Կիլիկիայի հայկական հանրապետություն (1919-2007)

(այլընտրանքային պատմության փորձ)

Ժամանակագրություն

1918-21 թթ. ընթացքում Կիլիկան գտնվել է ֆրանսիական օկուպացիոն գոտում, որից հետո ֆրանսիացիները այն հանձնել են Թուրքիային: Սակայն սկզբնական նախագծի համաձայն Կիլիկաին պետք է լիներ առանձին տարածք Ֆրանսիայի հովանավորության ներքո ինչպես Սիրիան նույն տարիներին: Պատկերացնենք, սակայն, որ համաձայն իրենց իսկ սկզբնական մտադրության ֆրանսիացիները չեն հանձնում Կիլիկիան թուրքերին եւ այնտեղ գոյանում է ֆրանսիական պրոտեկտորատ, ուր ժողովրդագրական, քաղաքական եւ տնտեսական առումով գերակայում են հայերը: Երկրորդ համաշխարհայինից հետո Կիլիկիան ինչպես եւ այլ ֆրանսիական պրոտեկտորատներ անկախանում է: Այն դառնում է յուրահատուկ այլընտրանք Խորհրդային Հայաստանին եւ ներգծվում է Սառը պատերազմի ընդհանուր տրամաբանության մեջ: Փորձենք նկարագրել հայկական այս պետության պատմությունը, մանավանդ, որ, կարծում ենք դա թույլ կտա հասկանալ «իրական պատմության» եւ ներկայի հետ կապված շատ նրբերանգներ:

1921-45

1921–ին Կիլիկիան հռչակվում է Ֆրանսիայի մանդատի տակ գտնվող տարածք: Բնակչության զգալի, բայց ոչ ճնշող մեծամասնությունը սկզբնական շրջանում կազմում են տեղացի հայերը, որոնք 1919-ից ի վեր շարունակում են վերադառնալ երկիր: Բնակչության մյուս մասը այլ քրիստոնյա փոքրամասնություններն են` ասորիները եւ հույները: Երրորդ զգալի խումբն են մահմեդականները` թուրքերը եւ քրդերը, որոնց մի նշանակալի մասը, սակայն հեռացել է երկրից թուրքական զորքերի նահանջին զուգահեռ 1918-19 թթ.-ին: Քրիստոնյա եւ մահմեդական բնակչության միջեւ եղած հակասությունը Կիլիկիայի պատմության առաջին շրջանի գլխավոր ներքին հակասությունն է մնում: Այդ հակասությունը, սակայն զսպվում է ֆրանսիական իշխանությունների կողմից:
1924 թ-ից, երբ կնքվեց Լոզանի պայմանագիրը եւ վերջնականապես տապալվեցին Արեւմտյան Հայաստանի անկախացման հույսերը` արեւմտահայերի ներգաղթի նոր ալիք ուղվեց դեպի Կիլիկիա: Բայց այդ ներգաղթը սահմանափակվում էր մի կողմից երկրի թույլ զարգացվածությամբ, մյուս կողմից էլ զսպվում էր ֆրանսիացիների կողմից, որոնց նպատակներին հակասում էր որպեսզի հայերը կազմեն Կիլիկիայի բնակչության բացարձակ մեծամասնություն:
Ներհայկական ասպարեզում հիմնական պայքարը ծավալվում է դաշնակների եւ հնչակյանների միջեւ: Վերջիններս Կիլիկիայում ավանդապես ուժեղ են: Երկուսն էլ քիչ թե շատ լոյալ են ֆրանսիացիների նկատմամբ եւ համեմատաբար զգուշավոր թուրքական հարցում: 30-ական թթ.-ին նախկին դաշնակցականներից առանձնանում են խմբեր, որոնք գրավում են ավելի արմատական հակաթուրքական եւ միաժամանակ ավելի հակաֆրանիսական դիրքեր: Սրանք կապեր են հաստատում Իտալիայի հետ, որի թագավորական դինաստիան ժառանգն է համարվում Կիլիկիայի հայոց թագավորների եւ որը չի թաքցնում իր հավակնությունները նախկին Օսմանյան կայսրության Միջերկրական ծովին հարող շրջանների նկատմամբ: 1940-ին, երբ Ֆրանսիան պարտություն է կրում գերմանացիներից եւ իտալացիներից եւ նոր ֆրանսիական վարչակարգի դիրքերը Մերձավոր Արեւելքում թուլանում են իտալամետ ուժերը աշխուժանում են, մանավանդ, որ այդ տարիներին Թուրքիան դեռ դիտվում էր որպես հակագերմանական կոալիցիայի պոտենցիալ դաշնակից: 1940-41 թթ. այս ուժերը գլուխ են բարձրացնում: Բայց 1941 –ի ամռանը Սիրիայի գրավման հետ միաժամանակ անգլիական զորքերը մտնում են նաեւ Կիլիկիա եւ իտալամետ խումբը ճնշվում է:

1946-2007

1946 թ.-ին մյուս մերձավորարեւելյան ֆրանսիական մանդատային տարածքների նման հռչակվում է Կիլիկիայի անկախությունը: Երկիրը հռչակվում է որպես Հայաստանի Հանրապետություն` վերցնելով 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը եւ հիմնը, որոնցից առաջին երկուսը ունեն կիլիկյան ծագում: Կիլիկյան Հայաստանը դառնում է Արեւմուտքի կարեւոր դաշնակից Սառը պատերազմի համատեքստում, իսկ հետագայում ՆԱՏՈ-յի անդամ: Չնայած Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանում են զգալի սառնություն, սակայն երկու երկրների մասնակցությունը նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ որոշակիորեն զսպում է լարվածության աստիճանը:
Անկախության շրջանում, երկրի տնտեսական զարգացմանը զուգահեռ տեղի է ունենում մեծ չափերի ներգաղթ եւ Կիլիկիան գնալով ավելի ու ավելի հայկական տեսք է ստանում բնակչության տեսակետից: Դանդաղորեն, բայց իրականացվում են զգալի ներդրումներ սփյուռքի հայերի կողմից: ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը իրենց հերթին նպաստում են Կիլիկիայում տնտեսական աճին եւ օրինակելի հասարակարգի կայացմանը, քանի որ սա դառնում է կարեւոր փաստարկ Սառը պատերազմի տրամաբանության համատեքստում` ո՞ր Հայաստանն է ավելի գրավիչ` խորհրդայինը, թե՞ ՆԱՏՈ-յի անդամ Կիլիկյանը:
Աստիճանաբար ձեւավորվում է յուրահատուկ նոր կիլիկյան ինքնություն, որի գծերը զգալի չափով հիմնվում են միջնադարյան Կիլիկիայի մասին հիշողությունների վրա: Ինչպես եւ միջնադորում սուր բանավեճ է ընթանում Կիլիկյան եւ Արարատյան Հայաստանների միջեւ: Միջնադարյան վեճը Ներսես Լամբրոնացու եւ Գրիգոր Տուտեորդու մեջ ակտուալիզացվում է նոր ժամանակներին համապատասխան տերմիններով: Նոր կիլիկյան գաղափարախոսությունը փորձում է ձեւակերպել այլընտարնքային Հայաստանի պատկերը` բաց, ծովային, բազմազան, հանդուրժող, ասպետական, էսթետիկ: Բայց միաժամանակ Սառը պատերազմի պայմաններում նա չի կարողանում խուսափել հին Կիլիկիայի բացասական ժառանգությունից` Արեւմուտքի ֆորպոստի իմիջից եւ հարեւանների ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքից:
60-ական թթ-ից Կիլիկիայում վերելք է ապրում հայ մշակույթը: Ի տարբերություն խորհրդային Հայաստանի մտավորականության կիլիկյան ինտելեկտուալները հնարավորություն ունեին առնչվելու համաշխարհային մշակույթի հետ ոչ թե միջնորդավորված` ռուսերենի միջոցով եւ ոչ էլ գրաքննված խորհդային գաղափարախոսության կողմից, այլ անմիջականորեն: Սկիզբ է առնում այսպես կոչված «նոր թարգմանչած» շարժումը. հայերեն է թարգմանվում ժամանակակից գրական եւ գիտական արժեքների մի զգալի մասը: Հատկապես մեծ է լինում ֆրանսիական ազդեցությունը եւ նույն թթ.-ին տարածում են գտնում ֆրանսիական ուսանողությանը եւ ինտելեկտուալներին բնորոշ արմատական ձախ գաղափարները, ինչպես նաեւ պրոտեստային արվեստը:
Նույն 60-ական-70-ական թթ. արտաքին քաղաքական գլխավոր խնդիր են դառնում Իսրայելի եւ արաբական երկների հետ հարաբերությունների խնդիրը: Եթե երկրի պաշտոնական ղեկավարությունը ավանդապես ավելի կողմնորոշված է դաշինքային հարաբերություններ զարգացնել Իսրաելի հետ, ապա ձախ ընդդիմությունը քննադատում է այդ քաղաքականությունը եւ աջակցում է արաբական երկրների պայքարին: Միաժամանակ իրենք ձախերը պառակտված են պրոսովետական եւ հակասովետական կողմնորոշումների միջեւ: 70-ական թթ.-ի կեսերին եւ 80-ականների սկզբին ԱՍԱԼԱ-ն մարտահրավեր է նետում Կիլիկիայի Հանրապետությանը` խիստ քննադատելով դրա վարած ՙկայսերապաշտ՚ քաղաքականությունը: Բանը հասնում է նրան, որ ԱՍԱԼԱ-յի կողմից ահաբեկչական գործողություններ են իրականացվում Կիլիկիայի տարածքում հատկապես ընդդեմ ֆրանսիական հաստատությունների: Էլ ավելի են սառում այս շրջանում հարաբերությունները Խորհդային Հայաստանի հետ: Նույն շրջանում Խորհրդային Հայաստանի բնակչության մեջ մեծ տարածում է ստանում Կիլիկիա արտագաղթելու ցանկացողների թիվը: Չնայած կառավարության հարուցված խոչընդոտների որոշակի քանակով բախտավորների հաջողվում է իրականացնել արտագաղթի մտադրությունը:
ԽՍՀՄ փլուզումը եւ Խորհրդային Հայաստանի անկախացումը առաջ բերեց երկու երկների միավորման նախագծերին: Սակայն առաջին տարիների ոգեւորությունը փոխարինվեց երկուստեկ հիսթափության եւ անհանդուրժողականության աճին: Հայաստանցիների զանգվածային ներգաղթը Կիլիկիա եւս նպաստեց այս սառնությանը: Առաջ եկան վեճեր ինքնության շուրջ` արդյո՞ք հայաստանցիները եւ կիլիկիացների մեկ ազգ են, թե՞ ձեւավորվել են երկու տարբեր ազգեր: Այս վեճերը, ինչպես եւ միասնական գրական լեզվի, ուղղագրության եւ կաթողիկոսությունների միավորման խնդիրը այդպես էլ լուծում չգտան, չնայած երկու պետությունների միավորումը մնում է հռչակված գերխնդիր եւ կողմնակիցներ ու հակառակորդներ ունի երկու հայկական պետություններում: 2009 թ.-ի դրությամբ շարունակում են գոյություն ունենալ երկու Հայաստան: Մեկը տնտեսապես բարեկեցիկ ու դեմոկրատական ԵՄ անդամ Կիլիկիայի Հայաստանի Հանրապետությունը, մյուսը դեռեւս իր ուղին փնտրող Արարատյան Հայաստանը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s