Նեդոլյանի հարցազրույցը Լրագրին (շատ լավն ա)

ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԻ ՈՐՈՆՈՒՄԸ
Արա Նեդոլյան. Կրթությամբ և համոզմունքներով` թատերագետ, հրապարակախոս, հրատարակել է Նոզիս և Արծիվ փիլիսոփայական ամսագրերը, Մեթոդաբանության և Խաղատեխնիկայի Երևանյան դպրոցի անդամ /գործող խաղատեխնիկ/, Սոցիալիստական Կոնֆերանսի անդամ

Պարոն Նեդոլյան, այսօրվա իրավիճակին Ձեր գնահատականը: Ի՞նչ ունենք:

Երբ մենք ասում ենք` ընդդիմություն, իշխանություն, ‘երրորդ ուժ’, մենք ի նկատի ունենք շատ որոշակի տիրույթ. դա կոնֆլիկտի տիրույթն է: Մենք ունենք կոնֆլիկտ, որը սկսվել է 2003 թվականից և շարունակվում է մինչև հիմա: Այդ կոնֆլիկտը փոխեց իր գլխավոր դերակատարներին, բայց իր էությամբ չմարեց: Սա մի կոնֆլիկտ է, որն արդեն արմատացել է հայ հասարակությունում` իշխանություն-ընդդիմություն, և որին մասնակցում են տարբեր դերակատարներ: Սակայն հիմա, կարծում եմ, բոլորը որոնում են ոչ այնքան առեղծվածային ‘երրորդ ուժ’, որքան Հաջորդ Քայլի գաղափարը: Դա առաջին փորձերն են պատկերացնել հետկոնֆլիկտային աշխարհը: Կարծում եմ` կոնֆլիկտում գտվում ես այնքան ժամանակ, մինչև որ չպատկերացրեցիր այն հետկոնֆլիկտային աշխարհը, որտեղ դու ուզում ես հայտնվել: Ասենք այս կամ այն ձևով կոնֆլիկտը լուծված է, և ահա ի՞նչ տեսք ունի աշխարհը, ի՞նչ հիմքերի վրա է այն կառուցված, և չէ՞ որ այդ հնարավոր աշխարհը մեկը չի, դրանք տարբեր են:

Ես այդ աշխարհները կբաժանեի առաջադեմերի ու հետադեմերի, և դրանց մեջ կտարբերակեի բովանդակությամբ հետադեմը, բայց ձևով` առաջադեմը, ինչպես նաև հակառակ տարբերակը, այսինքն` միշտ կա հետկոնֆլիկտային աշխարհների զարգացման մի քանի սցենար: Կոնֆիկտային տիրույթը շատ էական է, քանի որ հենց միայն կոնֆլիկտային տիրույթում դու կարողանում ես զգալ, գնահատել, տեսնել այն ուժերը, գաղափարական հոսքերը, որոնք հեռանկարում կարող են կառուցել այդ հետկոնֆլիկտային աշխարհները: Հիմա, եթե այդ տեսակետից մենք նայենք այսօրվա իրավիճակին, ապա կտեսնենք` հետադիմական հետկոնֆլիկտային աշխարհները, այնումենայնիվ, այսօր կառուցվում են: Մասնավորապես այսօր կա փորձ զուգորդել ազգայնական գաղափարը սոցիալական հիմք ստանալու հետ: Այդ գաղափարը հիմա մատուցվում է գործարարների, սեփականատերերի, փողատերերի դասակարգին: Մոտավորապես կարող ենք ասել, որ դա Ռոբերտ Քոչարյանի ուղղությունն է: Ես դա կանվանեի հետադեմ, բայց կենսունակ: Իսկ ներկայիս իշխանությունները ձևավորում են հետադեմը, բայց թույլ, քանի որ նրանց կողմից չի դրվում սոցիալական հիմքի, ռացիոնալ շահերի ձևավորման հարցը, չի կառուցվում իշխանություն տենչացող նոր դասակարգը և նրա գաղափարախոսությունը:

Ի՞նչն է տարբերակում առաջադեմ ու հետադեմ ուժերին, որ կետում են հակադիր նրանց տեսլականները: Դա այն հարցն է` մարդիկ հավասար են, թե ոչ: Այսինքն` հասարական կառույցը պետք է ուղղահայա՞ց բրգաձև տեսք ունենա, թե հորիզանական ցանցային: Իրավունքը տնտեսական առումով, իրավունքը քաղաքական առումով և իրավունքը մշակութային առումով պետք է ունենա ամեն ո՞ք, թե այն պետք է ունենա ինչ-որ ընտրանի: Հիմնական տարբերությունը սա է: Ուրեմն առաջադեմ ուժերը նրանք են, ովքեր համարում են, որ այդ իրավունքը պատկանում է ամեն մեկին:

Մեր իրականության մեջ որո՞նք եք համարում առաջադեմ ուժեր:

Եթե նայենք ընդդիմադիր շարժմանը, ապա դրա մեջ զուգորդվում են և մեկը, և մյուսը: Օրինակ, ներկայացված են առաջադեմ գաղափարներ, բայց հետադեմ մարտավարությամբ` նորից ձևավորելով ինչ-որ բրգային կառույց, որն ինքը որոշելու է ինչպես պետք է լինի, և իր որոշումը պարզապես հայտնելու է ժողովրդին: Դա ես կհամարեի պրոգրեսիվ ավտորիտարիզմ: Իհարկե, չափազանց դժվար է և պատասխանատու առանձին մարդկանց կամ առանձին խմբավորումներին հստակ դասել այս կամ այն այն վանդակի մեջ, բայց դա շարժման մոտավորապես այն մասն է, որը դասական ՀՀՇ է, որն այժմ քարոզում է պրոգրեսիվ, բայց ավտորիտար կառավարման եղանակ:

Շարժման այլ մասնակիցները փորձում են պատկերացնել այնպիսի ապագա, որտեղ ամեն մեկն է օժտված իրավունքով և իրավունքն իրականացնելու հնարավորությունով (մոտավորապես, դա Նիկոլի մեկին գումարած մեկն է): Եթե հասարակության կառուցվածքը ոչ թե բրգաձև է, այլ հորիզոնական, ապա նա արդեն չի կարող ապավինի հերոսի ու ղեկավարի հույսին, նրա միակ հույսը ու սկզբունքը դառնում է մարդկանց միջև կոմունիկացիան զարգացնելը: Պարզ է, որ բրգաձև կառույցի կոմունիկացիան միակողմանի է, գնում է վերևից ներքև: Եթե մենք խոսում ենք հորիզոնական կառույցի մասին, ապա այն ամբողջությամբ հիմնված է կոմունիկացիայի վրա: Հաղորդակցման դաշտում ձևավորվում են սոցիալական մտքեր, այսինքն` մտքեր, որոնք կարող են գոյություն ունենալ իրենց կրողից անկախ, դա շատ կարևոր հատկություն է: Շարժման այդ նոր, իր ձևով, ոչ միայն հռչակվող բովանդակությամբ առաջադեմ հոսանքը, շերտը հույս ունի ստեղծել այնպիսի բառարան, մտածելակերպ, մտքեր, գաղափարական հոսքեր, որոնք կարող են տարածվել մարդուց մարդ և չունենալ առաջնորդ, չպահանջել հեղինակություն, այսինքն` չպահանջել իրենց սոցիալական ներդրման համար կամք, այլ բացահայտել մարդու թաքնված և հայկական իրականության մեջ հազվադեպ արտահայտվող ներուժը, որը հենց կոմունիկացիայի և երևակայության հետ է կապված:

Այդ երկու բանը հստակ տարբերենք` պայքարի լոգիկան, կոնֆլիկտի լոգիկան, որը դեռ գերիշխող է, որը շատ անհարժեշտ փուլ է, առանց որի այդ հետկոնֆլիկտային աշխարհները չեն կարող ձևավորվել, սակայն Հաջորդ Քայլ ասելով ես պատկերացնում եմ հենց հետկոնֆլիկտային աշխարհների ձևավորումը: Կարողանալ տարբերակել նրանց հիմնական, արմատապես տարբեր սցենարներով զարգացումը, կատարել դրանց մեջ ընտրությունը` դեպի որ աշխարհն ենք ձգտում, և սկսել ձևավորել այդ աշխարհը, կառուցել դա մտքում որպես ձգտման կետ, որպես երազանքի ցանկության ձգտման կետ:

Ո՞րն է դառնալու այդ երազանքի ձգտման մեր կետը: Արդյո՞ք հասաարկությունն ինչ-որ բան երազում է, ցանկանում է, ունի՞ արդյոք այդ նորի կարիքը:

Մարդկային պատմությունը իմաստավորում են մարդիկ, ովքեր ասում են` ցանկանում եմ երջանկություն, իրավունք, ունեցվածք, արդարություն` բոլորին, ուրախություն` բոլորին, ուրեմն և կան թերահավատ մարդիկ, ովքեր ասում են ինչպե՞ս, չի ստացվի: Այժմ պետք է սահմանափակվենք ինչ-որ հեղինակային բուրգ կառուցելով, որովհետև վստահել բոլորին հնարավոր չէ, երջանկությունը բոլորին չի հերիքի: Ինձ թվում է, որ դա ավելի շուտ մարդկային տեսակի, հավատամքի հարց է: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ինչ-որ բան բոլորի համար, և ձևավորում են այն, ինչը իրականում հիմք է հանդիսանում իրական քաղաքականության, իրական քաղաքակրթության:

Հայ ժողովուրդն ավելի շատ թերահավա՞տ , փա՞կ ժողովուրդ է այս իմաստով:

Հայ ժողովուրդը ոչ թե փակ ժողովուրդ է, այլ շատ երկար ապրել է փակ բրգային կառույցների ներքո, եկեղեցա-համայնքային վիճակում և օտարների ազատ նախաձեռնության պայմաններում, և իհարկե նախաձեռնությանը դեռ սովոր չէ: Դժվարանում է արտահայտել ազատ նախաձեռնություն, զարմանում է, որ կարելի է ասել` մեր երկրում իրավունքը, սեփականությունը, երջանկությունը պատկանում է բոլորին: Բայց միայն այդ ցանկությունով կարելի է ներքաշել քաղաքական պրոցեսի մեջ մարդկանց խորքային էներգիան, նրանց ոգին: Դա հեղափոխական շարժում է, այդ շարժումը նպատակ չի դնում օպտիմալ ձևով ձևակերպել եղած իշխանական համակարգը` փոխելով անձանց, փոխելով որոշ մոտեցումներ, պահպանելով սակայն իշխանական բուրգի սկզբունքը, փակ տարածության սկզբունքը, որտեղ որոշումներ են ընդունվում, ինչ-որ ձևով օպտիմալացվում է եղած իրականությունը:

Այդ հեղափոխական շարժումը, որի մասին ես ասում եմ, ուզում է փոխել ընդհանուր սկզբունքը, որ ամեն մարդ սկսի իրականացնել իր ազատութունը և կառուցի իր երջանկությունը: Ինձ թվում է` կոնֆլիկտի հետևանքով այդ ներքին ազատ որոնումը արդեն առաջացել է: Ես իհարկե շատ ողջունում եմ կոնֆլիկտի այդ դերակատարումը` աշխուժացնել հետկոնֆլիկտային աշխարհի փնտրման պրոցեսը: Պետք է պարզապես հստակ տարբերակել, մի կողմից, այն մտածելակերպը, գործելակերպը, բառապաշարը, որոնք կոնֆլիկտի սահմաններում են, ինչպես օրինակ` հաղթանակ, պարտություն, ով մեզ հետ չէ, նա մեզ հետ չէ և այլն, որը մարտնչող բառապաշար է, մարտնչող մտածելակերպ: Եվ, մյուս կողմից, հետկոնֆլիկտային աշխարհը կառուցող հաղորդակցական այն հոսքերը, որոնք փորձում են համադրել տարաբնույթ բարի ցանկությունը, ձևակերպել միտքը, թե ինչպես կարելի է իրականացնել այդ բարի ցանկությունը:

Բարի ցանկությունները ե՞րբ կյանքի կկոչվեն: Ծրագրեր կա՞ն, սաղմերը երևո՞ւմ են:

Կան: Հիմա գործում են բազմաթիվ փոքր խմբեր, որոնք մտածում են այս հարցերի վերաբերյալ: Հարցն ինչումն է: Նախ Հայաստանը չի հասել դեռ աշխարհի ուժերի հետ հաղորդակցվելուն: Նմանատիպ մտածող մարդկանց, խմբերի հետ: Հայաստանին թվում է, որ նա լուծում է ոչ թե այդ հսկայական համամարդկային հարցը, ինչպես երջանկությունը տալ բոլորին, այլ որ նա լուծում է ինչ-որ զուտ մեր հայկական, մնացած աշխարհի հետ չզուգորդվող հարցեր: Ընդ որում, ես կռահում եմ, որ մոտ ապագայում մենք կհասնենք այն իմացությանը, որ այդ պայքարը, մարդկային նոր կյանքի կառուցումը տեղի է ունենում աշխարհով մեկ, որ աշխարհի բոլոր պրոգրեսիվ ուժերը նույն ճամբարից են, և իրենց մեջ հաղորդակցություն հաստատելը մեր և նրանց հիմնական նպատակն է:

Հաղորդակցություն պետք է հաստատել Հայաստանում գործող այդ բազմաթիվ փոքր խմբերի մեջ, ինչը երբեմն անսովոր է պայքարին սովորած մարդկանց, ինչը դժվար է կատարվում, մի տեսակ պատնեշ կա բոլորի մեջ, բայց կյանքը ստիպում է, որ դա սկսի տեղի ունենալ: Եվ երկրորդ փուլը կոմունիկացիայի հաստատումն է աշխարհի այդ գաղափարական տարբեր հոսանքների հետ: Իհարկե, այստեղ կրկին, հավանաբար, հետադեմ ուժերը առաջ են ընկել, իրենք առաջինը գիտակցում են դրա անհրաժեշտությունը և կատարում են դրա հետ կապված որոշ քայլեր: Ինչի՞ց է դա կախված. շատ օբեկտիվ պատճառից, որովհետև այդ ուժերը, որոնց մենք համարում ենք հետադեմ, կամ անցյալի ուժեր, իրենց պատկերացրած, ցանկացած աշխարհները արդեն տեսել են, նրանք պատահել են պատմությունում: Եվ իրենց մոտ հարցը վերարտադրելն է և վերականգնելը այն, ինչ կար: Այսինքն` օբեկտիվորեն իրենց ավելի հեշտ է հաղթահարել կոմունիկացիոն պատնեշները, գիտակցել, որ իրենք ունեն ինչ-որ համակարգ, որին անհրաժեշտ է կոմունիկացիան: Դեպի անհայտ, չտեսնված ապագան ձգտող ուժերն իրենց նախադեպը չունեն, իրենք չունեն նմուշը, որի վրա նայելով կարելի է դա վերարտադրել:

Իսկ ովքե՞ր կարող են լինել այդ ուժի նախաձեռնողները:

Ես ենթադրում եմ, որ միասնական ընդդիմադիր Շարժումից պետք է ծնվի առնվազն 300 գաղափարական խումբ, որոնք տարբեր դիրքորոշումներ կունենան: Ցանկալի է, որ դա տեղի ունենա հենց այս դաշտում, որտեղ արդեն որոշակի կոմունիկացիայի, իրար ճանաչելու փորձ կա: Էական է, որ խոսակցությանը միանան նաև հետադեմ շարժումները, որ նրանք էլ իրար մեջ ինչ-որ կոմունիկացիա ունենան, որ իրար հասկանան, ճանաչեն` ով ինչ է ուզում: Երկրորդ սոցիալական շերտը, որը կարող է ներգրավվի, այն մարդիկ են, որոնք կյանքի բերումով լուծում են նույն սոցիալական կոմունիկատիվ հարցը` ինչպես մարդկանց միավորել և նպատակուղղել ինչ-որ օգտակար գործողություն անելու համար: Այդ մարդիկ հիմնարկներից են, կրթական կազմակերպություններից, նրանք են, ովքեր ստիպված են թեև սահմանափակ ինչ-որ շրջանակներում, բայց լուծել այդ նույն սոցիալական հարցը:

Տարբեր տեղերում, լինեն դրանք իշխանական, թե այլ, օբեկտիվ անհրաժեշտությունը առաջացնելու է կենդանի շահագրգռվածություն ձևափոխել աշխատանքի միջոցները, որոնք բոլորովին անարդյունավետ են այսօրվա Հայաստանի բոլոր ոլորտներում: Կարծում եմ` այդ զգացողությունը կա բիզնեսի աշխարհի մի մասի մեջ: Վերջապես դա արտադրական հարց է, ինչպես անել, որ աշխատողը լինի ոչ թե ‘զորակոչիկ’, այլ ‘կամավոր’: Այդ հարցը լուծելով կառուցվում է վերջին հաշվով պետությունը` ինչպես անել, որ քաղաքացիները կառուցեն իրենց պետությունը, այլ ոչ թե ենթարկվեն կամ չենթարկվեն պատրաստի բերածին` երկու դեպքում էլ քայքայելով այն: Ահա այն մարդիկ, ովքեր ի վիճակի են կոմունիկատիվ, գիտակցական կապ ստեղծել միմյամց միջև: Բայց շատ կարևոր է նաև, որ այդ երկուսը` կոնֆլիկտը ու կոմունիկատիվ դաշտը, արվեն զուգահեռ, այսինքն` կոնֆլիկտը չմարի, որովհետև կոնֆլիկտը բացահայտող, կամք տվող, էներգիայով լցնող, տարբերակող տիրույթն է, բայց շատ էական է, որ նրա շուրջը սկսի աճել, տարածվել հետկոնֆլիկտային լուծումների և դրանց վերաբերվող բանակցությունների դաշտը, և ով էլ լինի այդ դաշտում, դա դրական է, այդտեղ բացասական էլեմենտ չկա:

