Չուժոյ պախմել 2

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծագման եւ զարգացման համատեքստը Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն է, ռուս-վրացական պատերազմը, ռուս-թուրքական մերձեցումը: Իրերը կոչենք իրենց անունով` ինչպես չկար վրաց-օսեթական պատերազմ, այլ կար վրաց-ռուսական, նույնպես չկա հայ-թուրքական մերձեցում, այլ կա ռուս-թուրքական մերձեցում:

Գրված` 2009 10 20

Տպագրված` 2009 10 22  “Հայկական Ժամանակ”

Նախորդ շարադրանքից պետք է որ պարզ դառնար, որ հայ-թուրքական գործընթացը Հայաստանի ներսում չուներ որեւէ հիմք, որեւէ կերպ չէր բխում ներհայկական գործընթացների համատեքստից, տրամաբանական շարունակությունը չէ մեր ներքին զարգացումների պատճառահետեւանքային կապի:

Սա առավել եւս այդպես է, եթե հաշվի առնենք այն գերարագ, հեղափոխական տեմպերը` շոկային թերապիայի եւ նույնիսկ` հոգեբանական պատերազմի մեթոդների կիրառմամբ, որոնք բնորոշ են ներկա գործընթացին: Եթե ենթադրենք, որ գործընթացի նախաձեռնությունը իրոք Հայաստանում է, ապա դժվար է պատկերացնել որեւէ հայ քաղաքական գործչի, որն այսքան անփութությամբ վերաբերվեր հայկական հոգեբանության եւ ազգային արժանապատվության տարրերին, այսքան «թեթեւամտորեն» մոտենար բարդագույն խնդրի լուծմանը: Առանձին վերլուծության թեմա են այն ցինիկ եւ խորապես անազնիվ հնարները, որոնք օգտագործվում են հայ-թուրքական գործընթացի քարոզիչների կողմից: Ամեն դեպքում, ամփոփենք. դեռեւս 2008-ի ամռան սկզբի դրությամբ չկար եւ որեւէ նշան, որ հասարակության կամ իշխանության ներսում հասունացել է այս խնդրի լուծման անհրաժեշտությունը, այն էլ` հեղափոխական մեթոդիկայի կիրառմամբ: Ճիշտ է, միաժամանակ` ոչ մի դեպքում չպետք է մոռանալ, որ 2008-ի մարտի 1-ից հետո ձեւավորվել էին պետական եւ ազգային դավաճանության իրականացման ամենաբարենպաստ նախադրյալները: Սրանք էլ առանձին քննության թեմա են, բայց իմիջիայլոց նշենք, որ ինքը` մարտի 1-ը մի ջարդ էր, որը իրականացվեց օսմանյան լավագույն ավանդույթների կիրառմամբ, իսկ հետմարտիմեկյան իշխանական քարոզչությունը լի էր ուղիղ մեջբերումներով հակահայկական թուրքական ավանդական թեզերից, ինչի մասին գրել են շատերը, այդ թվում` տողերիս հեղինակը: Այս նախադրյալները, սակայն, անմիջապես չէին հուշում, թե հատկապես ո՛ր ուղղությամբ, երբ, եւ ինչ տեմպերով կընթանա բուն դավաճանության գործընթացը:

давай, нах***, нахадзернуй, не боись

Եթե հայ-թուրքական ներկա գործընթացը անմիջականորեն չի բխում ներհայկական զարգացումների տրամաբանությունից, ուրեմն` մնում է «նախաձեռնողականության» իրական ակունքները փնտրել Հայաստանից դուրս: Սա, իհարկե, նորություն չէ: Խնդիրն այնքան ակնհայտ է, որ շատերը վաղուց հենց դրանով էլ զբաղված են: Կարող է երկրորդական թվալ այն հարցը, թե հատկապես արտաքին ո՛ր կենտրոնից է բխում հայ-թուրքական մերձեցման նախաձեռնությունը: Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ` խնդիրը պետք է տեղադրել իր իրական միջավայրի մեջ, որպեսզի հակազդեցության գործողությունները կրեն գիտակցված, այլ ոչ թե` «երազային» ու «պատեպատ տալու» բնույթ: Հայ-թուրքական գործընթացի սկզբնավորումից անցել է ընդամենը մեկ տարի ու մի քանի ամիս, եւ բավական է վերհիշել դրա սկզբնավորման բուն համատեքստը, որպեսզի ամեն ինչ տեղն ընկնի այս «առեղծվածային» պատմության մեջ:

Հայ-թուրքական գործընթացը սկսվեց այն պահից, երբ մոսկովյան իր առաջին այցի ժամանակ Ս. Սարգսյանն անսպասելիորեն հայտարարեց հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին իր սկզբունքային համաձայնության մասին եւ միաժամանակ հրավիրեց Գյուլին ֆուտբոլի: Հայտարարության տեղը` Մոսկվան, ինքնին` առանց հավելյալ փաստարկման հուշում է, թե իրականում ո՛ւմ նախաձեռնությունն էր սա, կամ, եթե ավելի զգուշորեն ձեւակերպենք` ո՛ւմ հետ համաձայնեցված նախաձեռնություն էր: Եթե հաշվի առնենք, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական կարգավորումների գլխավոր խոչընդոտողներից մեկը երկար տարիներ համարվում էր հենց Ռուսաստանը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էլ ավանդապես դիտարկվում էր (եւ ցայսօր էլ դեռ շատերի կողմից Հայաստանում դիտարկվում է) որպես ռուսական ազդեցության գոտուց Հայաստանի դուրս պրծնելու շանս, ապա պարզ պետք է դառնա, որ Ս. Սարգսյանը, հաշվի առնելով, թեկուզ, լեգիտիմության իր խնդիրները եւ ներքաղաքական սուր իրավիճակը, իր «նախագահության» կես տարին չբոլորած` Մոսկվա կատարած իր առաջին իսկ այցի ժամանակ չէր կարող նման հայտարարություն անել` առանց Կրեմլի համաձայնության: Համաձայնությունը` մեղմ եմ ասում. իրականում պետք է ասեի` առանց անմիջական հրահանգի: Այս ակնհայտ պահը այսքան երկար եմ շարադրում, որովհետեւ մինչ այժմ էլ կան մեկնաբաններ, որոնք Ս. Սարգսյանի «նախաձեռնողականությունը» համարում են հակառուսական եւ արեւմտամետ քայլ` ուղղված Հայաստանի իրական անկախության հաստատմանը: Ստացվում է խիստ «տրամաբանական» մի պատկեր: Լեգիտիմության լրջագույն խնդիրներ ունեցող «նախագահը», որը հազար ու մի լծակով կախված է Մոսկվայից, ավելի լավ տեղ ու ժամանակ չի գտնում իր «հակառուսական» գործողությունը նախաձեռնելու համար, քան Մոսկվա կատարած իր առաջին այցը: Հայ վերլուծական մտքի հերթական տրիումֆը:

стройсь! Кругооом, марш!

Անցնենք առաջ: Եթե նախաձեռնությունը, ըստ մեր վարկածի, ռուսական էր, ապա պետք է հասկանալ, թե ո՛րն էր ռուսական քաղաքականության այն համատեքստը, որին դա համապատասխանում էր: Սա էլ, կարծես, դժվար չէ գտնել: Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից (2008-ի հունիսի վերջ) մոտ մեկ ամիս անց ծագեց ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը: Հետադարձ հայացք գցելով օգոստոսյան դեպքերին` դժվար չէ նկատել, թե ինչպես էին դրանք նախապատրաստվում: Արդեն 2008-ի մայիսից իրավիճակը Հարավային Օսեթիայում սրվում է, եւ կողմերը անընդհատ մեղադրում են միմյանց սադրանքների մեջ: Օրինակ` մայիսի 14-ին Հարավային Օսեթիայի նախագահ Կոկոյտին «կանխատեսում» է լուրջ վրացական սադրանքներ, իսկ մայիսի 15-ին սկսվում է ռուս խաղաղապահ ուժերի ռոտացիան Օսեթիայում, ինչը խիստ դժգոհություն է առաջացնում Վրաստանում: Հուլիսի 9-ին ռուսական ԱԳՆ-ն հայտարարում է «վրացական ագրեսիայի» մասին եւ այլն: Ինչեւէ, տեղն ու ժամանակը չէ այս խնդրի մանրամասն վերլուծության. ասեմ միայն, որ հենց թեկուզ «վրաց-օսեթական» պատերազմին ռուսական ռազմական եւ դիվանագիտական արձագանքի «բլիցկրիգային» եւ միաժամանակ` համակարգված բնույթը լավագույնս վկայում է նախնական սցենարի առկայության մասին: Վրացական կողմի մեղքն, այս առումով, միայն այն էր, որ նա այս իրավիճակում գործեց իրեն նախօրոք վերապահված` «տաքարյուն», «թիթիզ» եւ սադրանքների ենթարկվող «կովկասցու» դերին համապատասխան: Ժամանակից շուտ չծիծաղենք «տուտուց վրացիների» վրա` չի բացառվում, որ նույն դերը մեզ վերապահված լինի Ջավախքի շուրջ հայ-վրացական հնարավոր կոնֆլիկտի պարագայում: Անշուշտ` հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական «դարավոր բարեկամության» վերահաստատման ավարտից հետո: Ի դեպ, այս ամենի լույսի ներքո Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունը եւս յուրովի «մարգարեական պայծառացում» էր (ինչպես եւ Կոկոյտիի պարագայում), քանի որ եթե հիշում եք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը հատկապես «ակտուալիզացվեց» վրաց ռուսական պատերազմի օրերին, երբ տարածաշրջանում Ռուսաստանի մերձավոր դաշնակից համարվող Հայաստանը ընդգծված չեզոք դիրք գրավեց` որպես փաստարկ բերելով հայ-թուրքական սահմանի փակ լինելը: Դե ինչ, փակ է` կբացենք: Մետրոպոլիան հրահանգում է 180 աստիճանի շրջադարձ, եւ թքա՛ծ, թե մինչ այդ հենց նա էր հայ-թուրքական կոնֆլիկտի գլխավոր հովանավորը:

Ռուս-վրացական պատերազմի օրերին, բացի հայկականից, կար նաեւ այլ կողմի չեզոքություն: Դա թուրքական կողմն էր: Հաշվի առնելով Արեւմուտքի սուր հակադարձը ռուսական գործողություններին, եւ Թուրքիայի` Արեւմուտքի դաշնակից համարվելը, այդ ընդգծված չեզոքությունը ուներ ակնհայտ ռուսամետ բնույթ: Հետեւեցին ռուս ու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները, հայտարարությունները եւ այլն, որոնց միայն թվարկումն ու թեթեւակի մեկնաբանությունը մի ամբողջ հոդվածի նյութ կարող է դառնալ: Դրա ժամանակն ու տեղը, ցավոք, չունեմ, բայց ակնհայտ է ռուս-թուրքական մերձեցման գործընթացը վերջին մեկ տարվա ընթացքում: Եւ ո՞վ սկսեց այս գործընթացը, ո՞վ ապահովեց Թուրքիայի` ամենեւին էլ ոչ միանշանակ կանխատեսելի չեզոքությունը ռուս-վրացական պատերազմի համատեքստում եւ դրանից հետո: Կարծում եմ` շատ սխալված չեմ լինի, եթե ենթադրեմ, որ հենց Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն էր այն առաջին իշմարը ռուսների կողմից, որը Թուրքիան ճիշտ ընկալեց:

Ամփոփեմ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծագման եւ զարգացման համատեքստը Ս. Սարգսյանի մոսկովյան հայտարարությունն է, ռուս-վրացական պատերազմը, ռուս-թուրքական մերձեցումը: Իրերը կոչենք իրենց անունով` ինչպես չկար վրաց-օսեթական պատերազմ, այլ կար վրաց-ռուսական, նույնպես չկա հայ-թուրքական մերձեցում, այլ կա ռուս-թուրքական մերձեցում: Իհարկե, այս վարկածը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ասենք` բա ԱՄՆ դերն այս ամենում` մի՞թե դա էլ նույնքան ակնհայտ չէ: Իհարկե, ակնհայտ է նաեւ դա: Ավելի մանրամասն` այս հարցադրմանը ես կփորձեմ պատասխանել մյուս անգամ, սակայն միանգամից շեշտեմ, որ ամերիկացիների ակնհայտ ներգրավվածության փաստն ընդամենը նրբերանգներ է ավելացնում, բայց չի փոխում գործի էությունը: Բացի այդ, անհրաժեշտ է այսօրվա գործընթացը տեղադրել նաեւ ճիշտ պատմական համատեքստի մեջ, որը նույնպես կփորձեմ հետագայում ներկայացնել: Հիշեցնեմ միայն, որ Կարսի պայմանագրի հետ զուգահեռներն այնքան ակնհայտ են, որ միայն այդքանը կարելի էր բավական համարել` խնդիրը մեկ նախադասությամբ բացատրելու համար` Կարսի նոր պայմանագիր:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s