Չուժոյ պախմել 3

Նրանց, ովքեր դեռ երազում է «հաշտության» մասին, հիշեցնեմ, որ Կայսրությունները խաղաղություն են ստեղծում միայն իրենց սահմանների ներսում: Իսկ սահմանակից ազդեցության գոտիներում կայսերական քաղաքականությունը միշտ ուղղված է հակամարտությունների ստեղծմանը եւ խորացմանը:

Գրված` 2009 10 27

Տպագրված` 2009 10 29  “Հայկական Ժամանակ”

Մոսկովյան հայտարարությամբ հայ-թուրքական գործընթացը սկսելով` Ցյուրիխի հաջորդ իսկ օրը մեծն «նախաձեռնողը» թռավ Մոսկվա` տեսնելու եւ, հավանաբար, հաշվետվություն տալու Մեդվեդեւին, որին տեսել էր դրանից մի քանի օր առաջ` Քիշնեւում:

Հայ-թուրքական գործընթացի սկզբնավորմանը ու զարգացմանը զուգահեռ` շատերը որակեցին այն որպես Ս. Սարգսյանի հակառուսական քաղաքականության նշան: Այս պարագայում, տրամաբանական էր սպասել ռուսների բուռն հակազդեցությունը հայ-թուրքական գործընթացին: Ասել, որ Ռուսաստանը Հայաստանում ազդեցության լծակներ ունի` նշանակում է ոչինչ չասել: Զուտ նյութական լծակների մասին բոլորս էլ գիտենք` կապուղիներից եւ էներգետիկայից` մինչեւ երկաթգիծ եւ գազամուղ. մնացած ստրատեգիական ոլորտները դուք թվարկեք: (Ի դեպ, հետաքրքրիր է` ինչո՞ւ դեռ 2007-ին ռուսները ձեռք բերեցին հայկական երկաթգծի պես խուրդա ապրանքը. արդյո՞ք կանխատեսելով հայ-թուրքական սահմանի բացման դեպքում դրա նշանակության բարձրացումը): Ավելի քիչ գիտակցվող, բայց ոչ պակաս կարեւոր է ռուսական վերահսկողությունը, այսպես ասած, ոչ նյութական ոլորտում: Հայաստանի եւ Արցախի բնակչության պատկերացումները աշխարհի իրադարձությունների մասին ձեւավորվում են գերազանցապես ռուսական տեղեկատվական դաշտի մատուցած «կոնցեպտների» շրջանակում` ուղղակի եւ միջնորդավորված (հայկական ԶԼՄ-ների միջոցով): Հայաստանյան մտավորականության մեծ մասը մտածում է Ռուսաստանից ներմուծված «գլխուղեղային ծրագրերով»: Ինտերնետում, որքան ավելի «հայրենասեր է» որեւէ հայկական բլոգեր, այնքան ավելի մեծ հավանականությամբ նա գրում է ռուսերեն: Նույնիսկ հայաստանյան հոգեւորականները աստվածաբանական իրենց գիտելիքները` տեսական եւ գործնական, քաղում են ոչ այնքան, ասենք, Տաթեւացուց ու Նարեկացուց, որքան Լոսկուց ու Սերաֆիմ Սարովսկուց (այստեղից էլ հաճախ ծայրահեղ պահպանողական, գրեթե ֆաշիստական աշխարհայացքը): Այսպես է հասարակության վիճակը, բայց նույնն ու ավելի բեթար է նաեւ պետական վերնախավինը: Նույնիսկ երկրորդական բաներում կապկում են ռուսներին. ասենք` նախընտրական կարգախոս` «Առա՛ջ Հայաստան», կամ Հանրային խորհրդի ձեւավորումը: Եթե ավելի կարեւոր ոլորտներից խոսենք, ապա ինձ համար լավագույն օրինակը մնում է Մարտի 1-ի գործի պաշտոնական վարկածը, որի ողջ գաղափարախոսությունը եւ բառապաշարը ռուսաստանյան ծագում ունեն: Ես չեմ ասում հայկական ԱԱԾ-ի մասին, ուր Ձերժինսկու նկարները մինչ այժմ կախված են պատից: Այսպիսի պայմաններում ցանկացած հակառուսական գործընթաց Հայաստանում հակաքայլերի ավելի քան լայն հնարավորություն է տալիս Մոսկվային:

Առհասարակ, ինչպե՞ս եք պատկերացնում մարդաբանական տիպով ու նույնիսկ աչքերի արտահայտությամբ մանր չեկիստ Նալբանդյանի` որեւէ հակառուսական գործողության մասնակից լինելը: Պետք է ճիշտ պատկերացնել այսօրվա հայկական «պետական» վերնախավի հոգեբանական տիպը: Սերժ Սարգսյանը եւ իր նմանները իրենց հոգեբանությամբ եղել են, կան ու հավերժ կմնան կայսերական չինովնիկներ: Սերժի նման հավատարիմ գուբերնատորին երբեք հնարավոր չէ պատկերացնել անկախ երկրի նախագահի դերում, որը կարող է «հակա» կամ ինքնուրույն քայլ անել: Եթե սա ձեզ համար շատ վերացական է հնչում, ապա պատկերացրեք մի հայի, որի համար Մեսրոպ Մաշտոցն ու Ա. Պուգաչովան մոտավորապես նույն հարթության մեջ են գտնվում: Իհարկե, «գուբերնատոր» տիպը նրանով էլ «գուբերնատոր» է, որ նրա համար հաճախ միեւնույն է, թե ո՛վ է տերը: Այսօր Վլադիմիր Վլադիմիրիչ, վաղը` Բարաքյաթ Հուսեյնովիչ կամ, ինչպես ասում են, Ահմեդ-Մեհմեդ` ռազնիցի նետ: Բայց այնուամենայնիվ, երկար տարիների փորձը այս մարդկանց սովորեցրել է հատկապես ռուսերենով հնչեցված «օկրիկներից» մազոխիստական հաճույք ստանալ, եւ այսօր նրանք ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունեն` փոխելու այս ավանդույթը: Հոկտեմբերի 27 եւ Մարտի 1 տեսած երկրում, կարծում եմ, կարելի էր արդեն հասկանալ, թե այստեղ անկախանալու ցանկացած միտում ինչպիսի հակազդեցության կարող է արժանանալ: Ես բնավ էլ ճակատագրապաշտություն չեմ ուզում սերմանել, բայց արժե իրականությունն ավելի սթափ գնահատել: Եթե այս գործընթացում հակառուսական թեկուզ հինգ տոկոս բան լիներ, ապա Երեւանի փողոցներում հերթական արյունահեղության հնարավորությունը կտրուկ մեծանալու էր:

Վերջապես, ներկա գործընթացը ճիշտ ընկալելու համար պետք է այն տեղադրել նաեւ ավելի լայն պատմական համատեքստի մեջ: Եթե շատ կոպիտ ձեւակերպեմ` բաց թողնելով բազմաթիվ կարեւոր, բայց տվյալ դեպքում` հարցի էությունը չփոխող նրբերանգներ, ապա հայ-թուրքական հակադրությունը պատմականորեն ընդամենը ածանցյալն է ռուս-թուրքական հակադրության: Հայերը վերջին հարյուրամյակների ընթացքում երբեք ինքնուրույն քաղաքական սուբյեկտ չեն եղել, որպեսզի սեփական թշնամի ունենան (թշնամի ունենալը բնորոշ է քաղաքական սուբյեկտներին): Իհարկե, այս ձեւակերպումից պետք չէ բխեցնել, թե հայերի ատելությունը թուրքերի նկատմամբ բնական հիմքեր չի ունեցել: Ունեցել է եւ այսօր էլ ունի: Խնդիրն այն է, որ բնական այդ հակաթուրքականությունը վերահսկվել եւ «ճիշտ սահմանների» մեջ է պահվել: Օրինակ, եթե 60-ականներին հայաստանցիներին թույլատրվել է հիշել 1915-ը, ապա միայն այն մասով, որով դա վերաբերում է թուրքական պատասխանատվությանը, բայց ոչ երբեք` Ռուսաստանի դերին այդ ողբերգության մեջ: Հային մինչեւ վերջերս թույլատրված էր հիշել Ցեղասպանությունը, բայց միայն այնքանով, որքանով դա պետք է խորացներ նրա ատելությունը թուրքի նկատմամբ, եւ ոչ այնքանով, որ  ստիպեր խորհել եւ իմաստավորել 1915-ն իր ամբողջության մեջ, ինչից անմիջականորեն պետք է բխեր հրաժարումը ֆորպոստի դեր կատարելուց:

