ՍԵՐՆԴԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԵՎ ՍԵՐՆԴԻ ԴԱՏԸ

Որքան էլ մարդկային տեսակետից ցանկալի, բայց օբյեկտիվորեն տարօրինակ կլիներ, եթե Նիկոլին հանկարծ բաց թողնեին:
Տարօրինակ հենց Նիկոլի ընտրած ճանապարհի տեսակետից: Այնպես, որ մենք մեզ նայենք, Նիկոլը դեռ կրելով գնում է առաջ: Չէ, սա այն նախընտրական սերիայից չէ, թե բա, ժողովուրդ, հաղթել ենք: Այդպիսի բան ինձանից, կարծեմ թե, լսած չկաք: Սա այն անմիջական զգացմունքն է, որն ունեմ, եւ, ինչն ավելի կարեւոր է, այն զգացումն է, որ գիտեմ` Նիկոլն ունի: Այնպես, որ դատարանի դահլիճից դուրս եմ եկել բարձր տրամադրությամբ: Ոչ թե լավ տրամադրությամբ, որովհետեւ, ամեն դեպքում, մարդկայնորեն չէի կարող ունենալ լավ տրամադրություն, ականատես դառնալով անարդարությանը, բայց նույնիսկ ոչ լավ տրամադրությունը կարող է բարձր լինել, հպարտ լինել, գլուխը վեր պահած լինել:
Կարող եք ենթադրել, թե տաք տեղից եմ խոսում: Բայց քանի որ գիտեմ, որ Նիկոլը ոչ միայն ուղղակի ընկճված չէ այս պահին, այլ վստահ է եւ ուրախ, հանգիստ եմ գրում այս բաները: Նիկոլին ճակատագիրը սիրում է: Դրա համար տալիս է նրան այն, ինչ նա գիտակցաբար ընտրել է: Իսկ այն ուղին, որ նա ընտրել է եւ որին անդառնալիորեն նվիրվել է, ցույց տալով իրական ընտրության ունակ մարդու օրինակը, ենթադրում է նաեւ այն ինչ եղավ ամսի 19-ին` դատավճիռ կարդալու օրը: Ես ոչ հերոսացնում եմ Նիկոլին, ոչ էլ նրան գերմարդկային հատկություններ վերագրում: Ուղղակի, երբ մարդ ընտրություն է կատարում, նրա շուրջ էներգիա է ձեւավորվում. էներգիա, որն արագ կամ դանդաղ, բայց կարեւորն` անշեղորեն իրավիճակ է փոխում: Շատերս կարող ենք շատ բան խոսել, ճիշտ ու սխալ բաներ ասել, քննադատող կամ վերլուծական միտք արտահայտել: Դա էլ ուժ է, դա էլ է իրականություն փոխող, քանի որ միտքն ու բառը իրենց զորությունն ունեն: Բայց շատ կարեւոր է, երբ կա մարդը, որին կարող ես մատնանշել ու ասել` ահա նա, ով իր ուղով գնում է մինչեւ վերջ: Նիկոլի, մինչեւ նա էլ` Ժիրայրի, Բաբաջանյան Արմանի, շատ ուրիշների տառապանքներն իզուր չեն անցել ու անցնում: Դրանք իրենց շուրջ նոր արժեք, նոր դաշտ են ձեւավորում, ինչն անպայման կտա իր պտուղները: Եթե, ճիշտը խոսենք, մենք` հայերս ունենք մեր պաշտելի հերոսները, բայց մեր ամենօրյա կյանքի իրական մեծագույն արժեքը բարձր իդեալները չեն, օրինականությունը չէ, հայրենիքը չէ, մարդն ու քաղաքացին չեն, ազատությունը եւ արդարությունը չեն: Մեր բարձրագույն գերագնահատական արժեքը մնում է ընտանիքը: Այն, ինչ ընտանիքից բարձր է, ավելի շատ խոսքերի, քան իրականության ոլորտին է պատկանում: Ընտանիքի համար է շարքային հայը պատրաստ զոհողությունների, այդ թվում` իր դավանած իդեալների զոհաբերման նաեւ` կոմպրոմիսի: Այդ պատճառով էլ մեզանում մեկը, ով Նիկոլի նման իր ընտանիքի շահերն է զոհաբերում հանուն իր իդեալի, այդքան էլ միանշանակ չի ընկալվում, եւ իրականում անսովոր տիպ է: Ընտանիքը գուցե լավ բան է (այն էլ, նայած ընտանիք, եւ նայած ո՛ր կողմից է լավ), բայց դա որպես գերարժեք ունենալով` մեծ հաշվով հասարակություն չես կառուցի, ազատ, արդար եւ օրինական կարգեր չես հաստատի: Դրա համար եմ ասում, որ Նիկոլի օրինակը նոր արժեք ստեղծող է: Իհարկե, շատերի համար դա ընկալելի չէ, իսկ մյուսներն էլ, թեեւ հռետորական մակարդակով ընդունում են այսպես կոչված բարձր արժեքների գոյությունը, սակայն չեն ուզում դա տեսնել իրենց շուրջը: Վերջինս, ի դեպ, բավականին վտանգավոր տիպ է: Արտաքուստ հաճախ ընդդիմադիր, նա տառապում է տոտալ ժխտողականությամբ (չշփոթել իշխանամետների սիրած «ամեն բան սեւացնելու» հետ), եւ չի ուզում տեսնել եւ ոչ մի արժեքավոր բան, որը վերաբերում է Հայաստանի անկախության շրջանին: Նրան կարելի է հաճախ բողոքելիս տեսնել մեր իրականությունից, բայց փորձը ցույց է տալիս, որ նրա բողոքն արժեք չունի, քանի որ նա չի ուզում իր շուրջը ոչ մի դրական բան տեսնել, ինչը նաեւ թույլ է տալիս արդարացնել սեփական անգործությունը:
Նիկոլին դատավճիռ կարդալով` մի ամբողջ սերնդի դատավճիռը կարդացին: Նկատի չունեմ, իհարկե, սերունդը զուտ կենսաբանական իմաստով: Եվ մենք պետք է հպարտությամբ ու պատասխանատվությամբ ընդունենք մեր հանդեպ կայացրած այս վճիռը: Դատավճռից ենթադրելի է, որ վտանգը բնազդաբար մեզանից են զգում: Եվ մենք պետք է արդարացնենք այդ կանխատեսումը` որպես հնի գերեզմանափորները ու նորի արարիչները: Դատավճռի որոշում կայացնողն ու կարդացողը ընդամենը ճակատագրի կույր գործիքներ են, ովքեր իրենք էլ չգիտեն, թե ինչ են անում, թե ինչպե՛ս են իրենց ձեռքով ապագա ազատ Հայաստանի հիմնաքարերը դնում: Ուզում եք Աստված ասեք, ուզում եք ճակատագիր կամ պատմություն ասեք, բայց նա իր ուղիները միշտ չէ, որ բարիների ու արդարների ձեռքով է հարթում: Եթե որոշել ենք երկիր ու հայրենիք կառուցել, ազատ մարդ ու ժողովուրդ դառնալ, պետք է մեզանից դուրս գա, ջնջվի հին նյութը, ժառանգական ախտանիշը, որպեսզի նոր գինու համար պատրաստ լինեն նոր տակառներ, որպեսզի դեսուդեն չշեղվելով, ավելորդ բանավեճերի վրա ժամանակ չծախսելով, հակառակորդներին չանիծելով ու ամոթանք չտալով, կառուցենք երազանքի երկիրը: Իսկ նոր տակառներ մեզանից կառուցում է ճակատագիրը, որը գործում է, այդ թվում` անարդար դատավորների ձեռքով:
Մենք, նրանք ենք, ովքեր մեծացան կամ չափահաս դարձան հայկական հաղթանակին զուգահեռ: Ում համար, ի տարբերություն նախկին սերունդների, հայերը հաղթող ազգ դարձան, ովքեր այդ պատճառով չհասկացան իրենց հայրերին ու պապերին: Հաղթանակի զավակ լինելով, մենք չենք կարող ներքուստ չձգտել ազատության, որովհետեւ հաղթանակն ինքը ազատության, կամքի եւ ընտրության արդյունք է: Հաղթող ժողովուրդները չեն ենթարկվում բռնապետությանը: Բայց քանի որ մեր հասարակության մի զգալի մասի համար հաղթանակը ներքին փաստ չդարձավ, կողքով անցավ, քանի որ հաղթանակի տարիները նրանք անիծեցին որպես ցրտի ու մթի տարիներ, քանի որ երազեցին վերադարձ դեպի օտարի քաղցր տիրապետություն, ստացան այն, ինչ այսօր ունենք: Ստացան եւ, իրականում, գոհ մնացին:
Դատավճիռը կարդացին, եւ դա նշանակում է, որ մենք երկակի ուժ պետք է ստանանք այդ պատվաբեր փաստից, որ բազումներից ընտրվեց մեկը, ով մեր սերնդից է, ով մեր նման է, ով ոչ թե վերամբարձ ու անհասանելի «ձաձա» է, այլ մեր պես սովորական տղա` կենսուրախ, կատակասեր, առանց շինծու լրջության եւ ավելորդ ծանրության: Մենք գուցե չենք կարող սարեր շուռ տալ, կամ գերբնական հրաշքներ գործել, բայց կարող ենք ամեն մեկս իր տեղում, իր հնարավորությունների սահմաններում, եւ ցանկալի է, մի քիչ էլ սահմաններից դուրս, ամեն օր մի կտոր լույս ավելացնել: Այն, ինչը կարելի էր քննադատել, համարյա քննադատվել-անցել է: Չեմ ասում, իհարկե, ընթացիկ քննադատության մասին, այլ հիմնարար բաների մասին: Խնդիրը հիմա նոր համակարգեր, նոր գաղափարներ, նոր արժեքներ ստեղծելն է: Ինչպես դատավճիռը կարդալու օրը զրույցում ընկերներիցս մեկն ասեց, հաճախ, երբ իրապես նոր բան ես առաջարկում, դա ավելի ազդեցիկ է լինում, քան քննադատությունը, եւ համախմբում է մարդկանց: Փորձենք արժանի լինել մեզ տրված հնարավորությանը, բաց լինենք մեր ճակատագրի առջեւ, «դիլխոր» ու անհավատ հայի տեսակը չշարունակենք:
Անգլիացի փիլիսոփա եւ պատմաբան Քոլինգվուդն, իր «Պատմության գաղափարը» ուսումնասիրությունում ասում է, որ երկու տեսակետ կա մարդու ներքին աշխարհի վերաբերյալ: Համաձայն առաջինի, ներքին աշխարհը մի ապաստան է, կամ մի ամրոց, որտեղ թաքնվելով, մարդը կարող է պաշտպանվել արտաքին աշխարհի անարդարությունից: Բայց, ասում է, հեղինակը, դա պատրանք է, եւ մարդը կամ պետք է հաղթանակ տանի աշխարհի նկատմամբ, կամ հաղթվի նրանից: Այստեղից էլ ներքին աշխարհի մասին երկրորդ տեսակետը` այն մի ուժ է, որի օգնությամբ մարդը փոխում է աշխարհն իր շուրջ: Ու ես կարծում եմ, որ եթե մենք մեր նախնիների նման անհետեւողական ու տխուր չլինենք` այսքան ուժգին քննադատվող իշխանությունից սպասելով ողորմածություն եւ պարգեւներ, այլ ընդունենք նրանց դատավճիռները մեր նկատմամաբ, որպես մեզ ամրացնող եւ հավելյալ ուժ տվող փաստ, մենք կփոխենք աշխարհը մեր շուրջը: Եւ արդեն փոխում ենք: Ով դա չի տեսնում, թող գնա մի քիչ քնի:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s