ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ

«Սենց ուրեմն տենց մենք էլի դե գնում գնում էինք եւ հանկարծ դե բանը ոնց է՞ր գմփ եւ ոչինչ ոչինչ իսկ հետո բանը մի քիչ ու ավելի լավ ու լրիվ ու հիմա տեսնում ե՞ք»

Գրված` 2008-11-27

Տպագրված` 2008-11-29 “Հայկական Ժամանակ”

Ես ինտերնետից քաշած գրքերի շնորհիվ բավականին հարուստ էլեկտրոնային գրադարան ունեմ` ամբողջ կյանքս կարդամ` չեմ ավարտի:
Բայց համարյա չեմ կարդում` ժամանակս չի հերիքում: Իսկ ի՞նչ եմ անում, որ ժամանակս այդքան սուղ է: Դե` շատ բան, իհարկե: Օրինակ` Սամվել Նիկոյանի հարցազրույցը արդեն երրորդ անգամ ծերից ծեր կարդացել եմ ու դեռ չեմ հագեցել, դեռ նորանոր նրբերանգներ եմ գտնում այդ շեդեւրի մեջ: Կասեք` բա հիմար չե՞ս, ա՛յ տղա ջան, բան ու գործդ թողած` ինչի՞ վրա ես ժամանակդ վատնում: Եվ կսխալվեք: Կարելի է կարդալ, ասենք, Դավիթ Անհաղթի, Հովհան Որոտնեցու կամ հենց Արիստոտելի տրամաբանական-փիլիսոփայական գործերը եւ իհարկե` մեծ օգուտ ստանալ: Բայց այդտեղ գրվածը, մեծ հաշվով, բացում է այն, ինչ յուրաքանչյուր մարդ ենթագիտակցորեն գիտի եւ կիրառում է` մտագործունեության տարրական կանոնները (ինչպես որ հարազատ լեզվով կարելի է խոսել ` առանց իմանալու դրա քերականական կառուցվածքի մանրամասները): Իսկ ահա Նիկոյանի հարցազրույցի տիպի նյութերը, ի տարբերություն վերոնշյալ գրականության, բացահայտում են ոչ թե այն, թե ինչպես կարող է մարդը մտածել, այլ հակառակը` ինչպես նա կարող է չմտածել ընդհանրապես: Իսկ վերջինը այդքան էլ հեշտ բան չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Ընդհանրապես, չմտածելու գործընթացի այնպիսի կատարյալ ձեւին հասնելու համար, ինչպիսին ցուցաբերում են հայ քաղաքական գործիչները, ըստ երեւույթին, պետք է մի քանի անգամ ավելի մեծ ջանքեր եւ աշխատանք, նաեւ` էներգիայի ծախս, քան հակառակի համար: Որովհետեւ, չնայած մարդը թերի էակ է, բայց բանականությունը եւ բանականության կատարելագործման ձգտումը նրա բնական հատկություններից են, իսկ անբանականության կատարելությունը հակաբնական է մարդ արարածի համար: Այդ պատճառով, անբանականության կատարելության նմուշները եզակի են` դրանք շատ դժվար է գտնել նաեւ ամենազոր ինտերնետում, ուր, ինչպես հայտնի է, կան նույնիսկ «Մադրիդյան սկզբունքները»:
Ի՞նչ ասեմ, Նիկոյանի հարցազրույցը բոլորդ էլ կարդացել եք, ու համոզված եմ` բոլորդ էլ ձեր փայ հաճույքը, ձեր փայ հանգիստը այս դառը աշխարհում ստացել եք` շնորհիվ այդ դարակազմիկ ելույթի: Բայց չկարծեք, որ խնդիրը Նիկոյանն է` որպես կոնկրետ անձ: Նա տվյալ դեպքում ընդամենը խորհրդանիշ է, հարմար եւ թարմ օրինակ ինքն իրեն սպառած քաղաքական համակարգի, ում ամեն մի նոր խոսք մառազմի նոր ռեկորդ է սահմանում: Այստեղ կարեւոր է հասկանալ հետեւյալը. Նիկոյանի հարցազրույցում ոչ թե սխալ մտքեր են արտահայտված, որոնց շուրջ կարելի է եւ պետք է բանավիճել, հակափաստարկներ բերել, հերքել եւ այլն: Սխալ միքտն էլ միտք է, գոնե` ձեւի տեսակետից: Այստեղ մենք գործ ունենք շատ ավելի հետաքրքիր գործընթացի հետ, երբ միտքը ուղղակի քայքայվում է, փշրվում, տարալուծվում անիմաստ` ոչ թե նույնիսկ բառերի, այլ պարզապես ձայների կուտակման մեջ: Այնպես որ, եթե կարդալով այս հարցազրույցը ` դուք փորձ էք արել վիճել նրա հեղինակի հետ` զուր ժամանակ եք կորցրել: Սա այն դեպքն է, երբ մենք գործ ունենք հազվագյուտ փաստաթղթի հետ, որին պետք է նույնպիսի զգուշությամբ եւ փայփայանքով վերաբերվենք, ինչպես կվերաբերվենք նորագյուտ միջնադարյան մի մատյանի, որը կարեւոր հարցերում լայնացնում է մեր գիտելիքը: Մենք եզակի շանս ունենք սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է մարդկային միտքը ինքնակազմալուծվում եւ վերանում: Դիտելով այդ գործընթացը` մենք երեւի նույն զգացմունքներն ենք վերապրում, ինչ` աստղագետները, ովքեր հետեւում են ամեն ինչ իրենց մեջ կլանող, տարածությունն ու ժամանակը ոչնչացնող խորհրդավոր սեւ խոռոչներին: Եվ ի դեպ, եթե մի օր մենք ականատես լինենք, որ իշխանության ներկայացուցիչներից ինչ-որ մեկն արդեն ակնհայտորեն հոգեխանգարմունքի նշաններ ցույց տա, ասենք` հրապարակավ կծի եւ ուտի իր ձախ ձեռքի բութ մատը կամ պոկի գլխի մազերը, չզարմանանք: Ես ամենայն լրջությամբ ենթադրում եմ, որ գործն, ի վերջո, դրան է գնում, քանի որ այն, ինչ տեղի է ունենում նրանց հետ, կոչվում է «անձի քայքայում»:
Հիմա, որպեսզի ասածս չափից ավելի մերկապարանոց չթվա, եւս մի անգամ ուշադիր վերընթերցենք հարցազրույցի ամենահամով հատվածները: Հատված առաջին. «Միջազգային ճնշումը լինում է երկու տեսակի: Լինում է քաղաքական` հաշվի առնելով, եթե որեւիցե երկիր է դա անում, հաշվի առնելով այդ գերտերության շահերը: Իսկ Եվրախորհրդի դեպքում մի քիչ այլ է. սա մի լծակ է, որ նրանք սիրով օգտագործում են պետության նկատմամբ, եւ նրանք դա սիրով անում են: Հաճախ մեզ թվում է, որ Եվրախորհուրդը դա ընդդիմության համար ստեղծված կառույց է, բայց Եվրախորհրդի անդամ է պետությունը, ոչ թե միայն պետության մի մասը` ընդդիմությունը: Բայց կարծում եմ` դա էլ հաղթահարելի է, որովհետեւ դրսից ինչքան էլ ազդեցություն լինի, եթե դու դրա համար պարարտ հող չկա, դա չի կարող ծիլեր տալ»: Համոզված եմ, որ մեր համաքաղաքացիներից շատ-շատերը, եթե չասենք` մեծամասնությունը, պարզապես չհասկացան, թե ինչ է այստեղ ուզում ասել խորհրդարանական հանձնաժողովի մեծարգո նախագահը: Փորձենք վերծանել: Ուրեմն, ասում է` կան երկրներ` գերտերություններ («երկիր» եւ «գերտերություն» բառերը, ինչպես երեւում է, նրա համար հոմանիշներ են), որոնք ճնշում են մեզ` իրենց շահերից ելնելով: Բայց Եվրոպան դա չէ: Պարզվում է, որ Եվրոպան «ճնշում է ….սիրով»: «бьет, значит любит»: Չնայած ասվածից այնքան էլ պարզ չէ, թե` եվրոպացիք սիրելով ճնշում են, այսինքն` սիրուց դրդվա՞ծ են ճնշում, թե՞ ճնշում են սիրո՛վ, այսինքն` հաճույք են ստանում ճնշելուց: Պարզ չէ նաեւ, թե ինչ է զգում այդ ընթացքում նման բռնի սիրո օբյեկտ պետությունը: Մի խոսքով, այլասերված սիրային հարաբերությունների մի ամբողջ պատմություն, որի մանրամասները թողնում ենք ընթերցողի երեւակայությանը: Բայց ամենահետաքրքիրը հատվածի անսպասելի ավարտն է: «Բայց կարծում եմ` դա էլ հաղթահարելի է, որովհետեւ դրսից ինչքան էլ ազդեցություն լինի, եթե դրա համար պարարտ հող չկա, դա չի կարող ծիլեր տալ»: Հանկարծ պարզվում է, որ այն, ինչ ԵԽ-ն անում է սիրով, այնքան էլ լավ բան չէ, քանի որ «դա» (այսինքն հիշյալ «սերը») հաղթահարելի է (իսկ հաղթահարելի են լինում վտանգները, սպառնալիքները եւ այլ «վատ» բաները), որովհետեւ «դու պարարտ հող չունես»: Այսինքն` չնայած այն փաստին, որ «պետությունը ԵԽ անդամ է», իսկ ԵԽ-ն էլ «ճնշում է … սիրով», իրականում Հայաստանում ԵԽ համար «պարարտ հող» չկա, եւ ասվածից պետք է ենթադրել, որ այդ կառույցի դավանած արժեքները մեզ մոտ երբեւիցե «ծիլեր» տալու շանս չունեն: Կարելի է, իհարկե, հարցնել, թե այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի պետության անդամակցությունը ԵԽ-ին, եթե մեկ է` մեր հողը պարարտ չէ: Բայց դե` հարցս ո՞րն է, երբ մարդկային խոսքը վերածվում է ձայների անիմաստ կույտի:
Երկրորդ հատվածը: «Եթե որեւիցե մեկը կանգնում է ամբոխի առաջ, 10 հազար մարդու առաջ եւ կոչ է անում, որ չվախենալ, մենք պետք է հաղթենք, մեր նախագահն այ ինքն է, ոչ թե այն` ընտրվածը, դրանք գործողություններ են, որը քրեական պատիժ է նախատեսված: Ճիշտ է, նրանք քաղաքական գործիչներ են, հիմա ես քաղաքական գործիչ եմ, եթե ես հայտարարում եմ, որ պետք է հավաքեմ մարդկանց, 10-20 հազար մարդու ու ասեմ` մեր պայքարի շնորհիվ մի ամիս հետո իշխանությունը մերն է, եւ չկա ընտրություն, չկա որեւիցե բան, որ հասկացվի, որ դա ընտրությունը նկատի ունի… Չկա ընտրություն ընտրություններից հետո: Այսինքն` եթե դու հասարակությանը ասում ես` մենք պետք է շատ լինենք` 20 հազար, 30 հազար, եւ մենք պետք է հաղթենք, դա նշանակում է` նրանք պատրաստվում են դա անել ուժով»: Ի դեպ, եթե նկատում ենք, երկու հատվածում էլ քայքայումը հասնում է ընդհուպ մինչեւ նախադասության մեջ առանձին բառերի եւ նախադասության անդամների միջեւ գոյություն ունեցող նորմալ կապերի խարխլմանը` հոլովները, բայի դեմքերն ու ժամանակները` ամեն ինչ խառնված է իրար: Իհարկե, սա բանավոր խոսք է, իհարկե, մարդը երեւի հուզվում էր, գուցե հայերենին լավ չի տիրապետում… բայց միթե այս ամենն այդ աստիճանի կարող է հասնել: Իրականում, կարծում եմ, սա էլ հուսալի ցուցիչ է մտքի քայքայման, քանի որ միտքն ու լեզուն, քերականությունն ու տրամաբանությունը նույն արմատից են ծագում. մեկի կազմալուծմամբ քանդվում է նաեւ մյուսը: Այսինքն` պացիենտը տվյալ դեպքում ոչ թե հայերեն չգիտի, այլ առհասարակ` «մարդկերեն»: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ հատվածի բովանդակությանը, ապա այն եւս ակնհայտորեն ցնցող է: Հատկապես գեղեցիկ են քրեական պատիժ նախատեսող գործողությունների մասին յուրօրինակ պատկերացումները, «նրանք դա պատրաստվում են անել ուժով» հանճարեղ հետեւությունը եւ անշուշտ` «չկա ընտրություն ընտրություններից հետո» ասույթը (ի դեպ, առաջարկում են դա փորագրել ԿԸՀ շենքի ճակատին, որից հետո ցրել այդ կառույցը, քանի որ այս դրույթի կիրառման դեպքում դրա գործունեությունը անիմաստ է` չկա ընտրություն ընտրություններից հետո: Մյուս կողմից, արդյո՞ք այս միտքը ՀՀ սահմանադրական կարգի տապալման կոչ չէ` հաշվի առնելով, որ Սահմանադրությունը, այնուամենայնիվ, նախատեսում է պարբերաբար անցկացվող ընտրություն «ընտրություններից հետո»): Էլ չմանրամասնեմ: Յուրաքանչյուրդ դա կարող եք անել ինքնուրույն:
Ինձ համար հետաքրքիր է հասկանալ այս երեւույթի պատճառները: Ինչպե՞ս է ստացվում, որ արդեն որերորդ անգամ իշխանամետ ճամբարից լսում ենք նման զառանցանք: Ինչո՞ւ է միտքը մեր աչքի առաջ քայքայվում, ընդհուպ մինչեւ` հոգեկան անառողջության սահման: Իմ պատասխանը հետեւյալն է: Անմիջական կապ կա անբարոյականության եւ բանականության կորստի միջեւ: Խոսքը երկար տարիներ տեւող` շարունակական եւ տոտալ անբարոյական վիճակի մասին է: Այսինքն` մարդկային լեզուն, հետեւաբար եւ միտքը, որքան էլ անկատար լինեն, այնուամենայնիվ ստեղծված են ճշմարտություն արտահայտելու համար: Երբ մարդը շարունակ խաբում է, շարունակ կեղծում է, երբ սուտը դառնում է կենսակերպ, առօրյա, հոգեբանություն, ապա նույնիսկ ի ծնե խելացի եւ լավ կրթություն ստացած անձը աստիճանաբար բթանում է: Բարոյական բթացումը, անզգամությունը, բերում է բանականության բթացմանը: Ի վերջո` այս գորըծնթացը հանգում է մտավոր կատարյալ աղետի, կործանման, որի ականատեսն ենք մենք այսօր դառնում: Ես դրա համար եմ ենթադրում, որ այս գործընթացը իր տրամաբանական ավարտը պետք է ունենա դրանում ներգրավված անձերից մեկի կամ մի քանիսի ակնհայտ հոգեխանգարմունքով:

Հ.Գ. Որպես հավելված` մեջբերեմ այսպես կոչված «դինամիկ աֆազիայով»` խոսելու եւ խոսքը հասկանալու ունակության խանգարմամբ տառապող հիվանդի ձայնագրությունից մի հատված, որպեսզի համեմատելով մեր նյութի հետ` դուք ինքներդ հաշվարկեք, թե որքան ժամանակ է մնացել մինչեւ մեր իշխանամետ գործիչների վերջնական հոգեխանգարմունքը: «Սենց ուրեմն տենց մենք էլի դե գնում գնում էինք եւ հանկարծ դե բանը ոնց է՞ր գմփ եւ ոչինչ ոչինչ իսկ հետո բանը մի քիչ ու ավելի լավ ու լրիվ ու հիմա տեսնում ե՞ք» («Նեյրոհոգեբանության հիմունքներ» դասագրքից):
ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements