Անկարելի սեր

Անցյալ հոդվածում խոստացա անդրադառնալ Ս. Սարգսյանի ելույթի այն փոքրաթիվ կետերին, որոնց մեջ կարելի է սեփական կարծիքի նշույլներ տեսնել, ի տարբերություն ելույթի մեծ մասի, ուր նմանակավում եւ կեղծվում են տեսակետներ, որոնք որեւէ կապ չունեն Ս. Սարգսյանի ներկայացրած քաղաքական թմի իրական աշխարհայացքի հետ: Այդ փոքրաթիվ կետերը ներառնում են 2008-ի ընտրարշավի, հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան կարգավորման թեմաները: Վերջին երկուսին այս պահին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ վերջին շրջանում դրանցից շատ եմ գրել: Իսկ ահա մարտի մեկի թեմայով ավելորդ չեմ համարում որոշ բաներ ավելացնելու:
Նախ` խնդրո առարկա հատվածները ելույթից: «Մեր ներքին քաղաքական խնդիրներից չեմ կարող ևս մեկ անգամ չանդրադառնալ անցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին….Ամենասարսափելին, թերևս, պառակտումն էր ժողովրդի մեջ….Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը` վերջնականապես չանցանք պառակտման գիծը….Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի: Եթե ավելի զարգացած լինեին քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի պատասխանատու լինեին քաղաքական ուժերը, ավելի պրոֆեսիոնալ և տեխնիկապես հագեցված լիներ իրավապահ համակարգը, հնարավոր կլիներ կանխարգելել տեղի ունեցած իրադարձությունները և արժանապատվորեն դուրս գալ սանձազերծված սադրանքների որոգայթից»: Չնայած մեջբերված հատվածում էլ «ջուրը» չափից ավելի շատ է, այնուամենայնիվ, սա այն հարցերից էր, ուր Ս. Սարգսյանը չէր կարող ամբողջությամբ ջրել խնդիրը, եւ թեկուզ չափազանց լղոզված, ընդդիմախոսներին հնարավորինս նմանակելով, նա ստիպված է արտահայտել նաեւ իր խմբի տեսակետը: Կարծում եմ սա լավ առիթ է, որոշ թյուրըմբռնումներ եւ պատրանքներ շտկելու համար:

…Տառապահի՜ւծ քրմութիւնը աչքերուդ, արիւնի պէս ձեռքերէս վար կվազէր, ու սպասուած աղէտքի մը մոտալուտ սարսափը լուռ շրթունքներէդ խածեր էր

1. Ինչպես երեւում է 2008-ի հասարակական ընդվզման պատճառներն այդպես էլ չեն վերլուծվել ու չեն հասկացվել: Սա կարեւոր է, որովհետեւ չվերլուծվածը «սովորություն» ունի կրկնվելու: Չնայած հիշատակվում է քաղաքացիական եւ քաղաքական ինստիտուտների չկայացվածությունը որպես 2008-ի դեպքերի համատեքստ (սա, իհարկե՛, մեծ առաջադիմություն է իշխանամետ վերլուծականության համար), սակայն այդ հիշատակումը համոզիչ ու անկեղծ չի թվում մի քանի պատճառով: Նախ` իրական խնդիրը ոչ թե ինչ որ ռոմանտիկ ու մշուշոտ «չկայացվածությունն» է, այլ Ս. Սարգսյանի ներկայացրած թմի կողմից ընտրությունը կեղծելու, իսկ հետագայում ժողովդրի իշխանությունը զենքի ուժով բռնազավթելու շատ կոնկրետ ու գործնական իրողությունն է: Երկրորդ` այս բոլոր հիմնավորումները, ելույթի մեջ, կարծես ընդամենը հռետորական զարդարանքներ լինեն, Ս. Սարգսյան-Տ. Սարգսյան անզուգական զույգի «կառոնի» կեղծհոգեւոր շեշտադրումները հերթական անգամ հնչեցնելու համար` «չարություն», «անհանդուրժողականություն» եւ այլն: Կարծում եմ, այստեղ ոչընտիրն ավելի անկեղծ է իրարձությունների պատճառահետեւանքային կապի իր տեսությունը բացահայտելու խնդրում: Բնականաբար չեմ պատրաստվում որեւէ մեկին համոզել, որ 2008-ի փետրվարյան Հրապարակը եղել է ոչ թե չարության, այլ ճիշտ հակառակը` սիրո, եղբայրության, միսանության եւ ազգային հպարտության վերակերտման միջավայր, իսկ չարությունը, միանգամայն այլ կողմում է եղել: Միեւնույնն է, նա ով չունի այդ օրերի փորձը թերահավատորեն է մոտենալու այդ պնդումներին: Բայց կա այլ խնդիր: Լուրջ հասարակական գործըթնացները կոֆեի բաժակ նայողի եզրաբանությամբ` չարություն, ատելություն, նախանձ, նաֆս, չար աչք եւ այլն բացատրելը ոչ միայն վկայում է վերլուծականության կոլապսի մասին, այլեւ հղի է վտանգավոր հետեւանքներով: Քանի դեռ իրավիճակը ռացիոնալ, իրապես վերլուծական գնահատական չի ստացել հենց կառավարության կողմից այն իռացիոնալ եւ առասպելականացված ցանկացած երեւույթի պես կրկնվելու եւ վերադառնալու մեծ ներուժ ունի: Իսկ ռացիոնալ եւ վերլուծական գնահատական կարող է համարվել միայն այն գնահատականը, որը նախ եւ առաջ հաշվի է առնում տվյալ հասարակության ներքին զարգացումների դինամիկան, այլ ոչ թե բաբոյական չարությունը, քուրիկական կեղծլիբերալ «հանդուրժողոկանությունը» կամ օտարերկրյա մութ ուժերի դավադրությունը:
2. Պառակտման եւ դրա կարծեցյալ հաղթահարման մասին: Նախ` չեմ կարծում, թե ճիշտ է խոսել հասարակական պառակտման մասին 2008-ի դեպքերի համատեքստում, այնքանով որքանով բուն հասարակությունը չէր կիսվել երկու տարբեր քաղաքական արժեքներ դավանող մասերի: Ավելի ճշգրիտ կլիներ խոսել հասարակության ակտիվ դիմադրողական հատվածի, գործող վարչակարագի կողմնակիցների (որոնց միայն փոքր մասն էր Ս. Սարգսյան թեկնածուի անշահախնդիր կողմնակից) եւ հասարակության անտարբեր զանգվածի մասին: Սա դասական իմաստով պառակտում չէ, քանի որ պառատտման դեպքում ենթադրելի է երկու մոտավորապես հավասար հատված, որոնք ակտիվորեն դավանում են միմյանց նկատմամբ հակադիր գաղափարներ, եւ այդ գաղափարների բախում: Երկրորդ` եթե խոսքը հասարակության ակտիվ հատված – կառավարություն պառակտման մասին, ապա դրա հաղթահարման մասին խոսել մեղմ ասած վաղ է, եւ նույնպես վկայում է իրավիճակի ճիշտ վերլուծության բացակայության մասին: Չի կարելի դատել միայն մակերեսային երեւույթներից ելնելով: Եթե հասարակություն-կառավարություն անջրպետի սուր դրսեւրումներ տվյալ պահին չկան, դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է: Հակառակը, թաքնված լինելով այն ավելի մեծ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության տեսակետից: Երրորդ` պառակտումը ոչ միայն չի հաղթահարվել, այլեւ ամրապնդվել է, քանի որ կրակոցներից հետո, որոնք հնչեցին մարտի մեկին, հնարավոր չէ միասնական հասարակություն: Կրակոցն այն սահմանն է, որից այն կողմ քաղաքական եւ հասարակական հակառակորդը վերածվում է թշնամու: Անլուրջ է կարծել, թե մարտի մեկի կրակոցների արձագանքը դեռ չի վերադառնալու դա իրականացնողներին եւ մեզ բոլորիս: Սա միստիկա չէ, այլ սովորական տրամաբանություն:
3. Մարտի մեկի հետեւանքները այսօր էլ ոչ մի տեղ չեն վերացել: Դրանք առկա են մեր կյանքում, թեկուզ աննախադեպ զիջողական արտաքիւն քաղաքականության տեսքով: Ով ով, բայց Ս. Սարգսյանն իր մաշկի վրա է դա զգում, եւ մեզանից ավելի տեղյակ է դրանից: Համոզիչ չէ կարծել, որ ոչընտիրը ծնվել է ազգի դավաճան, եւ մանկուց երազել է ուրանալ Ցեղասպանությունը: Բայց ամենեւին էլ անհամոզիչ չէ այն փաստը, որ նա այդ քայլն արդեն արել է: Բայց սա, ցավոք, մարտի մեկի հետեւանքները ընդամենը «ծաղիկներն են»:

…օտարական, անտանելի մէկը կար, որ շարունակ մեր ետեւեն կսուլէր….Օ՜ իր քրքիջն ցաւագնօրէն յուսահատ, դեղի՜ն քրքիջ, ատելութեամբ բեռնաւոր….

4. Հասարակության կառավարման երկու ձեւ հայտնի է հնուց: Մեկն այն է, երբ կառավարիչը հենվում է գորշ ու անտարբեր զանգվածի (նաեւ արհեստականորեն ավելացնելով դրա թիվը) ինչպես նաեւ հանցագործ հակումներ ունեցող ստորաքարշ փորքմասնության վրա` ոչնչացնելով կամ չեզոքացնելով հասարակության ակտիվ հատվածի ներկայացուցիչներին որպես պոտենցիալ մրցակիցներ: Մյուսն այն է, երբ կառավարումը հենվում է հասարակության ակտիվ, հավակնոտ եւ ինքնուրույն մտածող ու գործող հատվածի վրա: Առաջին ձեւն ավելի ապահով է թվում, իսկ երկրորդն ավելի ռիսկային: Սակայն կա եւ հարցի հակադիր կողմը: Լուրջ մարտահրավերների դեպքում, անտարբերները թաքնվում են իրենց բներում, ստորաքարշները փախնում են, եւ հույսը մնում է միայն դիմադրողականության ոգու կրող «պասիոնար» զանգվածը: Եթե վերջինս նախօրոք ճնշվել է, ապա երկրի ընդհանուր դիմադրողականությունը կտրուկ ընկնում է: Ակնհայտ է, որ Հայաստանին սպառնացող լուրջ վտանգների դեպքում, երկիրը կարող են պաշտպանել ոչ թե անտարբերները, եւ ոչ էլ օլիգարխների զինված բաշիբոզուկները, այլ նրանք, ովքեր մարտի մեկին չվախեցան հրազենից, եւ հետ մղեցին ոստիկանական ու կեղծոստիկանական ուժերի գրոհները: Այդ դիմադրողական ներուժի մասին է, որ չգիտեն ռուսաստանյան ռեակցիոն տեսություններով սնվող իշխանամետ վերլուծաբանները: Հասարկության այս հատվածի հետ է թշնամացրել իրեն Ս. Սարգսյանը, եւ դրա հետ խզումը եւ խզման հետեւանքները չեն կարող անհետանալ օբյեկտիվ պատճառներով:

Հ.Գ. Կարող է թվալ, որ 2008-ը թողել է միայն բացասական ժառանգություն: Դա այդպես չէ: Կա երկու հակադիր միտում, կամ, եթե այսպես կարելի է ասել երկու հակադիր սաղմ: Մի կողմից մարտի մեկին բաց թողված քաղաքացիական պատերազմի չար ոգին է, մյուսը` փետրվարյան Հրապարակի անմոռանալի 10-օրյակը, եւ նույն մարտի մեկի ինքնապաշտպանողական ոգին: Անկախ հետագա զարգացումներից, 2008-ի փետրվար 21-29 մնում են մեր սերնդի կյանքի ամենաերջանիկ, իսկ մարտի մեկը` ամենանշնակալից օրը: Թե ներքին թաքնված հոգեբանական եւ հասարակական գործընթացների արյունքում դրանք դեռ ի՞նչ ծիլեր են տալու, մենք այսօր չենք կարող կանխատեսել: Բայց կարող եմ համոզված ասեմ, որ նույնիսկ մենք` Ազատության Հրապարակի քավարանն անցածներս թերեւս զարմանանք, այն հարուստ բերքից, որը մի օր հավաքելու ենք մեր կոլեկտիվ սերմնացանի արդյունքում: Բայց սա արդեն առանձին թեմա է:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s