LOVE IN VAIN (ԶՈՒՐ ՍԵՐ)

Մոտ մեկ տարի առաջ էր, երբ անմասն չմնալով ողջ առաջադեմ մարդկության եւ այսպես կոչված բարի կամքի մարդկանց զվարթ ու ժպտադեմ զանգվածների բերկրանքից, հայ հասարակությունը` ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի, ցնծում էր Բարաք Հուսեյն Օբամայի հաղթանակի փաստից:

Բարաքյաթով այդ տղան, օրիգինալ չլինելով, ԱՄՆ նախագահական թեկնածուներից շատերի նման` խոստացել էր «ճանաչել» Հայոց ցեղասպանությունը (մեկն ըլնե՛ր, հայերին ճանաչել տար դա): Տարին անցավ աննկատ, ինչպես հազարավոր տարիներ անցել են մինչ այդ. ձմեռ, գարուն, ամառ, աշուն, մեկ էլ վայ` Նոր տարին կրկին դռան շեմին է: Պուպուշ բալեքը մի քիչ մեծացան, բիձեքը մի քիչ ծերացան, ծիտիկները էկան ու նորից թռան-գնացին, ծառեր-ծաղիկները ծաղկեցին ու նորից դեղնեցին-թառամեցին, խաղողը բերք տվեց, մաճառը գինի դարձավ, գինին` արյուն: Հայերս ոնց կայինք, տենց էլ մնացինք: Վոբշեմ, սեւ Օբամա բերեց մեր գլխին:
I know you think you’re the Queen of the Underground
(գիտեմ, որ կարծում ես, թե անդերգրաունդի թագուհին ես)
Օբաման ուրիշ է: Նա, ինչպես ճիշտ է նկատվել, իդեալիստ է: Այդպիսիք պատահում են քաղաքականության մեջ, եթե, իհարկե այդ քաղաքականությունը ռուսական կամ հայկական չէ: Հետեւաբար, նա չէր կարող ուրիշների պես մի բան խոստանար, ու հետո մինչեւ հաջորդ ընտրություններ մոռանար: Բայց ի՞նչ անել` հո չէ՞ր բռնելու իսկականից ճանաչեր: Գլուխը ցավում էր, գիշերները լավ չէր քնում: Իսկ ապրիլի 24-ը մոտենում էր: Բայց մեր տղեն իսկականից բարաքյաթով-ղսմաթով-կեչուպմայանեզով տղա է: Կակ ռազ մինչեւ ինքը մտովի էդ տասովկեքի մեջ էր, մոնղոլ-թաթարաց բոլոր իշխանների իշխան Դիմիտրիուս Վեդմեդը հայ տղերքի Սերժոյին կանչում է իր բերլոգա, ու նոր` հույժ կարեւոր պարտիական առաջադրանք է տալիս. иди, мол, Серега, да с турками с басурманами договаривайся, и смотри не выеживайся, а то пасть порву: Հարց չկա, Վեդմեդ Վեդմեդովիչ, հո էրեխա՞ չենք, պարտիան ասում է, կոմսոմոլը պատասխանում է` այո՛: Կարճ ասած` Абдулла, поджигай: Մնացածը գիտեք` ֆուտբոլ-մուտբոլ, տշել, կզել, փայտիկին թքել: Բայց դե ի՞նչ ֆուտբոլ առանց սեւամորթի: Ու Պելեն մտնում է խաղի մեջ: Նոբելյան մրցանակն էլ կակ ռազ գալիս ա, չի ուշանում: Բայց իրա արածը դեռ Նոբելյանի համար քիչ է, ուրեմն ինքը դեռ ինչե՜ր պիտի անի` հանուն հայ ժողովրդի բարօրության, որպեսզի ավանսով տված մրցանակը արդարացնի: Մտահղացումը պարզ է. քանի որ Հուսեյնիչը իդեալիստ է, ուրեմն նա կա՛մ պետք է իրոք ճանաչի Ցեղասպանության փաստը, կա՛մ էլ մի այնպիսի բան անի, որ դրանից ավելի՛ իդեալիստական է, օրինակ, հաշտեցնի հայերին ու թուրքերին:
And you can send me dead flowers by the US mail
(եւ դու կարող ես ուղարկել ինձ թառամած ծաղիկներ ԱՄՆ փոստով)
Հիմա դառնանք, զողորմի տանք հայ ժողովրդին: Ո՞վ է հայերիս համար մինչ այժմ հայատյացներից ավելի՛ վտանգավոր եղել, եթե ոչ հայասեր քաղաքական առաջնորդները: Ֆրանսիայի բազմակի վարչապետ եւ արտգործնախարար, մեծագույն հայասեր, իր ժամանակի ամենաառաջադեմ գործիչներից մեկի (պատերազմների իսպառ արգելման կողմնակի՛ց), սոցիալիստ, Յումանիտե թերթի հիմնադիր, եւ, ուշադի՛ր` Նոբելյան մրցանակակիր ու Կիլիկիան 1921-ին թուրքերին հանձնող Արիստիդ Բրիանի գերեզմանին մի-երկու ծաղիկ դրեք, եթե չեք հավատում: Հիշեցնեմ, որ 1916-ին ֆրանսիացիները հայերի հետ պայմանագիր կնքեցին` Հայկական լեգեոնի ստեղծման մասին, որը պետք է օգներ Կիլիկիան ազատելու գործում: Օգնելը` օգնեց, բայց 21-ին ֆրանսիացիները փոշմանեցին ու Կիլիկիան հայերի հետ միասին հանձնեցին Քեմալին` հանուն ժողովուրդների միջեւ խաղաղության, թշնամության վերացման ու մնացած պուպուշ բաների: Կրկնեմ, դա արվեց աշխարհիս ամենահայասեր` ֆրանսիացի սոցիալիստների եւ անձամբ` ապագա Նոբելյան մրցանակակիր Բրիանի ձեռքով:
And I won’t forget to put roses on your grave
(եւ ես չեմ մոռանա վարդեր դնել քո գերեզմանին)
Առհասարակ, ավանդապես հայերին սիրել են ձախերը, սոցիալիստները, իդեալիստները ու բոլոր տեսակի առաջադեմները (բա ո՞նց չսիրես տենց մռութ ազգին): Հակառակը` աջերը, պահպանողականները, պրագմատիկները ու հետադիմականները կամ անտարբեր են եղել հայկական խնդիրների նկատմամբ, կամ ուղղակի չեն սիրել հայերին: Այդպես է եղել 19-րդ դարի վերջում-20-րդի սկզբում` Անգլիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Թուրքիայում: Անգլիայում եւ Ֆրանսիայում, ազատականներն ու սոցիալիստները, կարելի է ասել, ընտրարշավներ են հաղթել ու քաղաքական կարիերա են արել, այդ թվում, հայասիրության գործոնի օգտագործմամբ: Իսկ Ռուսաստանում ու Օսմանյան կայսրությունում բոլոր տեսակի հեղափոխականներն ու հակասուլթանական-հակացարական պայքարի ռահվիրաները ուղղակի ղուրբան էին լինում հայերին: Եւ հակառակը` աբդուլհամիդներն ու նիկոլայները հայերին ատում էին: Մեկը` Աբդուլ Համիդը, հայերի հանրահայտ ջարդերի կազմակերպիչն էր, իսկ մյուսը` Նիկոլայը (նորընծա ռուսական մարտիրո~սը), հայկական դպրոցների փակման ու Եկեղեցու ունեցվածքի բռնագրավման նախաձեռնողն էր: Հետո, ճիշտ է, Նիկոլայի կառավարության վերաբերմունքը դեպի հայերը փոխվեց` շնորհիվ առաջադեմ հայասեր Վորոնցով-Դաշկովի եւ այլոց: Վե՞րջը:
Վերջը հայասերները համատեղ ջանքերով էնպիսի զուլում բերեցին հայերի գլխներին, որ Աբդուլ Համիդին ու Նիկոլային կարելի է երանությամբ հիշել: Եվրոպացի ու ռուս առաջադեմները, այսինքն` Անտանտան, հայերին ինչ ասես` խոստացան, ներքաշելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, ու հետո հերթով «քցեցին» (Բրիանի օրինակը արդեն հիշեցինք: Նա, ի դեպ, նաեւ երկու անգամ վարչապետ ու արտգործնախարար էր եղել Առաջին աշխարհամարտի տարիներին` 1915-16 ու 1916-17 թթ-ին, ու ի~նչ հայասեր ճառեր ասես` ասած չի լինի): Թուրք առաջադեմ հեղափոխականները, հայերի մեծագույն բարեկամ` երիտթուրքերը, որ 1908-ին հայ ֆիդայիներին «յաշասըն» էին գոռում ու ձեռքերի վրա բարձրացնում («յաշասը՛ն Էնվեր, յաշասը՛ն էրմենի ֆիդայլեր», ըստ Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերի) հայերին իսպառ բնաջնջեցին իրենց տարածքում: Վերջն էլ հայերի մյուս բարեկամները` առաջադեմների մեջ ամենաառաջադեմ բոլշեւիկները (նրանց առաջնորդներից` Տրոցկին, պարապուրդի ժամերին նաեւ հայանպաստ հոդվածներ էր գրում) եկան գործն ավարտի հասցնելու: Էնպես որ, Օբաման առաջինը չէ: Նա նույնիսկ, կարելի է ասել, մի փոքր ուշացած տիպար է: Մեծ հայասերների դարը, մեծ հաշվով, անցել է: Բայց, մի բան կարծես պարզ է` երբ որեւէ մեծ պետության առաջնորդ հայասեր է, հայերն ավելի լավ է` մի տեղ պախկվեն ու սսկվեն` նոր փորձանքներից խուսափելու համար: Այնպես որ, իզուր չէ, որ սիրտս լավ բան չէր վկայում անցյալ տարի: Ինչպես ասում էր պատմական գործիչներից մեկը` «այն ժամանակ ծիծաղողներից շատերն այժմ արդեն չեն ծիծաղում, իսկ նրանք, ովքեր դեռ շարունակում են ծիծաղել, շուտով կդադարեն դա անել»:
ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
*Հոդվածի վերնագրում օգտագործված է 30-ականների սեւամորթ բլյուզմեն Ռոբերթ Ջոնսընի երգի անվանումը, իսկ ենթավերնագրերում` հատվածներ «Ռոլլինգ Սթոունս» խմբի «Դեդ ֆլաուերս» (Թառամած ծաղիկներ) երգի տեքստից: Երկու երգերն էլ նվիրում եմ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը` ի հիշատակ այն փաստի, որ հայերն ու սեւամորթները եղբայր ազգեր են, որի պատճառով էլ հայերը սիրում են բլյուզ, ջազ ու ռեփ, նաեւ` «սեքս, բոքս, ջազ»):

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s