Այսօր հակադիր ուժերն իրենց հին անվանումների մեջ չեն տեղավորվում, և նրանց պետք է անվանել զուտ իրենց ազդեցության մեխանիզմի տեսակետից: Աշխարհում ծավալվող մի շարք պրոցեսներ կան, որոնք դեռ որ անվանված չեն: Դրա համար հայկական իրականությունում գործող հոսքերը պետք է ըստ նպատակի տարբերել: Երբ մենք ասում ենք` այս կամ այն գաղափարական ուղղությունն ինչ է ուզում նպատակային ձևով, ինչ հիմնական օրենք ունի իր պատկերացրած աշխարհը, մեզ շատ ավելի պարզ է դառնում` ինչի մասին ենք խոսում: Եթե մենք անվանում ենք խորհրդապաշտական անվանումներով, մենք խճճվում ենք` ձախ, աջ և այլն: Օրինակ` եթե մենք փորձում ենք վերարտադրել ցանկացած երկրի գաղափարները, այն ընդունել որպես էտալոն, նմուշ, մենք արդեն դրանով գտնվում ենք անցյալի աշխարհում, թեև ինքը երկիրը կարող է շատ առաջեմ լինել: Հարցն այն է, որ պետք է կառուցվի ոչ թե երեկվա, նույնիսկ այսօրվա Նորվեգիան, այլ` ապագայի Հայաստանը:

Մի քանի ամիս առաջ նման մի նախաձեռնությամբ էլ Դուք, Արման Գրիգորյանը և Մարինե Պետրոսյանը հանդես եկաք` համախմբեցիք մտավորականների ու սկսեցիք ակտիվ քննարկումներ: Ի՞նչ փուլում եք այժմ և ի՞նչ եք հասկացել:

Նախ հասկացել ենք, որ մենք ոչ թե գաղափարական խումբ ենք, այլ մենք գաղափարական ֆեդերացիա ենք: Այսինքն` յուրաքանչյուրը արժանի է այնքանով, ինչքանով ինքնուրույն, տարբերակվող գաղափար, միտք է դնում սեղանի վրա: Այսինքն` մեր կենտրոնում ազատ, դատարկ սեղանն է: Մեր կենտրոնի սեղանին դրված չէ մի բան, որը պետք է պաշտել: Հենց այդ դատարկությունը մեզ քաշում է և մեր մեջ ստեղծում կոմունիկատիվ միջավայր: Դպրոցական լեզվով ասած` մենք ոչ թե գրում ենք փոխառություն մեր իմացած տեքստի մասին, այլ շարադրություն: Մենք գիտենք, որ այդ տեքստը չկա:

Օգտվելով Ձեր հարցից` ես հրավիրում եմ նրանց, ում մենք գուցե անձամբ չենք ճանաչում, չենք հրավիրել, առաջակում ենք այդ գաղափար ունեցողներին և հատկապես գաղափարական միավորներին գալ և դատարկ սեղանի վրա դնել իրենց գաղափարները: Մենք ձգտելու ենք ոչ թե մերժել կամ վիճարկել դրանք, այլ առաջին հերթին ընկալել:

Իսկ ո՞րն է ապագայի Հայաստանը:

Իմ երևակայած ապագայի Հայաստանում մարդը մասնակցում է ընդհանուր որոշումների կայացմանը, յուրաքանչյուրը մասնակցում է իրեն հետաքրքրող հարցի լուծմանը: Այսինքն` հիմնարկում, ամեն տեղ ինքը որոշում կայացնող մարդկանցից մեկն է: Դրա համար պետք է գործնական ազատություն: Մենք այսօր էլ ունենք ազատություն, բայց այդ ազատությունը գործնական չէ: Այսինքն` մեր ազատ որոշման տակ սովորաբար չկա ռեսուրս, ռեսուրսները պաշարված են որոշում կայացնող նեղ խմբի ձեռքին: Ազատել ռեսուրսը մարդու համար… դա է սկզբունքը, կամ, ինչպես Արման Գրիգորյանն է ձևակերպում, ‘արտադրամիջոցները պետք է պատկանեն արտադրողին’:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s