ԵՐԲ «ՄԵՐ ԱՅՈ-Ն ՈՒ ՈՉ-Ը»` ՈՉԻՆՉ ԵՆ

Գերեզմանի մը քարին պէս ծանր ու թաց,
Զարնըւելով մեր ուսերուն յոգնաբեռ,
Իրիկունը կթաւալէր յամրընթաց…
(Հրանտ Նազարյանց «Անկարելի սեր»)
Եթե ասեմ, որ Սերժ Սարգսյանի ելույթներից մի տեսակ վախենում եմ` մի՛ զարմացեք: Փակուղու առաջ եմ կանգնում, երբ դրանք ընթերցում եմ: Ընդդիմախոս հրապարակագրի «կարգավիճակս» կարծես թե պարտավորեցնում է քննադատական խոսքեր ասել, վերլուծել, հակադրվել: Բայց ինչի՞ն հակադրվես: Երանի չէ՞ր` երկիրս ունենար առաջնորդ, որի խոսքը ընդդիմախոսության դրդեր ինձ եւ այլոց: Այդ դեպքում, քննադատելով երկրի առաջնորդի խոսքը, կարող էի հույս ունենալ, որ իմ համեստ աշխատանքով` մեկն եմ նրանցից, ովքեր նպաստում են երկրի առաջընթացին, քանի որ քննադատող խոսքը մեծ զորություն ունի: Ընդդիմախոսի խոսքերը միայն օգնում են սեփական ասելիք ունեցող գործչին: Դրանք թույլ են տալիս նշմարել թույլ ու ցավոտ կետերը, բացերը, որոնց մասին չեն խոսում յուրայինները` չեն նկատում կամ թաքցնում են: Բացի այդ, ընդդիմախոսությունը եւ բանավեճը խթանում են մտքի զարգացումը, քանի որ նպաստում են տրամախոսական մի գործընթացի ծավալմանը, որի ընթացքում իրար հետ մրցակցող, իրար հակադրվող մտքերի բախումից ծնվում են նոր գաղափարներ, նոր ուղիներ: Իրական քննադատողականությունը ստեղծագործ երկխոսություն է եւ հիմք` ժողովրդավարական քաղաքականության:
Ո՜ւր էր, թե այդպես լիներ: Ելույթի 80-90 տոկոսը, ինչպես եւ բոլոր նախորդ ելույթների` դատարկ ճոռոմաբանություն, ջուր, շինծու պաթո՜ս… Գերեզմանի հոտ է փչում այս ամենից` ճոխ դամբարան, որի մեջ նույն փտած ոսկորներն են եւ փոշիացած հանդերձանքի մնացորդները, ինչ ամենավերջին աղքատի` սովորական խաչափայտով ծածկված դամբանում: Վաղուց իր մահկանացուն կնքած ժամանակաշրջանի ստվերները, Բրեժնեւի ուրվականը` մեռած, բայց չթաղված, ծանր օդ, տարիներով արեւի լույս ու կյանք չտեսած փոշոտ խոնավ նկուղ, ուր ակնոցը քթներին դրած խլուրդները լուրջ տեսքով բեմադրում են մի տարօրինակ պիես` առանց իրական հանդիսատեսի: Սոցիալիստական սյուրռեալիզմ: Որքա՛ն անկենդան, արհեստական ու ոչինչ չասող էր սոցռեալիզմը. սակայն նրա հետմահու կյանքը` սոցսյուրռեալիզմը, արդեն մարդկային պատկերացումներից դուրս է: Բայց նույնիսկ սա չէ ամենակարեւորը: Դիակների խնդիրը դեռ մի կերպ կարելի է լուծել, մեռելների գերեզմանային ստվերների հետ` լեզու գտնել: Ավելի բարդ է դեւերի խնդիրը: Դեւերն են, որ ներկայանում են ոչ թե իրենց, այլ այլոց զանազան կերպարանքներով, որ չունեն դեմք, անձ, ինքնություն: Մեկ այլ առիթով գրել եմ դրա մասին 2008-ի նախընտրական արշավի նախօրեին: Յուրահատուկ դիվականություն կա այն բանի մեջ, երբ կարդալով ենթադրյալ քաղաքական հակառակորդի ելույթը` հայտնաբերում ես, որ համաձայն ես դրա նույն 80 տոկոսի հետ: Այստեղ քաղաքականությունը վերջանում է, եւ մի այլ ոլորտ է սկսվում` ուրվականների, դիվային փոխակերպումների, անորսալի ստվերների, անապատային պատրանքային տեսարանների ոլորտ: Քաղաքական հակառակորդը շատ հարգի ֆիգուր է: Քաղաքական հակառակորդների բանավեճը, նույնիսկ իր ամենասուր ձեւաչափերով` երկխոսության տեսակ է, հասարակական հաղորդակցության կարեւորագույն խողովակ, իրականում` նաեւ հասարակական միասնականության ապահովող: Երկու ներհակ բեւեռների մագնիսական ուժը ստեղծում է դինամիկ հավասարակշռություն, եւ այն, ինչն առաջին հայացքից` պետք է պառակտի հասարակությունը, այսինքն` բանավեճը, միավորում է այն:
Բայց այստեղ բանավեճի տեղ գրեթե չկա: Հակառակորդը յուրացնում է քո բառապաշարը, խոսում է քո լեզվով, համաձայնում է այն ամենին, ինչին համաձայն ես դու: Նրա խոսքերի մեծ մասի տակ կարող ես ստորագրությունդ դնել: Ձեւացնում է, թե ինքը` դու ես: Նայենք ելույթը: Այնտեղ խոսվում է ժամանակակից, ժողովրդավարական եւ մրցունակ երկիր կառուցելու, արդիական կուսակցություն ձեւավորելու, քաղաքացիական հասարակություն կայացնելու, ընտրակեղծիքների դեմ պայքարելու մասին: Եւ այս ամենը` բրեժնեւյան ոճի համագումարում, ընտրակեղծիքների գլխավոր գերագույն կազմակերպիչ եւ հովանավոր կազմակերպության հավաքում, այնպիսի դեմքերի ներկայությամբ, որոնք արդիական եզրի հետ հեռավոր իսկ կապի հույս չեն ներշնչում: Սա ասվում է ի լուր մի հասարակության, որն այս ամենը հոյակապ գիտակցում է` անկախ նույնիսկ նրանից` ընդդիմադիր է, իշխանամետ, չեզոք, պոֆիգիստ, թե՞ եսիմինչիստ: Եթե նույնիսկ գտնեք Հայաստանում մարդկանց, ովքեր անկեղծ կամ պարզապես իրենց շահերից ելնելով աջակցում են ոչընտրի բռնազավթիչ խմբին, ապա գտնելու համար անձանց, ովքեր լուրջ են ընդունում, որ Հանրապետական կուսակցությունը պետք է պայքարի հանուն արդար ընտրությունների կամ դառնա արդիական կուսակցություն, պետք է փնտրեք մոտավորապես Լուսնի եւ Վեներայի մոտակայքում` ոչ ավելի մոտ: Եւ որպես այս ողջ աննախադեպ նենգափոխման գագաթնակետ` կարծես այն բանի համար, որ կեղծիքը հասնի կատարելության, փարիսեցիությունը` լիարժեք մարմնավորման, ասվում է “մեր այո-ն` այո՛ է, իսկ ոչ-ը` ո՛չ” ավետարանական խոսքը: Այսինքն` կեղծվում է ոչ միայն բուն տեքստը, այլեւ դրա կոնտեքստը: Սա, իմ կարծիքով, իրոք դիվականության սահմանին է հասնում` ոչ միայն խաբելը կենսաոճ դարձնել, այլեւ ձգտել նրան, որ բացարձակ սուտը պարտադիր կոչվի բացարձակ ճշմարտություն:
Սրանք, իհարկե, բոլորին հայտնի եւ պարզ բաներ են, եւ ես գյուտ չեմ անում` պատմելով դրանց մասին: Ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ սա շատ ավելի ահավոր է, քան մենք կարող ենք պատկերացնել` սովոր լինելով նման իրավիճակին դեռ սովետական անցյալից: Եթե վերացարկվենք ու կողքից նայենք իրավիճակին, ապա սա որեւէ առողջ բանականության մեջ չտեղավորվող պատկեր է: Ինչ-որ առումով` աննախադեպ` համաշխարհային պատմության մեջ, չնայած որ` փարիսեցիությունը, կեղծիքը, նենգափոխումը միշտ էլ անպակաս են եղել աշխարհում: Պատմությունը շատ բռնակալների գիտի: 20-րդ դարում նրանցից շատերը չեն թաքցրել, որ ժողովրդավարությունը համարում են կործանարար, ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելը` ապուշություն, արդիականացումը` վտանգավոր եւ այլն: Նրանք քաղաքական հակառակորդներին բանտեր են նետել` դա համարելով նորմալ: Բայց ինչո՞ւ միայն բռնակալները: Նոր շրջանի ինչքա՛ն հրաշալի եվրոպական մտածողներ քննադատել են ժողովրդավարությունը եւ արդի հասարակությունը: Սխալ են եղել նրանք, թե ճիշտ` սա այլ հարց է, բայց նրանք ուղիղ են ներկայացրել իրենց տեսակետները: Եւ միայն սովետական բռնակալությունն ու նրա գավառական ժառանգիկներն են, որ բռնակալություն են կառուցել` ժողովրդավարության եւ առաջադիմության անունից: Եթե ոչընտիրն ու իր կուսակիցները անկեղծորեն ներկայացնեին իրենց իրական տեսակետները` համապատասխան իրենց գործերի, եթե ասեին` գիտեք ինչ` ընտրության միջոցով կարգին իշխանություն չես ձեւավորի, իսկ արդի աշխարհը վնասում է մեր ավանդական արժեքներին, ապա կարելի էր համաձայնել կամ չհամաձայնել իրենց հետ, բայց եղածը կլիներ քաղաքականություն, այլ ոչ թե` դիվաբանություն եւ գերեզմանատուն: Որքան ավելի հետաքրքիր կլիներ` ընդդիմախոսել նման տեսակետին, քան անընդհատ մերկացնել միապաղաղ եւ ձանձրալի կեղծիքը, որսալ անընդհատ դիմակներ փոխող դեւերին:
Կա եւ այլ խնդիր: Ոչընտիրի համար ճառեր գրողները մոռանում են մի կարեւոր բան: Որքան էլ հարյուրտոկոսանոց ճշմարտություն լինի գրված եւ արտասանված խոսքը, հարցը տեսական այդ ճշմարտացիությունը չէ: Հարցը խոսքի կենդանության մեջ է, այն էներգետիկ դաշտի մեջ, որը ստեղծվում է խոսքն արտասանողի եւ ունկնդրողի միջեւ: Դա հնարավոր է միայն անկեղծ, սրտանց խոսքի դեպքում: Ես չեմ հավատում բարդ կամ պարզ խոսքին, այլ հավատում եմ կեղծավոր կամ անկեղծ խոսքին: Որքան հավատք, լիցք, ոգի է ներդնում իր խոսքի մեջ այն արտասանողը, նույնքան եւ կրկնապատիկ` նրան վերադարձնում է լսարանը: Կենդանի խոսքն է, որ ապահովում է միասնականությունը: Հիշում եմ նույն Ս. Սարգսյանի 2008-ի փետրվարի 26-ի ելույթը Հանրապետության հրապարակում: Տեսականորեն` որքա՜ն ճիշտ դրույթներ կային դրա մեջ, նույնիսկ զարմանալ կարելի էր, թե որքա՛ն լավ էին այդ անգամ աշխատել ելույթ գրողները: Բայց որեւէ հետք` մարդկանց ներսում, որեւէ ազդեցություն այն չթողեց, եւ այսօր նույնիսկ Ս. Սարգսյանի կողմնակիցները իսպառ մոռացել են դրա մասին: Որքան էլ կաշվից դուրս գաս, հնարավոր չէ խաբել մարդկանց զգացմունքները:
Հ.Գ. Արդար լինելու համար` պետք է, այնուամենայնիվ, նշեմ, որ ոչընտրի ելույթում, բացի նշածս 80 տոկոսից, կային նաեւ հատվածներ, որոնք քիչ թե շատ բանավիճելու ձգտում են առաջացնում եւ բացի ջրից` մի երկու իրական կարծիք են իրենց մեջ թաքցնում: Դրանք նախ` հայ-թուրքական հարաբերությունների եւ Մարտի 1-ի թեմաներն են: Հայ-թուրքականի մասին շատ եմ գրել, եւ ավելացնելու բան գրեթե չկա, իսկ ահա` անցյալ տարվա փետրվար-մարտի դեպքերի մասին Սարգսյանի ելույթի դրույթներին, թերեւս, մյուս անգամ առանձին անդրադառնամ, որովհետեւ այդտեղ կարեւոր ասելիք կա:
ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s