Հայտնություն եւ Ավետիս

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. մեզ եւ ձեզ մեծ աւետիս»: Ո՞րն է հայտնությունը եւ ինչի՞ն է վերաբերվում ավետիսը: Հայտնությունը` հույսն է. արդարության հույսը բառիս ամենալայն իմաստով: Մինչեւ Մանկան հայտնվելը աշխարհն ու արդարությունը միայն ուժեղինն էր ու իշխողինը: Բեթղեհեմյան աստղը ավետեց նոր աշխարհի ծնունդը, ուր անարդարացիորեն ճնշվածը, ճշմարտության համար հալածյալը, բիրտ ուժին հավատքի վրա հիմնված իր ներքին ուժը հակադրողը ոչ միայն նույնպես իր տեղն ունի, այլեւ բարոյական առավելություն է ձեռք բերում, որովհետեւ «երանի՛ նրանց, ով հալածվում է արդարության համար»: Քրիստոսի հայտնությունը չբերեց արդարության վերջնական հաստատման, եւ Ինքն էլ հալածվեց ու խաչվեց անարդարների կողմից, որոնց ձեռքն էր այն ժամանակվա քաղաքական, ռազմական, դատական եւ հոգեւոր իսկ իշխանությունը, որոնք խոսում էին արդարադատության եւ Աստծո անունից: Աշխարհի ամենաարդար եւ աստվածապաշտ Մարդուն, մարմնացյալ Աստծոն խաչեցին որպես մեծագույն հանցագործ եւ անաստված, «Աստծոն հայհոյող» ապստամբ: Բայց երկու հազար տարի է մարդկության մեծամասմնությունը որպես տարվա կարեւորագույն տոն նշում է այդ առաջին հայացքից անհաջողության մատնված գավառական քարոզչի Ծնունդը, եւ անեծքով հիշում նրան խաչ հանողներին` Հիսուսի Ավետարանի պատգամների վրա կառուցելով մարդկության պատմության մեջ մեծագույն քաղաքակրթությունը: Նույնիսկ ամենաերդվյալ աթեիստներից շատերը վերջին հաշվով ապավինում են մոտ 2009 տարի առաջ ծնված Մանկան ի հայտ բերած Մեծ Հույսին, որը վերջին եւ անհերքելի հիմնավորումն է արդարության եւ ազատության ձգտման եւ պայքարի: Աշխարհում եւ բնության մեջ ոչինչ չի հուշում այն մասին, որ պետք է լինել արդար, ազնիվ, ազատ: Կենդանի եւ անշունչ ողջ բնությունը գոյության կռիվ է, որի օրենքն է` ուժեղ ես, հետեւաբար ճիշտ ես: Հակառակը անապացուցելի է, բայց այնուամենայնիվ մարդու էության հետ խոսացող: Հակառակի վերջին ապաստարանը միմիայն «մեծ ավետիսն է»: Իշխանները եւ թագավորները կորցրել են իրենց անհաղթ դիրքը եւ անսասան հեղինակությունը` խոնարհվելով քարայրում ծնված Մանկան առաջ: Նրանք այլեւս ամենազորը չեն: Նրանց դեմ կա ավելի մեծ ուժ: Ամենազոր Տերը աշխարհ եկավ ոչ թե արքայության, այլ ծառայության ավետիսով: Տիրելու ձեւն ու իմաստն իսկ փոխվեցին այդ պահից: Տերը նա է, ով ծառայում է: Իսկ բռնակալաներին Քրիստոսի Ավետարանը ճշմարտությամբ ընդունած երկրներում գահընկեց են անում եւ գլխատում, ինչպես նրանց հայր` Սատանան գահընկեց եղավ Քրիստոսի հայտնությամբ եւ հարությամբ: Բայց ավա՜ղ, որ առաջին քրիստոնյա մեր երկիրը, դեռ նույն կարիքն ունի հեթանոսական խավարից դեպի քրիստոնեական լուսավորչականություն ընթանալու:

Հ.Գ. Չեմ կարող չմեջբերեմ նույն թեմայով Հ. Թումանյանի գրածից մի հատված: «Տոնում ենք Մեծ Արդարի վերջին օրերը ու հիշում ենք, թե ինչպես էին նրան մեղադրում ու հալածում ժողովրդի առաջնորդները…, աղաղակելով, թե նա հայհոյում է Աստծոն եւ ապստամբություն է քարոզում….Հիշում ենք դատավորին, որ պարզ տեսնելով նրա անմեղությունն ու արդարությունը, այնուամենայնիվ … չկարողացավ պաշտպանել արադարությունը: …Մարդկանցից շատերը կարծում են, թե սա եզակի դեպք է: ….Միամնագամայն սխալ: … Եւ ահա նույն փարիսեցիներն ու նույն` եկեղեցու ու իշխանության անունով թնդացող աղաղակները, ամեն մարդու դեմ, ով կկանգնի իրենց հակառակ: ….Եւ ահա նա խաչվում է ամեն տեղ աշխարհքում…ամեն օր…Եվ դրա համար էլ նա Մեծ է եւ Անմահ»:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements