Սասնա ծռեր. որդիների ապստամբությունը

Ինչպես հայտնի է Սասնա ծռեր էպոսի սկզբնամասի՝ Սանասարի ու Բաղդասարի ճյուղի պատմական նախահիմքը կապված է մ.թ.ա վեցերրորդ դարում Ասորեստանի Սինախերիբ (հայերեն աղբյուրներում՝ Սենեքերիմ) արքայի երկու որդիների կողմից իրենց հոր սպանությունն ու Հայաստան (ավելի կոնկրետ Տարոն-Սասունի տարածքում գտնվող Արմե Շուպրիա երկիր) փախչելն է, ինչը հիշատակվում Աստվածաշնչում եւ բաբելական աղբյուրներում։ Երկու եղբայրները, ինչպես համարվում է, դառնում են Սանասարի ու Բաղդասարի կերպարների նախատիպը։ Այսպիսով հայկական էպոսի առաջացման նախադրյալը դառնում է որդիների ապստամբությունը հոր դեմ եւ հայրասպանությունը։ Հայրերի հետ կոնֆլիկտի, կամ հայրերի հետ կապված անեծքի մոտիվը այսպես թե այնպես կրկնվում է էպոսի գրեթե բոլոր ճյուղերի մեջ։ Էպոսի առաջին ճյուղում դա հենց Սանասարի ու Բաղդասարի կոնֆլիտն է Բաղդադի խալիֆայի հետ։ Ճիշտ է էպոսում այդ կոնֆլիկտի պատմական հիմքը մի փոքր մեղմացված է։ Սանասարն ու Բաղդասարը, չնայած ընկալվում են բոլորի, այդ թվում հենց խալիֆայի կողմից որպես նրա որդիներ, իրականում ըստ էպիկական պատումի հղացվել են գերբնական մի ուժի կողմից։ Այնուամենայնիվ նրանք ծնվում են խալիֆի հայ կնոջից, խալիֆի պալատում եւ մինչեւ իրենց չափահաս դառնալը ու մոր կողմից նրանց հղացման գաղտնիքի պատմելը իրենք էլ հենց համարում են իրենց խալիֆի որդիներ։ Երկվորյակների եւ Բաղդադի խալիֆայի կոնֆլիկտը ավարտվում է խալիֆի սպանությամբ Սանասարի եւ Բաղդասարի կողմից, այն բանից հետո, երբ խալիֆը փորձում էր իր կարծեցյալ որդիներին զոհաբերել իր պաշտած “ջոջ Կուռքին”։ Սպանելով իրենց հորացուն` երկվորյակները անցնում են իրենց մորական պապի՝ Գագիկ թագավորի երկիր՝ Հայաստան եւ հաստատվում են Սասունում։ Այսպիսով էպոսը սկզբնավորվում է հոր դեմ որդիների ապստամբությամբ եւ հայրասպանության մի փոքր մեղմացված տարբերակով։ Ընդ որում, որդիների ապստամբության արդյունքը լինում է նոր երկրի՝ Սասունի հիմնադրումը։ Էպոսի երկրորդ՝ Մեծ Մհերի ճյուղը բացառություն է կազմում այն առումով, որ այդտեղ բացակայում են հայր եւ որդի կոնֆլիկտի հետքերը։ Սակայն, երրրորդ՝ Դավթի եւ չորրորդ՝ Փոքր Մհերի ճյուղերը այդ մոտիվի նոր տարբերակներ են տալիս։ Դավթի ճյուղում մոտիվը կրում է քողարկված բնույթ՝ հոր՝ Մեծ Մհերի եւ որդու՝ Դավթի միջեւ բացահայտ կոնֆլիկտ չկա, սակայն միեւնույնն է որդու ծնունդը եւ հոր մահը կապված են իրար հետ, որով որդին ակամա դառնում է հոր մահվան պատճառ։ Ինչպես հայտնի է էպոսից, ավագ Մսրա Մելիքի մահից հետո, Մեծ Մհերը գնում է Բաղդադ, ուր նրան խափելով յոթ տարի պահում է Մելիքի այրի՝ Իսմիլ խաթունը։ Մեծ Մհերից եւ Իմսիլ խաթունից ծնվում է փոքր Մսրա Մելիքը։ Երբ Մհերը ուշքի է գալիս եւ իր արարքից զղճած դառնում է Սասուն, նրա կինը՝ Արմաղանը չի թողնում Մհերին իր կողքը, քանի որ երդում էր տվել, որ Մհերի վերադառնալուց հետո 40 տարի նրանք պետք է ապրեն որպես քույր եւ եղբայր։ Բայց որպեսզի Սասնա տանը ժառանգ լինի, սասունցիք քահանաների օգնությամբ չեղյալ են հայտարարում Արմաղանի երդումը։ Արմաղանը հղիանում է Մհերից եւ ծնվում է նրանց միակ երեխան՝ Դավիթը։ Սակայն որպես երդմնազանցության հետեւանք երեխայի ծնվելուց յոթ օր հետո մահանում են եւ Մհերը եւ Արմաղանը, եւ Դավիթը մնում է որբ։ Այսպիսով, չնայած հոր եւ որդու անմիջական կոնֆլիկտ չկա, սակայն որդու կյանքը եւ հոր մահը իրար հետ կապված են։ Դավթի ճյուղի մի այլ դրվագ կարելի է համարել որպես հոր եւ որդու կոնֆլիկտի անուղղակի եւ հեռավոր արտացոլում։ Որբ Դավիթը մեծանում է Բաղդադի արքունիքում՝ Իսմիլ խաթունի եւ փոքր Մսրա Մելիքի մոտ։ Մսրա մելիքը հորական կողմից Դավթի ավագ եղբայրն էր։ Երբ Դավիթը դեռ անգիտակից երեխա էր, Մելիքն արդեն իր երկրի թագավորն էր եւ կարելի է ասել Դավթի նկատմամբ ինչ առումով հոր գործառույթ էր կատարում։ Այնպես որ Դավթի ու Մսրա Մելիքի հետագա կոնֆլիկտը եւ ճակատամարտը, որն ավարտվում է Մելիքի սպանությամբ կարելի է դիտել նաեւ այս կտրվածքով։

Ավելի ակնհայտ տեսք է ստանում հոր եւ որդու կոնֆլիկտը էպոսի չորորդ՝ Փոքր Մհերի ճյուղում։ Փոքր Մհերը ծնվում է այն ժամանակ երբ հայրը բացակայում է երկրից։ Երեխան մեծանում է իր մոր բարեկամների տանը՝ հորը չճանաչելով։ Հետո նա վերադառնում է Սասուն։ Որոշ ժամանակ անց Սասուն է ետ դառնում նաեւ Դավիթը։ Հայր եւ տղա իրար հանդիպում են Սասնա ճանապարհին առանց իրար ճանաչելու։ Երկուսի միջեւ կռիվ է բռնկվում մի երիտասարդ աղջկա պատճառով։ Հոր եւ որդու մենամարտում հաղթող է դուրս գալիս Մհերը, որը Դավթին գետնին է փռում եւ արդեն ուզում է սպաներ իր ախոյանին, երբ հանգամանքների բերումով պարզվում է, որ դա իր հայրն է։ Մհերը մեղա է գալիս հոր առաջ, սակայն անիծվում է Դավթի կողմից եւ հեռանում Սասունից՝ վերադառնալով այնտեղ միայն հոր մահից հետո։ Ինչպես տեսնում ենք այս հատվածում հոր եւ որդու կոնֆլիկտը բացահայտ է, հասնում է համարյա հայրասպանության, եւ մեղմացված է ընդամենը մեկ՝ իրար չճանաչելու հանգամանքով։ Այսպիսով էպոսի վերջին ճյուղը ընգծված ձեւով կրկնում է առաջին ճյուղի հիմնկական մոտիվը, եւ էպոսը, ինչպես սկսվում, այնպես էլ փաստորեն ավարտվում է հոր եւ որդու կոնֆլիկտով։ Ավարտվում է այնքանով, որ Դավթի անեծքը ճակատագրական է դառնում Մհերի համար եւ նա մնում է անզավակ, որով եւ սպառվում է Սասնա ցեղը։ Հայր եւ որդի կոնֆլիկտի մոտիվի անուղղակի արտացոլումներ կարելի է համարել եւ Փոքր Մհերի ճյուղի եւս երկու դրվագ։ Դավթի մահվանից հետո Մհերը վերադառնում է Սասուն եւ ապրում է իր հորեղբոր՝ Ձենով Հովհանի մոտ (իրականում Հովհանը Մհերի պապու եղբայրն է, բայց էպոսում կոչվում է հորեղբայր)։ Սակայն շուտով Հովհանի կնոջ պատճառով, որը փորձում էր գայթակղել Մհերին, կոնֆլիկտ է առաջանում եւ Մհերը ստիպված է նորից լքել Սասունը։ Հորեղբորը այստեղ կարելի է դիտարկել որպես հոր փոխարինող եւ համապատասխանաբար մեկնաբանել դրվագը։ Էպոսի ավարտին էլ Ագռավի քարում փակվելուց առաջ Մհերը կռվի է կանչում Աստծոն։ Աստված ուղարկում է Մհերի դեմ իր յոթ հրեշտակներին, որոնց հետ կռվում Մհերը ուշաթափ է լինում, քանի որ կորցրած է լինում իր նախկին ուժը։ Աստծո հետ պատերազմը եւս կարելի է մեկնաբանել որպես հոր դեմ որդու ապստամբության մի տարբերակ։ Վերջապես, ուշադրություն արժի դարձնել Փոքր Մհերի ճյուղի այն հատվածի վրա, երբ Բաղդադի թագավորը առաջարկում է Մհերին իր փոխարեն թագավոր դառնալ, ինչին ի պատասխան Մհերն ասում է. “Ես Դավթի տղա Մհերն եմ, մենք թագավոր չենք էղնի”։

Այսպիսով նշված մոտիվի կարեւոր դերը էպոսում ակնհայտ է։ Հիմա փորձենք ուրվագծել, թե որտեղ կարելի է փնտրել այս երեույթի մեկնաբանությունը։ Իհարկե հոր եւ որդու կոնֆլիկտը տարածված մոտիվ է բանահյուսության մեջ։ Բայց այդքանով դեռ ոչինչ ասված չէ։ Օրինակ եթե վերցնենք այլ ժողովրդների մի քանի էպոսները՝ “Ռոլանդի երգը”, “Նիբելունգները”, “Բեովուլֆը”, “Իմ Սիդի երգը”, “Կալեվալան”, “Սիգուրդի երգը”, “Մահաբհարատան”, “Ռամայանան”, “Շահնամեն”, “Իլիականը”, “Էնեականը” եւ այլն, ապա դրանցից որոշներում մեզ հետաքրքրող մոտիվը եթե նույնիսկ առկա է, ապա երկրորդական դրվագներում եւ առանցքային դեր չի կատարում։ Մինչ Սասնա Ծռերում այն ոչ միայն հաճախ հանդիպող է երկրորդական դրվագներում, այլեւ կատարում է կարեւոր կառուցվածքային դեր՝ սկզբանվորելով եւ ավարտելով էպոսը, ինչպես նաեւ հանդես գալով 4 ճյուղերից 3-ի սկզբնամասերում։ Հայտնի է նաեւ, որ հայր եւ որդի կոնֆլիկտը կարեւոր դեր է խաղում հոգեւերլուծության ֆրոյդյան դպրոցում։ Սակայն զուտ ֆրոյդյան մեկնաբանություն տալով էպոսի այս առանձնահատկությանը եւս ոչնչի չենք հասնի, քանի որ ընդամենը հերթական անգամ կփաստենք, որ, այո՛, էդիպոսյան բարդույթը ունիվերսալ տարածում ունի։ Հետեւաբար մեկնաբանությունը պետք է փնտրել հայկական մշակույթի համատեքստում, իսկ որդու եւ հոր կոնֆլիկտն էլ հասկանալ ոչ թե կենսաբանական, այլ մշակութային իմաստով՝ որպես ապստամբություն հայրական մոդելի դեմ, որն է աստիճանակարգային եւ ավտորիտար իշխանությունը բառիս լայն իմաստով՝ հեղինակություն, ընդունված կարգ եւ այլն։ Առաջին հայացքից դա դժվար է։ Հայկական ավանդական կենցաղային մշակույթը շեշտված հայրիշխանական բնույթ ունի եւ որդիների ապստամբությունը հայրական իշխանության դեմ դրա տեսակետից ամենամեծ հանցքանք կարող է դիտվել։ Բայց եթե դիտենք հայ մշակույթը արտաքին աշխարհի նկատմամբ, ապա այստեղ, թերեւս աղերսներ գնտնենք էպոսի արտացոլած մոդելի հետ։ Ճիշտ է այստեղ մենք մի խանգարող հանգամանք ունենք։ Դա նոր ժամանակների մեր պատմագրության մեջ ընդունված ազգային-ազատագրական բացատրական մոդելն է, որով գրեթե ողջ հայոց պատմությունը մեկնաբանվում է որպես քաղաքական ապստամբությունների մի շարք։ Այս մոդելը ժամանակին ներմուծվել է եվրոպական պատմագրությունից, բայց միահյուսվել է մեր միջնադարյան պատմագրության բացատրողական մոդելի հետ, եւ այսօր կատարում է գրեթե միանշանակ բացասական դեր հայ պատմության ընկալման առումով։ Արտաքուստ այս մոդելը պետք է օգնի էպոսի հիմնական մոտիվը մեկնաբանելու մեր գործում, բայց իրականում միայն խանգարում է, թեքուզ այն պատճառով, որ ապստամբություն հասկացողությանը տալիս է զուտ քաղաքական բնույթ, եւ մյուս կողմից իր շաբլոնային բնույթ ստանալու պատճառով թույլ չի տալիս արտաքուստ ծանոթ երեւոույթները թարմ հայացքով ընկալել։

Ինչեւէ։ Դժվար չէ նկատել, որ հայ մշակույթը մի տեսակ ապստամբական դերում է գտնվում արտաքին աշխարհի դեմ։ Այդ դերի գաղափարախոսական հիմքերի ձեւավորումը կարելի է տեսնել 5-6 դդ.-ում։ 5-րդ դարում հայերը ապստամբում են եւ առանձնանում Արեւելքից (Ավարայր), իսկ 6-րդ դարում սահման են գծում նաեւ Արեւմուտքի հետ (եկեղեցիների բաժանում, հունաբան դպրոցի գործնեություն, որը հայացնում է ժամանակի ողջ գիտական եզրաբանությունը եւ հիմք դնում հայերենի լեզվական պուրիզմին եւ այլն)։ Այդ ժամանակ է, որ Խորենացու շնորհիվ վերջնական տեսք է ստանում հայերի ծագման ավանդազրույցը Հայկի եւ Բելի մասին։ Մենք չիգիտենք, թե ինչպիսին էր այն մինչեւ Խորենացին, ինչքանով հեռու էր կամ մոտիկ մեր իմացած տարբերակին։ Բայց Խորենացու մեկնաբանմամբ հայոց ծագումը եւս դառնում է ապստամբության արդյունք։ Իհարկե Հայկ ու Բելին չենք կարող դիտել որպես որդի եւ հայր բառացի իմաստով։ Սակայն սիմվոլիկ իմաստով Հայկի արարքը կարող է դիտվել որպես խզում հայրական մոդելի հետ՝ Բելի ստեղծած համաշխարհային տիրակալության գաղափարի ժխտում։ Ընդ որում, սպանելով Բելին, Հայկը չի զբացեղնում նրա տեղը, ոչ էլ ստեղծում է առանձին տէրություն, այլ ընդամենը առանձնանում է Բելի ստեղծած կայսերական տարածքից։ Ո՛չ Հայկը, ո՛չ նրա մերձավոր հետնորդները թագավորներ չեն կարգվում։ Եվ այստեղ է, որ զուգահեռ կարելի է անցկացնել Փոքր Մհերի խոսքի հետ՝ “մենք թագավոր չէնք էղնի”։ Այս ավանդազրույցը եւս ունիկալ է, քանի որ աշխարհի ոչ մի ժողովուրդ, կարծես թե, չի կապում իր ծագումը ապստամբության հետ։ Հետեւաբար ապագայում պետք է փորձենք գնտենք այս ֆենոմենների ավելի խորքային բացատրությունները։

Հոդվածի հիմնական մտքի հղացման համար պարտական եմ իմ ընկեր Հարություն Ալավերդյանին:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements