Արեւմուտք թե՞ Արեւելք

Նախորդ հոդվածիս միտքը անավարտ մնաց: Ի հեճուկս նորահայտ հայ «իսլամիստների» միջավայրում տիրող մտավոր քաոսի եւ անկարգապահության, պետք է վերջապես ընդունել գրեթե անվիճելին` հայկական մշակույթը իր ողջ ուրույնությամբ հանդերձ պատկանում է արեւմտյան կամ եվրոպական մշակութային մեծ ընտանիքին: Ճիշտ է այդպիսի ընդհանրական թեզի լիարժեք ապացուցումը թերթային հոդվածի խնդիր չէ, բայց ճիշտ է նաեւ այն, որ դա բավականին պարզ, նույնիսկ պարզունակ մի դրույթ է, որի հակաճառության միակ հնրավոր տարբերակը մտքերի եւ փաստերի խճողումն է եւ անհստակությունը:

Հետսովետական շրջանի տարածված տեսակետներից այն է, որ հայկական մշակույթը այսպես ասած խառնածին է, կազմված է երկու` արեւմտյան եւ արեւելյան շերտերից, Հայաստանն էլ մշակութային խաչմերուկ է, ու էլի չիգիտեմ ինչ: Պետք է ասել, որ խառնածին մշակույթների մասին պատկերացումը ինքնին` անկախ հայկական իրականությունից չափից ավելի կասկածելի է: Խառնածին մշակույթներ չեն լինում: Լինում է հստակ մշակութային հիմք, առաջնորդող գիծ, եւ լինում են մշակութային ազդեցություններ` ուժեղ կամ թույլ: Ինչ վերաբերվում է «խաչմերուկին», ապա հայկական մշակութային նյութը, կարծես թե, խախուտ հիմքեր է տալիս այն պնդման համար, թե մեզանում տեղի է ունեցել Արեւմուտքի եւ Արեւելքի արդյունավետ փոխհամագործակցություն: Վատ է դա, թե՞ լավ` այլ հարց է: Այս առումով մշակույթը նման է լեզվին: Խառնածին մշակույթների մասին պատկերացումը, ըստ երեույթին, առաջացել է խառնածին լեզուների գոյության մասին տեսությունից, որը մի ժամանակ տարածված էր սովետական լեզվաբանության մեջ, բայց որը ոչ մի կապ չունի գիտական լեզվաբանության հետ: Լեզուներ եւս ունենում են հստակ պատկանելիություն այս կամ այն լեզվաընտանիքին, եւ վերջինիս ենթամաս հանդիսացող լեզվախմբերին: Կան լեզուներ, որոնք չեն պատկանում որեւէ ընտանիքի, կամ խմբի, բայց չկան եւ չեն կարող լինել լեզուներ, որոնք պատկանեն միաժամանակ երկու կամ ավելի ընտանիքի կամ խմբի: Մյուս կողմից լեզուները կարող են կրած լինել այս կամ այն չափի ազդեցություն օտար լեզուներից, բայց նույնիսկ ամենաուժեղ ազդեցությունը չի կարող խախտել լեզվի ինքնությունը: Օրինակ հենց նույն հայերենը, որը հստակորեն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին` կազմելով նրա մեջ առանձին խումբ: Հայերենը հնդեվրոպական ընտանիքի համատեքստում շատ ուրույն է հատկապես իր հնչյունաբանական օրինաչափություններով եւ այլն, բայց նրա պատկանելիության հստակությունը դրանից չի տուժում: Մյուս կողմից հայերենի բառապաշարը կրել է մեկ այլ հնդեվրոպական լեզվախմբի` իրանականի շատ ուժեղ ազդեցություն. հայերենի բառարմատների մեջ իրանական ծագում ունեցողները նույնիսկ ավելի շատ են քան բուն հայկականները: Բայց այդ ամենով հանդերձ հայերենը իրանական լեզու չէ, եւ դա միանգամայն հստակ ու անժխտելի է: Բավականին ուժեղ է նաեւ կովկասյան հարեւանության ազդեցությունը հայերենի վրա: Օրինակ հայերենի եւ վրացերենի հնչյունական համակարգերը գրեթե համընկնում են. համենայն դեպս չկա մի այլ լեզու աշխարհում, որը հայերենին այդքան մոտ լինի այդ առումով քան վրացերենը: Այնուամենայնիվ երկուսը ոչ միայն տարբեր լեզվախմբերի, այլեւ տարբեր լեզվաընտանիքների են պատկանում, իսկ, ասենք ռուսերենն ու հայերենը, ունենալով բացարձակ տարբեր հնչյունական համակարգեր` ցեղակից լեզուներ են: Եվ դա անփոփոխ փաստ է, որը գոյություն է ունենալու այնքան ժամանակ ինչքան հայերենը գոյություն կունենա որպես այդպիսին: Գրեթե նույնն է մշակութային պատկանելիության դեպքում: Այն չի կարող լինել անորոշ, կամ երկակի, իսկ այս կամ այն ազդեցությունները չեն կարող հիմնավոր փաստարկ ծառայել ազգային մշակույթի երկսեռության ապացուցման առումով:

Մեծ մշակութային գոտիների սահմանները միջնադարում համընկել են համաշխարհային կրոնների տարածման սահմանների հետ: Բայց ներկայիս աշխարհիկացված մտածելակերպի տեսակետից կրոնական սահմանները կարող են անհամոզեցուցիչ փաստարկ թվալ: Այդ իսկ պատճառով, որպեսզի տեսանելի լինի հայկականի մշակութային պատկանելիությունը դիմենք կրոնի հետ ոչ անմիջականորեն կապված փաստերին: Բայց նախ հասկականք թե «ազգային մշակույթ» կապակցության մեջ ի՛նչ է նշանակում «ազգայինը»: Չհավակնելով ավելի ընդհանուր սահմանումներին` նկատենք, որ ամեն մի էթնիկ խումբ չի կարող ազգ կոչվել: Ըստ երեւույթին, ազգայինի մասին կարելի է խոսել այն պահից, երբ առաջանում է գրավոր մշակույթը: Ըստ այդմ ազգայինը նախ գրավոր` այսպես կոչված «բարձր» մշակույթն է: Եւ երբ խոսում ենք որեւէ մշակույթի ավելի մեծ մշակութային գոտուն պատկանելու մասին, պետք է ի նկատի ունենանք հենց «բարձր մշակույթը»: Ինչ վերաբերվում է կենցաղային մշակույթի, ապա նա գերազանցապես տարածաշրջանային է լինում (եւ սա էլ իր զուգահեռը ունի լեզվաբանության մեջ. նույն տարածաշրջանի լեզուները անկախ իրար հետ ցեղակից լինել-չլինելուց դարերի փոխազդեցության արդյունքում կազմում են այսպես կոչված արեալային միասնություններ: Դա սակայն երկրորդական միասնություն է, որը չի կարող մրցել առաջնային` ծագումնաբանական միասնության հետ): Հիմա դառնանք հայկական «բարձր» մշակույթին: Նախ դրա այսպես ասած տեխնոլոգիական մասը: Դիցուկ հայկական այբուբենը: Անշուշտ շատ ուրույն, բոլորից տարբերվող իր տառագրությամբ (գրաֆիկայով) եւ այլն: Բայց հենց հասնում ենք կառուցվածքային պահերին, ապա միանգամից ակհայտ է դառնում, որ մեր այբուբենը տիպիկ արեւմտյան այբուբեն է, եւ հակադիր է արեւելյան գրավոր բոլոր համակարգերին: Ինչպես եւ արեւմտյան այբենական համակարգերում մեր մոտ արտացոլվում են ոչ միան բաղաձայները, այլեւ ձայնավորները, գրում ենք ձախից աջ, այլ ոչ հակառակը եւ այլն: Ապա մեր բառապաշարը եւ եզրաբանությունը: Նույնպես չափազանց ուրույն եւ ոչ մեկին չնմանվող` չէ՞ որ մենք հայերս գրեթե բոլոր միջազգային եզրերը թարգմանում-հայացնում ենք: Բայց սա միայն արտաքին կողմն է: Դեռեւս վաղ միջնադարում ստեղծված հայերեն եզրաբանության ճնշող մեծամասնությունը բառացի պատճեներ են հունական համարժեքներից: Դա ստեղծում է լեզվամտածողություն: Օրինակ մենք ասում ենք «ներ-կայ-ություն», ռուսները «при-сут-ствие»: Երկուսն էլ բառացի պատճեններ են հունարենից եւ նույն կառուցվածքն ունեն (այսպես հայերենի արմատը` «կայ», եւ ռուսերենի արմատը` «суть»: Նույն տրամաբանությամբ կազմված են լատիներեն pra-esens, գերմանարեն gegen-wärtig եւ այլն): Այլ մշակութային արեալներում, ասենք իսլամականում, կամ հնդկականում «ներկայության» հասկացողությունը կարող է միանագամայն այլ ձեւով արտահայտվել, որը ոչ մի կապ չունենա «ներ»-ի եւ «կա»-յի հետ: Եվ այսպիսի օրինակները հարյուրավոր են (բացակայություն – отсутствие -absence, ենթադրություն- предпложение — suposition եւ այլն): Եզրաբանությունը մտածողության հիմքն է, եւ պարզ է, որ նույն տրամաբանությամբ կազմված եզրերը խորքային մակարդակում ապահովում են մտածողության գործընթացի որոշակի ընդհանրություն: Սա տեխնոլոգիաների առումով: Հիմա տեսնենք բովանդակային մասը: Մեր ամբողջ միջնադարյան պոեզիան մինչեւ 15-16 դդ.-ի ընդհանուր անկման ժամանակաշրջան գոնե՜ մի հատիկ ազդեցություն կրեր շրջակա մահմեդական ժողովուրդների շքեղ պոեզիայից: Միայն ուշ շրջանում ունենք այդպիսի ազդեցություն, որի գագաթնակետը Սայատ Նովան է, բայց այն էլ գրավոր մեծ հաշվով մշակույթ չէ: Նոր ժամանակների հայկական պոետներն էլ, եթե որոշ դեպքերում օգտագործում են արեւելյան մոտիներ, ապա այդ առումով դուրս չեն գալիս եվրոպական ընդհանուր համատեքստի շրջանակներից. Արեւմուտքում էլ դեռ Գյոթեից սկսած գրել են գազելներ, բեյթեր եւ այլն: Դրա փոխարեն հայկական պոեզիան իր ողջ ինքնուրույնությամբ հանդերձ ներգծված է արեւմտյան պոեզիայի շրջանակի մեջ: Ասենք, մեր միջնադարյան գրականության գագաթնակետ Նարեկացին քրիստոնեական մշակույթից դուրս ուղղակի անհնար է պատկերացնել, թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով:  Նարեկացի չէր կարող լինել ոչ ասենք Իրանում, ոչ Հնդկաստանում, ոչ այլուր, բայց նա որոշ փոփոխութուններ կրելով հանդերձ կարող էր լինել Բյուզանդիայում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում: Ի՞նչ այլ ոլորտներ կան. Ճարտարապետությո՞ւն, մանրանկարչությո՞ւն, պատմագրությո՞ւն, փիլիսոփայությո՞ւն, երաժշտությո՞ւն….: Ո՞ւր է այստեղ արեւելայն տարրը, կամ թեկուզ արեւելյան ազդեցությունը: Մինչեւ նույն 15-16 դդ. գրեթե չկա: Չիմացող մարդը, ծանոթանալով մեր ազգային մշակույթի այդ ոլորտների հետ, կարող է գլխի չընկնել, որ հայերը դարերով մահմեդական աշխարհին ոչ միայն սահմանակից, այլեւ ենթակա են եղել, իսկ ահա այս բոլոր ոլորտներում ստեղծված արժեքների արեւմտյան հիմքը, թեկուզ եւ հայկականացված տեսքով ակնհայտ է: Կենցաղային մշակույթում փոխառություններ եւ ազդեցություններ որքա՛ն ուզես, բայց բուն «ազգայինը» զերծ է որեւէ արեւելյան հետքից կամ թեկուզ կոլորիտից: Նույնիսկ ինչ որ իմաստով ամոթ էլ է. մի երկու հարյուր տարի Արաբական խալիֆայության մաս ենք կազմել, նույնիսկ արաբական անուններ ենք կրել (կենցաղային մշակույթի շատ ուժեղ ազդեցության նշան, քանի որ նույն անունները սովորաբար կրում են նույն կրոնին պատկանող անձիք), բայց ոչ գրական ոճում, ոչ ճարտարապետությունում, որ կերպարվեստում, ոչ մի տեղ արաբական ազդեցության նշաններ չեն երեւում: Էլ չշարունակենք: Նոր ժամանակների մշակույթի առումով նույն պատմությունն է: Ինչպես որ հայոց լեզվի պատկանելիությունը հնդեվրոպական ընտանիքին անվիճելի է, նույնքան անվիճելի հայ ազգային մշակույթի պատկանելիությունը արեւմտյան կամ եվրոպական մշակույթին: Միաժամանակ ինչպես որ հայոց լեզուն ուրույն եւ առանձին տեղ է զբաղեցնում հնդեվրոպական այլ լեզուների շարքում, նույնպես եւ հայկական մշակույթը ուրույն է եւ ունենալով ցեղակիցներ, չունի մոտիկ ազգականներ: Ոչ միայն խառնածին եւ երկսեռ, այլեւ նույնիսկ մշակույթների խաչնմերուկ լինելու որեւէ նշան հայ մշակութային ավանդույթը ի հայտ չի բերում:

Ուրեմն որտեղի՞ց են մեր մոտ ծագում ազգայինի եւ արեւմտյանի հակադրության, մասին պատկերացումները, որտեղի՞ց է առաջ գալիս խառնածնության տեսությունը, արեւելյան խաղերը եւ նորահայտ իսլամասիրությունը: Զավեշտալի է, բայց մեր այս «ազգայնականությունը» ունի միանգամայան ապազգային ծագում: Ինչպես դժվար չէ կռահել սա Ռուսաստանից ներմուծված գաղափար է (ավելի զավեշտալի է այն, որ ռուսներն էլ այս սխեման մասամբ փոխառել են գերմանական որոշ մտավորականներից, որոնք հակադրելով գերմանականը անգլիականին եւ ֆրանսիականին փորձում էին «արեւելյան» ինչ որ հետքեր գտնել բուն գերմանականի մեջ): Ռուսական մշակույթն էլ իրականում հստակ արեւմտյան է, բայց քաղաքական պատվերից ելնելով եւ հիմնվելով ռուսականի ուրույնության վրա ընդհանուր արեւմտյան համատեքստում, ռուս ազգայնականների մի մասը ստեղծեց ռուսական մշակույթի երկսեռության տեսությունը: Վերջինիս, ի դեպ, բնորոշ է նաեւ իսլամասիրությունը: Այստեղից էլ մեր Բարի Գալուստի նորաբողբոջ իսլամական կողմնորոշումը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements