ԷՇԱՑՄԱՆ ՊՐՈՑԵՍ

Իրենք իրենց ապագա դատավարության նյութերը ամեն օր պատրաստող` ճակատագրի ու սեփական անգիտակցականի կույր գործիքները, որոնք, ի դեմս այսօրվա մեղադրյալի, իրենց վաղվա դատավորին են կռում-կոփում նախանձելի հետեւողականությամբ: Գրված`2009 11 03

Տպագրված` 2009 11 05 “Հայկական Ժամանակ”

Աննկարագրելի աստիճանի սուտ դատական վկայության ականատեսը դառնալով` սկզբում վրդովվում ես, ուզում ես ստոպ տալ (որտե՞ղ է այստեղ ձեր ստոպ-կրանը), հետո թուլանում ու սկսում ես բոլորի հետ զվարճանալ եւ վերջապես` հոգնում-զզվում ես, անզգայանում ու էշանում:
Ինչը եւ պահանջվում էր ապացուցել` ճաշակելով էշացման պրոցեսի քաղցր ճահճի ջրերից, այլեւս համերաշխ ու համահունչ ես հայաստանյան կյանքի հիմնական միտմանը: Երջանկություն եւ հարմոնիա: Օրինակ վերցրու ազգի մեծերից` առաջին դեմքից մինչեւ վերջինը օրնիբուն զբաղված են իրենց էշի տեղ դնելով: Բայց զգո՛ւյշ: Էշերից խոսելն էլ այսօր պոլիտկոռեկտ չէ: Էշ կա` բարձրաստիճան պաշտոնյա է, էշ էլ կա` առյուծի կերակուր է դառնում: Սասնա ծուռ Դավիթն էլ, սկզբում, որ խամ էր` էշը հեծնած էր ուզում գնար Մելիքի դեմ մարտի, հետո, պառավ նանը գլխի գցեց, թե` հորդ Քուռկիկ Ջալալին գնա Ձենով Օհանից ուզի, ա՛յ տղա: Բայց սա մի այլ պատմություն է (չնայած, այսօրվա տեսակետից, թերեւս, բավականին ակտուալ` հայերին այլ հույս մնացե՞լ է, բացի նրանից, որ Դավիթն, էշը մի կողմ դնելով, հոր ժառանգությունը կգտնի ու Ձենով Օհանի իմաստություններն էլ անտեսած` շաշ-շաշ կգնա կռիվ ու սաղի հերը կանիծի):

իշուկներ եւ շշուկներ

Դառնամ բուն ասելիքիս: Այսինքն` դառնամ զողորմի տամ Նիկոլի դատին: Զարմանալու կարողությունը չկորցնելը վերջին զենքն է, որը կարող է պաշտպանել էշացման ներդաշնակության մեջ ընկղմվելուց: Ինչո՞ւ չի կարելի վկաներին պարապեցնել, սովորեցնել իրենց վկայության հետ կապված դեպքերի գոնե ամենաընդհանուր մանրամասները, այնպես, որ գոնե դատավարության ձեւական կողմը պահպանվի: Ինչո՞ւ է պետք ճշմարտությունը ոտնահարել մինչեւ ամենավերջին մանրուքը: Ինչո՞ւ չի կարելի, որ վկայի պնդումներից գոնե մեկը ճիշտ դուրս գա: Վկան, որը պատմում էր 2007-ի հոկտեմբերի 23-ի դեպքերի մասին, որոնց մասնակիցն ու ականատեսն եմ եղել նաեւ ես, բառացիորեն` ոչ մի ճիշտ նախադասություն չէր կարողանում ասել դեպքերի մասին: Նա այնպես էր «վկայում», որ ե՛ւ չորքոտանի, ե՛ւ երկոտանի էշին էլ պարզ էր, որ նա իր «նկարագրված» դեպքը ոչ միայն չի տեսել, այլեւ ուրիշի պատմածով էլ չի լսել: Խոսքը ամենաընդհանուր բաների մասին է, նրբությունները` ջհանդամ: Ասենք` դրոշ ու ցուցապաստառ եղե՞լ է երթի ժամանակ թե՞ ոչ, երթի մասնակիցները ո՞ր ուղղությամբ են շարժվել, մոտավորապես ինչքա՞ն են եղել եւ այլն: Մարդուն ուղղակի ասել էին, որ ինչ որ ցույց էր եղել, նա էլ պատմում էր մի բան, որ, իր պատկերացմամբ, պիտի ցույց լիներ: Չնայած, ինչի՞ց եմ խորացել, եթե նա չգիտեր նույնիսկ Աբովյան փողոցի անունը, որի հարեւանությամբ, իր իսկ խոսքերով, աշխատում էր, նաեւ տեղյակ չէր իր աշխատած-չաշխատած խանութի անվանումից: Ու սա ընդամենը մեկ վկան է:
Փաստորեն, տվյալ դեպքում նույնիսկ շուկայական ամենազոր համարվող օրենքները չեն գործում: Եթե, ինչպես, մեղմ ասած, ենթադրելի է, մեղադրող կողմի վկաներին վարձատրություն են տալիս, ապա գոնե կարելի է նրանցից դրա դիմաց համապատասխան «աշխատանք» պահանջել: Հասկանում եմ, որ բութ են, բայց նույնիսկ ամենաբթամիտի գլուխը կարելի է մի երեք-չորս պարզ տեղեկություն մտցնել: Արդյո՞ք այն աստիճան բութ մարդ կարող է լինել, որին չի կարելի սովորեցնել Աբովյան փողոցի անունը: Եթե չեն անում, ուրեմն` չեն ուզում: Բայց ինչո՞ւ:
նամռութ մռութը քո, Բրուտոս

Նայում եմ դատավարության երկու կողմերի ուղղությամբ: Պաշտպանվող կողմը` մեղադրյալն ու փաստաբանները, հանգիստ, ուրախ, ժպտադեմ: Մեղադրող կողմը… Պատկերացրեք, եթե մեկը տառապի ատամի սուր ցավից ու անընդհատ զսպի իրեն գոռալուց: Այդպիսին է մեղադրող կողմը ներկայացնող երկու անհատների դեմքի արտահայտությունը: Ծայր աստիճան լարված, նամռութ, հոգնած (ինչի՞ց, այ բալամ), ջղաձիգ… (Ոնց որ ամպամած օր լինի. այն օրերից, երբ ամպերը ժամերով կախված են, բայց անձրեւը այդպես էլ չի գալիս: «Մի՛ լիցի ինձ … ամպել, եւ ոչ` անձրեւել»): Իսկ ավելի ճշգրիտ` դեմքերն արտահայտում են մի բան` զզվածություն: Տոտալ ու անշրջելի զզվածություն տառացիորեն ամեն ինչից` սուտ ու ճիշտ, դատ-մատ, վկա-մկա, գործ-մործ, երկիր, պետություն, Սերժ-Լեւոն, վերջապես` սեփական իմիջը, «ինչ կմտածեն մարդիկ»-ը, «գոնե մի քիչ ձեւ տանք»-ը: Զայլա չկա, հավես չկա, նադայել էղանք, էլ ոչինչ չենք ուզում, էլ ոչինչ ո՛չ կայֆ ա տալիս, ո՛չ` դիլխոր գցում: Չկա էրեգը, վաղը, վաղը չէ մյուս օրը. միայն անվերջանալի, գորշ, ոչ մի զգացմունք չառաջացնող հսկայական, ձիգ, անծայրածիր, անեծքի վերածված ներկան` երկնքից անվերջ կախված, բայց չանձրեւող ու չամպրոպող, անպտուղ ամպերի նման: Եթե գոնե անեծքը անեծք լիներ` ամպերը կգոռային, շանթ ու կայծակ կլիներ` դա էլ չկա, միայն հոնքերը կիտած, նաֆսոտ երկինք: Ու նախ եւ առաջ` զզված իրենք իրենց գոյությունից: Բայց ոչ թե այնպես են զզվել, որ ուզում են մի բան փոխել, այլ ընենց են զզվել, որ վաբշե ոչնչի, բացարձակ ոչնչի հավես չկա: Մի հատ բութ մատ շարժելը ատամի սուր ցավին համարժեք է: Ոնց որ քաքի բոչկայի մեջ ընկնես` սկզբում մի քիչ թպրտաս, մի քիչ ուզես ձեւ տաս քեզ, իսկ հետո հարմարվես-տեղավորվես. ինչ կա՞ որ` բավականին տաք է ու փափուկ: Էնպես չէ, որ մինչեւ վերջ գիտակցում են իրենց զզվանքը, բայց մարմնի ու ոգու անլեզու-անգիտակցականը ամբողջապես «կոռումպացվել»` փտել է սարդոստայններով լի խոնավ նկուղի նման:

դատիր, որպեսզի դատվես

Ու ամենից շատ նրանք ջղայնացած են մեղադրյալի վրա: Ոչ թե որովհետեւ մեղադրյալը արել է այն, ինչ արել է, կամ չի արել այն, ինչը նրան որպես մեղադրանք է առաջադրվում: Այլ որովհետեւ` դեռեւս չի հաջողացրել անել այն, ինչ հռչակել է որպես նպատակ: Ջղայնացած են մեղադրյալի վրա, որն, իրենց կարծիքով, էսքան խոսել է, բայց չի արել իր խոստացածը: Բայց կրկին` ոչ թե այն իմաստով, որ հեղափոխություն չի արել ու իրենց համար էլ, ուրիշների հետ միասին, չի ապահովել ազատության հնարավորություն: Ջղայնացած են, որ իրենց դեռ չեն բռնել ու չեն դատել: Մեկը հայտնվեր, Աստվա՜ծ ջան, մե՛կը մեր ձեռքերից բռներ` դինջանայինք: Սա է հոգու ճիչը: Դրա համար էնպես են դատում, որ ո՛չ ոք, երկրագնդում ո՛չ մի բանական ու անբան արարած հանկարծ չկասկածի իրենց դատի անարդարության վրա: Գործ են սարքում իրենք իրենց վրա` խնամքով, մասնագիտորեն, հետեւողականորեն: Որ շանս չունենաս իրենց բոլոր կանոններով, սիրուն, կոկիկ, տեղը տեղին չնստացնելու, որ աշխարհի ամենահմուտ դատապաշտպանն իսկ չկարողանա փրկել իրենց: Իրենք իրենց ապագա դատավարության նյութերը ամեն օր պատրաստող` ճակատագրի ու սեփական անգիտակցականի կույր գործիքները, որոնք, ի դեմս այսօրվա մեղադրյալի, իրենց վաղվա դատավորին են կռում-կոփում նախանձելի հետեւողականությամբ:

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements