ՌՈՒՍԱՍՏԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Կայսրության «շարժերը» եւ սահմանամերձ տարածքները

Վերջին մեկ տարվա մեջ կրկին աշխուժացել են Կովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատման, առճակատումների կարգավորման եւ այլ «պուպուշ» բաների մասին խոսակցությունները: Իհարկե, այդ խոսակցություններն ուղեկցում են մեզ վերջին 20 տարվա ընթացքում, բայց 2008-ի ամառվանից ականատես ենք դառնում նաեւ որոշ, եթե ոչ հեղափոխական, ապա դեռեւս երկու-երեք տարի առաջ ոչ մեկի կողմից չկանխատեսված գործընթացների հետ` ռուս-վրացական պատերազմ (օս-վրացականի անվան տակ), ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորում (հայ-թուրքականի անվան տակ), իսկ այսօր էլ ուղղությունը կարծես փոխվել է դեպի արցախյան խնդրի «կարգավորում» (կարող ենք ենթադրել, որ սրա ճիշտ անվանումն էլ պետք է լինի` ռուս-ադրբեջանական «կարգավորում»` հայ-ադրբեջանականի անվան տակ):

Ընդ որում, խնդիրն այն է, որ այս գործընթացների մեջ ներգրավված է ոչ միայն Ռուսաստանը, այլ վերջինիս հետ որոշակի համաձայնության շրջանակներում նաեւ ԱՄՆ-ը: Պետք է նշել, սակայն, որ այս գործըթնացները, որքան էլ դրանք չհիմնավորվեն վերոնշյալ «պուպուշ» բառապաշարով, իրականում որեւէ հեռավոր կապ իսկ չունեն տարածաշրջանում իրական կայունության, խաղաղության եւ անկախության հաստատման հետ: Շատ հնարավոր է, որ թվարկված խնդիրների լուծման բանալին պետք է փնտրել ոչ այնքան ժամանակակից գեոպոլիտիկ հայեցակարգերում, այլ գոնե մասամբ միջնադարյան հին մագաղաթներում ու մատյաններում, քանի որ կովկասյան տարածաշրջանի ինքնության ձեւավորման պատմությունը եւ գաղափարական հիմքը նկարագրված է հենց այդ` ժամանակակից քաղաքականությունից առաջին հայացքից շատ հեռու աղբյուրում:

Սակայն դրա մասին խոսակցությունն առայժմ կթողնենք մյուս անգամվա: Որպեսզի հասնենք այդ թեմային, նախ փորձենք իմաստավորել ներկայիս գործընթացները պատմամշակութային` Կայսրություն-ծայրամասեր մոդելի շրջանակներում: Վերացական եւ կոնկրետ դետալներից քիչ կախված այդ պարզ մոդելը, կարող է թույլ տալ մեզ, առանց տեղեկատվության մանրամասների մեջ խճճվելու վտանգի, ավելի հստակ հասկանալ այսօրվա իրադարձությունները: Ցանկացած հարց հասկանալու համար կարեւոր է դիտարկման ճիշտ հեռավորության ընտրությունը: Որոշ բաներ ավելի պարզ են դառնում մոտիկից` կարճատեսի մանրակրկիտ ոսկերչական հայացքի օգնությամբ, իսկ մյուսներն էլ, հակառակը` ավելի պարզ են դառնում հեռատեսի դիտանկյունից:

Ռուսաստանը` Հայաստանի անկախության գլխավոր սպառնալիք

Ներկայիս «Հարավային Կովկաս» կոչվածը որպես յուրահատուկ ինքնություն, մշակութային եւ աշխարհաքաղաքական գոտի ոչ միայն ուղղակի նախկին Ռուսական Կայսրության բեկորն է, այլեւ մեծ հաշվով դեռ շարունակում է կազմել դրա մասը: Պատմական այնքան կարճ ժամանակահատվածում, որքան 20 տարին է, նախկին կայսերական ծայրամասը չէր կարող լիարժեք անկախության հասնել, դուրս պրծնելով Կայսրության զարգացման պարբերաշրջանից, մանավանդ, որ նախկին-ներկա մետրոպոլիան հակված չի խրախուսելու նման գործընթացը: Սա նշանակում է, որ տարածաշրջանի, եւ ի մասնավորի Հայաստանի անկախության եւ անվտանգության գլխավոր սպառնալիքը մեծ հաշվով մնում է Ռուսաստանը: Ուզում եմ շեշտել հատկապես Հայաստանի պահը: Այնպիսի տպավորություն է, որ մենք չենք գիտակցում կամ չենք հիշում, թե ումից ենք անկախացել: Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը Ռուսական Կայսրության նախկին մասն է, եւ անջատվել է վերջինից, ընդ որում` Կայսրության հետ 1988-91 թթ. համառ պայքարի արդյունքում: Հայաստանի պոտենցիալ հիմնական հակառակորդը մեծ հաշվով մնում է ոչ այնքան Ադրբեջանը կամ Թուրքիան, որքան Ռուսաստանը:

Ասվածը պետք է ճիշտ հասկանալ. խնդիրն այն չէ, որ պետք է վաղը պատերազմ հայտարարել Ռուսաստանին, պահանջել ռուսական ռազմաբազաների դուրսբերումը, արգելել ռուսերենը, ճնշել մոլոկաններին եւ այլն: Ուղղակի պետք է հանգիստ, առանց ավելորդ հիսթերիզմի ընդունել եւ հասականալ, որ այո, Հայաստանի անկախության գլխավոր սպառնալիքը Մոսկվան է, եւ մարտավարությունը կառուցել` ելնելով այդ իրողությունից:

Կայսրության ցիկլերը

Ռուսական Կայսրության (այսուհետ ուղղակի` Կայսրության) «շարժումներն» են Հայաստանին սպառնացող հիմնական ռազմավարական վտանգը: Մոդելը հետեւյալն է: Շատ կոպիտ ասած, Կայսրությունը կարող է ունենալ երկու տեսակի «շարժ»: Մեկը դեպի ծայրահեղ թուլացում եւ վերջնական փլուզում, մյուսը` նախկին ուժի վերականգնում եւ ծավալում: Երկուսն էլ կարելի է գնահատել որպես մոտավորապես հավասար վտանգավոր եւ անկանխատեսելի նախկին կայսերական ծայրամասի` ներկայիս սահմանամերձ գոտու անվտանգության տեսակետից: Իդեալական կարելի է համարել միջին վիճակը, երբ Կայսրությունը թուլանում է, բայց ոչ փլուզման աստիճան: Սա կարող ենք կոչել «հեռավոր հարեւանության» վիճակ: Դա առավել նպաստավոր է նախկին ծայրամասի անկախության կայացման տեսակետից, իհարկե, եթե վերջինս ունի անկախության խնդիրը լուծելու ունակ եւ կամք ունեցող վերնախավեր` քաղաքական, մտավորական, տնտեսական եւ այլն: Բայց վերջին հանգամանքն էլ զգալի չափով կախված է Կայսրության «հեռավորությունից»:

Որպեսզի այս մոդելը շատ չոր ու բռնազբոսիկ չթվա, կարելի է բերել մի քանի պատմական օրինակ: 9-րդ դարում Բյուզանդիայի «ոչ շատ ուժեղ, ոչ շատ թույլ», «պատկառելի հեռավորության» դիրքը նպաստեց Հայաստանի անկախացմանը Արաբական Խալիֆայության քայքայման պայմաններում: Այսինքն, մի կողմից Հայաստանի անկախությունը որպես քրիստոնյա պետության հնարավոր էր միայն Բյուզանդիայի որոշակի թուլության պայմաններում, մյուս կողմից Բյուզանդիայի գոյության փաստը ինքնին նպաստում էր ծայրամասային քրիստոնյա պետությունների գոյացմանը քրիստոնյա եւ մահմեդական աշխարհների սահմանային տարածքում: Հետագայում` 11-րդ դարի առաջին կեսում, Բյուզանդիայի չափազանց ուժեղացումը եւ ծավալումը բերեց հայկական պետությունների անկախության նոր կորստյանը: Բյուզանդիայի թուլացման մյուս ցիկլը նպաստեց Կիլիկիայում հայերի անկախացանը եւ այլն: Քիչ թե շատ մոտիկ օրինաչափություններ կարելի է նկատել Հայաստան-Հռոմ, Հայաստան-Մոնողոլական կայսրություն հարաբերությունների համատեքստում:

Մոտավորապես նույնն է Ռուսական կայսրության հետ հարաբերությունների պատմությունը: 18-րդ դարի սկզբին, երբ Ռուսական կայսրությունը արդեն բավականաչափ ծավալվել էր, որպեսզի խառնվեր Կովկասից հարավ գնտվող տարածքների գործերին, բայց դեռ բավականաչափ ուժեղ չէր, որպեսզի անմիջապես միացներ այդ տարածքներն իրեն, այսինքն գտնվում էր «պատկառելի հեռավորության» վիճակում, դա նպաստեց հայերի եւ վրցիների քաղաքական եւ նույնիսկ մշակութային ակտիվացմանը: Իսկ Կայսրության հետագա ծավալումը բերեց արդեն վրացիների անկախության, եւ հայերի անկախության հույսերի կորստյանը: 19-րդ դարի ընթացքում երկու` Ռուսական եւ Օսմանյան Կայսրությունների անմիջական շփման գոտում հայտնվելը բերեց տարածաշրջանի ժողովուրդների մի մասի բնաջնջմանը եւ տեղահանմանը: Ի նկատի ունեմ հյուսիսկովկասյան ժողովուրդների (այդ թվում աբխազների) ցեղասպանությունը ռուսների, եւ հայերի ջարդերն ու ցեղասպանությունը թուրքերի կողմից. այս երկուսն, ի դեպ, պետք է իրար հետ որոշակի կապի մեջ դիտարկել, բայց սա մի առանձին թեմա է:

20-րդ դարի սկզբին Ռուսաստանի թուլացումը ընձեռեց անկախության նոր հնարավորություն, իսկ վերադարձը հանգեցրեց եւ անկախության, եւ տարածքային զգալի կորուստների: Արդեն մեր ժամանակներում, 20-րդ դարի ավարտին, Կայսրության նոր թուլացումը հանգեցրեց անկախության ձեռքբերմանը: Սակայն այն, որ հատկապես Հայաստանը դեռ մնում է Կայսրության վիրտուալ տարածքում, կարող է ապացուցվել թեկուզ այն փաստով, որ ներհայաստանյան քաղաքական կարեւոր իրադարձությունները որոշ դեպքերում հետաքրքրիր ռեզոնանսի մեջ են մտնում ռուսաստանյան զարգացումների հետ: Օրինակ, 1998-1999 թվականներին իշխանության անցումը հրաժարական տված նախագահից «մութ ձիուկ» վարչապետին, զուգորդված ահաբեկչական աննախադեպ գործողություներով, եւ, ըստ էության, ռեւանշիստական վարչակարգի հաստատում:

Վրաստանի մասնատումից` Հայաստանի կապիտուլյացիա

Վերջին մեկ ու կես տարվա իրադարձությունները կարելի է մեկնաբանել որպես Կայսրության նոր` ծավալապաշտական «շարժի» փորձ: Հատկապես ռուս-վրացական պատերազմը, Վրաստանի ջախջախումն ու մասնատումը լուրջ մարտահրավեր պետք է դիտվեր եւ դիտվի Հայաստանի անկախության տեսակետից: Ընկերոջս դիպուկ բնորոշմամբ, Վրաստանը, որը աշխարհագրական առումով առանձնացնում է մեզ Ռուսաստանից, Հայաստանի անկախության գլխավոր երաշխիքներից է (ինչպես որ դարերի ընթացքում, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով մեղմացրել է հարավից, արեւելքից եւ արեւմուտքից եկող նվաճողների թափը դեպի Վրաստան): Եւ այս իմասոտվ, պատահական չէ, որ Վրաստանի մասնատմանը անմիջապես հետեւեց, եւ դրա համատեքստում ծնվեց այսպես կոչված հայ-թուրքական մերձեցումը: Ինչպես տեսնում ենք, սպառնալիքի մասին խոսքերը պարապ հռետորականություն չեն, քանի որ դժվար է կապ չտեսնել ռուս-վրացական եւ հայ-թուրքական գործընթացների միջեւ: Այսօր նշմարվում է նաեւ նոր ուղղությունը` հայ-ադրբեջանական կարգավորումը, որը նույնպես կարելի է դիտարկել ռուս-վրացական պատերազմի եւ Կայսրության նոր ծավալապաշտական շարժի հետեւանքների համատեքստում:

Բացի նկարագրված պարզ մոդելի օրինաչափությունից, պետք է հաշվի առնել նաեւ առնվազն երկու այլ օրինաչափություն: Ա. Կայսրությունը գնում է գործարքների այլ կայսրությունների կամ տերությունների հետ ոչ թե ի հաշիվ իր, այլ իր վասալների շահերի: Բ. Կայսրությունը երբեք չի ստեղծում խաղաղություն իր սահմանամերձ գոտիներում, այլ հակառակը, հակամարտություններ է ստեղծում: Դա նշանակում է, որ այսօրվա հաշտեցման գործըթնացներն ընդամենը պատրանք են: Իրականում, խոսքը կարող է գնալ Կայսրության տեսակետից այլեւս անօգուտ, իրենց դերը կատարած կոնֆլիկտների վերացման մասին, հանուն նոր հակամարտությունների ստեղծման:

Եւ ուրեմն, տարածաշրջանի կայունության, խաղաղության եւ անկախության բանալին պետք չէ փնտրել մեծ տերությունների գեոպոլիիկ ներկայիս խաղերում: Բանալին թաքնված է բուն իսկ տարածաշրջանում: Ավելի կոնկրետ, ինչպես նշեցի, դա կարելի է գտնել հին մագաղաթներում եւ մատյաններում: Եւ դրա մասին է, որ ուզում եմ խոսել հաջորդ անգամ:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s