Մի՛ համեմատեք անհամեմատելին

Մեկը մի անիմաստություն դուրս կտա` հարյուրները կկրկնեն են: «ԵԽԽՎ»-ն երկակի ստանդարտներ է գործարկում` Հայաստանին պատժում է, իսկ Ադրբեջանին ոչ»: Կրկնիր այս մոգական նախադասությունը եւ կյանքը միանգաից թեթեւանում է. էլ ո՛չ մտածել է պետք, ո՛չ փորձել գնատահատել իրավիճակի պատճառները եւ հնարավոր հետեւանքները, ո՛չ էլ փնտրել սեփական պատասխանատվության չափաբաժինը: Մի խոքսով մտավոր էներգիայի նվազագույն ծախսեր (ինչպես հայտնի է ուղեղի աշխատանքը ամենածախսատարն է կենսաբանական տեսակետից) եւ անբանների երաշխավորված երջանկություն:
Բայց արդյո՞ք այդքան անիմաստ է հիշյալ պնդումը: Չէ՞, որ ի վերջո գաղտնիք չէ, որ եվրոպացիները երկնքից իջաց հրեշտակներ չեն, եւ երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքը նրանց նկատմամբ ընդհանուր առմամբ այդքան էլ սխալ չէ: Բայց ամեն պնդում ճիշտ ու սխալ է ոչ թե ինքնին, այլ կոնկրետ իրավիճակի, համատեքստի մեջ: Իսկ մեր խնդրո առարկա պնդումը թերի է ե՛ւ փաստացի, ե՛ւ հոգեբանական տեսակետից: Նախ` փաստացի կողմը, որի մասին արդեն բազմիցս ասվել է: Այո՛, Ադրբեջանում վերջնականապես ձեւավորվել է ավտորիտար համակարգ, եւ ժողովրդավարության տեսակետից Հայաստանը, ընդհանուր առմամբ թերեւս իրոք մի քիչ ավելի լավ վիճակում է: Չնայած այդ վիճակն էլ, ոչ թե «իշխանությունների» շնորհքն է, այլ ընդդիմության եւ հասարակության ակտիվության արդյունք: Բայց մյուս կողմից փաստ է` Ադրբեջանում հարյուրհազարանոց ցույցերը չեն ցրվել զենքի կիրառմամբ, քաղաքացիներ չեն զոհվել, եւ մի քանի տասնյակ մարդ չի դատվում բացարձակ շինծու մեղադրանքներով: Թե ինչո՞ւ է այդպես ստացվել, դա մի այլ հարց է: Պատճառների թվում նաեւ այն է, որ Ադրբեջանի հասարակությունը, ըստ երեւույթին հասունության բավականաչափ ներուժ չունենալով ի վերջո հաշտվել է եւ իր համար բնական է համարել ավտորիտար կառավարումը, իսկ Հայաստանի հասարակությունը հասուն է այնքանով, որ մի կողմից ոչ մի կերպ չի կարողանում մարսել այդպիսի պրիմիտիվ պախանական կառավարման համակարգ, իսկ մյուս կողմից էլ այն աստիճան հասունացած չէ, որ ի զորու լինի վերջնաանապես հաստատել ժողովրդավարական խաղի կանոնները: Այդ պատճառով Հայաստանի իրավիճակը ավելի անկայուն է քան Ադրբեջանինը:
Բայց ավելի կարեւոր է հոգեբանական թերին: Եթե նույնիսկ Եվրոպայի երկակի մոտեցման մասին պնդումը ճիշտ լիներ, դա ինչ որ առումով ավելի ուրախալի է կլիներ, քան հակառակը: Քանի որ պահանջել, որ մեզ ու ադրբեջանցիներին նույն կերպ նայեն, նշանակում է ընդունել մեր ու ադրբեջանցիների հավասարությունը, նույնականությունը: Իսկ դա ոչ միայն ուղղակի նվաստացուցիչ է ազգային տեսակետից: Սա ներքին չափանիշների հարց է: Եթե մեր ներքին չափանիշը, ըստ որի մենք գնահատում ենք ինքներս մեզ, մեր լավ կամ վատ վիճակում լինելը Ադրբեջանն է, ապա մենք դատապարտված ենք երրորդ աշխարհի երկիր լինել, առանց իրական զարգացման որեւէ շանսի: Հոգեբանությունը երկրի այս կամ այն ուղղության զարգացման հիմքն է: Նա, ով համեմատում է Հայաստանը Ադրբեջանի հետ հոգեբանորեն հավասարության նշան է դնում իր եւ ադրբեջանցու միջեւ: Բայց Հայաստանը միայն մեկ հատիկ շանս ունի հաղթել տարածաշրջանային մրցակցությունում` ի սկբազնե ելնել գերազանցության դիրքերից Ադրբեջանի եւ այլ ասիական «պախանական» հասարակությունների նկատմամբ: Մեր ներքին չափանիշը ի սկզբանե պետք է լինի ոչ թե Ադրբեջանը, այլ Ֆրանսիայի, Գերմանիայի տիպի զարգացած երկրները: Նրանց հետ մենք պետք է ինքներս մեզ համեմատենք: Դա չի նշանակում, որ այդ դեպքում մենք վաղվանից Գերմանիայի նման օրինակելի պետություն կդառնանք: Բայց դա նշանակում է, որ մենք հենց այս պահից կարող ենք շարժվել այդ ուղղությամբ: Ավելին` մեր երազանքներում մենք պետք է ոչ թե ձգտենք Գերմանիայի պես, այլ Գերմանիայից ավելի լավ պետություն լինել: Ահա այս պարզ հասարակագիական ճշմարտությունն է, որ ի զորու չեն ընկալել «ազգային անվտանգությունից» եւ նման այլ բարձր թեմաներից բարբաջել սիրող մեր պետական այրերն ու նրանց սպասարկող վերլուծաբաններն ու մեկնաբանները:

Ուստա Հրանտ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources