ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 3

3. Կովկասյան ինքնության ներքին պատմամշակութային «կոդը»

3.1. Նախապատմությունը (Արգիշտին` «առաջին կովկասցի»)

Հայաստանը որպես այդպիսին Կովկաս չէ: Սակայն Կովկասյան տարածաշրջանի՝ որպես պատմական առանձին գոտու ձեւավորումը ընթացել է Հայկական Լեռնաշխարհում տեղի ունեցող քաղաքական եւ մշակութային գործընթացների ակտիվ ազդեցությամբ: Եթե ներկայիս Կովկասյան տարածաշրջանը Ռուսական կայսրության բեկոր է, ապա, ի սկզբանե, կարելի է ասել, որ Կովկասը որպես առանձին տարածաշրջան հայկական «քաղաքակրթական նախագծի» արդյունք եւ «մնացորդ է»: Արդեն նորագույն շրջանում, երբ Հայաստանն ինքնամփոփվեց նախկին Ռուսահայաստանի տարածքում, նա սկսեց ընկալվել որպես Կովկասի մաս (Южное Закавказье` ըստ սովետական եզրաբանության. չշփոթել այսօրվա իմաստով` Հարավային Կովկասի հետ): Հետեւաբար, Կովկասում կայուն խաղաղության եւ ապագաղութացման բանալիները հնարավոր է փնտրել եւ գտնել Հայաստանում: Քանի դեռ Հայաստանը չի վերագտել իր ինքնությունը, դժվար է պատկերացնել հակամարտություններից զերծ տարածաշրջան:

Այս թեզը բացելու համար, անհրաժեշտ է համառոտ պատմամշակութային ակնարկ: Հին աշխարհի տեսակետից Հայկական Լեռնաշխարհը (որի քաղաքական միավորումը հանգեցրել է Հայաստանի եւ հայ քաղաքակրթության առաջացմանը) Առաջավոր Ասիայի հյուսիսային ծայրագավառն էր, հին աշխարհի յուրահատուկ Սիբիրը` լեռնային, խիստ կլիմայով, մի տեսակ խորհդավոր երկիր: Դա այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհի սահմանն էր: Այն, ինչ գտնվում էր Հայկական Լեռնաշխարհից ավելի հյուսիս` բուն Կովկասը, մեծամասամբ առհասարակ դուրս էր հների տեսադաշտից: Չնայած դեռ նախնադարից գոյություն ունեցող բավական բարձր մշակույթին եւ Առաջավոր Ասիայի հնագույն պետությունների հետ տարբեր ձեւի շփումներին` մշակութային, առեւտրական, ռազմական, Հայկական Լեռնաշխարհը բուն պատմության` խոշոր պետական միավորների գոյացման եւ գրավոր մշակույթի առաջացման շրջան համեմատաբար ուշ է մտնում: Հայկական Լեռնաշխարհի քաղաքական միավորումը, որը հետագայում հիմք է դառնում հայ ազգի եւ ուրույն քաղաքակրթության ձեւավորման, իր հերթին կարող է դիտվել որպես յուրահատուկ պատասխան հարավից` Միջագետքից եկող մարտահրավերի: Ասորեստանյան կայսրության տիրակալների արշավանքները դեպի Լեռնաշախարհ մ.թ.ա առաջին հազարամյակի սկզբին ավելի հաճախակի են դառնում ու ավելի մեծ տարածքներ են ընդգրկում, քան երբեւէ նախկինում: Լեռնաշխարհում այդ պահին գոյություն ունեցող մանր ձորիշխանություններն ի զորու չէին առանձին-առանձին դիմադրություն կազմակերպել: Այդ ժամանակ է, որ առաջանում եւ արագ աճում է Ուրարտու պետությունը, որը բավական կարճ ժամանակում միավորում է այն տարածքների մեծ մասը, որոնք ապագայում հայտնի են դառնում որպես Հայաստան (հետաքրքրիր է, որ չնայած Ուրարտուի անկմանը, նրա արքաների «գծած» սահանները մեծ հաշվով անփոփոխ են մնում ընդհուպ մինչեւ 387 թ.-ին Արշակունյաց Հայաստանի բաժանումը պարսիկների եւ բյուզանդացիների միջեւ, իսկ ազգագրական իմաստով դրանք մնում են հայերի բնիկ բնակության սահմաններ մինչեւ 1915 թ.-ը): Շատ բան փոխառելով նույն Ասորեստանից` Ուրարտուն դառնում է Ասորեստանի մենաշնորհային գերիշխանության այլընտրանք այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհի սահմաններում: Ասորեստան-Ուրարտու հակադրությունը ստեղծում է երկբեւեռ համակարգ, ինչ որ առումով նման ԱՄՆ-ԽՍՀՄ երկբեւեռ համակարգին 20-րդ դարի երկրորդ կեսին, ուր Ուրարտուն խաղում է երկրորդ համարով, եւ բազմաթիվ փոքր պետությունների համար այլընտրանքային կողմնորոշման հենարան է դառնում: Հետաքրքիր է, որ առաջացած լինելով Ասորեստանյան մարտահրավերին ի պատասխան, արդեն թուլացած Ուրարտուն անհետացավ Ասորեստանի անկումից մի երկու տասամյակ անց` կարծես սպառելով իր գոյության իմաստը, բայց թողնելով կարեւոր ժառանգություն:

Այն, որ Հայկական Լեռնաշխարհի քաղաքական միավորման եւ քաղաքակրթական «նախագծի» հիմքում հենց հարավից` Միջագետքից եկող մարտահրավերն է, հաստատվում է եւ Խորենացու ու Սեբեոսի մոտ ներկայացված հայկական ազգածին (Հայկի ու Բելի) ավանդազրույցով, եւ հայկական էպոսով: Միջագետքի առասպելական տիրակալ եւ ավանդապես առաջին աշխարհակալ համարվող Բելի դեմ ապստամբությունից է սկսվում հայոց պատմությունն ըստ ազգածին ավանդազրույցի: Ընդ որում, հետագա շարադրանքի տեսակետից հետաքրքրիր է, որ 11-12 դդ.-ում, երբ վրաց Բագրատիոններն ընդունեցին էստաֆետը հայերից որպես տարածաշրջանի թիվ մեկ քաղաքական միավոր, Հայկ ու Բելի ավանդույթը վրաց աղբյուրներում վերաիմաստավորվեց. Հայկին վերագրվեցին բազմաթիվ եղբայրներ, որոնցից ամեն մեկը կովկասյան ժողովուրդներից մեկի նախահայրն էր համարվում (Քարթլոս, Բարդոս, Լեկոս, Կավկաս, Էգրոս եւ այլն): Ինչ վերաբերում է հայկական էպոսին, ապա հետաքրքրիր է, որ չնայած այն բանին, որ պատմության ընթացքում հայերը հակադրվել ու պայքարել են բազմաթիվ ժողովուրդների ծավալմանը` արեւելքից, արեւմուտքից եւ հյուսիսից, սակայն ընդամենը 100 տարի առաջ գրի առնված էպոսում որպես հիմնական հակադրություն, միեւնույն է, պահպանվում է հյուսիս-հարավ` Հայաստան (Սասուն) – Միջագետք (Բաղդադ, Մսըր) գիծը:

Դարերի ընթացքում, երբ էպոսը բանավոր փոխանցվում էր սերնդե-սերունդ, այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների եւ վերաիմաստավորումների նոր իրողություններին համապատասխան, պատմական իրադարձությունները փոխակերպվել են անճանաչելիության աստիճան, սակայն էպոսում հայերի հակառակորդները ոչ պարսիկներն են, ոչ թուրքերը, ոչ բյուզանդացիները, այլ Միջագետքի տիրակալները: Ինչպես որ Հայակական Լեռնաշխարհը որպես աշխարհագրական եւ երկրաբանական միավոր գոյանում է Արաբական եւ Եվրասիական սալերի բախումից, որի արդյունքում վեր են խոյացել Հայաստանի լեռները, այդպես էլ Հայկական Լեռնաշխարհի քաղաքակրթությունը ձեւավորվում է երկրաբանորեն Արաբական սալի մասը կազմող Միջագետքի հետ բախումից (ջերմ բարեւներ Վազգեն Ղազարյանին, որն արդեն երեւի փոշմանել է, որ ինձ հետաքրքրել է երկրաբանությամբ, որից հետո ստիպված է անընդհատ ընկերական ծաղրել իմ նորահայտ` «տեկտոնական նացիոնալիզմը», բայց ես մեղավոր չեմ, որ ամեն ինչ այդքան սիրուն բռնում է իրար հետ): Ընդ որում, ավարտելով էպոսի թեման, նշեմ, որ էպոսի հերոսների հայրենիքը` Սասունը որպես Տավրոսյան լեռնաշթղայի մաս, տեղադրված է հենց Արաբական եւ Եվրասիական սալերի սահմանին:

Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Կովկասը: Ասորեստանի հետ սկզբունքային հակամարտության մեջ գտնվող Ուրարտուի կայսրերը կարիք ունեին ապահով թիկունքի: Որպես այդպիսին նրանց իդեալապես պիտի ծառայեին հյուսիսում գտնվող տարածքները, որոնք անհասանելի էին ասորեստանցիների համար, եւ մինչեւ կիմերացիների ու սկյութների հայտնվելը ենթակա չէին որեւէ լուրջ արտաքին սպառնալիքի: Հյուսիսային ուղղությամբ իրենց նվաճումներում ուրարտական արքաները հասան այսօրվա Հարավային Կովկասի տարածք՝ մինչեւ Կոլխիդա, Ջավախք, Արցախ…: Նպատակը ոչ միայն ռազմավարն էր կամ նվաճումը: Հատկապես ապագա Արեւելյան Հայաստանի տարածքին ուրարտացիները շատ լուրջ էին վերաբերվում` վերածելով այն փաստորեն իրենց պետության երկրորդ` «պահուստային» կենտրոնի: Բազմաթիվ արշավավքներով եւ մեծ համառությամբ նրանք ընկճեցին տեղական` բավական ուժեղ իշխանությունների դիմադրությունը, կառուցեցին մի քանի վարչական եւ ռազմական կենտրոններ, տեղափոխեցին բնակչություն իրենց կայսրության այլ վայրերից (հատկապես Երեւանի առաջին բնակչությունը եղել են Եփրատի վերին ավազանից տեղափոխվածները, ինչպես որ այսօրվա Երեւանի թաղամասերի մի զգալի մասի անունները կրում են վերին Եփրատի հայաշատ բնակավայրերի անունները` Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա, Նոր Արաբկիր…): Հաշվարկը ճիշտ էր, եւ անկման շրջանում Ուրարտուի վերջին` թույլ տիրակալներն իրենց խղճուկ իշխանությունը պահպանեցին հենց այս կողմերում: Բայց դրանից ավելի կարեւոր էին ապագայի հետ կապված հետեւանքները: Հատկապես ուրարտական արքաներն են, որ ստեղծեցին Արարատյան դաշտը որպես հետագա հազարամյաների հայկական քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոն` մեռնող եւ հարություն առնող քաղաքակրթական միջուկ: Արգիշտիի եւ մյուսների դարավոր կամքի շնորհիվ է, որ այսօր էլ, Հայաստանի մեծ մասի կորստից հետո, մենք որպես «թիկունք» կարողացանք օգտագործել Արարատյան Հայաստանը: Միայն թե չնմանվենք Ուրարտուի վերջին արքաներին, որոնք Արարատյան դաշտում, կտրված իրենց բնօրրանից, ապրեցին իրենց անփառունակ մայրամուտը:

Այսպիսով, ուրարտական թագավորներն են, որ առաջին անգամ պատմության լույսը սփռեցին Կովկսայան տարածաշրջանի վրա, ելնելով ռազմավարական պայքարի անհրաժեշտությունից: Նրանց արձանագրություններն են, որ սկիզբ են դնում Կովկասի տարածաշջրանի ձեւավորմանը: Սակայն սա դեռ տարածաշրջանի ոչ թե բուն պատմությունն է, այլ նախապատմությունը: Այդ նախապատմությունը շարունակեցին նաեւ հելենիստական Հայաստանի արքաները: Կարող ենք հիշել Արտաշես 1-ին ալանական իր հարսանիքով, եւ Տիգրան Մեծին, որի քաղաքական համակարգի ինքնավար միավորներն էին Վիրքն ու Աղվանքը: Բայց Արգիշտիի գործի իրական ժառանգորդն ու նոր որակ տվողը` նախապատմությունից բուն պատմություն տռեղափոխողը եղան ոչ թե արքաները, այլ Սասունի լեռների ստորոտների գյուղում ծնված սբ. Մեսրոպ Մաշտոցը եւ 5-6-րդ դդ.-ի նրա աշակերտներն ու աշակերտների աշակերտները: Սրանց մասին էլ կխոսենք հաջորդ անգամ:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements