Կարծիքներ եւ կարծրատիպեր

Քաղաքականությունն, անշուշտ, պրագմատիկ գործընթաց է, բայց ամենևին էլ ոչ այն չափի, որքան ոմանք են պատկերացնում մեր մոտ: Իդեալները և արժանապատվությունը նույնպես գործնական քաղաքականության էական մասն են կազմում, և եթե հայ նյութապաշտ չարչիներն ավելի ուշադիր լինեին, ապա կարող էին նկատել, որ աշխարհի հզորագույն պետություններն անցյալում էլ, այսօր էլ նրանք են, որոնք հավասարակշռություն են պահպանում իդեալիզմի և պրագմատիզմի միջև:

Գրված` 2009-11-04

Տպագված` 2009-11-06 (http://7or.am/hy/news/2009-11-06/8133/)

Վերջին շրջանում հայ-թուրքական գործընթացի մասին այնքան է գրվել, որ ոչ միայն ընթերցողների, այլև գրողների զահլեն կարծես թե գնացել է, որովհետև թվում է՝ էլ բան չկա ավելացնելու արդեն ասվածին: Բայց մյուս կողմից էլ հայ-թուրքական գործընթացն այն անվիճելի դրական արդյունքն ունի, որ ստիպում է անընդհատ մտածել, վերագնահատել, նախ սեփական կարծրատիպերից դուրս գալ: Հայցելով ընթերցողների ներողամտությունը՝ ես այսօր նորից եմ փորձելու դիտարկել այդ թեմայի որոշ առումները:
Երբ խոսք է գնում կարծրատիպերի մասին հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, սովորաբար անմիջապես հիշում ենք, այսպես կոչված, «ազգային գաղափարախոսության» (կամ հայդատականության, կամ ինչպես էլ դա կոչենք) հետ կապված պատկերացումները: Ձևավորվելով հիմնականում 60-ականներին՝ ի հակադրություն արևելահայ նախորդ սերնդի մտավորականության «ապազգայնության», «ազգային գաղափարն» իր ժամանակին որոշ դրական դեր կատարեց՝ որպես սովետական պաշտոնական գաղափարախոսության հակակշիռ և 88-ի շարժման խթանիչ ուժ: Սակայն հենց 88-ի շարժման արդյունքում ծնված նոր՝ անկախ պետականության պայմաններն էլ զրկեցին գաղութատիրական շրջանում ձևավորված «ազգայինն» իր համարժեքությունից: Կարծիքը վերածվեց կարծրատիպի: Այս կարծրատիպի քննադատության ալիքի վրա փորձ եղավ ձևակերպել այլընտրանքային մի տեսակետ: Մեծ հաշվով այդ փորձը չկայացավ, իսկ հետագա տարիներին դա խառնվեց արևմտյան լիբերալիզմի «սեմինարային խաղաղասիրության» մեկնաբանության հետ: Այս զարգացումների ավելի մանրամասն վերլուծությունը բավական բարդ խնդիր է, դրա համար հիմա դրա մեջ չեմ խորանա: Ինչ էլ լինի, արդյունքն այն է, որ «ազգային գաղափարի» քննադատողականությունն ինքն էլ իր հերթին ուշ թե շուտ բնականորեն պետք է կարծիքից ձևափոխվեր կարծրատիպի, ինչը լավ բացահայտվում է ներկայիս գործընթացների համատեքստում, երբ «քննադատողականությունը» բացահայտեց իր՝ հաճախ քարացած, ոչ ճկուն, դոգմատիկ և իռացիոնալ բնույթը: Ըստ էության՝ ի դեմս «քննադատողականության»՝ այսօր մենք գործ ունենք արդեն «երկրորդ սերնդի կարծրատիպերի» հետ: Հերթական անգամ այն, ինչ կատարում էր առաջադիմական դեր, վերածվում է օրվա խնդիրներին անհամարժեք երևույթի: Եթե ոմանց համար անցումն «ազգայինից» դեպի «քննադատողականություն» դեռ նորույթ ու առաջադիմություն է, ապա մյուսների համար անցած փուլ կարող է համարվել նաև «քննադատողականությունը»: Այն պայմաններում, երբ նախկին բոլոր կարծիքները վերածված են կարծրատիպերի, պետք է ձևակերպվեն նոր կենսունակ կարծիքներ: Վերջինս, իհարկե, մի ռազմավարական նպատակ է, որ չի կարող մեկ կամ նույնիսկ մի քանի հոդվածի շրջանակներում, ոչ էլ մեկ-երկու հոգու ջանքերով լուծվել: Ինչպես միշտ, նախնական աշխատանքը պետք է կայանա եղածի ապակառուցման և վերլուծության տարրալուծման մեջ:
Կարծրատիպերի երկու խմբի վերլուծության և վերաիմաստավորման խնդիրը կարելի է սկսել մի քանի կարևոր խնդիրների ճշգրտումից: Օրինակ՝
ա) Եթե ընդհանրապես ճիշտ է հայկական ինքնության խնդրի հետ կապված շեշտադրության փոփոխությունն անցյալից և պահպանողականությունից դեպի ապագայատենչություն, զարգացում և առաջադիմություն, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ հրաժարումը մեր անցյալի ողբերգությունից դասելու է մեզ քաղաքակիրթ ժողովուրդների շարքը: Ճիշտ հակառակը՝ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհում ոչ մի ազգային սուբյեկտ էլ չի կարող հարգանք վայելել, եթե փատացիորեն ուրանում է իր զոհերին: Մոռանալ անցյալն այն ձևով, որով փաստացիորեն առաջարկվում է հայ հանրությանը, ոչ թե առաջադիմություն է, այլ ուղիղ ճանապարհ դեպի երկրորդ սորտի գաղութացված ժողովրդի կարգավիճակի վերջնական հաստատում: Հայերի Ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև համամարդկային ողբերգություն է, և ծիծաղելի է կարծել, թե մենք ավելի առաջադեմ կերևանք աշխարհի աչքում, եթե հրաժարվենք այդ խնդրից, ինչը մենք փաստացիորեն այսօր անում ենք: Այսօրվա աշխարհի միտումն այն է, որ նույնիսկ Սուդետների գերմանացիների կամ ԱՄՆ-ում ճապոնական ռազմագերիների ճամբարների խնդիրները, որոնք կարծես թե վաղուց մոռացված էին, ակտուալիզացվում են և լուրջ քաղաքական խնդիրների առարկա դառնում: Անցյալը ոչ միայն չի մոռացվում, այլև հաճախ ծայրահեղության հասնող չափով է հիշեցվում, երբ, ասենք, Հռոմի պապը ներողություն է խնդրում մահմեդական աշխարհից 800 տարի առաջ տեղի ունեցած խաչակրաց արշավանքների համար: Ես չեմ ասում, որ նման ծայրահեղությունները մեզ համար օրինակելի պետք է դառնան, բայց մենք աշխարհին ոչ թե Ավարայրի դեպքերն ենք հիշեցնում կամ Կիլիկիայի անկումը 14-րդ դարում (չնայած հիշյալ տրամաբանության ներքո դա էլ կարող էինք անել), այլ 20-րդ դարի իրադարձությունները, որոնց պատասխանատվությունն ընկնում է ժամանակի գրեթե բոլոր մեծ տերությունների վրա:
բ) «Ազգային գաղափարն» այնպես, ինչպես ձևավորվել է 60-ականներից, չի կարելի շփոթել ազգային արժանապատվության իրական ոտնահարման հետ: Ի նկատի ունեմ, որ եթե «ազգային գաղափարն» ակնհայտորեն հնացած և ոչ համարժեք ենք համարում, դա առիթ չի թուրքերի հետ եղբայրանալու կամ 1915-ի հիշատակից հրաժարվելու համար:
գ) Քաղաքական և ազգային-բարոյական-համամարդկային հարթությունների շփոթ: Թուրքիայի հետ հաշտեցումը, որպես քաղաքական գործընթաց, բխում է ՀՀ շահերից (սակայն, իհարկե, ոչ որպես ինքնանպատակ կամ ֆետիշ), բայց այսօր քաղաքականը խառնված է ազգային-բարոյականի հետ, և դա հենց արձանագրությունների տեքստում, ինչի վառ օրինակն է «պատմաբանների ենթահանձնաժողովը»: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուսն ընկնել և քաղաքական հաշտեցման գործընթացը նենգափոխել ուրացման և եղբայրացման գործընթացներով: Եթե Ցեղասպանության հարցն ի սկզբանե ներգրավված չլիներ ներկա գործըթնացի մեջ, այն կարելի էր զուտ քաղաքական շահերի տեսակետից գնահատել և վիճել դրա դրական կամ բացասական կողմերի մասին: Բայց եթե մենք փաստացիորեն ընգրկել ենք պատմական խնդիրները գործընթացի մեջ, ապա այստեղ արդեն զուտ քաղաքական գնահատականները քիչ են, հաշտեցման հիմքերը՝ կեղծ: Եթե հայ և թուրք կառավարութունները պատրաստ են նույնիսկ հաշտվելու միմյանց հետ, ապա հասարակությունները ոչ միայն պատրաստ են, այլև կարող են ի հայտ բերել դիրքորոշումների է՛լ ավելի կոշտացման միտում: Իհարկե, ոմանց թվում է, որ իրենք հաջողացրել են դարի գործարք կատարել’ «Ցեղասպանությունը Ղարաբաղի փոխարեն»: Բայց պետք է նկատել, որ նման բազարչիական «շուստրիությունը» չի կարելի նույնացնել մեծ քաղաքականության հետ: Քաղաքականությունն, անշուշտ, պրագմատիկ գործընթաց է, բայց ամենևին էլ ոչ այն չափի, որքան ոմանք են պատկերացնում մեր մոտ: Իդեալները և արժանապատվությունը նույնպես գործնական քաղաքականության էական մասն են կազմում, և եթե հայ նյութապաշտ չարչիներն ավելի ուշադիր լինեին, ապա կարող էին նկատել, որ աշխարհի հզորագույն պետություններն անցյալում էլ, այսօր էլ նրանք են, որոնք հավասարակշռություն են պահպանում իդեալիզմի և պրագմատիզմի միջև: Ի՞նչ պիտի լինեին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, հենց նույն Թուրքիան, եթե նրանց քաղաքականությունը բաղկացած լիներ չոր պրագմատիզմից, եթե չլինեին այն սկզբնական բարձր իդեալները և արժանապատվության զգացումը, որոնք ընկած են թե՛ այդ ազգերի գոյացման հիմքում, թե՛ ներկայիս քաղաքական վերնախավերի վարքագծում: Ասվածը չի նշանակում, որ ցինիզմը և հաշվարկը բացակայում են քաղաքականության մեջ: Բնականաբար, դրանք միշտ էլ առկա են: Խնդիրն այն է, որ հայերս, լինելով վերջին դարերի ընթացքում մանրբուրժուական, չարչի ժողովուրդ (եկեք դրանից չվախենանք), քաղաքականության միայն այդ ցինիկ կողմն ենք ընկալել: Իսկ երկրորդ’ իդեալիստական մասը չնկատելու ենք տալիս: Դա էլ մեր քաղաքական անհաջողությունների պատճառներից մեկն է:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements