Նոր տասնամյակի քաղաքականություն

“Բայց արի ու տես, որ կենցաղում եւ ներքին քաղաքականությունում այդքան շուստրի հայերը, արտաքին քաղաքականության մեջ հարիֆության նոբելյան մրցանակակիր են:”

Ներհայկական քաղաքական կոչվող լրատվություն կարդալը առավել հաճախ նույնն է, ինչ կամավոր կերպով գլուխը տեղեկատվական աղբամանի վերածելը: Թվում է թե քաղաքական նորությունը պետք է նույնանա ակտուալության հետ: Թոբաթե՛: Հին վիետնամերենի շարահյուսության ուսումնասիրությունը կարող է ավելի ակտուալ ու գործնական զբաղմունք դուրս գալ, համեմատած աշխարհից ու ժամանակից դուրս գտնվող մեր ներքաղաքական զարգացումների: Խե՜ղճ հայ լրագրողները: Եթե դրսից մի լավ նորություն չլինի, ի՛նչ անիմաստ բաներ են ստիպված օրերով քննարկել ու վերլուծել «քաղաքականի» անվան տակ: Ասենք, ՕԵԿ-ի նման կազմակերպության համագումարը համարվում է Հայաստանում քաղաքական նորություն: Ուշադիր եղեք, չեմ ասում, ՕԵԿ-ը լավն է, կամ վատն է. ասում եմ ՕԵԿ-ատիպ կազմակերպությունները հեռավոր իսկ առնչություն չունեն քաղաքականության հետ: Դրանք ամեն ինչ են, բացի քաղաքականից` տնտեսական, ախպերական, կլանային, կենցաղային, ինչ ուզեք: (Ի դեպ, միշտ զարմացել եմ, երբ ախք-ին դավաճան են անվանում. դավաճան ինչի՞ն կամ ո՞ւմ): Քաղաքական իրադարձություն է համարվում Հանրապետականի համագումարին Ս. Սարգսյանի ելույթը, ուր ոչմիբանությունը համեմամված է կեղծհոգեւոր փուչ պաթոսով: Քաղաքական նորություն է համարվում, վարչապետի եւ նախարարների հավաքագրումը Հանրապետական կուսակցություն` գործընթաց, որն ինքնին պերճախոս վկայություն է ներկայիս Հանրապետականի եւ քաղաքականության միջեւ կապի ի սպառ բացակայության: Քաղաքական խիստ կարեւոր նորություն է համարվում ՀՀԿ-ԲՀԿ կիսագզվրտոցները: Քաղաքական հիմնարար սյուժե է համարվում Քոչարյան-Սարգսյան հակասությունների եւ Քոչարյանի տակից խաղեր տալը, որը, թերեւս ընդամենը արտաքին ուժերի կողմից խաղարկվող մարիոնետների թաթրոն է:
Այսպիսին են քաղաքական նորություններն իշխանական ճամբարից: Ընդդմիադիր ճամբարից եկող լուրերը շատ անգամ ավելի հուսադրող չեն: Ժառանգությունը պառակտվեց (հիշենք, որ ժամանակին բավականաչափ մարդիկ այս ուժի հետ որոշակի հույսեր էին կապում), հիմա հասանք հնչակներին: Իհարկե պարզ է, որ այս ուժերի պառակտումները իշխանության ներքաղաքական «կրեատիվ նախաձեռնողականության» արդյունք են: Պարզ է նաեւ, որ քաղաքական դաշտի չկայացվածությունն ունի օբյեկտիվ հիմքեր` չկա իրական մրցակցություն, չեն գործում խաղի կանոնները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ, հետեւաբար հնարավորություն չկա քաղաքական դաշտի զարգացման, թարմացման, նոր գաղափարների, նոր մարդկանց, նոր որակի ծննդյան: Բայց կա նաեւ սուբյեկտիվ խնդիր: Ի վերջո Հայաստանում վերջին շրջանում եղել է մի հասարակական-քաղաքական իրադարձություն, որը պետք է խթաներ նոր որակների առաջացումը թեկուզ ընդդիմադիր դաշտում: 2008-ի Հրապարակը հսկայական էներգետիկ ներուժի աղբյուր է, երկար տարիների անսպառ շտեմարան: Բայց արդյո՞ք, այդ ներուժը կվերածվի լիարժեք կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ որակի, թե կփոշիացվի կախված է մեզանից: Քաղաքականից մինչեւ մշակութային` նորույթների ինստիտուալիզացումը պետք է բխի միայն ու միայն այդ աղբյուրից: Իրականում մինչ այժմ քիչ բան է արված այդ ուղղությամբ: Բայց թերեւս դա էլ նորմալ է: Ժամանակ եւ հեռավորություն է պետք որոշ բաներ ընկալելու, ինչպես նաեւ սաղմին` պտուղ դառնալու համար:
Ուրեմն, թողնենք իշխանամետներին (նրանք առանց մեր ասել-չասելու դատապարտված են ստույգ մահվան գալիք տասմամյակում, եւ մեր խնդիրն այն է, որ նրանց կործանմամբ հնարավորին քիչ տուժի մեր երկիրը) մի կողմ, եւ դառնանք մեզ: Ասեցի, որ տաղտկալի իրավիճակը, բացի օբյեկտիվից ունի նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Սուբյեկտիվի մեջ կարող ենք առանձնեցնել երկու կարեւոր գործոն` ա. իդեալիզմի պակասը հայ քաղաքականության մեջ, բ. կառուցվածքային խնդիրներ` ներքին ժողովրդավարության բացակայությունը հանուն ժողովրդավարության պայքարող ընդդիմադիր կազմակերպություններում: Դառնանք երկու կետերին առանձին-առանձին:
Իդեալիզմի պակասը: Ընդհանրապես, հայերս համարում ենք, որ քաղաքականությունը մի ոլորտ է, որը հակասում է բարոյականությանը, ազնվությանը, իդեալներին եւ այլն: Եթե պահպանված լիներ հայ ավանդույթի կրող հայ ազնվականությունը կամ հոգեւորականությունը, կամ եթե հայ գյուղացիությունը մի զալի մասը չվերածվեր քաղաքների գորշ քյարթու զանգվածի, թերեւս, հակառակ պատկերացման աղբյուրը գտնեինք այդ դասերի ներկայացուցիչների շարքերում: Բայց նոր դարերի հայերս, մանրբուրժուական ազգ ենք, եւ մեր պատկերացումներն էլ քաղաքականության մասին համապատասխան են դրան: Քաղաքականությունը, ըստ այդմ, արեւելյան շուկայի առեւտրի նման մի բան է, որի բաղկացուցիչ մասը մանր-մունր շուստրիությունն է, քցոցին, եւ նմանանտիպ` խիստ ռազմավարական մտածողության ու վարվելակերպի մոդելները: Թվում է թե աշխարհի քաղաքական իրականությունը հաստատում է մեր այս պատկերացուները: Իրավ, քաղաքականության մեջ անպակաս է սուտը, դրժված խոստումները, խոսքի ու գործի հակասությունը, ցինիզմը եւ այլն: Բայց եթե քաղաքականությունը միայն դա լիներ, քաղաքականությունն այդ կերպ պատկերացնող հայերը, թերեւս առաջնային քաղաքական դերեր գրավեին աշխարհում, քանի որ շուստրիկների քանակը մերոնց մեջ, ըստ տարածված կարծրատիպի, ավելին է քան ռուսների, ամերիկացիների, գերմանացիների եւ այլոց մեջ: Բայց արի ու տես, որ կենցաղում եւ ներքին քաղաքականությունում այդքան շուստրի հայերը, արտաքին քաղաքականության մեջ հարիֆության նոբելյան մրցանակակիր են: Իրականում, եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ որքան ավելի մեծ ու հզոր է պետությունը, այդքան ավելի մեծ հավանականությունը, որ նրա հիմքում ընկած են իդեալները, զոհողականությունը, հավատքը, ապագայի տեսիլքը: Բոլոր այսօրվա եւ երեգվա մեծ պետությունների սկբզնական հզորացման հիմքում ընկած է իդեալիզմը: ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան եւ մյուսները, երբեք չէին դառնա մեծ տերություններ, եթե նրանց հիմքը չդրվեր բարձր իդեալներ դավանող «խենթ» անհատների կամ խմբերի կողմից: Ի՛նչ ասեմ, նույնիսկ մեր չսիրված Օսմանյան կայսրությունը երբեք չէր վերածվի փոքրիկ ու անհայտ մի իշխանությունից, երեք մայրցամաքների վրա իր իշխանությունը տարածաց հզորագույն տերության, եթե նրա հիմքում չլինեին որոշակի իդեալներ, եւ եթե ներկայիս թուրքական վերնախավը, կրողը չլիներ որոշակի ավանդույթի: Մեր մոտ սովորաբար ասում են` դե թուրքերը հին դիվանագետներ են, ավանդույթ ունեն: Հարցը դա չէ: Դա ընդամենը տեխնոլոգիա է: Ավանդույթը ոչ թե այդ տեխնոլոգիան է, այլ ավելի խորքում ընկած հիմքը, առանց որի տեխնոլոգիան չէր լինի:
Երկրորդ հարցը, կառուցվածքայինն է: Հայկական կուսակցություններից ոչ մեկն աչքի չի ընկնում ներքին ժողովրդավարությամբ: Ես չեմ ուզում ինչ որ մեկին նեղացրած լինեմ, կամ տաք տեղից քարոզներ անողի տպավորություն թողնեմ: Քա՛վ լիցի: Մեր ընդդիմադիր դաշտի շատ գործիչների անձնապես անկեղծ հարգում եմ եւ մեծ համակրանքով եմ վերաբերվում: Խնդիրն անձերը չեն, որոնք կարող են շատ լավ, խելոք ու պարկեշտ լինել: Խնդիրը համակարգն է: Եթե որեւէ կուսակցության առաջնորդը տարիներով չի փոխվում, ես ինչի՞ց ենթադրեմ, որ երկրի նախագահ դառնալով, նա չի ձգտի նույնպիսի «երկարակեցության»: Առաջնորդի փոփոխությունն, իհարկե, ինքնանպատակ չէ: Բայց ինքնանպատակ է հանուն ժողովրդավարության պայքարող կազմակերպության մեջ ներքին մրցակցության, պարբերաբար անցկացվող ընտրությունների, ներքին վեճերի, ֆրակցիոն պայքարի առկայությունն ու խթանումը: Հենց այդտեղից պետք է առաջ գան նոր գործիչներ, նոր տեսակետներ, նոր գաղափարներ, նոր ուժեր: Վեճեր ու բախումներ մեր կուսակցություններում, իհարկե, լինում են: Բայց դրանք կրում են տակից փորելու, ինտրիգային-կոնսպիրատիվ բնույթ, իսկ արտաքուստ հայտարարովւմ է, որ ներքին տարաձայնություններ չկան, բոլորը միակարծիք են եւ այլն: Իբր, միակարծիքությունը եւ տարաձայնությունների բացակայությունը կարող է լավ բան վկայել որեւէ լուրջ կառույցի մասին: Հենց դա էլ թուլացնում է կազմակերպությունը, եւ թույլ է տալիս կաավարությանը ներսից պառակտել, քանդել, թվում է թե կայացած գաղափարական-քաղաքական ուժերը:
Հետեւաբար նոր տասնամյակում Հայաստանին պետք է նոր տիպի քաղաքական ուժ: Ի սկզբանե, դա, թերեւս պետք է ոչ թե կուսակցություն լինի, այլ ավելի լայն ֆորմատի շարժում, որի հետագայում կարող է հիմք դառնալ միանգամից մի քանի ինքնուրույն քաղաքական հոսանքների կայացմանը: Այդ նոր ուժը երկու բան պետք է բերի քաղաքական դաշտ` նոր, միանգամայան թարմ գաղափարներ (անշուշտ նախկինի ժառանգության յուրացմամբ) եւ նոր կազմակերպչական որակ` հիմնված ներքին մրցակցության եւ իրական ժողովրդավարության վրա:

Հ.Գ. Իսկ էդ ներքաղաքական նորություներն, ի սեր Աստծո, մի՛ կարդացեք: Իզուր տեղը գլուխներդ ավելորդ զահարով եք լցնում: Ավելի լավ է, օրը մի բանաստղեծություն կարդացեք, կամ մի բաժակ թթի օղի խմեք, կամ գրաբար մի հոլովում սովորեք, կամ ուղղակի ձեր մոտիկներին ժամանակ հատկացրեք: Մենք` գրողներս ճար չունենք, պետք է էդ աղբին հետեւենք գործի բնույթով, բայց դուք` ընթերցողներդ կարող եք ավելի օգտակար զբաղմունքներ գտնել:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s