Ինչո՞ւ Կարլսընը չի վերադառնում

“Ինքնագիր” ամսագրի երկրորդ համարում տպագրվել էր երիտասարդ երաժիշտ Արման Մարտիրոսյանի “Մերի” բանաստեղծությունը։ Այն առանձնապես ուշադրության չարժանացավ եւ Արմանը ի տարբերություն անձամբ իմ համար բացարձակապես գեղարվեստականորեն անհասկանալի Կարեն Ղարսլյանի, կամ Շուշան Ավագյանի չդարձավ հայ երիտասարդ գրողների առաջադեմ փաղանգի անդամ։ Նպատակ չունեմ վիճել այդպիսի դրության արդարացի կամ ոչ արդարացի լինելու մասին, սակայն վաղուց ցանկանում եմ անդրադառնալ Արմանի վերոնշյալ բանաստեղծությանը, որն ի դեպ իր հիմնական մեսիջով ճիշտ հակառակն է “Ինքնագրի” նույն համարում Մարկ Նշանյանի կողմից գրախոսված Շուշան Ավագյանի “Գիրք անվերնագիր” վեպին։

“Մերի”-ի սյուժեն պարզ է. Մերին սպասում է Կարլսընին, սակայն Կարլսընը չի վերադառնում։

…մերին ապրում էր տանիքում երկնքում

մերին կարլսոնի հարսն էր օ մալիշ

բայց կարլսոնը չէր վերադառնում

մերին շռում էր պոդյեզդում ուուուհու

մերին դնում էր արեւային ակնոց

մերին ուտում էր խնձոր կարմիր

բայց կարլսոնը չէր վերադառնում

մերին նայում էր հեռուստացույց անտենայով

մերին ծխում էր չիբուխ

մերին քնում էր մալիշի հետ

բայց կարսոնը, բայց կարլսոնը..

բայց կարլսոնը չէր վերադառնում։

Ինչպես տեսնում ենք Կարլսոնի չկայացած վերադարձը հակադրվում է բանաստեղծության մնացած դեպքերին եւ գործողություններին։ Գործողությունների մի մասը շեշտված առօրեական են, կենցաղային՝ գռեհկացման աստիճան, բայց կարող են որոշ դեպքերում մեկնաբանվել նաեւ որպես թաքնված մոգական՝ ուղղված Կարլսոնի վերադարձին (այդպին կարող է լինել ծիսական խորհրդանիշ հանդիսացող կարմիր խնձորի ուտելը, կամ կնոջ համար այնպիսի անսովոր գործողությունը ինչպիսին չիբուխ ծխելն է եւ այլն)։ Սակայն քանի որ Կարլսոնը ցանկացած դեպքում չի վերադառնում, այդ գործողություները նույնիսկ, եթե մոգական են՝ չեն կատարում իրենց գործառույթը եւ ստանում են հեգնկան իմաստ։ Ինչպես երեւում է Մերին ի վերջո նաեւ դավաճանում է Կարլսոնին, քանի որ քնում է Մալիշի հետ։ Չնայած ուղիղ չի ասվում, որ Մերին սպասում էր Կարլսոնի վերադարձին, սակայն բանաստեղծության համատեքստը եւ տոնայնությունը ստիպում է ենթադրել, որ վերադարձը ակնկալվում էր։ Կարլսոնի վերադարձը հակադրվում է բանաստեղծության բովանդակությանը որպես հրաշք, տոն, որը սակայն տեղի չի ունենում։ Չնայած չի կարելի համոզված ասել, որ բանաստեղծությունում նշված Մերիի բոլոր գործողություններն էին ուղված Կարլսոնի վերադարձին, սակայն կարծես ակնհայտ է դառնում “Մերի”-ում պատմվող հաղորդակցության խզման պատմությունը։ Մերին կարող է լինել ինչ որ աստվածության քրմուհի՝ չէ՞ որ նա ապրում է “տանիքում-երկնքում”՝ ըստ երեւույթի տաճառում, եւ անտեսանելի Կարլսոնի հարսն է։ Բայց չնայած նա կատարում է տաճառային ուսմունքով ավանդված բոլոր ծիսական տարրօրինակ գործողությունները, սակայն նրա աստվածային փեսան այդպես էլ չի հայտնվում, որի արդյունքում Մերին, հավանաբար հուսահատվելով, կապի մեջ է մտնում, ըստ երեւույթի նույն տաճառի սպասավոր՝ Մալիշի հետ։

Այսպիսով, Մերին, որը սկզբնապես գտնվում էր “տանիքում” հայտնվում է մի այլ իրավիճակի մեջ։ Նա իրեն հայտնաբերում է մի աշխարհում, ուր հրաշքը ժխտվում է, կապը երկրի եւ երկնքի միջեւ ընդհատվում է, աստվածությունը լքում է մարդկանց, իմաստը կորչում է։ Այլ կերպ ասած, նա վերապրում է այն, ինչ զգացել են, օրինակ վերջին հեթանոսները, երբ միաստվածական կրոնը հաստատվելով անտիկ աշխարհում՝ դատարկեց այն բազմաթիվ աստվածային եւ կիսաստվածային էկաներից եւ մարդը երկրի վրա մնաց մենակ։ Այդ հոգեւիճակը արտահայտող բավականին սրտատրոփ նկարագրություն կա մի հին հռոմեական հեղինակի մոտ, որը պատմում է, թե ինչպես առաջ ամեն մի ծառ ու քար, դաշտ ու ձոր իր ոգին ուներ, եւ ինչպես աշխարհն ամայացավ քրիստոենության տարածմամբ։ Իհարկե, որոշ ժամանակ անց, քրիստոենություն ներմուծմածված հեթանոսական տարրերի շնորհիվ աշխարհը նորից “բնակեցվեց”, սակայն էականը դա չէ, այլ այդ զգացողության նկարագրության համահունչ լինելը “Մերի”-ին։ Բայց “Մերին”, իհարկե նկարագրում է ոչ այնքան այդ՝ վերջին հեթանոսների ապրումները, որքան Նոր ժամանակների մարդու մասին, որը նման վիճակում հայտնվեց, երբ քրիստոնյա աշխարհում առաջացած “երկրորդ” (եթե որպես “առաջին” լուսավորչականություն ընդունենք վաղ քրիստոնեությունը) լուսավորչականության արդյունքում նորից ի հայտ եկավ լքված ու ամայացած աշխարհի պատկերը։

Իրոք, ի՞նչ է Մերիի սպասված Կարլսոնի վերադարձը։ Դժվար չէ կռահել, որ դա քրմական ցանկացած դոքտրինի առանցք հանդիսացող ցիկլիկ ժամանակի մասին ուսմունքն է։ Հավերժ շրջադարձը իմաստավորում է աշխարհը, առանձին գոյերի վախճանականությունը, արդարացնում է զրկանքները եւ տառապանքը, հաղորդակցություն է հաստատում գերբնական էակների հետ։ Երբ, սակայն ժամանակի շրջանակը բացվում է եւ այն վերածվում է ուղիղ գծի, վերադարձն այլեւս անհնարին է դառնում եւ աստվածությունները լքում են իրենց սպասավորներին, աշխարհն՝ ամայանում է։ Պատահական չէ, ոչ աթեիզմը առաջանում է միաստվածության աշխարհայացքի հիմքի վրա կառուցված մշակույթից։ Աշխարհն անաստվածանում է արդեն այն ժամանակ, երբ Աստված ընդունվում է որպես անդրանցական՝ տրանսցենդենտ, այսինքն նա այլեւս իմանենտ չէ աշխարհին, ու հետեւաբար աշխարհն էլ զուրկ է աստվածայինի անմիջական եւ ամեն ծառի մեջ ներկա լինելուց։ Բացասական՝ ապոֆատիկ աստվածաբանությունը, որը քրիստոնեական աստվածաբանության ամենախորքային մասն է համարվում, ըստ էության պատմում է որեւէ աշխարհիկ երեւույթի մեջ Աստծու ներկայության բացակայության մասին։ Աշխարհն ապամոգականացվում է եւ մերկացվում է։ Կարլսոնը այլեւս չի վերադառնում։ Արմանի բանաստեղծությունը, ակամայից, պատմում է մեզ հենց այդ զգացողության մասին։

Եվ հենց վերադարձի նկատմամբ իր վերաբերմունքով “Մերին” խիստ հակադրվում է Շուշան Ավագյանի “Գիրք Անվերնագրին”։ Վերջինիս ակնհայտ սակրալ լինելու չգիտակցված հավակնություն ունի։ Չմանրամասնելով՝ նշենք միայն մի քանի պահեր։ Արդեն գրքի անվանումը՝ “անվերնագիր” հուշում է սրբազան տեքստ գրելու ցանկության մասին։ Սա հիշեցնում է Նիցշեի “Այսպես էր խոսում Զրադաշտը” գրքի՝ “բոլորի եւ ոչ մեկի համար” բնաբանը։ Գիրք հենց այնպես, ուղղակի գիրք առանց անվանման, այսինք գիրք ընդհանրապես, Գիրք։ Սրբազան գրքերը տարբեր մշակույթներում հաճախ հատուկ անուն չունեն՝ կոչվում են կամ հենց “գիրք” (Բիբլիա, Ղուրան), կամ էլ նկարագրողական անվանումով՝ Աստվածաշունչ եւ այլն։ Ավելի կարեւոր են Շուշանի վեպի կառուցվածքի հիմնական հատկանիշները եւ սյուժեի մոտիվները։ Վեպը չունի ընգծված ավարտ՝ “խոսքերն այլեւս ավելորդ են”՝ այսպիսին են վերջին բառերը, որոնք ակնհայտ հուշում են, որ ձեռագիրը ոչ թե վերջանում է, այլ ուղղակի ընդհատվում։ Հետեւաբար գրվածքն ինքը անվերջ է։ Վերջին գլուխը կոչվում է հենց՝ “Վերջաբան, կամ Վերադարձ դեպի սկիզբ”, այսինքն վեպի իզոմորֆությունը անվերջ շրջադարձին ոչ միայն ակնարկվում է, այլեւ ուղիղ նշվում։ Ավելին՝ “խոսքերն այլեւս ավելորդ են”՝ կրկին հուշում է մեզ, որ գործ ունենք սրբազան տեքստի հետ, որի ամենաէական մասերը՝ չասվածներն են։ Ուշագրավ է նաեւ տեքստը 26 գլուխների բաժանելը, ինչը համապատասխանում է հին հունական այբուբենի տառերի, ինչպես նաեւ հին գերմանակն ռունաների թվին. ընդ որում ռունաների թիվն իրականում 25- է, իսկ 26-ը համարվում է դատարկ եւ անտեսանելի՝ “խոսքերն ավելորդ են”։ Հեղինակն, իհարկե, կարծում ենք, այս ամենից տեղյակ չէ, բայց դա բացարձակ չի խանգարում այսպիսի համընկնումներին լուրջ վերաբերվելուն։ Ամբողջ սյուժեն կառուցված է անընդատ կրկնությունների եւ իզոմորֆ իրավիճակների նկարագրության վրա։ Փաստորեն ամեն մի գլուխ իր կառուցվածքով նույնանում է մյուսներին եւ կարող է հանդես գալ որպես ողջ գործի փոքր մոդել։ Վեպը բնակեցված է “երկվորյակ” պերսոնաժների մի քանի զույգերով, որն էլ ավելի է շեշտում կրկնելիության գաղափարը եւ ակնհայտորեն հիշեցնում է ցանկացած առասպելաբանական համակարգի համար այդքան կարեւոր երկվորյակների մոտիվը։ Ինքը հեղինակը, նախավերջին գլուխը սկսում է հետեւյալ խոսքերով՝ “չես պատկերացնում, թե ինչքան էի տարվել նրա մի բանաստեղծությամբ, որը կոչվում էր “Վերադարձ”“։ Այսքանն էլ բավական է, որպեսզի պարզ դառնա, որ վերադարձը գրքի առանցքային բառն է։ Շուշանի մոտ Կարլսոնը վերադառնում է։ Աշխարհը վերամոգականացվում է ու բնակեցվում զանազան աստվածություններով։ (Անշուշտ, հասկանալի է, որ այս եզրահանգումը, որեւէ գնահատական՝ բացասական կամ դրական չի պարունակում, այլ սոսկ վերլուծության արդյունքի ֆիկսում է։ Շուշանի վեպի արժեքավորումը առհասարակ դուրս է մեր նպատակներից)։ Պարզ է, որ Արմանի եւ Շուշանի գրվածքները, որոնք անհամեմատելի են իրենց ծավալով, համեմատելի են իրենց աշխարընկալման մոդելներով եւ հիմնական մեսիջներով, որոնք իրար ճիշտ հակադիր են։ Սովետական գրաքննադատության եզրաբանությամբ (գրաքննադատություն, որն այդքան արդարացիորեն քննադատվել է նրա վեպում) “Գիրք անվերնագիրը”՝ ռեակցիոն է։ Բայց այն “ռեակցիոն է” բառիս սկզբնական իմաստով, այնքանով, որքանով ռեակցիան առնչվում է վերադարձի գաղափարի հետ։

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

One response to “Ինչո՞ւ Կարլսընը չի վերադառնում

  1. Ծանուցում՝ Հին հոդվածներից « Ուստա Հրանտի արհեստանոց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s