ՍԱԲԻՆԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄ

«Ժամանակ» թերթի նոյեմբերի 24-ի համարում շատ ուշագրավ հարցազրույց է տպվել այսպես կոչված «Ճգնաժամային խմբի» եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերի հետ:
Մեծարգո տիկնոջ պատասխանները տեղ-տեղ հասնում են անկեղծ լկտիության եւ կինիկոսների (հին ու բարի հայկական պատճենմամբ` շնականների) ուսմունքի, տեղ-տեղ էլ` կեղծավոր փարիսեցիության աստիճանի: Եւ ամեն դեպքում, հարցազրույցը կարելի է խորհուրդ տալ որպես պարտադիր` խրատաշատ ու հոգեշահ ընթերցանություն բոլորիս եւ հատկապես նրանց, ովքեր դեռ կարծում են, որ հայ-թուրքական կարգավորումը կապ չունի արցախյան կարգավորման հետ, որ Ս. Սարգսյանը գործարքի մեջ չէ միջազգային ուժերի հետ եւ այլն: Նպատակ չունեմ վերաշարադրելու կամ մեկնաբանելու խնդրո առարկա նյութը, որովհետեւ այնտեղ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ յուրաքանչյուրդ ինքնուրույն ու ինձանից էլ լավ կընկալեք դրա բոլոր ուղերձները` ընթերցելուց հետո: Ես միայն ուզում եմ մի քանի կետերով ամփոփել այն, ինչ հնարավոր է վեր հանել տիկնոջ խոսքերից, ապա մի փոքր ավելի մանրամասն կանգ առնել մի խնդրի վրա, ուր, ըստ իս, կեղծիքն ու նենգափոխումը ամենից շատ է առկա:
, quarum ex iniuria bellum ortum erat
(Անդ կանայք սաբինացի, որոնց պատճառով էլ սկսվեց պատերազմը)
Նախ` խոստացածս ամփոփումը: Ֆրեյզերի առաջին ուղերձն այն է, որ եկել է ժամանակը` Արցախի հարցի շուրջ բանակցություններն ավարտելու շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ` «եկել է ժամանակը` ստորագրելու այդ համաձայնագիրը»: Ավելին` «Մթնոլորտը բավական բարենպաստ է` մինչեւ այս տարվա վերջ հիմնարար սկզբունքները ստորագրելու համար»: Երկրորդ կարեւոր ուղերձն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անմիջապես կապված է Արցախի խնդրի կարգավորման, ավելի կոնկրետ` ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հետ: Բավականին երկար «կյանք պատմելուց» հետո (վերաշարադրվում է «զուգահեռ» գործընթացների հայտնի մուղամը), Ֆրեյզերը, ի վերջո, հայտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո հայ «ազգայնականների» այն փաստարկը, որ ազատագրված տարածքները անվտանգության գոտի են, վերանում է, հետեւաբար` տարածքները միանշանակ պետք է հանձնվեն: Ճիշտ է, տրամաբանությունը կոնկրետ ինձ այնքան էլ պարզ չէ, բայց դրա փոխարեն` ասված է հստակ եւ ուղիղ: Երրորդ ուղերձը` նրանք, ովքեր հույս ունեն, որ Թուրքիայի վրա ճնշում է գործադրվելու Արեւմուտքի կողմից, որպեսզի արագացվի հայ-թուրքական կարգավորումը` անտեսելով թուրքական պահանջները Արցախի հարցում, նույնպես հուսախաբ պետք է լինեն` այս հարցի շուրջ Ֆրեյզերի տեսակետներին ծանոթանալուց հետո: Սա եւս ասված է հնարավորինս ուղիղ: Չորրորդ ուղերձը. Սերժ Սարգսյանը շատ համարձակ եւ լավ տղա է, այսպես ասած` «նաշ սուկին սին», իսկ նրա քննադատները` ազգայնական են (պետք է հասկանալ` «վատ տղաներ են»): Ավելին, վստահություն է հայտնվում, որ եթե նա հաշտեցումը հասցնի որոշակի «աստիճանի» (ըստ երեւույթին, պետք է թարգմանենք` եթե գնա պարտադրված զիջումների), ապա նրա իշխանությանը ոչինչ չի սպառնա (ինչից կարելի է բխեցնել, որ հակառակ դեպքում` ինչ-որ բան նրա իշխանությանը սպառնում է): Հինգերորդ ուղերձը, թերեւս, այդքան էլ հստակ չէ, բայց կարելի է ենթադրել նաեւ դրա գոյությունը: Չնայած Սերժին շռայլվող գովասանքներին, այնուամենայնիվ նշվում է, որ սա իր նախաձեռնությունը չէ միայն, այլ իբր` նաեւ հասարակության պահանջն է: Արդյո՞ք, սրանով ակնարկվում է «համարձակ» նախագահի` որպես օգտագործվելիք եւ դեն նետվելիք գործիքի ճակատագիրը` չեմ կարող ասել: Անկեղծ ասած, առանձնապես չեմ էլ ուզում իմանալ այդ հարցի պատասխանը, որովհետեւ թքած ունեմ սեփական ժողովրդին ջարդած, Ցեղասպանությունը ուրացած եւ այսօր էլ դարերի ընթացքում մեր առաջին հաղթանակը հանձնելու պատրաստ պահեստապետի հետագա ճակատագրի վրա: Ինչ վերաբերում է Սաբինա Ֆրեյզերին, որը կրում է սաբինացիների հին իտալական ցեղից ժառանգած անունը, ապա վստահ չեմ, որ նա եւ այն քաղաքականությունը, որը ներկայացնում է` ստանձնելով հին սաբինացի կանանց հաշտարար դերը, իրականում չեն դառնա ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի առիթ` հար եւ նման նույն հին սաբինացի կանանց:
Arcem iam scelere emptam Sabini habent
(Բայց սաբինացիները հանցանքի գնով տիրացան ամրոցին)
Արդեն ասացի, որ ըստ նորահայտ «սաբինուհու», հայ-թուրքական նախաձեռնությունը պատկանում է ոչ միայն Ս. Սարգսյանին, այլեւ, իբր, «հասարակությանը»: «Իմ կարծիքով` Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունները պատրաստ են հաշտության: Երկար տարիներ պահանջվեց այս հանգրվանին հասնելու համար, եւ հիմա երկու երկրների հասարակությունները պատրաստ են սահմանները բաց տեսնել, քննարկել 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության հետ կապված հարցերը»: Սա խնդրի` ամենամեծ ու վրդովմունք առաջացնող նենգափոխումն է: Հայաստանի կառավարությունը, ծաղրելով եւ կեղծելով ժողովրդավարական բոլոր հիմնարար արժեքները, փորձում էր համոզել, թե հայ-թուրքական կարգավորման հանրային քննարկում է կազմակերպել: Հիմա ժողովրդավարության եւ ուղղակի առողջ բանականության եւ առօրյա փորձի նույն բռնաբարությունը կատարվում է ժողովրդավարական արժեքներ քարոզող Արեւմուտքի ներկայացուցչի կողմից: Մանավանդ հուզիչ է «երկար տարիների» հիշատակումը: Ես չգիտեմ թուրք հասարակության մասին, թեեւ գրեթե համոզված եմ, որ այնտեղ էլ մեծամասնությունը ամենեւին էլ պատրաստ չէ հաշտեցման: Բայց, Աստված իմ, էս խեղճ հայ հասարակությանը ո՞վ է առհասարակ հարցրել, ո՞վ է նրա հետ քննարկել, ո՞վ է նրան բանի տեղ դրել, այն էլ` «երկար տարիների» ընթացքում: Ինչ տարիներ, նույնիսկ նախընտրական արշավի ժամանակ «համարձակ» Ս. Սարգսյանը խոսք իսկ չի ասել իր ընտրողներին հայ-թուրքական հարաբերությունները շուտափույթ կարգավորելու իր` մանկուց փայփայված բաղձանքի մասին: Եւ նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ավելի հին կողմնակիցները, որոնց թվին պատկանել է եւ տողերիս հեղինակը, երբեք չեն ենթադրել, որ այդ կարգավորումը պետք է ընթանա Ցեղասպանության փաստացի ուրացման, ազգային արժանապատվության ստորացման գնով: Ու եթե այսօր մենք պետք է ազգայնականներ համարվենք` ձեր նախաձեռնող ու համարձակ պոնչոների տեսակետները չկիսելու համար, ապա անձամբ ես եւ իմ նմանները պատրաստ են թեկուզ ամենածայրահեղ ազգայնականների կոչման արժանանալ, որովհետեւ տվյալ պայմաններում` դա միայն պատիվ բերող անվանում է:
Nouissimum ab Sabinis bellum ortum multoque id maximum fuit
(Սաբինացիների հետ պատերազմը վրա հասավ վերջում եւ ամենածանրը դուրս եկավ)
Իհարկե, գեոպոլիտիկայի իմաստակներին այս խնդիրները կարող են պարապ հարցեր թվալ: Ի՞նչ կա որ, խոմ առաջին անգամ չէ, որ հանուն աշխարհաքաղաքական շահերի` զոհվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, բարոյականության իդեալները: Ես էլ նպատակ չունեմ բարոյական քարոզներ կարդալու եւ ինչ-որ բաներում համոզելու: Բայց կարող եմ վստահ ասել եւ կարծում եմ, որ այդ ասելիքի ճշմարտացիությունը կերեւա բավականին մոտ ապագայում, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նենգափոխումը, որը տեղի է ունենում այսօր, բերելու է շատ կոնկրետ գործնական հետեւանքների: Ենթադրում եմ, որ «գեոպոլիտիկներին», որոնց թվին պատկանում են տիկին Ֆրեյզերը եւ իր ու իր նմանների համարձակ սանիկ Ս. Սարգսյանը, իրոք չի հետաքրքրում հասարակությունների խնդիրը: Սակայն` իզուր: Հասարակությունների անտեսումը, հայ-թուրքական գործընթացին գերարագ տեմպեր տալը, հայերի ազգային արժանապատվության եւ մարդկային բարոյականության օրենքների ոտնահարումը, ինչպես նաեւ ռուսական կայսերապաշտության հետ դաշինքի մեջ մտնելը բերելու է իր դառը պտուղները: Վստահաբար կարող եմ կանխատեսել, որ այս պայմաններում, ոչ միայն չի լինելու հայ-թուրքական հաշտեցում` հասարակական մակարդակով, այլեւ որոշ ժամանակ անց ականատես ենք լինելու հակառակ գործընթացների: Այսօր արդեն, հայ հասարակության այն շերտերում, որոնք նախկինում առավել բարենպաստ դիրքորոշում ունեին կարգավորման նկատմամբ, զգացվում է հակաթրքականության նոր տրամադրությունների սաղմնավորումը: Եւ դա բնական է ազգային արժանապատվության ոտնահարման պայմաններում, երբ անտեսվում են թե մեր ազգային զգացմունքները, թե ժողովրդավարական հասարակություն կառուցելու հույսերը: Եւ նույնիսկ եթե այդ` այս պահին դեռ թաքնված գործընթացն իր ծիլերը չտա, միեւնույն է, հասարակությունների մակարդակով չկարգավորված հարաբերությունները, արհեստական` արտաքինից պարտադրված հաշտեցումը ուշ թե շուտ բերելու են նոր պայթյունի: Եվրոպացիներն ու ամերիկացիները շատ շուտ են մոռացել Ռուսական Կայսրության եւ Սովետական Միության փորձը: Չէ՞ որ դրանք էլ էին «կարգավորել» բոլոր ազգային հարաբերությունները: Բայց նրանց յուրաքանչյուր թուլացում բերում էր մոռացված կոնֆլիկտների նոր` ավելի ուժեղ վերածննդին: Նույնը լինելու է ցանկացած պարտադրված խաղաղության հետ: Սովետական իմաստունների նման ծիծաղելի մի եղեք` կարծելով, թե առեւտուրը եւ այլն ի զորու են հաշտեցնել ժողովուրդներին: Հայերն ու ադրբեջանցիները Սադախլոյում առեւտուր էին անում նույնիսկ Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Դա ոչինչ չի փոխում ու չի փոխելու:

  • Տեքստի ենթավերնագրերում, ի պատիվ տիկին Սաբինայի, օգտագործված են հռոմեացի պատմիչ Տիտուս Լիբիուսի «Պատմությունից» վերցված տողերը, որոնք վերաբերում են հռոմեացիների եւ սաբինացիների պատերազմի նկարագրությանը:

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements