ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 2

2. Պատմությունը որպես ապագայի մասին գիտելիք

Պատմությունը սովորաբար կապում ենք անցյալի հետ: Եվ դա ավելի քան տրամաբանական է թվում: Ես, իհարկե, չեմ ուզում ժխտել պատմության ակնհայտ կապն անցյալի հետ, սակայն կան կարեւոր ճշտումներ: Պատմությունը սոսկ հուշ չէ անցյալի դեպքերի մասին` ոչ նոթատետր է, ոչ էլ արխիվ: Այն նաեւ միայն անցյալի դեպքերի ժամանակագրական հաջորդականություն եւ շարադրանք չէ: Պատմությունը նախ ժամանակի ընկալման հատուկ ձեւ է: Ընկալում, որի ձեւավորումը անմիջականորեն կապված է ազատության, ընտրության հնարավորության, նաեւ` պահի, դեպքի եւ գործողության անկրկնելիության գաղափարների զուգահեռ ձեւավորման հետ: Ժամանակի ընկալման այս ձեւը հակադրվում է առասպելաբանական ժամանակին, որը բաղկացած է միեւնույն ցիկլերի անընդհատ կրկնությունից եւ ուր, հետեւաբար, ազատությունը եւ ընտրությունը հնարավոր չեն, ինչպես բնության ցիկլերում, ուր ամեն աշնանը հետեւում է ձմեռ, իսկ ամեն գիշերվան` առավոտ, անկախ որեւէ մեկի կամքից: Առասպելաբանական ժամանակը փակ շղթա է: Ժամանակի պատմական ընկալումը բացում է այդ շթղան եւ վերածում այն գծի:

Պատմությունը միշտ չի եղել, այնքանով որքանով մարդիկ միշտ չեն ունեցել ժամանակի բաց ընկալում: Այսինքն, եղել են ժամանակներ, երբ մարդկային հասարկությունները արդեն եղել են, իսկ պատմությունը՝ դեռ ոչ: Գիր չունեցող ժողովուրդները որպես այդպիսին պատմություն չունեն: Նրանց պատմությունը գոյություն ունի արտաքին հայացքի համար, բայց ներքուստ նրանք դուրս են պատմական ժամանակից: Բայց գիրն էլ դեռ բավարար պայման չէ: Հին աշխարհում, երբ գիրն ու քաղաքակրթությունն արդեն գոյացել էին, առկա էին միայն պատմական ժամանակի ընկալման սաղմեր` արքայական ժամանակագրությունների տեսքով: Պատմական մտածողությունը որպես այդպիսին առաջին անգամ առաջ է գալիս Հին Հունաստանում եւ Հին Չինաստանում, իրարից անկախ: Արեւմտյան աշխարհում (այսինքն` նաեւ մեր մոտ) այն վերջնականապես հաստատվում է այն ժամանակ, երբ ավետարանական եւ հինկտակարանյան միաստվածության եւ հունական փիլիսոփայության համադրության արդյունքում ժամանակի գծային ընկալումը լիարժեք ձեւավորում ստացավ (մոտավորապես 4-5-րդ դդ.):

Հայաստանում պատմական ընկալումը մուտք է գործում 5-րդ դարում` գրերի եւ ինքուրույն գրականության ստեղծմանը զուգահեռ: Մինչ այդ Հայաստանում, հարեւան Իրանի օրինակով, գերիշխող էր վիպական մտածողությունը, որը կարելի է անցումային համարել` առասպելից դեպի բուն պատմություն: Միջնադարյան հայկական պատմագրությունն, այսպիսով, բացի զուտ աղբյուրային նշանակությունից, ունի նաեւ քաղաքակրթական եւ աշխարհայացքային արժեք` որպես բաց եւ բանական մտածողության հիմք եւ տարածող: Պատահական չէ, որ հայոց պատմության անկումային ժամանակաշրջաններում պատմագրությունը, այսինքն դեպքերի մտածված եւ կառուցվածքային շարադրությունն ու վերլուծությունը փոխարինվում է զուտ ժամանակագրությամբ: Հայ միջանադարյան պատմագրությունն իրոք մեծ մշակութային արժեք եւ ժառանգություն է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ, օրինակ, Արեւմտյան Եվրոպայում պատմագրությունը վերածնունդ է ապրում միայն զարգացած միջնադարում, իսկ, ասենք, Ռուսաստանում մինչեւ 18-րդ դար պատմագրություն կարելի է ասել առհասարակ գոյություն չունի, եւ տարածված ձեւը ժամանակգրությունն է: Մյուս կողմից էլ չի կարելի ասել, որ դեռ այսօր էլ պատմական մտածողությունը մեզ մոտ լիարժեք հաղթանակ է տարել վիպական եւ առասպելական ընկալման նկատմամբ: Ընդ որում, հետքրքիր է, որ հենց այդ վիպական ընկալումներն են հաճախ քննադատվում «պատմականի» անվան տակ:

Ինչեւէ, պատմությունն, ինչպես տեսնում ենք, կապված է ժամանակի ընկալման բացության հետ, որը ստեղծում է անկրկնելի դեպքի, հետեւաբար ընտրության, հետեւաբար եւ ազատության ու ստեղծագործության հնարավորություն: Անկրկնելի դեպքը դա նորույթն է կամ նորությունն է: Հետաքրքրիր է, որ պատմություն նշանակում է ոչ միայն պատմագիտության առարկա, այլեւ պատմություն որպես պատում: Ե՞րբ են սովորաբար մի պատմություն ուզում պատմել: Այն ժամանակ, երբ կա որեւէ նորություն` բա, իմացա՞ր նորությունը: Սա հաստատում է պատմության կապը նորի հետ: Այսինքն, պատմությունը կապված է ոչ այնքան «հնությունների», որքան նորությունների հետ: Նորության հետ կապը թույլ է տալիս նշմարել նաեւ կապը ապագայի հետ: Ապագայի մասին պատկերացումը նույնպես հնարավոր է դառնում միայն ժամանակի սկզբնապես փակ շրջանակի բացման դեպքում: Ցիկլի կրկնության դեպքում, ուր կա անցյալի անվերջ վերադարձ, ապագա լինել չի կարող: Այսպիսով, պամությունն ու ապագան ունեն ծագումնաբանական եւ փիլիսոփայական նույն հիմքերը: Ավելին. պատմության կապը ապագայի հետ ավելի էական է թվում, քան անցյալի հետ: Միգուցե նույնիսկ ճիշտ կլիներ ասել, որ պատմությունը գալիս է ոչ այնքան անցյալից, որքան ապագայից: Երկուսի` պատմության եւ ապագայի գոյացման համար անհրաժեշտ են նույն ատրիբուտները` ազատություն, ընտրություն, հնարավորություն, բացություն: Այսպիսով, պատմությունը հնաոճությունների ու վերամբարձության փոշոտ ու նկուղային արխիվ չէ, որը պետք է մոռանալ առաջ շարժվելու համար, այլ ճիշտ հակառակը` ապագայի բացահայտում ներկայում:

Նորույթի հետ խորապես կապված լինելով, պատմությունն ինքն է պատմություն առօրյա իմաստով` պատում, պատմվածք: Որպես այդպիսին նա ոչ թե դեպքերի ժամանակագրություն է, այլ միասնական սյուժե ունեցող շարադրանք: Պատմությունը պատմում է ինչ որ բանի մասին, որի արտահայտումն են առանձին դեպքերը: Այդ ինչ որ բանը կարող ենք համարել ներկայի եւ ապագայի ձեւավորմանն ուղղված ստեղծագործ կամքը: Օրինակ, հայոց պատմությունը պատմում է արեւմտյան քաղաքակրթության շրջանակներում ուրույն տիրույթ ստեղծելու ձգտման մասին: Իհարկե, սա հայոց պատմության ընկալման այն մոդելն է, որն առավել համոզիչ է թվում ինձ: Կարող են լինել եւ այլ մոդելներ, կարեւորն այն է, որ մոդելից` սյուժեից դուրս պատմություն չկա` այն փշրվում է անկապ դեպքերի հավաքածուի:

Այս առումներով պատմությունը մերձենում է, եթե չի նույնանում, քաղաքականության բարձրագույն մակարդակի հետ (ուր քաղաքականությունն իր հերթին մերձենում է, եթե ոչ նույնանում մշակույթի հետ), որը ժամանակի զգացողության, ժամանակի կառավարման, ճիշտ տեմպի, ապագան կանխատեսելու, ներկան ապագայից ձեւավորելու, ապագայից կտորներ կորզելու արվեստ կարող ենք համարել:

Դառնանք մեր բուն թեմային: Տարածաշրջանային քաղաքականության անկախ տեսլական ձեւավորելու համար անհրաժեշտ է տարածաշրջանի պատմությունը ընթերցել որպես սյուժե ունեցող պատում` պատմությունը վերածել պատմության: Վերագտնված պատմական կոդը կարող է թույլ տալ լույս սփռել ապագայի հնարավոր զարգացումներից մեկի ուղղությամբ: Դա իր հերթին կարելի է դարձնում ապագայի հնարավորություններից կորզել եւ ներկա-յացնել` ներկայի վերածել ցանկալի տարբերակը: Վերոնշյալ` «արեւմտյան քաղաքակրթության շրջանակներում ուրույն տիրույթ ստեղծելու ձգտումը» արտահայտությամբ նկարագված մոդելը կարող է լավ ուղեցույց հանդիսանալ մեր փնտրտուքում: Որտեղի՞ց է առաջ եկել Կովկասյան տարածարջանը, ինչպե՞ս է ձեւավորվել նրա ինքնությունը, ո՞վ է «կորզել» այն պատմությունից դուրս գտնվող առասպելաբանական անմեղության դրախտից դեպի պատմական գիտակցության տարածքը: Ի՞նչ կամք է եղել դա, որտե՞ղ գտնել դրա հետքերը, եւ ի՞նչ կարող է այդ հետքերի հետազոտությունը տալ մեզ այսօր: Ահա հարցեր, որոնց կփորձեմ անդրադառնալ հոդվածաշարի ավարտական մասում:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s