Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին

Գալիք 2010թ. ոչ միայն նոր տարի է, այլև նոր տասնամյակի սկիզբ: Թվում է, թե տվյալ դեպքում կարող ենք գործ ունենալ ոչ միայն զուտ պայմանական, այլև բովանդակային անցման հետ: 2000-ականները, որոնք ձևական տեսանկյունից ավարտվում են այս տարի (բովանդակային առումով թերևս դրանց սահմանն անցնում է մոտավորապես 2008թ.-ով), մի ուրույն ժամանակաշրջան էին գոնե հետսովետական տարածքի համար (թերևս՝ նաև աշխարհի): Մի քանի գործոններ’ ձևական և բովանդակային (տնտեսական ճգնաժամ, միջազգային քաղաքականության նոր միտումներ, մի քանի երկրների առաջին դեմքերի փոփոխություններ), կարծես վկայում են այն մասին, որ գալիք տարիները փոփոխությունների, թարմացման, վերաբեռնավորման ժամանակաշրջան կարող են լինել: Այս պահին չեմ ուզում վերլուծական մեթոդի վրա հիմնված սցենարային կանխատեսումների փորձ անել: Քանի որ օրերը նախատոնական են, ավելի շատ կփորձեմ ազատ ոճով շարադրել այն, ինչ հնարավոր եմ համարում’ հենվելով ավելի ներըմբռնման (ինտուիցիայի), քան վերլուծության վրա: Խոսքս էլ կլինի Հայաստանի մասին:
Ի՞նչ ենք վերցնում մեզ հետ նոր տասնամյակ, ի՞նչ հիմնական նպատակներ ու խնդիրներ ունենք, ի՞նչ ներուժի տեր ենք, և ի՞նչ կարող է մեզ սպասել: Հնարավոր զարգացումները կարելի է պայմանականորեն բաժանել երկու’ հոռետեսական և լավատեսական սցենարների միջև: Բայց կարծում եմ՝ դա արհեստական կլինի, և ավելի ճիշտ է ենթադրել երկու միտումնեի զուգահեռ զարգացումն ու պայքարը: Լավատեսական սցենարների Հայաստանում քչերն են հավատում, և դա, ի դեպ, փակ շղթա է ստեղծում: Դեպրեսիվ հոռետեսությունը մի կողմից ունի օբյեկտիվ հիմքեր, իսկ մյուս կողմից ինքն է հիմք դառնում նույն օբյեկտիվ իրականության: Բայղուշությունն ու նվնվոցը մենք հաճախ ենք շփոթում իրական քննադատության հետ: Հարցը քննադատության սուր կամ մեղմ լինելը չէ, ոչ էլ իշխանության կողմից հորինված կառուցողականության, սուտի-հանդուրժողականության և քուրիկական ոճի ընդդիմության մասին երազանքն է: Քննադատողականությունը կարող է և պետք է լինի սուր, ընդդիմությունը’ արմատական, ըդնվզումը’ հետևողական: Բայց միաժամանակ այն կարող է և պետք է լինի ստեղծագործ և հիմքում արժեհամակարգ, իդեալ, հավատ, վստահություն ունեցող: Բռնակալներն ու բռնակալիկները սիրում են խոսել սիրուց, միասնությունից և դատապարտել ատելությունը: Բայց սերն առանց ատելության չի լինում: Անարադարությունը, դավաճանությունը, բթությունը պետք է ատել: Սակայն տոտալ հոռետեսությունը և բայղուշությունը՝ որպես ազգային գաղափար, արգասիք են խորհրդային մտավորականության այն մասի մտածողության, որն այդպես էլ ենթագիտացորեն չի կարողանում համակերպվել գորտի իր տաքուկ դրախտի’ սովետի փլուզմամբ: Որքան էլ թերի լինի մեր անկախ հանրապետությունը, այն մեկ քայլ առաջ է սովետի նկատմամբ, իսկ նրա թերիների մի զգալի մասի արմատներն էլ գերազանցապես հենց նույն սովետում են (անշուշտ’ ոչ բոլորը, և անշուշտ՝ խորհրդային ժառանգությունը միայն բացասական հնարավոր չէ գնահատել): Քսան տարվա մեջ մենք հասցրել ենք ձևավորել նաև որոշակի արժեքներ: Կարող եմ նշել Արցախյան հաղթանակը’ աննախադեպ հայոց պատմության վերջին դարերի ընթացքում (վերջին անգամ հայերը, կարելի է ասել, հայրենիք են ազատել ու մնայուն հաղթանակներ տարել 13-րդ դարում): Կարող եմ որպես արժեք նշել նաև մեր հասարակության քաղաքացիական մոբիլիզացիայի բավական բարձր բնույթը (գոնե հետխորհրդային տարածքի շատ երկրների հետ համեմատած). այլ բան է, որ դա դեռևս ի զորու չէ դառնալ նոր իրականության հիմք: Ես արժեք եմ համարում նաև կոնկրետ 2008թ. փետրվարյան հրապարակային տասնօրյակը, որի հոգեբանական, հասարակական, մշակութային և ի վերջո՝ նաև քաղաքական հետևանքները, իմ համոզմամբ, ոչ այնքան անցյալում ու ներկայում են, որքան ապագայում:
Ակնհայտ է, որ բացի արժեքներից՝ մենք մեզ հետ մյուս տասնամյակ վերցնում ենք նաև չլուծված հիմնարար խնդիրների մի փաթեթ: Երրորդ Հանրապետությունը լուրջ հիվանդ է, և հիմնարար բուժման փոխարեն ընդամենը գլխացավի դեղ է խմում: Բայց նրանք, ովքեր պատրաստվում են թաղել մեր անկախ պետությունը, կարծում եմ, դեռ երկար պետք է սպասեն: Ոչ թե Երրորդ Հանրապետությունն է պետք «փակել» և թաղել, այլ սովետական գարշահոտ դիակի մնացուկներից է պետք ազատվել: Իսկ դրա լավագույն կերպը ոչ միայն զուտ քննադատողականությունն է, այլև այլընտրանքային ստեղծագործությունը. գալիք տասնամյակում պետք է գոյանան հասարակական, քաղաքացիական, քաղաքական, մշակութային ինստիտուտներ, որոնք իրենց գոյությամբ իսկ անիմաստ կդարձնեն մնացուկային կառույցները:
Ընդհանուր ձևակարպմամբ՝ մեր նպատակն է արմատապես լուծել բոլորին հայտնի ներքին խնդիրները, բայց միաժամանակ այնպես անել, որպեսզի երկիրը տուժի նվազագույնս, մանավանդ այն պարագայում, երբ արտաքին մարտահրավերները չափից ավելի լուրջ են դառնում: Հեշտ է, իհարկե, տալ նման ընդհանուր ձևակերպում, շատ ավելի դժվար է տալ այդպիսի բարդ խնդրի լուծման կոնկրետ ուղիները: Մի բան կարող եմ ասել. քննադատողականության մեղմացումը և արմատականից «կառուցողական» դիրքերի անցումը չեն կարող խնդրի լուծում լինել: Բայց ո՛չ էլ զուտ հռետորական արմատականությունն է խնդիր լուծելու: Ենթադրում եմ, որ մոտակա ապագայում Հայաստանում զուգահեռ ընթանալու է երկու գործըթնաց՝ առայժմ անկախատեսելի հանգուցալուծմամբ: Ավելի ճիշտ, ընդհանուր հանագուցալուծումը պարզ է’ հինն ու փտածը անխուսափելիորեն իրենց տեղը զիջելու են նորին ու կենսունակին: Հարցը մանրամասները և հատկապես գինն են: Երկու զուգահեռ գործընթացներն են’ նախկինից ժառանգած հիվանդության խորացումը և միաժամանակ նոր’ առողջ ուժերի զարգացումը: Ամենամտահոգիչն այն է, որ կարծես անխուսափելիորեն մոտենում է ժամանակը՝ հաշիվները փակելու և գին վճարելու այն բոլոր ռազմավարական սխալների համար, որոնք մենք թույլ ենք տվել նախկինում: Վերջին տարիներին մենք, կարելի է ասել, ապառիկով ենք ապրել’ պարտք վերցնելով ապագայից: Ամենավտանգավոր կետը Արցախի խնդիրն է, ուր մենք բազմից դավաճանել ենք մեր իսկ հռչակած սկբունքներին, հատկապես՝ ինքնորոշման, ազատության, ժողովրդավարության: Եթե մենք դա չանեինք, չեմ հավատում, թե աշխարհում կա որևէ ուժ, որն ի զորու լիներ մեզանից խլել մեր հաղթանակը: Ի վերջո, ոչ ոք մեզ վրա ատոմային ռումբ չի պատրաստվում գցել հանուն կասկածյալ կույս Ադրբեջանի տարածքային «ցելկայության»: Արտաքին գործոնները մեծ դեր ունեն, բայց մեծ հաշվով խնդիրը նախ մեր մեջ է (արտաքին հանգամանքների մասին ինքս շատ եմ գրել, բայց կարծում եմ, որ իմ ընթերցողը նկատել է, որ ես միշտ էլ առաջնային դեր եմ տվել ներքին հանգամանքներին): Արցախի հետ կապված մարտահրավերի բարենպաստ լուծման հույսը նախ և առաջ մեր հասարկության ներքին դիմադրողականության աստիճանն է: Կարծում եմ՝ ինձ նման դուք էլ, մեղմ ասած, թերահավատ եք պաշտոնական հայրենասիրության և կարիերիստ իշխանամետների շինծու ազգասիրության հանդեպ: Նրանք, ովքեր ներքին խնդիրներում դիմադրողականության ոգի են ցուցաբերել, նրանք էլ նույնը ի զորու են անել արտաքին մարտահրավերի պարագայում: Այս օրինակով էլ, կարծում եմ, լուծելի կարելի է համարել և մյուս մարտահրավերները:
Կարծում եմ, գրեթե համոզված եմ, որ սովետահայաստանի հետագա նեխմանը զուգահեռ՝ գալիք տասնամյակում այս կամ այն արագությամբ զարգանալու է նաև զուգահեռ գործընթացը’ նոր, կենսունակ, ուրախ, ինքնավստահ, մարտահրավերները առանց ավելորդ խուճապի դիմավորող Հայաստանը: Լացուկոծը, վախճանաբանական տեսիլքները, նվնվոցը թող մնան գերեզման մտնող հայի հին տեսակին: Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին: Մենք’ ուրախ հայերս, ամենքս մեր տեղում և մեր ուժերին ներածին չափով պետք է ամենօրյա գործ անենք’ հիմնվելով արդեն ունեցած, թեկուզ փոքրաթիվ, արժեքների վրա: Նոր մշակույթ, նոր միտք, նոր քաղաքականություն, նոր արժեքներ, նոր հասարակություն, նոր մտածողություն, նոր կառույցներ, նոր հարաբերություններ: Սրանք հարկ եղած դեպքում կարող են դիմադրողականության լավագույն հենակետեր լինել: Իսկ մարտահրավերների լավագույն պատասխանն այն է, որ ամեն մեկս անձամբ իր համար վճռի’ հանձնում ու հանձնվում է, թե՞ ոչ:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s