՝ ընդգրկելով զոհաբերության, ռացիոնալ մտածողության, վերլուծականության, կապիտալի կուտակման, հաղորդակցության, հեղափոխականության թեմաների կառուցվածքային կապերը։ Այդ նպատակով մի այլ անգամ կրկին պետք է վերադառնանք “Տիգրանուհու” առաջին հայացքից այդքան պարզունակ սյուժեին։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s