Պատմության թատրոնը

Զարմանալի է, թե ինչպես են բոլոր ժամանակների բռնապետությունները բութ համառությամբ կռում-կոփում իրենց հակառակորդներին, նրանց իմիջը եւ այսպես ասած` «պատմական կարիերան»: Թվում է, թե դժվար չէ համապատասխան եզրակացություններ անել նախորդների փորձից եւ փորձել շարժվել ուրիշ` ավելի ճկուն մեթոդներով: Շատ հեռուն գնալ պետք էլ չէ` պատմական դասեր քաղելու համար: Չէ՞ որ դեռ ողջ են այն մարդիկ, ովքեր հիշում են սովետական դատավարությունները այլախոհների նկատմամբ:
Վերջերս կարդում էի արձանագրությունները սովետական գրողների մի հավաքի. այստեղ, հանուն բարձր արվեստի, խստորեն դատապարտվում էր Բորիս Պաստեռնակը, եւ կարծիք էր հայտնվում, թե ապագան մոռացության կմատնի նրա անունը: Այդ իրադարձությունների ժամանակակիցների մի զգալի մասը դեռ կենդանի է, բայց իսպառ մոռացության են մատնվել ոչ թե Պաստեռնակի, այլ նրան դատապարտողների անունները: Իհարկե, Պաստեռնակը, Սոլժենիցինը, Բրոդսկին եւ ուրիշները տաղանդավոր գրողներ էին, ովքեր առանց հետապնդումների էլ հայտնի էին ու կմնային սերունդների հիշողության մեջ: Բայց նրանց անունները երբեք չէին վերածվի այսպիսի ամուր «բրենդի», եթե սովետական իշխանությունն իր շինծու եւ տրագիկոմիկ դատավարություններով ու դատապարտումներով ամեն ինչ չաներ` այդ անձանց հերոսացնելու համար: Սա եզակի պատմական ժամանակաշրջանի օրինակ չէ: Ցարական Ռուսաստանը, Սուլթանական Թուրքիան, հին ու նոր բոլոր բռնապետությունները հաջողությամբ աճեցրել, դաստիարակել եւ հասունացրել են իրենց ապագա գերեզմանափոր հեղափոխականների սերունդներ: Ու թեեւ ես պատմական ճակատագրապաշտությունից միշտ էլ խորշել եմ, սակայն, դժվար է այս ամենում չտեսնել հեգելյան պատմական բանականության աշխատանքը, որի ընդամենը կույր գործիքներն են բռնապետերն ու նրանց կամակատարները: Նրանց միապաղաղ, մոնոտոն եւ ինքնակրկնվող բթությունը, այս պարագայում, թերեւս, պատմական թատրոնի մարիոնետի` նրանց էության արտահայտությունն է:
Ես չեմ ուզում Նիկոլին համեմատել Պաստեռնակի կամ Սոլժենիցինի, ոչ էլ` անցյալի որեւէ գործչի հետ: Տարբեր են ժամանակները, տարբեր են մարդիկ, եւ նմանատիպ համեմատություններն անհեթեթ են ինքնին: Բայց ավելի քան համոզված եմ, որ արդեն գրվել է պատմության դասագրքի այն էջը, ուր հետնորդները կարդալու են Մարտի 1-ին հետեւած դատավարությունների մասին, ուր մեղադրյալները հերոսացված են, իսկ մեղադրողները, դատողներն ու իրանց պատվիրատուները` դատապարտված: Ասելով` արդեն գրված է, նկատի չունեմ բառացի իմաստը («գրված-ավարտված»), այլ այն համոզվածությունը, որ դա հաստատապես գրվելու է պատմականորեն մոտ ապագայում: Ինչպես որ դեռ ողջ են սովետական այլախոհների դատերի ականատեսներն ու գործող անձինք, նույնպես եւ այսօրվա գործընթացների մասնակիցներն ու ժամանակակիցների ճնշող մեծամասնությունը դեռ ողջ-առողջ են լինելու տեսանելի այդ ապագայում, երբ, ասենք, էսօրվա մեղադրողի` թոռն ասեմ, թե ծոռը, պատմության դասաժամին դաս պատասխանելիս պատմելու է անարդարադատությանը դիմադրող հերթական հերոսի մասին: Իհարկե, ես սա չեմ գրում բարոյախոսական ինչ-որ նպատակներով կամ հոգեբանական ազդեցություն գործելու հույսեր փայփայելով: Նման միամտությունից հեռու եմ: Պատմության կույր գործիքները նրանով էլ կույր են, որպեսզի զուրկ լինեն նույնիսկ մոտակա հեռանկարը տեսնելու կարողությունից: Բռնապետությունն ու պատմությունը հակադիր են միմյանց: Բռնապետությունը պատմական ժամանակից դուրս է, որով եւ` դատապարտված: Նա կարողանում է հաստատվել միայն այնպիսի տարածքներում, ուր ժամանակը ետ է ընկնում կամ հապաղում է: Հեռանկար չունենալը, վաղվա պատկերացում չունենալը, «նաղդով» շարժվելը բռնապետության կարեւոր հատկանիշն է, նրա թվացյալ ուժը («տեսաք` ոնց թքած ունենք ձեր սաղ սիրուն օրինաչափությունների վրա»), նրա հարբած ու հաբռգած լակոտի առավելությունը, բայց միաժամանակ` նրա անխուսափելի դատապարտվածության երաշխիքը, որովհետեւ իրական իշխանությունը պատկանում է միայն նրան, ով հեռանկարի պատկերն ունի եւ կառավարում է ժամանակի հոսքը:
Նիկոլն ու մնացած արդեն դատապարտված-նստածները կարող են արդեն ոչինչ չանել: Նրանց փոխարեն նրանց գործն անում է բռնապետության կույր մեքենան: Մի տեսակ ողբերգության դրոշմ կա ճակատագրի լուռումունջ խաղալիքների ժեստերի մեջ: Բայց անժխտելի են նաեւ կատակերգության նշանները: Նիկոլն իզուր է ասում, թե դատավարությունը վարկաբեկում է Հայաստանի Հանրապետությունը: Պատմական հեռանկարի տեսանկյունից` դա գործընթաց է հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն դրա հիմքերի ամրապնդման: Հայաստանի Հանրապետությունը կայացման փուլում է: Քանի որ դա հենց հա՛նրապետություն է, ապա դրա կայացումը, այդ թվում` իշխանական համակարգի կայացումը կախված է հանրության կայացումից: Ներկա եւ ապագա սերունդների հանրային եւ պետական (երկուսն իրար գումարած` հանրապետական) գիտակցության կայացման տեսակետից` այսօրվա դատավարությունը կարեւոր փուլերից է: 70 տարի աշխարհի ամենակեղծավոր վարչակարգի պայմաններում ապրած, մինչ այդ էլ` արեւելյան եւ կիսաարեւելյան բռնապետություններում իր գոյությունը քարշ տված, իր արմատներից ու աշխարհից կտրված, մտավոր վերնախավի փոխարեն ծաղրածուներ, եւ քաղաքական վերնախավի փոխարեն` “տղերք” ունեցող հասարակությունից դժվար է պահանջել մեկ ակնթարթում իրական հանրապետություն ձեւավորել:
Մի անգամ գրել եմ, բայց կրկնվելուց չվախենալով` նորից ասեմ, որ մեղադրող կողմի անժխտելի օգնությամբ ամեն ինչ արվում է, որպեսզի դասագրքերի ապագա դասը առավել համոզիչ լինի: Անցյալ շաբաթվա իմ գրածից մի քանի օր էլ չանցավ, երբ ի հայտ եկավ Նիկոլի «չբնակվելու» հայտնի տեղեկանքը: Հիմա՞ էլ ասենք` դիտմամբ են անում, դիտմամբ են իրենք իրենց ծաղրուծանակի առարկա դարձնում, թե՞ հերթական անգամ գործ ունենք ներքուստ դատապարտված բռնապետության օրինաչափ դրսեւորման հետ: Քիչ էր, որ Նիկոլից հերոս են դարձնում` նրան դատելով, նրա թեկնածությունը չգրանցելով եւ շատ այլ քայլերով, նույն հետեւողականությամբ էլ նրան վերածում են ինչ-որ առասպելական կերպարի: Նրա խոսքը մոգական ազդեցություն ունի, հոգեխանգարմունք է առաջացնում, հիմա էլ պարզվում է, որ նա կարող է միաժամանակ ե՛ւ ներկա լինել երկրում, ե՛ւ բացակայել դրա տարածքից: Սա արդեն պատմություն էլ չէ, էպոս է համարյա: Ու այդ ամենը` Նիկոլի երդվյալ թշնամի` իշխանության ձեռքով: Եթե վաղը պարզվի, որ օրգանները տեղեկություն ունեն, թե Նիկոլը նաեւ ժամանակի մեջ է ի զորու ճամփորդել եւ իրականում ապագայից, ասենք` 3050 թվից ուղարկված առաքելությամբ է ժամանել մեզ մոտ, շա՞տ եք զարմանալու: Կակածո՞ւմ եք, որ Իջեւանի էդ եսիմինչ վարչությունը տենց թուղթ էլ կգրի: Բռնապետության այս հակաբանական դրսեւորումները պատահական չեն: Բռնապետությունը միշտ էլ հեքիաթների վրա է հիմնված, միշտ էլ պատրաստ է` թե՛ ինքը հորինել, թե՛ ուրիշների հորինած հեքիաթներին ականջ դնել: Ծիծաղելի է մտածել իսկ, որ մեր դարում այս ամենը կարող է անվերջ շարունակվել:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s