Բայց կա նաեւ հարցի մյուս կողմը: Հայ-թուրքական` պատմականորեն միակ երկարատեւ հաշտեցումը վերջին հարյուրամյակում նույնպես նախաձեռնվել եւ իրականացվել է Կայսրության կողմից եւ իհարկե` ի հաշիվ ֆորպոստի: Անշուշտ, նկատի ունեմ 1920-21 թվականների դեպքերը: Հայերին հակաթուրքական ռինգում ե՛ւ «բոքս», եւ «բրե՛յք» ասողը եղել է միեւնույն ուժը: Երկու դեպքում էլ (1920-21-ին եւ այսօր) մենք գործ ունենք Հայաստանին պարտադրված հաշտեցման հետ` մեզ համար տարածքային, հոգեբանական, քաղաքական եւ այլ կորուստներով: Ռուսական սցենարով հայ-թուրքական նախորդ հաշտեցման հետեւանքներից մեկը` Արցախի հարցը, ցայսօր էլ չենք կարողանում վերջնականապես լուծել, բայց պատրաստ ենք մղվել դեպի նոր «հաշտեցում», որը, մեծ հավանականությամբ, բերելու է Արցախի նոր կորստի: Հաշտեցման տեխնոլոգիան` գերարագ տեմպերը, հայկական արժանապատվության անտեսումը, «ստորացուցիչ տեսարանները», «էքսպերտային» հոգեբանական գրոհը «հետամնաց հայերի» ուղղությամբ, հասարակության անտեսումը` վկայում է, որ գործընթացը նախաձեռնվել է մարդկանց կողմից, ովքեր խորապես թքած ունեն հայերիս հոգեբանության, ինչպես նաեւ տարրական ժողովրդավարական գործընթացների վրա: Եթե սա լիներ իրական հաշտեցում, չէր թողնի հոգեբանական այսքան ծանր նստվածք, չէր ուղեկցվի նվաստացված լինելու չմարող զգացումով, նորովի չէր բորբոքի թրքատյացությունը: Կարեւորը ոչ թե հակամարտությունը կամ հաշտությունն են` իրենք իրենցով, այլ դրանց իրական սուբյեկտները: Եթե այսօրվա հաշտեցման սուբյեկտը լիներ հայկական կողմը, ապա դրա շուրջ կարելի էր վիճել` համաձայնել կամ հակադրվել: Այսօրվա գործընթացի խորքը հենց այդ` սուբյեկտի հարցն է: Դա էլ կարող է լինել կողմնորոշման չափանիշ: Չկա հայ-թուրքական խնդիր` որպես այդպիսին. կա եւ մնում է Հայաստանի անկախության խնդիրը: Եւ եթե հայերիս սուբյեկտությունը եւ պետականաստեղծ իրական ազգ դառնալը այսօր պետք է արտահայտվի հայ-թուրքական գործընթացին վճռական «ոչ» ասելով, ուրեմն թող այդպես էլ լինի: Հավատացեք, այդ վճռական «ոչ»-ի դեպքում, եթե դա իրոք համազգային լինի, ոչ ոք ատոմային ռումբ չի գցի մեզ վրա: Չկա աշխարհում ոչ մի ուժ, որը կարողանա մեր փոխարեն որոշում կայացնել, եթե մենք չհնազանդվենք դրան:

Նրանց, ովքեր դեռ երազում է «հաշտության» մասին, հիշեցնեմ, որ Կայսրությունները խաղաղություն են ստեղծում միայն իրենց սահմանների ներսում: Իսկ սահմանակից ազդեցության գոտիներում կայսերական քաղաքականությունը միշտ ուղղված է հակամարտությունների ստեղծմանը եւ խորացմանը: Թող ոչ ոք չխաբվի, թե այսօր Կայսրությունը խաղաղություն է նախատեսել հայերի համար: Նորից հիշենք պատմական համատեքստը: Երեկ Կայսրության թշնամին էր Թուրքիան, հետեւաբար` ֆորպոստը պետք է կենաց-մահու պայքար մղեր նրա դեմ: Բայց այսօր իրականությունն այլ է` այդ պայմաններն այլեւս հնացած են: Հայ-թուրքական, ապա եւ հայ-ադրբեջանական սպասվող հաշտեցումը, մեծ հավանականությամբ, կարող է բերել ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի: Հիշենք հայ-թուրքական գործընթացի սկզբնակետի համատեքստը` ռուս-վրացական պատերազմ: Ահա՛ կայսրության, հետեւաբար` նաեւ ֆորպոստի նոր պոտենցիալ թշնամին: Վրաստանի մասնատումը շարունակում է մնալ Ռուսաստանի նպատակը: Նոր պայմանների տեսակետից շատ անհարմար է, որ տարածաշրջանում Կայսրության գլխավոր հենակետը չի կարող իր զորակոչիկների արյունը թափել նոր ճակատում` պատճառ բերելով թուրքերի հետ հին կոնֆլիկտը: Հայկական գործոնը Վրաստանում նոր կոնֆլիկտ առաջացնելու լավագույն հնարավորությունն է տալիս: Կասկածո՞ւմ եք, որ հեշտից էլ հեշտ Ջավախքում կարելի է սադրել հայ-վրացական պատերազմ: Մեր ազգային զգացմունքները տասնամյակների ընթացքում հաջողությամբ շահարկվել են, հիմա էլ նույն «հաջողությամբ» ոտնահարվում ու տրորվում են: Պատմությունը աղետ է դառնում միայն այն դեպքում, երբ շարունակ կրկնվում է, իսկ կրկնվում է այն, երբ չկա պատմական անցքերը ռացիոնալ կերպով իմաստավորող սուբյեկտը` ինքնորոշվող ժողովուրդը` իր վերնախավով: Գոնե այս անգամ ընդվզենք եւ ճեղքենք անվերջ կրկնության դիվական շրջապտույտը:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements