Լեւոն Շանթ. իշխանական հետաքննություննը

“Հին Աստվածներ”-ին հետեւած Լեւոն Շանթի պիեսներում (“Կայսր”, “Շղթայվածը”, “Ինկած բերդի իշխանուհին”, “Օշին պայլ”) մեր գրականության մեջ, թերեւս եզակի կերպով տրված են քաղաքական իրավիճակների տիպական մի քանի մոդելներ, ինչպես նաեւ բացահայտված է իշխանության այսպես ասած մեխանիկան՝ ընդհուպ մինչեւ իշխանության գոյաբանությունը։ Անդրադառնանք այդ չորս պիսներից առնվազն երեքում (բացի “Կայսրից”) իշխանության հետ կապված մասնավոր՝ իշխանական հետաքննության մոտիվին։ Շանթի մոտ այս մոտիվը ամենից ցայտուն բացահայտված է “Շղթայվածը” պիեսում։ Այն հանդես է գալիս պիեսի վերջում, երբ ժողովրդական ապստամբությունների շարքից հետո Անիին վերատիրացած Պահլավունի Իշխանը մահապատժի է ենթարկում թափառական քարոզիչ Նաղաշին եւ բոլոր ապստամբություններին ակտիվորեն մասնակցած Հարճին (նրա բուն անունը հեղինակը չի տալիս)։ Նախքան Նաղաշին դատաքննությանը հանձնելը նրա եւ Իշխանի միջեւ տեղի է ունենում երկխոսություն, որի ընթացքում Իշխանը անում է հետեւյալ առաջարկությունը. “Նաղաշ Նաթան, դուն խելոք մարդ ես…Ես եկել եմ կարգն ու կանոնը վերահաստատելու։ Դուրսի կարգն ու հանգիստը ես կբերեմ…, բայց հոգիներու մեջ…դուն պետք է բերես կարգն ու հանգիստը”։ Այստեղ խոստովանվում է, որ բուն իշխանութունը, որը հիմնված է ուժի վրա՝ թերի է։ Նա կարիք ունի օգնության, որի նպատական է իշխել ներքին աշխարհի՝ հոգիների նկատմամբ։ Դրա համար նա դիմում է քարոզչի, ասել է՝ մտքի, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ լեզվի օգնությանը։ Այդ կարիքը շատ սուր է, այլապես Իշխանը չէր դիմի իր ամենավտանգավոր թշնամուն։ Բայց նման ծայրահեղ քայլը բացահայտում է, որ իշխանությունը չունի իր լեզուն, եւ, ինչքան էլ տարրօրինակ է՝ չունի իր գաղափարախոսությունը։ Լեզուն գնտվում է ուրիշի՝ իշխանության հակառակորդ եւ ապստամբի մոտ։ Դա նշանակում է, որ բուն լեզուն, որը հենց ինքը՝ բանականությունն է (բան-ական, այսինքն՝ բառ-ա-յ-ին, լեզվ-ական) ապստամբական է. նա իր կառուցվածքի մեջ իսկ պարունակում է հակաիշխանական ապստամբությունը եւ պատմում է ապստամբության մասին։ Բայց ինչպե՞ս է այդ դեպքում, Իշխանը պատրաստվում լեզվի միջոցով ամրապնդել իր իշխանությունը։ Դա բացահայտվում է Նաղաշին ուղված Իշխանի խոսքի շարունակության մեջ, ուր նա առաջարկում է քարոզչին հրաժարվել նրա քարոզած շղթայված Արտավազդի ազատման եւ աշխարհը հեղափոխելու գաղափարից. “Արտավազդը խառնակիչ մըն է…անհնազանդ ու մեծամիտ…անիծված զավակ մը. իր արդար պատիժն է, որ կկրե ան Մասիսի ծորքերուն տակը, եւ հոնկե երբեք, երբեք, դուրս գալու չէ, չար սպառնալիք մըն է մարդկության համար անոր դուրս գալը եւ խանգարում կարգ ու կանոնի…Գնա, բացատրե, որ քեզի թյուր են հասկցեր, գտիր ձեւ մը, հնարող մարդ ես, բայց հոգիներու շփոթը պետք է հանդարտես”։ Չնայած իշխանը շեշտում է, որ Արտավազդի դուրս գալու ավանդույթը սուտ է, բայց հենց այդ շեշտման ուժգնությունը, ցույց է տալիս, որ իրականում Իշխանը կասկած եւ հենց ինքն իրեն համոզելու խնդիր ունի այս առումով։ Արտավազդի ավանդության մեջ նա իրական վտանգ է տեսնում. եթե նա իրոք վերաբերվեր դրան որպես բացահայտ ստի եւ հեքիաթի նա կարիք չէր զգա Նաղաշի օգնության։ Բայց ի՞նչ է պահանջում Իշխանը Նաղաշից. մի փոքր կեղծիք՝ հնարք. նա չպետք է լիովին հրաժարվի իր քարոզից, այլ միայն շեշտի, որ իրեն թյուր են ըմբռնել՝ մեկնաբանությունն է սխալ։ Այս դրվագը ավելի է բացահայտում իշխանություն-լեզու հարաբերությունները։ Իշխանությունը չունի սեփական լեզու, բայց այն օգտվում է լեզվից։ Ինչպիսի՞ լեզու է դա։ Դա ինքնուրույն լեզու չէ, այլ միեւնույն բնիկ (ըմբոստության) լեզուն, բայց նենգափոխված՝ հնարքով շեշտը փոխած։ Իշխանությունը պահանջում է լեզվից, որ նա հրաժարվի իր հիմնական շեշտից, ավելին՝ նենգափոխի դա՝ իրականը սուտ ներկայացնելով, վտանգավորը՝ հեքիաթ, իսկ մնացածում մնա “ազատ”։ Իշխանությունը չունենալով իր սեփական լեզուն եւ միաժամանակ դրա կարիքը զգալով, պետք է փոխառի եղածը՝ ըմբոստության լեզուն, բայց դա նախօրոք պետք է նենգափոխվի, ընտելացվի եւ չեզոքացվի։ Սա հաստատում են Տրոցկու խոսքերը այն մասին թե բուն հեղափոխությունը՝ իրերն իրենց անունով կոչելն է։ Այսինքն, եթե իրերը պետք է կոչվեն իրենց անունով, հետեւաբար ինչ որ մեկը նախօրոք արդեն կոչել է իրերը ոչ իրենց անունով, եւ ուրեմն, անունները՝ լեզուն նենգափոխված է, եւ հենց որ իրերին վերադարձվի իսկական անունները՝ իրականությունը կհեղափոխվի (համեմատեք նաեւ` «Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը» Տեր-Պետրոսյանի 2007 թ.-ի հանրահավքային ելույթի անվանումը)։ Այն պնդումը, թե իշխանությունը չունի իր բնիկ լեզուն կարող է բռնազբոսիկ թվալ։ Բայց պատմական օրինակները հաստատում են դա։ Որեւէ բռնի ուժ երբեք չի խոսում ինքն իր անունից, այլ միշտ արդարության լեզվով։ Բյուզանդական կայսրությունը օգտագործում էր քրիստոնեական բառապաշարը՝ նախօրոք չեզոքացնելով դրա ըմբոստ միջուկը: Ստալինյան բռնապետությունը նույն կերպ չեզոքացրեց սոցիալիստական հեղափոխական գաղափարը եւ այլն։ Չնայած բուն իշխանության հիմքում ի վերջո ընկած է ուժը, սակայն որեւէ իշխանություն երբեք չի խոսում բուն ուժի անունից։
Դառնանք, պիեսի ընթացքին։ Համաձայնվելու դեպքում Իշխանը խոստանում է Նաղաշին ոչ միայն ներում եւ ազատություն, այլեւ իշխանավայել կյանք։ Հրաժարվելու դեպքում. “…չերեւակայես, թե կսրբանաս…չեմ թողներ, որ նահատակ խաղաս։ Այնպես կընեմ, որ անեծքով հիշեն ամենքը քու անունդ, ու նզովք կարդան վրադ դարերը”։ Նախ՝ ուշադրություն դարձնենք նզովքի խոստմանը։ Նզովքը հանդես է գալիս որպես իշխանության գլխավոր գործիք եւ սպառնալիք։ Իշխանությունը կառուցվածքային կապ է բացահայտում անեծքի հետ եւ հենց ինքը հանդես է գալիս որպես անեծք։ Դառնալով իշխանության գործիք՝ նենգափոխված լեզուն հանդես է գալիս նզովքի տեսքով։ Պատահական չէ, որ նախորդ հատվածում Արտավազդն էլ կոչվում է անհնազանդ եւ անիծված որդի։ Հայրական անեծքի տակ է նաեւ էպոսի Փոքր Մհերը, որը Արտավազդի կերպարի հետ սերտ աղերսներ ունի։ Պատահական չէ նաեւ, որ հնագույն թագավորական արձանագրությունների կարեւոր՝ եզրափակիչ մասը բաղկացած է նզովքի ստանդարտ ձեւակերպումից։ Անեծքը լեզվի այն ձեւափոխումն է, որին վերջինը ենթարկվում է իշխանության կողմից փոխառվելու պարագայում եւ որը կոչված է կախարդել, բժժել անհանգիստ եւ իր մեջ թաքնված վտանգ պարունակող իրականությունը, հպատակեցնել այն իշխանության կամքին։ Բայց պիեսի տվյալ հատվածում ավելի կարեւոր է իշխանական դատական հետաքննության արդյունքի ակնարկը՝ “չերեւակայես, որ կսրբանաս”։ Ազդարարվում է, որ հետաքննության արդյունքում Նաղաշը ոչ միայն դատապարտվելու է իր արածի, այլեւ չարածի համար, որ քննության արդյունքները կեղծվելու են այնպես, որ դատապարտյալը նզովվի սերնդների կողմից։ Այսինքն բացահայտվում է, որ հետաքննության նպատակը իրականության նենգափոխումն է՝ իրերը այլ, ըստ էության իրենց իսկական անուններին՝ ճիշտ հակառակ անունով կոչելը։ Իշխանական քննության կառուցվածքը՝ ստախոսությունն է, ինչը նորից մատնանշում է իշխանություն-խոսք-լեզու հարաբերության էությունը։ Հետաքննությունը պետք է ի հայտ բերի այնպիսի կարծեցյալ իրողություններ, որոնք պետք է սարսափեցնեն մարդկանց։ Ինչպես Շանթի մի այլ պիեսի (“Օշին պայլ”) հերոսներից մեկն է ասում մի այլ թագավորական հետաքննության ընթացքի առումով՝ “զարնեք ժողովդրի երեւակայությունը…բանացեք նրա աչքերը”։ Իշխանական քննությունը պետք է բացահայտի բաներ, որոնք չկան, սուտ են։ Ընդհանրապես քննության այս մեթոդը եւս փոխառյալ եւ նենգափոխված բանականությունն է՝ լեզուն։ Բանականության կառուցվածքային հիմնական գործողությունն է՝ բացահայտել երեույթներ, որոնք թաքնված են, տեսանելի չեն, այդպիսով ժխտել երեւութականությունը եւ հաստատել այլընտրանքը՝ իրականությունից ստեղծել իրա-դարձություն՝ իրերի շրջադարձ՝ հեղափոխություն։ Բանականությունը այդպիսով հեղափոխական է, նա կոչված է մերկացնել, քողազերծել եւ վեր հանել իրերի “իրենց անունները”, ապամոգականացնել կախարդված իրականությունը, խախտել իդիլիան։ Իշխանական քննությունը փոխառում է բանականության այս կառուցվածքը եւ նենգափոխում այն՝ նա պետք է ի հայտ բերի, այն ինչ իրականում չկա, կեղծի եւ ի վերջո անեծքի միջոցով կրկին կախարդի վերահսկողությունից դուրս եկած իրականությունը, հաստատի երեւութական խաղաղությունն ու հանդարտությունը։
Եվ ահա, պիեսի ավարտին կարդում ենք. “…դուք ձեր բարի աչքերովը տեսաք…վառված տները, անվերջ սանձարձակությունները…եւ անվերջ կռիվները վերջին ամիսներուն…Բայց դուք չտեսաք…ինչ որ հիմա մեջտեղ հանեց կատարած մանրակրկիտ քննությունը։ Որոշված է եղել, որ այլեւս ոչ ոք չունենա իր ընտանիքը, իր կինը”։ Ապա մեղադրանք է ներկայացվում կախարդանքի եւ բժժանքի մեջ եւ հռաչկվում այս ամենի նպատակը՝ իշխանության զավթում։ “Եվ այլեւս …անցնի անեծքը մեր քաղաքին վրայեն, դադրի խռովությունն”։ Ինչպես տեսնում ենք հետաքննությունը հասնում է իր նպատակին՝ “բացահայտվում” է, այն ինչ «թաքնված» է եղել մարդկանց աչքերից։ Ապշած ամբոխը լուտանքներ է նետում Նաղաշի հասցեին եւ պահանջում մահապատիժ։ “Ի հայտ” բերելու մեխանիզմը կատարելապես նենգափոխված է՝ «ի հայտ» է բերվել, այն ինչ չի եղել իրականում։ Այս պարագայում ակնառու տեսնում ենք իրերի ոչ “իրենց անունով” կոչվելու մեխանիզմը՝ իշխանական լեզվում “բացահայտելը” իրականում հանդես է գալիս ճիշտ ինքն իր հակառակ՝ կեղծելու իմաստով։ Բնորոշ են եւ կոնկրետ մեղադրանքները։ Ընտանիքը վերացնելու մեղադրանքները տիպական են միջնադարի եւ որոշ դեպքերում նոր ժամանակների հեղափոխական հոսանքների նկատմամբ։ Դրանք բացի իրենց “երեւակայությունը զարնելու” նպատակից մատնում են նաեւ իշխանության եւ սեփականության ծագումնաբանական կապը հայրիշխանական ընտանիքի եւ կնոջ եւ երեխաների նկատմամբ հոր սեփականատիրական իրավունքի հետ, նաեւ վախը “անիծված որդուց”, որը ապստամբում է հոր դեմ։ Լեզվական նենգափոխման տեսանկյունից տիպական են նաեւ կախարդանքի, բժժանքի (“հիպնոզի”) եւ իշխանությանը ձգտելու նպատակի մեջ։ Իշխանությունը, որն ինքն է կախարդանք, “թուղթ ու գիր”, իրականության մոգականացում՝ մեղադրում է իր հակառակորդին նույնի մեջ՝ մատնելով իր էությունը, եւ իրերը կրկին կոչելով իրենց իսկ հականիշ անուններով։ Վերջապես Շանթը տալիս է նաեւ իշխանության գոյաբանական աղերսները, քանի որ Իշխանի եւ Նաղաշի փոխհարաբերությունները պատճենում են պիեսում զուգահեռ գործողությամբ զարգացող Կյանքի Դեւի եւ շղթայված Արտավազդի փոխհարաբերությունները։ Այդպիսով բացահայտվում է իշխանության կապը Տիեզերակարգի հետ։ “Զի ոչ է մեզ պատերազմ ընդ մարմնոյ եւ ընդ արեան, այլ ընդ իշխանութիւնս եւ ընդ պետութիւնս եւ ընդ աշխարհակալս խաւարիս այսորիկ, ընդ այսս չարութեան որ ի ներքոյ երկնից” (Պողոս առաքյալի Թուղթ առ եփեսացիս, Զ, 12)։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements