ՉԱՆԴՐԱԳՈւՊՏԱ ՍԻՆԴՀԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ

Շատերն են ասում` բա նախօրոք պարզ չէ՞ր ամեն ինչ: Լավ է, իհարկե, եթե նախկին փորձից մարդը եզրակացություններ է անում, բայց մյուս կողմից, մտածում եմ` եթե որեւէ մեկին նախօրոք ամեն բան պարզ է, գուցե առհասարակ ապրե՞լ անգամ չարժե:
Չէ՞ որ նախօրոք ամեն ինչ իմանալով ապրելը կյանքի ամենահետաքրքիր ձեւը չէ: Էլ չեմ ասում այն բանի մասին, որ երբ որեւէ հասարակության մեջ նախօրոք իմացողների թիվը նորմայից շատ է` «նախօրոք իմացածը» վերածվում է սովորական նավսի ու կատարվում է ճշգրտությամբ: Կա, իհարկե, եւ հակառակ ծայրահեղությունը. հարյուրմեկերորդ անգամ ռաստվել նույն բանին եւ չանել ոչ մի եզրակացություն` ընկնելով ցիկլի մեջ` շարունակել նույն երգը երգել: Հասկացաք երեւի, որ խոսքը վերջին ընտրությունների, եւ դրա շուրջ եղած տարբեր ռեակցիաների մասին է:
Ես կգրեմ, հիմնականում ելնելով իմ տեսած կոնկրետ ընտրատեղամասի փորձից: Բայց որքան հասկացել եմ, այն որոշ առումով տիպական կարելի է համարել: Դատելով եղած տեղեկատվությունից, չնայած մի քանի տեղերում եղել են բռնություններ եւ կեղծման փորձեր` բուն տեղամասում, հիմնական արդյունքները ապահովվել են ընտրատեղամասից դուրս: Սա էլ, գուցե, մի մեծ նորություն չէ: Բայց այնուամենայնիվ, կարծում եմ, որ անցած ընտրությունները (եւ այս հարցում շատերն իմ հետ համաձայն են) իրենց կարեւոր յուրահատկությունն ունեին: Մենք գործ ունեցանք, այսպես ասած, մաքուր գիտափորձի հետ, եւ անտեսել այդ փորձի արդյունքները իրավունք չունենք: Ընդ որում, երբ ասում եմ «իրավունք չունենք», ի նկատի չունեմ միայն ՀԱԿ համակիրներին, այլ ցանկացած մեկին, ով այս կամ այն ձեւով իրեն ներգրավված է պատկերացնում Հայաստանի հասարակական կյանքում` այսօր կամ վաղը: Ո՞րն էր գլխավոր առանձնահատկությունը: Ընտրություններում կարող է հաղթող դուրս գալ մեկը, որին ոչ ոք չի ճանաչում, այդ թվում` նրա ընտրողները, ում գրեթե ոչ ոք չի տեսել (իսկ ով տեսել է Պետրոսի հաղորդման մեջ, նա, կարծում եմ, կյանքում չի մոռանա սույն անձին), բացի իր բարեկամ-ընկեր-ծանոթներից, ով գոնե ձեւի համար չի անցկացրել որեւէ քարոզարշավ, ով նույնիսկ չի պատկանում իշխող կուսակցությանը, այլ ընդամենը նրա ոչ պաշտոնական աջակցությունն է վայելում, ով մի դատարկ բլանկ է, «միստր իքս»: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ եթե ընտրական թերթիկում գրված լիներ, ասենք` Չանդրագուպտա Սինդհ, ոչ մի տարբերություն չէր լինի, եւ Չանդրագուպտան կդառնար ԱԺ պատգամավոր: Կարող էր լիներ նաեւ Թալեաթ փաշա (մահացած 1921 թ.) կամ Կալիգուլայի ձի` կարեւոր չէ: Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե բռնություններով, լցոնումներով եւ այլ բացարձակ կեղծիքներով ընտրության մասին, այլ իրական մարդկանց իրական քվեարկության մասին: Իհարկե, այդ մարդիկ իրենց քվեի դիմաց կամ գումար են ստանում, կամ որեւէ այլ փոխհատուցում, կամ պարզապես յուրահատուկ «ցանցի» մաս են: Սա անշուշտ ընտրական օրենսդրության խախտում է, քրեական արարք եւ ընտրակեղծիք: Բայց սա խնդրի ձեւական-իրավական, նաեւ` բարոյական կողմն է: Սակայն հասարակական-քաղաքական տեսակետից, սա ի վերջո այդ մարդկանց ազատ կամքն է եւ ընտրությունը` իրենց ձայնը վաճառել կամ փոխանակել որոշակի շոշափելի կամ երեւակայական օգուտների դիմաց: Ճիշտ հասկանանք. խոսքս բարոյական արդարացման կամ դատապարտման մասին չէ, այլ երեւույթը ճիշտ ընկալելու մասին: Կարող է լինել բացարձակ մաքուր ընտրություն, մաքուր հաշվարկ, հանձնաժողովի անաչառ նախագահ, եւ ընտրվել Չանդրագուպտա Սինդհը կամ Կալիգուլայի ձին: Սա շատ ավելի վտանգավոր է, քան ցանկացած բռնություն (պարզ պատճառներով): Իհարկե սա չի նշանակում, որ չկան ընտրության արդյունքին ազդող այլ կարեւոր գործոններ` մասնակցության ակտիվությունը, քարոզարշավի արդյունավետությունը, թիմային աշխատանքը եւ այլն: Բայց սա նշանակում է, որ մեծ հաշվով, ցանկացած որոշում Հայաստանում կարող է իր ձեւական օրինական հաստատումը ստանալ: Կարող եք ինձ կրկին մեղադրել չափազանցության մեջ, բայց գրեթե համոզված եմ, որ նույն կերպ կարող է քվեարկվել, ասենք, Հայաստանի միացումը Թուրքիային` վիլայեթի կարգավիճակով, Արցախի եւ ազատագրված տարածքների հանձնումը, բոլորիս Մարս տեղափոխվելը, առհասարակ ցանկացած անհեթեթ թվացող հարցադրում: Եվ այստեղ է, որ նրանք, ովքեր կարծում են, թե խնդիրը վերաբերում է միայն Նիկոլի կողմնակիցներին, կամ միայն ներկայիս ընդդիմությանը, եւ առավել եւս` նրանք, ովքեր ուրախանում են Նիկոլի պարտությամբ, պետք է մտածեն այն բանի մասին, որ ուշ թե շուտ այս նույն մեխանիզմը գալու եւ առնչվելու է իրենց հետ: Իսկ ավելի կարեւոր է այն, որ այս մեխանիզմը դառնում է Հայաստանի անկախության եւ անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից մեկը: Եվ սա այն դեպքն է երբ պետք է վերացարկվել անձերից, նրանց նկատմամբ ունեցած համակրանքից ու հակակրանքից ու հասկանալ, որ երբ հրապարակային, ճանաչելի գործիչը պարտվում է «միստր իքսին», դատարկ բլանկին եւ Չանդրագուպտա Սինդհին, ապա սա բոլորի խնդիրն է:
Վերադառնամ կոնկրետ տեղամասին: Կոնկրետ «իմ» տեղամասում, Նիկոլը հաղթել էր 2 ձայնի առավելությամբ, այսինքն` մեծ հաշվով երկու հիմնական թեկնածուները հավասար ձայներ էին ստացել: Մոտ 1900 գրանցված ընտրողից մասնակցեցին 300-ից մի փոքր ավելին, որոնցից 150-ը ձայն տվեցին Նիկոլին, իսկ 148-ը Չանդրագուպտային («բալա ջան, ո՞ւմ պիտի ընտրենք»): Քվեարկության ընթացքը խաղաղ էր ձանձրալիության աստիճան, հաշվարկը` անաչառ: Մեր տատիկներն ու պապիկները, մորքուրներն ու հորքուրները, ինչպես նաեւ` քույրիկներն ու ախպերները հոժար կամքով, ժպտադեմ քվեարկեցին մեկին, ում ո°չ տեսել են, ո°չ լսել են, բայց ում մասին իրենց ասվել է: Հետաքրքիրն այն է, որ աչքաչափով շատ դժվար էր տարբերել Նիկոլի ընտրողին` Չանդրագուպտայի ընտրողից: Իհարկե, կային երկու ծայրահեղ «թեւեր». եթե ընտրատեղամաս էր գալիս դողդողացող ձեռքերով տատիկը, ապա մեծ հավանականությամբ նա պատկանում էր` «բալա ջան ո՞ւմ պիտի ընտրենք» խմբին, իսկ եթե ճաշակով հագնված ու բարետես աղջիկ էր, ապա նվազագույնն էր հավանականությունը, որ նա պետք է ձայն տա ոչ Նիկոլին: Բայց սրանք փոքրամասնություն կազմող ծայրահեղություններ էին: Հիմնականը միջին ընտրողն էր, որի տեսքից, հագուկապից, եւ այլ արտաքին տվյալներից դժվար էր գուշակել ընտրությունը: Այսինքն` բաժանման գիծը արտաքուստ աննկատ է, եւ կարող է ի հայտ բերվել միայն ավելի մանրակրկիտ, գիտական մեթոդներով արված ուսումնասիրությամբ (ցավոք, ենթադրելի է, որ քաղաքական բարձր նյութերով տարված մեր գործիչները հազիվ թե զբաղվեն այդպիսի «մանրուքներով»): Փաստորեն ունենք այսպիսի մի պատկեր: Ընտրողների մեծ մասը ընտրությանը չմասնակցեցին, ինչը կարող է ունենալ բազմաթիվ ընդհանրական (հայերի ասած` «գլոբալ») եւ մասնավոր պատճառներ, որոնք այս պահին մի կողմ թողնենք: Իսկ եկած ընտրողները կիսվեցին գրեթե ուղիղ երկու հավասար մասի: Շատերն ասում են. չեկածները Նիկոլի պոտենցիալ ընտրողներն են: Միգուցե դա այդպես է, եւ եթե ընդհանուր քաղաքական վիճակը երկրում ավելի ակտիվ լիներ, այդ պոտենցիալ ընտրողները մասնակցեին քվեարկությանը: Բայց նախ` հակառակ կողմի ռեսուրսն էլ, թերեւս, ամբողջովին մոբիլիզացված համարել չի կարելի, երկրորդ` չի կարելի անվերջ հույսը դնել միայն աչքաչափի եւ ենթադրությունների վրա. լուրջ աշխատանքը ենթադրում է հնարավորինս ճշգրիտ հաշվարկներ եւ պատկերացումներ:
Քանի որ վերոշարադրյալից, բացվում են բազմաթիվ տարբեր խոսակցությունների թեմաներ, որոնց շուրջ ծավալվել ես այս պահին պատրաստ չեմ (ամեն ինչ չէ, որ վերջնականապես մարսված է նաեւ իմ կողմից, եւ այս պահին ավելի շատ հարցեր, քան պատասխաններ ունեմ), ապա ամփոփեմ: Մի քանի նախնական բան, իմ համար, կարծես պարզ է: Պետք չէ եղածից սովորության համաձայն ողբ սարքել, բայց մյուս կողմից էլ` հնարավոր չէ ձեւացնել, թե ամեն ինչ նորմալ է, եւ կարելի է նույն ոճով շարունակել: Մարդը կամ մարդկանց խումբը, որն իրական ելք է ուզում գտնել, ոչ այնքան այլոց, այլ սեփական բացթողումներն է նախ ուզում հասկանալ: Իմ համար պարզ է նաեւ, որ այն հայտնի իրավիճակը, որը մենք փորձում ենք հաղթահարել, չի կարող ունենալ լուծումներ միայն քաղաքական հարթության մեջ: Եվ սա նույնպես հաստատվում է վերջին ընտրությունների արդյունքներով: Իրական լուծումը ենթադրում է համալիր աշխատանք` քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ դաշտերում, իսկ մեթոդի առումով եղած փորձի հիման վրա անընդհատ թարմացում, վերանայում, սեփական բացթողումների վրա կենտրոնացում: Նիկոլի ընտրած ուղին եւ աշխատանքը բացարձակ չեն իմաստազրկվում եղածով, եւ հուսահատության տեղիք չեն տալիս: Բայց նրա թափած ջանքերը պետք է յուրաքանչյուրիս կողմից հնարավորինս համալրվեն` ըստ ամենքիս կարողությունների եւ չափի: Վերջերս հաճախ եմ հիշում այն օրերը` «Այլընտրանքի» եւ «Իմպիչմենտի» ժամանակները, երբ դեռ բավական փոքրաթիվ էինք, սակայն փորձում էինք ելքեր սահմանել ստեղծված իրավիճակից: Այն ժամանակ մենք երազում էինք նոր որակների ստեղծման մասին` սկսած քաղաքականից մինչեւ ավելի լայն` հասարակական, ընդհուպ մինչեւ հոգեբանություն, ոճ եւ մշակույթ: Չնայած դա ընդամենը 2-3 տարի առաջ էր, սակայն շատ բաներ տեղի ունեցան այդ օրերից ի վեր: Եվ տպավորություն կա, որ շատ բան նաեւ դարձավ ինքնանպատակ: Ես շատ կուզենայի, որ մենք մի լավ վերհիշենք, թե ինչի°ց ենք սկսել, եւ հանուն ինչի° էինք ի սկզբանե համախմբվել, ինչպես նաեւ այն, որ հետագայում շատ բան ի սկզբանե կոմպրոմիս էր մեր կողմից: Սա ակնարկ չէ, այլ մի թեմա, որի շարունակությունը, հուսով եմ, միասին կգտնենք այս տարվա ընթացքում:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements