Արյունահեղության գաղափարախոսությունը

Անցած տարվա ներհայաստանյան կարեւորագույն իրադարձությունը անկասկած մարտի մեկի երեկոյան դեպքերն էին: Մոտենում է այդ իրադարձությունների մեկամյակը, եւ ժամանակն է որոշ ընդհանրացումներ անել այդ թեմայի շուրջ: Եթե հաջողվի, կփորձեմ դա անել մոտակա շաբաթների ընթացքում մի քանի հոդվածներով` անդրադառնալով հատկապես այն առումներին, որոնց կարծես ավելի քիչ ուշադրություն է դարձվում: Այդ առումներից է, օրինակ այն ինչ առայժմ պայմանական կկոչեմ մարտի մեկի գաղափարախոսություն: 2008-ի գարնանամուտի սպանություններով ուղորդված քաղաքացիների ջարդը դատարկ տեղում չգոյացավ: Այն նախապատրաստվեց այդ թվում նաեւ գաղափարական-քարոզչական ոլորտում իրադարձություններից ամիսներ առաջ: Մյուս կողմից հետմարտիմեկյան իրավական բեսպրեդելը նույնպես հնարավոր դարձավ այդ թվում նաեւ դրա թեկուզեւ ոչ բացահայտ գաղափարական հիմնավորման առկայության պարագայում:

The Unwritten Law

Թվում է թե մարտի մեկի դեպքերի պատճառը պարզ է` իշխող խմբի իշխանատենչությունը եւ ավազակապետական-օլիգարխիկ համակարգի ինքնապաշտպանության բնազդը: Դա իրոք այդպես է: Սակայն պետք է հաշվի առնել, որ մարդն այնպիսի արարած է, որը շատ հազվադեպ է նույնիսկ ինքն իրեն խոստովանում, որ օրենքի կամ բարոյականության խախտման է գնում հանուն զուտ շահադիտական նպատակների: Շատ հազվադեպ են այն իրոք մեծ չարագործները, որոնք լինելով այսպես ասած չաի կատարյալ մարմնավորում, գործում են հանուն մաքուր չարիքի: Սովորաբար նույնիսկ մեծագույն հանցագործություն կատարելիս, գիտակցելով հանդերձ հանցանքի բուն փաստը, մարդը փորձում է արդարացնող հիմնավորումներ գտնել: Եվ հաճախ արդարացումներն այնքան վեհ են, որքան ավելի մեծ է հանցանքը: Մեծագույն հանցանքները, ինչպես հայտնի է, կատարվել են հանուն «ազգային շահի», «պետական անվտանգության», «համընդհանուր բարորության» եւ այլն: Ես դժվարությամբ եմ պատկերացնում, ասենք, Սերժ Սարգսյանի հոգեբանությունը, բայց կարող եմ մեծ հավանականությամբ ենթադրել երկու բան: Նա գիտակցաբար է գնացել ընտրությունների կեղծմանը, բայց մյուս կողմից նա հազիվ թե նույնիսկ ինքն իր հետ միայնակ մնալով խոստովանում է, թե գնացել է այդ քայլին հանուն իր սեփական իշխանության եւ հարստության: Կարծում եմ նա այդ քայլին գնացել է հանուն Հայաստանի պետության, հայ ազգի, եւ ով գիտի, գուցե նույնիսկ հանուն քրիստոնեական արժեքների, որոնց մասին ինքն ու Տիգրան Սարգսյանը սիրում են բարձրաձայնել: Սա հեգնանք չէ միայն. կարծում եմ սա հոգեբանական փաստ է: Բայց նույնիսկ եթե անձամբ Սերժը եւ իր ամենամտերիմները գիտակցաբար գործել են չարագործություն հանուն չարագործության (նման ենթադրություն անելու համար, սակայն, այդ անձանց մոտ պետք է ենթադրել հոգեբանական այնպիսի ուժ, որը նրանք, կարծում եմ չունեմ, քանի որ նման գործելակերպը բնորոշ է թեեւ էությամբ դիվական, բայց ուժեղ ու ոչ ստանդարտ հոգեկերտվածքով օժտված անհատներին), ապա մնում են նրանց հանցակիցները ավելի ցածր օղակներից: Դրանք քիչ չեն: Եվ ինչքան էլ դրանց մեծ մասը գործում է սեփական նեղ շահերից ելնելով, միեւնույնն է, նրանք էլ պետք է գաղափարական ինքնաարդարացում ունենան, որը նրանց համար ներկայացնում է աշխարհի մի պատկեր, ուր իրենք գործում են բարու, իսկ հակառակորդը չարի կողմից: Սրան գումարած, պետք է ի նկատի ունենալ, որ նույնիսկ ավազակապետությունը կարիք ունի անկեղծ հետեւորդների, որոնք պետք է անշահադիտորեն աջակցեն իշխանությանը, իսկ այդ մարդկանց պետք է ապահովել «հոգեւոր սնունդով»:

Call of the Wild

Մարտի մեկը դեռ ապագայի հնարավորություն էր, որի մասին տեղյակ էին, թերեւս միայն պայծառատեսները, բայց նրա գաղափարական հիմքերը արդեն պատրաստ էին: Դա հիմնականում տեղի ունեցավ արդեն 2007-ի աշնան ընթացքում մտավոր դաշտում: Այդ պատճառով մարտի մեկի համար հավասարապես պատասխանատու են իշխանամետ գաղափարախոսները, վերլուծաբանները, փորձագետները, քարոզիչները, լրագրողները եւ այլն: Իր էությամբ իսկ կեղծ «վերլուծականությունը» առաջ մղեց «դավադրության տեսությունը», իսկ քարոզչությունը ստեղծեց «թշնամու կերպարը»: Հենց որ այդ երկու դասական տեխնոլոգիաները (տեխնոլոգիաներ ասելով, ես ի դեպ, ի նկատի չունեմ, թե այս ամենը անպայման արվել է դիտավորյալ` գուցե մասամբ դիտավորյալ է եղել, իսկ մասամբ էլ տարրերային. դա էական չէ, քանի որ պրիմիտիվ մտածողությունը այլ հավասար պայմաններում միշտ էլ բնազդորեն «խոդի է գցում» երկու հիշյալ սխեմաները, որոնք մարդու մտածողության վրա իրենց ավերիչ ազդեցությամբ շատ նման են համակարգչային վիրուսների) ի հայտ եկան, որպես իշխանամետ քարոզարշավի հիմնական տարրեր, Հայաստանում արյան հոտ եկավ: Բայց դրա մասին ես դեռ առանձին ուզում եմ գրեմ: Դրանից առաջ նախ ցանկալի է հասկանալ, թե ինչպիսի՛ նախնական պայմանների դեպքում են որեւէ հասարակության մեջ հեշտությամբ տարածվում նման «վիրուսային» ծրագրեր, եւ ինչո՛ւ էր իշխանամետ վերլուծականությունը ի սկզբանե դատապարտված ստեղծելու միայնումիայն «վիրուսներ»:
Մարդկության պատմության մեջ հայտնի են մտածողության երկու ընդհանուր տիպ` առասպելասկան-հեքիաթային եւ բանական: Դրանցից առաջինը շատ հին է, եւ գալիս է դեռ նախնադարից, իսկ երկրորդը համեմատաբար նոր է: Մեկը ցանկացած երեւույթի պատճառը փորձում է տեսնել այդ երեույթից դուրս, մյուսը փնտրում է նախ եւ առաջ ներքին պատճառներ: Օրինակ, երբ մարդ մահանում է բնական մահով, բազմաթիվ նախնադարյան ցեղերի ներկայացուցիչներ չեն ընկալում դրա բնական պատճառը եւ անպայման փորձում են գտնել մեկին, ում նավսի, կախարդանքի, չար աչքի եւ այլնի պատճառով մահացել է մարդը: Ժամանակակից գիտությունը նույն իրավիճակի մեջ հակառակը` փորձում է նախ հասկանալ մարդու օրգանիզմի ներքին այն գործընթացները, որոնք հանգեցրել են մահվան: Առասպելական մտածողությունը անպատասխանատու է (պատճառահետեւանքային կապերը անհատից դուրս է տեսնում) եւ մանկամիտ, բանականը` նախ ուզում է սեփական պատասխանատվության բաժինը հասկանալ, որով եւ ինքնուրույն է եւ հասուն: Առասպելական մտածողությունը չի կարողանում հստակ տարբերել իրականությունն եւ սեփական ցանկությունը. օրինակ նույն նախնադարյան ցեղերի ներկայացուցիչները հաճախ չեն կարողանում հասկանալ երազում տեսածի տարբերությունը իրականից: Այսպես պապուասական մարինդ-անիմ ցեղի մի ներկայացուցիչ հոլանդական բանտում նստած էր մարդ սպանելու համար: Պարզվում է մարդասպանի աղջիկը մահացել էր վատառողջության պատճառով: Բայց աղջկա հայրը երազում տեսել է, թե իր աղջկան կախարդանքով սպանել է այս ինչ մարդը եւ գնում է ու հանգիստ սրտով սպանում է նրան` լուծելով իր դստեր վրեժը: Այդ մարդասպանը անկեղծորեն չէր հասկանում իր մեղքը` չէ՞ որ նա ընդամենը պատժել է իր սիրելի աղջկա սպանողին:

Demon’s Eye

Բանական մտածողության զարգացմանը ժողովուրդները միանգամից չեն հասնում: Շնորհիվ հելենիզմի եւ քրիստոնեական ինքնավերլուծության մեթոդի դարավոր ազդեցությունների հայերիս մոտ բանական մտածողությունը որոշակի արմատներ է գցել: Իսկ, օրինակ, մեր հարեւան ադրբեջանցիների մոտ դա շատ ավելի թույլ է: Ասենք, հայ ակադեմաիական գիտությունը, բավականին կայուն է զանազան կեղծգիտական տեսությունների նկատմամբ: Իսկ նույն Ադրբեջանում պատոնական գիտությունը կարող է ընդունել միանգամայն երազային փաստերը որպես իրականություն` հայկական Կիլիկիան համարել ադրբեջանական պետություն, շումերներին` առաջին ադրբեջանցի եւ այլն: Բայց, անշուշտ մեր մոտ էլ բանական մտածողությունը շատ հեռու է հաղթանակած լինելուց: Դա անմիջականորեն ազդում է ներհայաստանյան հասարակական գործընթացների վրա, քանի որ ժողովրդավարական կարգերը առհասարակ բանականության, իսկ ավտորիտարիզմը` առասպելակյանության եւ կենդանիներից ժառանգած բնազդների վրա հիմնված հասարակարգ է: Երբ, օրինակ, Ռ. Քոչարյանը, ասում էր, թե Ազատության Հրապարակում մարդկանց պահում են «զանազան հնարներով», սա առասպելական մտածողության տիպիկ դրսեւորում է, (եւ «հնար» բառը այս համատեքստում հանգիտս կարող ենք փոխարինել հեքիաթային «հունարներ» բառով), որը ոչ միայն սոսք քարոզչական տրյուկ էր, այլ դրույթ, որին անկեղծորեն հավատում են իշխանամետ բազամթիվ անձիք:
Հասարակական գործընթացների իրական վերլուծությունը բնականաբար ենթադրում է բանական մեթոդներ: Բայց հատկապես Սովետական Միույթոյունից մեզ ժառանգություն մնացած կեղծ վերլուծականությունը կրում է միանգամայն այլ բնույթ: Այդ «վերլուծականության» իրական անվանումը պետք է լիներ` հակավերլուծականություն, քանի որ այն խախտում է դասական վերլուծականության ամենաէական օրենքները: Այսպես օրինակ, եթե երկրում տեղի են ունենում լուրջ հասարակական գործընթացներ, որոնցում ներգրավվում են հարյուր հազարավոր մարդիկ` զանգվածային բողոքի ցույցեր, շուրջորյա հանրահավաքներ եւ այլն, ապա ի՞նչ եզրակացության կարելի է գալ դասական վերլուծության մեթոդիկայի կիրառմամբ: Միանշանակ պետք է ընդունել, որ նույնիսկ, եթե այս ամենում գոյություն ունի արտաքին գործոնի ազդեցությունը, բուն պատճառները չեն կարող չունենալ խորը ներքին արմատներ: Ավելին` եթե այդքան մարդ մասնակցում է շուրջորյա բողոքի հանրահավաքների, ուրեմն այս երկրի խնդիրները կրում են համակարգային, խորքային բնույթ: Հետեւաբար պետք է փնտրել այն պատճառները, որոնք խաբուսիկ կայունության քողի տակ հանգեցրել են այդպիսի հետեւանքների: Հնարավոր չէ այդպիսի լուրջ գործընթացները բացատրել միայն արտաքին ուժերի դավադրությամբ (առավել եւս չբերելով որեւէ լուրջ փաստարկ այդ վարկածի օգտին` մերկապարանոց հայտարարություններից անդին), կամ ինչ որ մեկի չար կամքով («Լեւոն եկավ ազգը պառակտեց»), կամ նյութական շահագռգռվածությամբ (5000 դրամով, ձրի ուտելիքով եւ այլն), «զանազան հնարներով» կամ «զանգվածային հիպնոզով» եւ «հոգեխանգարմքով» (այլ կերպ ասած` կախարդական փայտիկով եւ թուղթ ու գրով): Մինչդեռ հակավերլուծականությունը այլ բացատրություններ չունի եւ չի կարող ունենալ նման պարագաներում: Եվ խնդիրն այն է,որ մարդկանց մի մասը իրոք անկեղծ հավատում է «հնարքների» այդ պատմությանը, ինչպես որ խեղճ պապուասը չէր կարող տարբերել երազում տեսածը իրականությունից: Իսկ դա նշանակում է, որ արյունը պետք է հեղվեր: Իսկ արյունահեղության գաղափարական նախապատրաստման ավելի կոնկրետ մեխանիզմների մասին հաջորդ անգամ:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

One response to “Արյունահեղության գաղափարախոսությունը

  1. Ծանուցում՝ Նորից հնից « Ուստա Հրանտի արհեստանոց

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s