Լեոնիդ Իլյիչ… Գորբաչով կամ Есть ли у вас план, мистер Фикс?

2009թ., որն իր հետ պատմություն է դարձնում մի ողջ տասնամյակ, ներհայաստանյան զարգացումների առումով եղավ նախորդ` 2008թ. շարունակությունը: Ըստ էության, քաղաքական առումով նոր տարի Հայաստանում չեղավ: Կարծես թե արդեն կարելի է նախնական ամփոփում անել Ս. Սարգսյանի կառավարման հիմնական միտումների առումով: Այդ կառավարման բավական տարօրինակ ռազմավարությունը կարելի է բնութագրել հետևյալ կերպ’ բրեժնևիզմ ներքին քաղաքականության մեջ և գորբաչովիզմ՝ արատքին քաղաքականության մեջ: Տարօրինակը, իհարկե, այս երկու իրար հակոտնյա մոդելների զուգորդումն է, իսկ է՛լ ավելի տարօրինակն այն է, որ երկուսից վերցված է, թերևս, ամենաբացասական կողմերը: Իրավ, գորբաչովիզմի, թերևս ամենաթույլ կողմը հենց արտաքին քաղաքականությունն էր, իսկ բրեժնևզիմը փակուղի էր նախ ներքին առումով:
Չնայած ոմանց ակնկալիքներին, մյուսների կանխատեսումներին, երրորդների կռահումներին, չնայած Ս. Սարգսյանի իսկ նախընտրական արշավի «նամյոկներին», չնայած նաև որոշ ներիշխանական խլրտումներին, որոնք ոգեշնչման անսպառ նյութ են լրագրողների համար, չնայած որոշ մանր կամ միջին տրամափաչափի փոփոխություններին՝ այս պահին դեռ կարող ենք ամրագրել, որ ներքին խնդիրների առումով Ս. Սարգսյանի կառավարության քաղաքականությունը մնում է պահպանողական: Պահպանողականությունը առավել շեշտվում է արտաքին քաղաքականության հեղափոխականացման ֆոնին: Իհարկե, այս պահին դժվար է պնդել, թե այսպիսի վիճակը հաստատուն միտման բնույթ է կրում: Հնարավոր են տարբեր սցենարներ, սակայն ներքին զարգացումների իմաստով մենք բավական տիպիկ բրեժնևիզմի’ զառամյալ, մի քանի ատամ թափած, երիտասարդական կորովը կորցրած, դեպի անխուսափելի անկում ընթացող, բայց դեռ կանգուն ու հարկ եղած պահին արյուն թափելու պատրաստ բռնակալության շրջան ենք ապրում: Ինչ վերաբերում է հնարավոր սցենարներին, ապա այս պահին դրանցից որևէ մեկն ավելի կամ պակաս հավանական համարելը իմ նպատակների մեջ չի մտնում: Սակայն մի երկու խոսք կարելի է ասել նաև դրանց առնչությամբ: Կա տեսակետ, որ արտաքին քաղաքականության հեղափոխականությունը գրեթե անխուսափելիորեն բերելու է նաև ներքին հեղափոխության’ վերևից կամ ներքևից: Գուցե այդպիսի հնրավարություն իրոք կա: Բայց ինչո՞ւ չենթադրել, որ նույն հաջողությամբ հնարավոր է և հակառակը. հայ օլիգարխիան կարող է որոշ չափով երկարացնել գոյատևման իր ռեսուրսը՝ ի հաշիվ արտաքին փոփոխությունների: Կա մեկ այլ տեսակետ, համաձայն որի Ս. Սարգսյանն ունի «պլան»: Նկատի ունեմ ոչ թե այն պլանը, որն աճում է Ֆերգանայում, այլ այն, որ ուներ միստր Ֆիքսը «80 օրում երկրի շուրջը» մուլտֆիլմի մեջ: Այս տարբերակն էլ ունի իր փաստարկման համակարգը, և բացառված չէ, որ ուշ թե շուտ ականատես դառնանք «պլանի» իրականացմանը: Բայց այստեղ էլ կան կասկածելի տեղեր: Գուցե Ս. Սարգսյանին ու նրա մի քանի մերձավորներին թվո՛ւմ է, որ իրենք ունեն «պլան», ինչպես որ նրանք հավատում են, որ հավատում են Աստծուն (հենց այդպես’ «հավատում են, որ հավատում են». սա իմ կարծիքով լավագույնս բնորոշում է այն յուրօրինակ «քրիստոնեությունը», որ դավանում են զույգ Սարգսյանները, իսկ վերջերս՝ նաև նրանց հարող ուժերը): Բայց անկեղծ ասած՝ արտաքին հայացքի համար պարզ է միայն այն, որ այդ պլանը կամ պլանները ընդամենը անարյուն վերացականություն են: Ո՛չ Սարգսյանը, ո՛չ էլ որևէ մեկն իր մերձավոր զինակիցներից, որևէ իդեալ կամ տեսիլ ունեցող մարդկանց տպավորություն չեն թողնում: Հոգեբանական տեսակետից դա կարևոր է. կարելի է ունենալ ինչ-որ վերացական մքտեր կամ երազանքներ’ ինչպես ավելի լավ կլիներ թեմայով, բայց իրագործման համար պետք է նաև իրական նվիրվածություն, ինչ-որ իմաստով՝ մոլեռանդություն, համառություն, կամք, նույնիսկ եթե դա չար կամք է: Այս իմաստով «մերոնք» նույնիսկ չարակամների տպավորություն չեն թողնում: Այստեղ օգուտ չի կարող բերել նույնիսկ ինտելեկտուալիզմը, եթե ենթադրենք, որ «պլանի» կրողը Ս. Սարգսյանի ինտելեկտուալ համարվող փեսան ու նրա «ջահելներն» են: Կրթությունը, այն էլ «արտասահմանյան տղաներին» բնորոշ մակերեսային կիսագրագիտությունը, որն ի զորու է յուրացնել տեխնոլոգիաներ, բայց ոչ՝ դրանց հիմքը կազմող ֆունդամենտը, շատ քիչ է «պլան»-ը իրագործելու համար: Պետք է մի կողմից գործընթացների խորքային և համակողմանի տիրապետում, մյուս կողմից՝ համառ կամք: Թե չէ, այդ տիպի ինտելեկտուալներ ունեինք և Քոչարյանի «մերձակայքում»: Նրանց առավելագույնը ՓիԱռ նախագծերն են, արհեստական կուսակցությունների ստեղծումն է, էստրադային աստղերի հովանավորումն է և այլն: Վերադառնալով Բրեժնևին՝ ասեմ, որ նա էլ ուներ որոշակի «պլան» և գաղափարախոսություն, բայց բարեփոխումների բոլոր զգուշավոր փորձերը նրա ու նրա զինակիցների կողմից ապարդյուն ավարտվեցին հենց վերոնշյալ պատճառներով’ հեռանկարային տեսահորիզոնի, ինչպես նաև կամքի բացակայություն:
Ինչ վերաբերում է գորբաչովյան տարրին, ապա դա, ըստ էության, մնում է միակ գործը, որին Ս. Սարգսյանը կպել է իր կողմից իշխանության բռնազավթման գրեթե ամենասկզբից: Առայժմ, եթե չհաշվենք կեղծհոգևոր հռետորականությունը, դա միակ գործն է, որով նա հավակնում է մտնել պատմության մեջ: Ի տարբերություն ներքին բարեփոխումների՝ այս գործընթացը կարծես ոչ ոք չէր ակնկալում, չէր կռահում, չէր կանխատեսում, և Ս. Սարգսյանն էլ «նամյոկ» չէր տալիս դրա մասին: «Նախաձեռնողականության» մասին շատ եմ գրել, և այս պահին նոր բան չունեմ ավելացնելու, բացի, թերևս, մեկ բանից. ամենամեծ նվերը գալիք տարվա մեջ կլինի այն, որ դա վերջնականապես տապալվի:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements