ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 1

1. Պարտադրված խաղաղություն (կամ ի հիշատակ եւ ի հեճուկս Դոլգիխի, Սլյունկովի, Տալիզինի, Պոնոմարեւի եւ այլ պաշտոնատար անձանց)

Արտաքին ուժի կողմից պարտադրված հաշտեցումը հազվադեպ է բերում իրական կայունության հաստատմանը: Կարծես թե դժվար է հիշել որեւէ օրինակ համաշխարհային պատմությունից, որը հաստատի գերտերությունների կողմից մշակված այս կամ այն տեղական pax-ի երկարատեւ արդյունավետությունը: Սովորաբար այդպիսի խաղաղեցմանը հետեւած արտաքին կայունությունը ուղեկցվում է ներքին անտեսանելի լարվածությամբ, որի կուտակված լավան ժայթքում է արտաքին ուժերի հեռանալուց հետո: Համոզվելու համար խորանալու կարիք չկա: Կարելի է հիշել մեր սեփական փորձը Ռուսական Կայսրությունում եւ Սովետական Միությունում: Չէ՞ որ երկուսի հովանու ներքո էլ ապահովված էր թվում եւ ծաղկում էր հայերի եւ կովկասյան թուրքերի հաշտ կյանքը: Մարդիկ երջանիկ էին եւ առեւտուր էին անում միմյանց հետ: Մանավանդ Սովետական Միության փորձը շատ ուսանելի է այս առումով: Այն, ինչին այսօր ձգտում են հասնել միջազգային միջնորդները, մեծ հաջողությամբ իրականացրել էր սովետական իշխանությունը` հայ, ադրբեջանցի, վրացի, աբխազ, օս, չեչեն եւ այլ ժողովուրդների ինտերնացիոնալ եղբայրությունն ու խաղաղ համակեցությունը: Բայց մենք եւ մեր անմիջական նախնիները բազմիցս ականատես են եղել, որ Կայսրության եւ Միության թուլացմանը կամ ժամանակավոր նահանջին զուգահեռ ինչի է վերածվել այդ եղբայրությունը` 1905-07, 1917-21, 1988- 94 թթ.-ին:

Իհարկե, կոնֆլիկտների թեժացմանը հաճախ նպաստել է նույն ինքը թուլացող Կայսրությունը եւ այլ գերտերությունները, սակայն ոչ ոք, ոչ մի արտաքին ուժ չի կարող արհեստականորեն ստեղծել կամ խրախուսել մի բան, որը չունի իր ներքին հիմքերը: Ոչ ոք չի կարող նաեւ ժողովուրդներին ստիպել խաղաղություն պահպանել միմյանց մեջ, եթե իրենք ինքնուրույն չհասունանան այդ վիճակին: Տարածված կարծրատիպ կա, թե ժողովուրդները պատերազմներ չեն ուզում, այլ ստիպված են մասնակցել դրանց վերնախավերի դրդմամբ: Եթե ամեն բան այդքան պարզ լիներ, ապա կոնֆլիկտների հարցն աշխարհում թերեւս վաղուց լուծված լիներ: Եթե ժողովուրդներն ուզում են պատերազմել, նրանք անպայման մի օր կպատերազմեն, եւ հաճախ վերնախավերն են, որ ստիպված են ենթարկվել այդ կիսագիտակցական կանչին, այլ ոչ թե հակառակը (իհարկե, հաճախ, բայց ոչ միշտ): Ես գրեթե համոզված եմ, որ եթե այսօր հաջողվի իրականացնել հայերի եւ երկու տեսակի թուրքերի հերթական պարտադրված հաշտեցումը, ապա դա միայն նոր` ապագա կոնֆլիկտների հող է նախապատրաստելու: Անձի եւ միջանձնային հարաբերությունների մակարդակով, հոգեբանությունը վաղուց է ապացուցել, որ արհեստականորեն վերացված ներանձնային կամ միջանձնային կոնֆլիկտը ոչ թե վերանում է, այլ ուղղակի «քշվում» է դեպի խորք: Դա նշանակում է, որ այն ավելի անվերահսկելի ու վտանգավոր է դառնում: Եվ մի օր ենթագիտակցական դարձած ուժը պայթում է նոր թափով:

Մեր` հայկական եւ կովկասյան վերնախավերը, լինելով իրենց էությամբ գերազանցապես ոչ թե քաղաքական, այլ զուտ վարչական եւ գաղութատիրական, սովոր չեն իրենք քայլերը կառուցել, հիմնվելով սեփական պատմության փորձի վրա: Նրանց «վինդոսներում» չկա այդպիսի ծրագիր: Նրանք սովոր են ներմուծել միայն պատրաստի մոդելներ: Այդ իսկ պատճառով այն, ինչ ակնհայտ է թվում առողջ բանականության համար, նրանց հաճախ անհասանելի է: Չէ՞ որ այն փորձը, որը քիչ առաջ ակնարկեցի, ինչ որ հայտնություն չէ, գաղտնիք չէ, դա նույնիսկ պատմական դասագրքերից չէ վերցված, այլ յուրաքանչյուրիս անձնական փորձն է, գոնե այն մասով, որը վերաբերում է սովետական շրջանին: Բայց փորձի փոխարեն գործում են սխեմաներ. տեսությունը, որը կենդանի, անսքող եւ խնամատար տեսողություն պետք է լինի` վերածվում է մեռյալ դոգմայի:

Որպեսզի ապահովվի տարածաշրջանի ժողովուրդների գոնե մի մասի կայուն եւ երկարատեւ խաղաղությունը, պետք է գտնվի գոյության այդպիսի կերպի ներքին «ալգորիթմը», «կոդը», կամ ինչպես որ դա կոչենք: Տնտեսական հարաբերությունները, առեւտուրը եւ այլն, որքան էլ կարեւոր լինեն, սակայն չեն կարող հանդես գալ որպես այդպիսիք: Առեւտուր կարելի է անել նույնիսկ պատերազմի պայմաններում: Պատմություններ կան այն մասին, որ նույնիսկ հակադիր խրամատներում գտնվող զինվորները կռվի դադարի պահերին կարող են միմյանց հետ փոխանակման կամ առեւտրային գործարքների մեջ մտնել: Անկեղծ ասած, ուղղակի ծիծաղելի է, երբ արհամարհելով ողջ նախկին փորձը, մարդիկ կարող են մտածել, որ փոխադարձ տնտեսական կապերի հաստատումը կարող է ապահովել խաղաղություն: Դա ցույց է տալիս, թե որքան ուժեղ է մարդկանց ուղեղային համակարգիչներում ներդրված գաղափարախոսական սխեմաների գերիշխանությունը կենդանի փորձի նկատմամբ: Կարելի է հիշել 1988-ի Պոլիտբյուրոն, որը սովետական գաղափարախոսությանը համապատասխան փորձում էր Արցախի հարցի լուծումը գտնել սոցիալական ծրագրերի մշակման ոլորտում:

Ժամանակակից արեւմտյան սեմինարային խաղաղարարները եւ նրանց հայաստանյան աշակերտները շատ չեն տարբերվում այդ առումով երջանկահիշատակ Դոլգիխից, Սլյունկովից, Տալիզինից, Պոնոմարեւից եւ այլ «պաշտոնատար անձանցից»: Մարդու վարքի մոտիվացիոն դաշտը հնարավոր չէ սահմանափակել միայն տնտեսական ոլորտով: Ալգորիթմը չեն կարող ապահովել նաեւ գեոպոլիտիկ կամ զուտ ռեալ պոլիտիկ-ի վրա հիմնվող լուծումները, թեեւ հատկապես վերջիններս, հիմնված լինելով պահպանողական գաղափարախոսության վրա, հաճախ ավելի հուսալի են, քան դոգմատիկ իդեալիզմի առաջ քաշած կոնֆլիկտների լուծումները (այսպես, Բիսմարկի օրինակով կարելի է հիշել, որ պահպանողական արտաքին քաղաքականությունը փորձում էր հակառակորդին խաղաղության այնպիսի չափավոր եւ ոչ շատ նվաստացուցիչ պայմաններ թելադրել, որպեսզի վերջինիս մոտ ռեւանշի ցանկությունը չդառնա անխուսափելի: Ի հեճուկս դրա, 20-րդ դարի հեղափոխականությունը առաջ բերեց լիակատար կապիտուլյացիայի պահանջը, որից բխում էր նաեւ մինչեւ վերջին զինվոր եւ վերջին փամփուշտ արյունոտ եւ անիմաստ պայքարի գաղափարը):

Ինչեւէ, խաղաղության, կայունության եւ անկախության ալգորիթմը պետք է փնտրել ներսում, ասել է, թե պատմական, պատմամշակութային եւ քաղաքակրթական ոլորտներում: Մինչ այդ հարցով կոնկրետիկայի անցնելը, ներողություն եմ խնդրում անհամբեր ընթերցողներից, որ այս նյութի շարունակությունում ստիպված եմ լինելու մի քանի խոսք ասելու այն մասին, թե ինչ պետք է իմ կարծիքով հասկանալ պատմություն ասելով: Հասկանում եմ, որ սա հրապարակախոսական նյութին այնքան էլ հարիր թեմա չէ, սակայն որոշեցի դա անել, քանի որ lragir.am-ում հրապարակված նախորդ նյութիս արձագանքներից մեկն եղավ մոտավորապես այն, որ պատմության մեջ խորանալը ավելորդություն է, որ պետք է նայել ներկային, որ բերելով պատմական օրինակներ, հեղինակն ու իր ընթերցողները հերթական անգամ դառնում են պատմության գերի եւ այլն: Քանի որ ենթադրում եմ, որ պատմության իմ ընկալումը բավականին տարբերվում է հիշյալ արձագանքի հեղինակի ընկալումից, փորձեմ երկու խոսքով պատասխանել` խոստանալով հնարավորինս կարճ լինել: Միաժամանակ այս ստիպված պատասխանը, հուսով եմ, թույլ կտա տվյալ նյութի երկու հատվածներն ավելի ամուր տրամաբանական կապով կապել իրար հետ:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s