Ժողովրդավարությունն ընդդեմ դոգմատիկ լիբերալիզմի

Շվեյցարիայում վերջերս կայացած հանրաքվեն, որի ընթացքում շվեյցարացիների մեծ մասը քվեարկեց երկրում նոր մինարեներ կառուցելու դեմ, առաջին հայացքից առանձնապես կապ չունի Հայաստանի հետ: Անմիջական կապ, իհարկե, չկա, բայց աշխարհի ուշադրությունը գրաված այս իրադարձությունը լավ առիթ է նաև Հայաստանին առնչվող որոշ երևույթների շուրջ խոսակցություն բացելու համար: Նախ մի երկու խոսքով բացատրեմ, թե ի՛նչն է բուն խնդիրը: Շվեյցարիայի քաղաքական համակարգը եզակի է ժամանակակից աշխարհում: Ի տարբերություն այլ արևմտյան երկրների, որոնց քաղաքական համակարագը հիմնված է առաջին հերթին ներկայացուցչական ժողովրդավարության սկզբունքի վրա, Շվեյցարիայում շատ ուժեղ են այպես կոչված ուղիղ ժողովրդավարության տարրերը (երբեմն շվեյցարական մոդելը կոչում են նաև «կիսաուղիղ ժողովրդավարություն»): Շվեյցարական ուղիղ ժողովրդավարության կարևոր հատկանիշներից են հանրաքվեները: Օրինակ, ցանկացած շվեյցարացի, եթե 100 օրվա մեջ հավաքի 50 000 ստորագրություն, կարող է նախաձեռնել խորհրդարանի կողմից հավանության արժանացած օրենքի քվեարկումը համաժողովրդական հանրաքվեի միջոցով, և եթե հանրաքվեի մասնակիցների պարզ մեծամասնությունը մերժում է օրենքը, ապա խորհրդարանի հավանությունն «օյին չէ»: Ցանկացած շվեյցարացի կարող է նախաձեռնել նաև սահմանադրական փոփոխություններ, եթե 18 ամսում կարաղանա հավաքել 100 000 ստորագրություն՝ հանրաքվե անցկացնելու համար: Մի խոսքով, բավարար ստորագրություններ հավաքելու դեպքում հանրաքվեի կարող է դրվել ցանկացած իրավական նախաձեռնություն:
Ահա այսպիսի մի նախաձեռնությամբ էլ, Շվեյցարիայի աջ պահպանողական’ Ժողովրդական կուսակցության (որը հաղթող է դուրս գալիս վերջին տարիների բոլոր ընտրություններում) կողմնակիցների առաջարկով, 2009թ. նոյեմբերի 29-ին հանրաքվեի դրվեց իրենց երկրում նոր մինարեներ կառուցելու արգելքի հարցը: Քաղաքացիների մոտ 58%-ը հավանություն է տվել արգելքին: Մինարեների խնդիրն ինքն իրենով, իհարկե, բավական տարօրինակ խնդիր է հանրաքվե անցկացնելու համար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ողջ Շվեյցարիայում ընդամենը 4 մինարե կա: Այսինքն’ այս արգելքով շվեյցարացիները «ոչ» են ասել ոչ այնքան մինարեներին, որքան իսլամի տարածմանն իրենց երկրում, իսկ ավելի ընդհանուր’ իսլամն ինտեգրելու եվրոպական ողջ նեոլիբերալ ռազմավարությանը: Իսկ էլ ավելի լայն վերցված’ պահպանողական շվեյցարացիները «անարգել» են պոլիտկոռեկտության լիբերալ կրոնը:
Իհարկե, այս ամենին աղիողորմ վայնասուն հետևեց: Շվեյցարիայի խորհրդարանն ու կառավարությունը դեմ են, բայց բան չեն կարող անել, քանի որ հանրաքվեի արդյունքները կասեցնել նրանք իրավասու չեն: Առաջադեմ մարդկությունը լացուկոծ է դրել, լուտանքներ և բանադրանքներ է ուղղում «գեղցի» շվեյրացացիների դեմ: Ամենազավեշտալին այն է, որ նույնիսկ Հռոմի պապը շտապեց իր «ասուժդամս»-ը հայտնել շվեյցարացիների «անհանդուրժողականությանը»: (Ի դեպ այս պատմությունն ինչ-որ առումով հիշեցնում է Իսպանիայում 2004թ. կատարվածը: Այդ երկրի հայտնի եկեղեցիներից մեկում տեղադրված է իսպանական ամենասիրելի սրբի’ Սանտ Յագո Մատամորոսի’ սուրբ Հակոբ Մորոսասպանի (մորոսները մավրերն են, այսինքն’ մահմեդականները) քանդակը, որի պատվանդանին պատկերված են սպանված մահմեդականներ: 2004թ. եկեղեցականները որոշում են տեղահանել այդ քանդակը՝ որպես ոչ կոռեկտ: Շարքային իսպանացիները, սակայն, որոնք նման որոշմանը դեմ էին, հաջորդ օրերին ծաղիկների մի հսկակայկան կույտ տեղադրեցին քանդակի պատվանդանին, որով իրենց վերաբերմունքն արտահայատեցին, և չափից ավելի լիբերալ երևալու ձգտում ունեցող հոգևորականները ստիպված եղան ետ կանգնել նախնական որոշումից):
Առաջադեմ տղաների ու աղջիկների և նրանց հարած Հռոմի պապի (ինչպես նաև տղա-աղջիկների ու աղջիկ-տղաների) վայնասունը, սակայն, այնքանով ավելի աղիողորմ է, որքանով անօգուտ’ հանրաքվեն խիստ օրինական ժողովրդավարական ընթացակարգ է: Լիբերալները խոսում են դեմոկրատական արժեքների խախտման մասին, սակայն չկա ավելի համոզիչ ժողովրդավարական գործընթաց, քան քաղաքացիների ուղիղ կամարտահայտությունը: Ի՞նչն է խնդիրը: Հերթական անգամ ականատես ենք դառնում հասկացությունների նենգափոխման: Ժողովրդավարությունն ու լիբերալիզմը նույնը չեն: Լիբերալիզմը գաղափարախոսություն է, իսկ ժողովրդավարությունը՝ կառավարման ձև, որը վեր է ցանկացած գաղափարախոսությունից: Որքան էլ լիբերալ վերնախավերը փորձեն իրենց ամբողջապես նույնացնել ժողովրդավարության հետ, ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող հանգամանքները հիշեցնում են, որ այդպես չէ: Ի դեպ պետք է ասել, որ նույն Ժողովրդական կուսակցության ակտիվիստների նախաձեռնությամբ շվեյցարացիները ժամանակին մերժեցին նաև Եվրամիություն մտնելու առաջարակը: Ուղիղ ժողովրդավարությունը հակասության մեջ է մտնում վերնախավերի նախագծերի հետ: Ժամանակակից տիպի եվրոպական ներկայացուցչական համակարգը, իրականում, վերնախավերի կառավարման ձև է, որը միշտ չէ, որ համընկնում է ժողովուրդների իրական կամքի հետ: Ներկայացուցչական համակարգի դեպքում ավելի հեշտ է նմանակել վերնախավերի և շարքային քաղաքացիների կամքի համընկնումը:
Ի՞նչ կապ կարող է ունենալ սա մեր խնդիրների հետ: Կարելի է խոսել բազմաթիվ ոչ ուղղակի կապերի մասին: Նախ’ Եվրամիության հետ մենք էլ գործ ունենք, և հաճախ ենք առիթ ունենում զարմանալ, թե ինչպե՜ս են ժողովրդավարության մասին խոսքը, և ժողովրդավարության հետ կապ չունեցող գործը հակասության մեջ մտնում այդ կառույցի ներկայացուցիչների հետ: Երկորդ’ մեզ մոտ էլ լիբերալիզմն ու ժողովրդավարությունը նույնացվում են, և նկատվում է լիբերալ պոլիտկոռեկտության գաղափարախոսության (ավելի շուտ՝ կրոնական դավանանքի) էքսպանսիա: Հետաքրքրիր է, որ Ս. Սարգսյանի կառավարությունը շատ հակված է օգտվելու հենց «կոռեկտ» բառապաշարից’ հանդուրժողականություն, զահար-զիբիլ: Սա ինչ-որ տեղ ավելի վտանգավոր է և խաբուսիկ, քան վերնախավերի կառավարման ավելի «քյարթ» ու «գեղավարի» ձևերը, որոնք դեռևս գերիշխող են մեզանում: Երրորդ’ այն պայմաններում, երբ լիբերալ պոլիտկոռեկտության դոգման մեզ առաջարկում է հրաժարվել «ազգային կարծրատիպերից» և գրկաբաց նետվել «բազմազանազան» և մանավանդ’ զարմանազան թուրք եղբայրների ջերմաջերմ գիրկը, մենք տեսնում ենք, որ դա ամենևին էլ միակ հնարավոր դիրքորոշումը չէ նույն Եվրոպայում, և հատկապես հենց այն Շվեյցարիայում, որը հայտնի է իր չեզոքությամբ և հանդուրժողականությամբ, և ուր ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Կարելի է լինել շատ ժողովրդավար ու չսիրել թուրքերին, մավրերին, «и разных прочих шведов»’ շվցեյցարացիների կամ իսպանացիների նման:
Թերևս ավելի կարևոր է հարցի մյուս կողմը: Հաճախ են առարկում’ խոսում եք Հայաստանում ժողովրդավարության հաստատման մասին, բայց տեսե՛ք, որ նույն ժողովրդավարությունը խախտվում է արևմտյան երկրներում: Այս հարցադրումն ունի կարճ ու պարզ պատասխան: Եթե ժողովրդավարությունը խախտվում է, ասենք, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, դա Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, այլ ոչ թե ժողովրդավարության խնդիրն է: Եթե լինեի Ֆրանսիայի քաղաքացի, կպայքարեի հանուն նրա, որ ժողովրդավարությունը չխախտվեր այդ երկրում, բայց քանի որ Հայաստանի քաղաքացի եմ, ապա այստեղ եմ պայքարում: Պայքարն էլ ինքնանպատակ չէ և ձեռնտու է բոլորին’ ազատականներին, ազգայնականների, սոցիալիստնմերին և այլոց: Որովհետև անկախ քաղաքական հայացքներից՝ բոլորս էլ մի օր կարող ենք այնպիսի իրավիճակում հայտնվել, երբ մեր կարծիքը երկրի համար վճռորոշ հարցերում կանտեսվի վերնախավերի կողմից: Չգիտեմ, իրենց ազգայանական համարողները, որոնք կա՛մ անտարբեր էին մարտի 1-ի դեպքերի նկատմամբ, կա՛մ նույնիսկ իշխանության կողմն էին բռնել, հիմա հասկանո՞ւմ են, որ կարող է գալ մի պահ, երբ մի մարտի 1 էլ իրենց գլխին սարքեն, երբ դրվի, ասենք Արցախի հարցը, և դրա շուրջ զանգվածային բողոքի ալիք բարձրանա:
Կան և այլ նրբերանգներ: Իհարկե, Ֆրանսիայում և այլուր ժողովրդավարությունը ևս խախտվում է: Խնդիրն այն է, որ ցանկացած վերնախավային փոքրամասնություն, ձգտում է յուրացնել առավելագույն իշխանություն: Դա բնության օրենքի պես մի բան է, որը կախված չէ առանձին անձերի բարի կամ չար լինելուց: Հասարակության խնդիրն է այնպիսի ինստիտուտներ ձևավերոլ, որպեսզի վերնախավը զգա այն սահմանները, որից այն կողմ նա չի կարող անցնել: Եվրոպական հասարկությունները պատմության ընթացքում կարողացել են բավական ուժեղ պատնեշներ կառուցել իշխանության տարածման ճանապարհին: Մենք դեռ այն փուլում ենք, որ այդ նվազագույն սահմաններն ենք փորձում կառուցել:
Բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսենք այն իրադարձությունների փորձը, որն այսօր մեզ տրամադրում է եվրոպական իրականությունը: Այդ փորձը ցույց է տալիս, որ չի կարելի նույնացնել լիբերալիզմն ու ժողովրդավարությունը, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ առանց ուղիղ ժողովրդավարության տարրերի, նպաստում է վերնախավերի կողմից իշխանության յուրացմանն ու ժողովրդավարության նմանականը և այլն: Դա նաև հուշում է, որ պետք է շատ զգույշ լինել լիբերալ ինտելեկտուալներից, որոնք հակված են իրենց կարծիքը մեծամասնության կարծիքի փոխարեն հրամցնել, իսկ հանդուրժողականության անվան տակ քարոզում են դոգմատիկ և անառարկելի «աքսիոմներ», որոնք կասկածի տակ դնելու դեպքում հոլիվուդյան աստղերից մինչև Հռոմի պապ հայտվում են նույն ճամբարում’ փորձելով փաստարկների պակասը լրացնել վայնասունի բարձրաձայնությամբ:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

One response to “Ժողովրդավարությունն ընդդեմ դոգմատիկ լիբերալիզմի

  1. I’m still convinced that the decisions made by direct democracy in petitions and referendums might be incompetent and prove to be wrong ‘in the big run for the country as a whole’.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s