ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀԻՄՔԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՎ 4

3.2. Մ. Մաշտոցը` Կովկասի ստեղծող

Թեեւ էթնիկ-լեզվաբանական տեսակետից Ուրարտուն եւ հայերը տարբերվում են, սակայն աշխարհաքաղաքական առումով Հայաստանի եւ Ուրարտուի ժառանգականությունը ակնհայտ է թվում: Ուրարտուն ինքը էթնիկ պետություն չէր, այլ վերազգային բնույթ կրող կայսրություն (արեւմտյան ուսումնասիրություններում հաճախ կայսրություն էլ անվանվում է). հին ժամանակների մասշտաբով Ուրարտուի տարածքը համապատասխանում էր կայսերական «տրամաչափին»: Միաժամանակ, ինչպես տեսանք, խաղալով «երկրորդ համարով», ուրարտական կայսրությունը, ժամանակակից լեզվով ասած` որոշակի այլընտրանքային ուղերձի կրող էր: Պետք է ենթադրել, որ հին եւ միջնադարյան Հայաստանը որոշ իմաստով ժառանգել էր նաեւ ուրարտացիների այս ուղերձը: Նախաքրիստոնեական շրջանի մասին դժվար է ավելի հաստատ կերպով պնդել այս ենթադրությունը` բվականաչափ նյութի բացակայության պատճառով: Սակայն քրիստոնյա Հայաստանի պատմությունը կարծես թույլ է տալիս այս ենթադրությունն ամրացնել փաստարկման բավական համոզիչ համակարգով:

Քրիստոնեության ընդունմամբ հայկական քաղաքակրթության ունիվերսալ` վերազգային չափումը նոր լիցք ստացավ շնորհիվ կրոնամշակութային առաքելականության: Արդեն նախամաշտոցյան շրջանում ունենք Հայաստանից տարածվող քրիստոնեական քարոզի օրինակներ: Դրա հիմնական վեկտորն ուղղված է դեպի հյուսիս եւ հյուսիս-արեւելք, այսինքն Կովկասյան տարածաշրջան` Վիրք, Աղվանք, իսկ ավելի ուշ նաեւ Կովկասից էլ այն կողմ` հոների տարածք: Առաքելականությունն ընդգրկում է նաեւ Հայաստանի հյուսիս-արեւելյան ծայրագավառները, որոնք առավել կապված էին Կովկասի հետ, յուրահատուկ անցումային գոտի էին` Սյունիք, Արցախ, Ուտիք: Սա Կովկասի պատմականացման եւ տարածաշրջանային ձեւավորման նոր որակի հիմք է դառնում: Պատահական չէ, որ սբ. Մաշտոցի այբուբենաստեղծման գործն ուղիղ շարունակությունը եղավ նրա միսիոներական չհաջողված փորձերի, իսկ մյուս կողմից էլ համընկավ Արշակունյաց Հայաստանի անկման հետ (նոր պայմաններում, արքայի անձի փոխարեն հայկական ինքնության միավորիչ դերը պետք է խաղային հայոց գրերը): Մաշտոցին կարելի է առանց սխալվելու մեծ ռիսկի կոչել Կովկասի՝ որպես ուրույն տարածաշրջանի ու դրա առանձին միավորների ինքնության արարող: Հետաքրքրիր է, որ դա գիտակցում էին նաեւ ժամանակակիցները: Այսպես, նկարագրելով Մաշտոցի կողմից վրաց այբուբենի ստեղծումը, Կորյունը գրում է. «Եւ արդ զնոսա, որ յայնչափ ի մասնաւոր եւ ի բաժանեալ լեզուացն ժողովեցան, միով աստուածաբարբառ պատգամաւքն մի ազգ կապեալ», այսինքն` մեկ ազգի վերածեց այդքան տարբեր ու բաժան-բաժան լեզուներով խոսողներին: Ավելորդ է ասել, որ նույնը վերաբերվում է նաեւ աղվաններին, բայց նաեւ հայերին, այն իմաստով, որ հայ ազգային ինքնությունը, եթե ոչ ստեղծվեց, ապա վերաստեղծվեց Մաշտոցի կողմից:

Ո՞րն է այսպես ասած Մաշտոցի մեթոդի առաննձնահատկությունը: Նախ` նա ստեղծում է այբուբեններ երեք լեզուների համար` նրանց, որոնք թեեւ քաղաքական տեսակետից Հայաստանի կազմում չէին, սակայն եկեղեցական տեսակետից Հայ եկեղեցու մասն էին: Այսինքն, Մաշտոցի գործն ի սկզբանե վերազգային բնույթ է կրում: Նա, թերեւս, կարող էր ստեղծել միայն մեկ այբուբեն, որը կնշանակեր փորձել մեկ գրական լեզու տարածել ողջ տարածաշրջանի համար (ինչպես լատիներեն գիրը Արեւմտյան Եվրոպայում, հունարենն ու նրա հիման վրա ստեղծված կիրիլիկը արեւելյան Եվրոպայում, արաբերեն գիրը իսլամի աշխարհում եւ այլն): Բայց նա գնում է երեք տարբեր ինքնությունների ձեւավորման ճանապարհով: Այսինքն, ձեւավորելով մշակութային տարածաշրջան, Մաշտոցը զուրկ է ձուլողականության դրսեւորումներից:

Մյուս կողմից, Մաշտոցի մոտ նկատելի է ստեղծվելիք տարածաշրջանի սահմանազատման ձգտումը նախ եւ առաջ Բյուզանդիայից: Թեեւ նրա ժամանակ եկեղեցական բաժանում դեռ չկար, բայց Մաշտոցին կարելի է համարել հայերի եկեղեցական տարանջատման նախահայրը: Նրա ստեղծած երեք այբուբենների գծագրությունն էլ այնպիսին է, որ նրանք ունեն միանգամայն ինքնուրույն տեսք` չնայած հիմքում հունական, ու թերեւս այն ժամանակին հայտնի այբուբեններն են: Համեմատեք, օրինակ լատինատառ եւ կիրիլիկ այբուբենների հետ, որոնց ցեղակցությունը հունականին միանգամից աչք է զարնում: Եվ դեռ ավելին. յուրաքանչյուր երեք այբուբենի համար Մաշտոցը ստեղծում է այնպիսի կառուցվածք եւ գծագրություն, որ նրանք միմյանցից էլ շատ տարբեր տեսք եւ ներքին տրամաբանություն ունեն: Այպիսով հիմք է դրվում երեք գործընթացների` ա. կովկասյան տարածաշրջանային ինքնության ձեւավորման, բ. ձեւավորվող տարածաշրջանի մշակութային սահմանազատման եւ անկախության (նախ եւ առաջ քրիստոնյա Բյուզանդիայից, քանի որ Իրանից գծագրվող տարածշրջանն առանց այդ էլ սահմանազատված էր կրոնով), գ. Կովկասի ներսում առանձին անկախ ինքնությունների ձեւավորման: Մաշտոցը գծագրում է ոչ միայն այբուբենների տառերը, այլ նաեւ ուրույն տարածաշրջանի սահմանները: Կարելի է տեսնել ազգերի յուրահատոկ ազատ համադաշնության նախագծի սաղմեր, որն անկախ է արտաքինից (թեեւ արեւմտյան քրիստոնյա քաղաքակրթության մասնիկ է), եւ միաժամանակ ազատ է ներքուստ:

Սբ. Մաշտոցին հետեւած ժամանակաշրջանում` հիմնականում 6-րդ դարում նրա գործունեության մեջ նշմարվող նախագիծը շարունակում է ծավալվել նրա աշակերտների եւ աշակերտների աշակերտների ջանքերի շնորհիվ: 6-րդ դարի ընթացքում է, որ տեղի ունենում Հայ Եկեղեցու (իսկ նրա կազմում նաեւ վրացիների եւ աղվանների) վերջնական բաժանումը բյուզանդականից` դավանաբական հիմքի վրա (քաղկեդոնականություն-հակաքաղկեդոնականություն), որը տիպաբանորեն շարունակում է Մաշտոցի տառերի գծագրության գործը: Զուգահեռ ընթանում են «քաղաքակրթական շինարարության» հետեւյալ ուշագրավ գործընթացները. հայերենի եզրաբանության ստեղծում (հունական գիտական եզրերը պատճենվում են հայկական արմատներով), որտեղից էլ ցայժմ ունենք օտարաբանությունները հայացնելու այսօրվա հայի տեսակետից «տարօրինակ» ավանդույթը, առանձին հայկական օրացույցի ընդունումը, հայկական եկեղեցական ճարտարապետության ծանոթ տիպի ձեւավորումը եւ այլն: Այս ամենը վկայում է ուրույն քաղաքակրթական դաշտ ձեւավորելու մասին: Ուշադիր լինելու դեպքում, նկատելի է, որ միեւնույն կրոնադավանական տարածքները սովորաբար ունենում են նաեւ միեւնույն այբբենական համակարգ (օրինակ` լատիներենը, արաբերենը), միեւնույն գիտական եզրաբանություն, միեւնույն օրացուցային համակարգ, ճարտարապետական ոճերի համընթաց զարգացում եւ այլն:

Այսպիսով, 5-6-րդ դարերում ականատես ենք դառնում հայկականության մեջ ներդրված քաղաքակրթական ներուժի ցայտուն դրսեւորման հետ, որի արդյունքում սկսում է ձեւավորվել Կովկասը որպես ուրույն տարածաշրջան: Սակայն, պետք է նշել, որ այդ գործընթացն այդպես էլ ավարտի չի հասնում` տարբեր ժամանակներում ընդհատվելով եւ նորից վերականգնվելով: Հայկական նախագծի գլխավոր հակառակորդը Կայսրություն էր` Բյուզանդիան: 6-րդ դարի վերջից բյուզանդա-պարսակական պատերազմների ընթացքում նա ծավալվում է դեպի արեւելք` Հայաստան եւ Կովկաս: Կայսրության ազդեցության ծավալումը խրախուսում է անջատողական գործընթացներ, որոնք դրսեւորվում են Հայ Եկեղեցու դավանանքից դեպի բյուզանդական դավանանքը անցնելու փորձերով: Այդ միջոցով տեղական վերնախավերը փորձում էին ձեւավորել Հայաստանից միանգամայն անկախ ինքնություններ: Այդ փորձերից վերջնական հաջողություն ստացավ Վիրքի փորձը: Հայերի ու վրացիների հակադությանը սկիզբ դրվեց կայսերական միջամտությամբ: Պետք է ասել, որ եթե մի կողմից անջատողական ձգտումները տեղական մակարդակով ինքուրույություն էին ստեղծում, ապա տարածաշրջանային մակարդակով, դրանք նպաստում էին անկախության կորստյանը եւ Կայսրության կողմից ուղղակի կամ անուղղակի հովանավորվող հակամարտությունների առաջացմանը:

Մի երկու խոսք պետք է խոսել նաեւ քաղկեդոնականության եւ հակաքաղկեդոնության մասին, որովհետեւ այդ թեման մեծ կարեւորություն ունի այն քաղաքկրթական համատեքստի տեսակետից, որի մասին խոսում ենք: Այն նախ բացահայտում է հայկական կովկասյան նախագծի հակակայսերական բնույթը, որով եւ որոշակի կապ է թույլ տալիս նշմարել ուրարտական նախագծի, ինչպես նաեւ հայկական ազգածին ավանդույթի հետ: Երկրորդ, հակաքաղկեդոնականության ձեւակերպումը այսօրվա աշխարհիկ եւ մշակութային լեզվով (կրոնադավանաբանական վեճերից դուրս), թերեւս կարեւոր հիմքերից հանդիսանա հայկական քաղաքակրթության եւ կովկասյան տարածաշրջանի անկախության բանալին վերագտնելու համար: Սրա մասին էլ հաջորդ հատվածում:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements