Հայերի ցեղասպանությունը` բյուզանդականության վերջին ժեստ

ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

Նյութում շարադրվածը զուտ նախնական վարկածային բնույթ ունի: Որոշ դրույթներ կարիք ունեն հետագա ստուգման` հիմնավորելու կամ հերքվելու հեռանկարով: Հեղինակն իրեն իրավունք է վերապահում հետագայում փորձարկել այլ վարկածներ, որոնց դրույթների մի մասը կարող է որոշ դեպքերում նաեւ ուղիղ հակասության մեջ մտնել տվյալ հոդվածի դրույթների հետ:

Ո՞վ է իրականացնել հայերի ցեղասպանությունը եւ տեղահանությունը 1915-ին: Հարցը թվում է ունի հստակ պատասխան: Համաձայն մեզանում տարածված կարծրատիպի այն իրականացրել են վայրենի եւ քոչվոր թուրքերը: Բայց այստեղ խնդիր կա: Քոչվորները ինչպես նաեւ վայրի ժողովուրդները կարող են կոտորել եւ ավերել, բայց տեղահանություն եւ ցեղասպանություն, այսինքն` ժողովուրդների եւ հայրենիքիների ծրագրավորված եւ համակարգված ոչնչացում չեն իրականացնում: Նախ` չունեն այդպիսի ռեսուսրներ, երկրորդը` կարծես հայտնի չեն նման օրինակներ:
Տեղահանության գաղափարը թվում է տիպիկ կայսերական գաղափար է: Ամբողջ ժողովուրդների զանգվածային տեղահանման առաջին իրականաղնողներից էին, օրինակ, Ասորեստանի արքաները` առաջին աշխարհակալները: Այս պրակտիկան հետագայում ժառանգել են մյուս աշխարհակալ տերություննեը եւ տիրակալները: Հենց մեզանում` Տիգրան Մեծը: Այն նաեւ լայնորեն կիրառվում էր Սասանյան Իրանում եւ Բյուզանդիայում: Մի քիչ ավելի բարդ է խոսել էթնիկ միավորների նպատակային ոչնչացման մասին, քանի որ այս նյութը ինձ այնքան էլ ծանոթ եւ մարսված չէ, բայց այստեղ էլ պետք է ենթադրել նույն արմատները եւ ծագումնաբանական կապը զանգվածային տեղահանության` հայրենիքի ոչնչացման հետ: Մանավանդ, որ մեր դեպքում ունենք տեղահանության անվան տակ եւ տեղահանության ընթացքում իրականացված ցեղասպանություն:
Մեր պատմությանը վերաբերվող դեպքերից հիշենք Շապուհ 2-ի կողմից իրականացված հայերի եւ հրեաների տեղահանությունը Հայաստանի քաղաքներից 4-րդ դարում, բյուզանդացիների կողմից իրականացված հայերի եւ պավլիկյան հայերի տեղահանությունները` բռնի կամ որոշ դեպքերում` «պարտադիր-կամավոր» (Վասպուրականի տեղահանությունը 11-րդ դարում), Շահ Աբասի օրոք տեղի ունեցած տեղահանումը 17-րդ դարում: Ինչ վերաբերվում է բյուզանդացիներին, ապա հայկական քաղաքակրթական նախագծի կազմաքանդումը եւ առհասարակ հայկաանության կազմալուծումը եղել է նրանց նպատակը դարերի ընթացքում դեռ սկսած Հուստինիանոսի հայտնի օրենքներից 6-րդ դարում` ձգտում, որին հետագայում տրվել է նաեւ կրոնա-դավանաբանական հիմնավորում: (Տես նաեւ` https://ustahrant.wordpress.com/2009/12/19/mashtoc/): Այդ է եղել պատճառներից մեկը, որ հայերը, այլ արեւելաքրիստոնեական ժողովրնդների նման ի վերջո նախընտրել են ենթարկվել Խալիֆատին քան բյուզանդացիներին (չնայած Խալիֆատն էլ հետագայում Հայաստանը թուլացնելու քաղաքականություն է վարել, բայց ոչ հայերի տեղահանման, այլ մահմեդականների բնակեցման միջոցով Հայաստանում): Հետաքրքիր է, որ ավելի ուշ բյուզանդաիները նույն կամ նման հիմնավորմամբ նախընտրեցին Օսմանյան դինաստիան Արեւմտյան Եվրոպայի հետ միությանը: Տեղահանությունները կազմել են նաեւ Ռուսական Կայսրության եւ ստալինյան ԽՍՀՄ-ի ազգային քաղաքականության մաս:
Ըստ այդմ, պտմական տիպաբանության տեսակետից ավելի հավանական է համարել, որ Օսմանյան կայսրությունը իրականացրել է հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը հենց որպես կայսրություն, այլ ոչ թե որպես քոչվոր եւ վայրի թուրքերի ժառանգորդ (այսինքն, նաեւ, որքան էլ տարրօրինակ է ցեղասպանությունը հանդիսանում է յուրահատուկ քաղաքակրթվածության, այլ ոչ թե վայրիության նշան, իհարկե, քաղաքակրթության այն յուրահատուկ իմաստով, որը ներկայացնում են կայսրությունները): Ընդ որում, թեեւ հին թյուրքական` սելջուկյան ավանդույթները որոշ դեր կատարել են Օսմանյան կայսրության զինվորական եւ պետական կազմակերպության կայացման գործընթացում, սակայն թուրքական ինքնությունը շատ քիչ դեր է խաղացել օսմանյան ինքնագիտակցության համար: Ճիշտ է, այն պահին երբ իրականացվեց հայերի ցեղասանությունը Օսմանյան կայսրությունում թյուրքական ինքնության եւ պանթյուրքիզմի «բում» էր, բայց մեծ հարց է, թե իրականում ի՛նչն էր ավելի կարեւոր` ընդամենը մեկ-երկու տասնամյակի պատմություն ունեցող ազգայնական-ցեղապաշտական հռետորիկան, թե՞ ենթագիտակցության մակարդակով գործող օսմանյան կայսերական դարավոր ավանդույթի մեքանիկան:
Արեւմուտքում` միջնադարում եւ նոր ժամանակներում անտեսվել կամ չի էլ նկատվել այն հանգամանքը, որ օսմանցիները գիտակցել են իրենց նաեւ որպես Բյուզանդիայի եւ Հռոի ժառանգորդներ: Ժամանակին Եվրոպայի սարսափ իսկ հետագայում հիվանդ մարդ` անհավատ օսմանցիները Հռոմի ժառանգո՞րդ. այս պնդումը չպետք է տեղավորվեր եվրոպական աշխարընկալման մեջ: Իրականում, սակայն Հռոմի եւ Բյուզանդիայի ժառանգ լինելու օսմանացիների հավակնություները մեծ հաշվով ավելի պակաս հիմնավորված չէին քան Կարլոս Մեծի, Սրբազան Գերմանական կայսրության կամ Մոսկվայի հավակնությունները: Կրոնական գործոնը այդքան էլ էական կարող է չթվալ, եթե հիշենք, որ քրիստոնյա բյուզանդացիներն էլ հեթանոսական Հռոմի ժառանգորդն էին համարվում: Օսմանացիները ունեին նաեւ մեկ առավելություն. աշխարհագրական ժառանգությունը, ինչն այդքան էլ արհամարելի գործոն չէ որքան կարող է թվալ առաջին հայացքից: Օսմանյան կայսրության սահմանները համընկնում էին Բյուզանդայի սահմանների հետ վերջինիս ծավալման շրջանում, Օսմանյան մայրաքաղքը` Կոնստանտնոպոլիսն էր, իսկ Օսմանյան հողերի միջուկը` նախկին բյուզանդական միջուկ` Փոքր Ասիան էր:
Գրավելով Պոլիսը` օսմանյան սուլթանները յուրացրեցին կայսեր տիտղոսը (Կայսեր-ի-Ռում): Մահմեդական աշխարհում նրանք այդպես էլ ընկալվել են` Հռոմի (Ռում-ի) կայսրներ, իսկ իրենց երկիրն էլ` Հռոմ – Ռում: Այպիսի ընկալումներն աննախադեպ չէին աշխարհակալ պետությունների պատմության մեջ: Դեռեւս Հին Արեւելքում, Աքեմենյանները ընկալվել են ոչ միայն որպես պարսից արքաներ այլեւ, օրինակ, որպես Եգիպտոսի փարավոններ, եւ թագադրվել են որպես այդպիսիք: Ալեքսնադրոս Մեծը իրեն հռչակել է պարսից տիրակալ` Աքեմենյանների լեգիտիմ ժառանգ ու նույն Եգիպտոսի փարավոն, Տիգրան Մեծը` Սելեւկյանների ժառանգ եւ այլն: Լեգիտիմության նման փոխանցումը Կայսրություների միջեւ սովորական է, եւ կազմում է յուրահատուկ շթղա առաջին կայսրությունից` Ասորեստանից մինչեւ միջնադարի եւ նոր ժամանակների կայսրությունները: Ընդ որում, այս շղթայի մեջ Մերձավոր Արեւելքն ու Եվրոպան քաղաքակրթական միասնություն են կազմում: Նկատենք նաեւ, որ Հռոմի կայսեր տիտղոսը Օսմանյան դինաստիայի համար ավելի հին է քան, օրինակ, խալիֆայի տիտղոսը, որը նրանք ընդունեցին միայն 16-րդ դարում, Մերձավոր Արեւելքի եւ Եգիպտոսի գրավումից հետո: Շնորհիվ աշխարհագրական ժառանգականության գրեթե նույնն էին Բյուզանդական եւ Օսմանյան Կայսրության ծավալման եւ պայքարի ուղղությունները` Բալկաններ, Մերձավոր Արեւելք, Հյուսիսային Աֆրիկա, Հայաստան, Կովկաս: Նույնն էին մրցակիցներն ու թշնամիները Օսմանյան կայսրության գոյության սկզբնական շրջանում` Իրան, Սրբազան Հռոմեական կայսրություն, պապականություն (առհասարակ` Եվրոպա): Բացի այդ, օսմանցիների կողմից Պոլսի գրավման շրջանում քիչ չէին այն հույները, որոնք նախըտրում էին սուլթանի իշխանությունը, կաթոլիկ եկեղեցու հետ միասնության ուխտ կնքած բյուզանդական կայսրի իշխանությանը: Սուլթանի որպես կայսեր լեգիտիմության մասին հենց հույների տեսակետից կարող է մասամբ պատմել հետեւյալ պատկերը` http://upload.wikimedia.org/wikipedia/commons/a/ac/Gennadios.jpg: Այստեղ Պոլսի հայրապետ Գենադիոսը` կաթոլիկների հետ միասնության մոլեռանդ հակառակորդը, հանձնում է Պոլիսը գրաված Մեհմեդ սուլթանին քրիստոնյա դավանանքի հիմունքները շարադրող մի թուղթ: Այսքանը ընդհանուր գծերով բյուզանդական ժառանգականության գործոնի մասին Օսմանյան կայսրության պատմության մեջ:
Օսմանյան կայսրության կողմից Հայաստանի նվաճման պատոմւթյունը որոշ առումներով հիշեցնում է բյուզանդական ծավալումը դեպի Հայկական Լեռնաշխարհ: Համենայն դեպս մեծ գայտակղություն կա թուրք-պարսկական պատերազմները Հայաստանին տիրելու կոչել նույն տարածքի համար բյուզանդա-պարսկաան մրցակցության ռեմիքս: Նույնը վերաբերվում է նաեւ Հայաստանի բաժանումներին Արեւմտյան եւ Արեւելյան մասերի օսմանցիների եւ Իրանի միջեւ, որոնք վերարտադրում է բյուզանդա-պարսկական բաժանումները: Ի վերջո թուրք-պարսկական սահմանը Հայաստանում կայունացավ մոտավորապես բյուզանդա-պարսակական երկրորդ բաժանման գծով: Եվ եթե Շահ Աբասի կողմից հայերի տեղահանումը թուրք-պարսկական հերթական պատերազմի ընթացքում կարելի է դիտարկել որպես պարսկա-բյուզանդական պատերազմի ընթացքում Շապուհ երկրորդի կոմղից իրականացված հայերի տեղահանության վերհուշ, ապա ինչո՞ւ չի կարելի Օսմանյան Կայսրության քաղաքականությունը հայերի նկատմամբ դիտարկել որպես բյուզանդական ժառանգության մաս (իհարկե ոչ միայն, քանի որ պետք է հաշվի առնենք նաեւ Խալիֆատի ժառանգության, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության յուրահատկության գործոնները):
Ըստ այդմ, հայերի ցեղասպանությունը կարող է լինել բյուզանդականության վերջին արարքը, վերջնականապես գերեզման մտնելուց առաջ: Կայսերական տիպիկ «կոսմոպոլիտներ» Թալեատը եւ այլոք` վերջին բյուզանդացիները եւ Հուստինիանոսի ժառանգները (սրանց միջեւ եղած կապի առաջին ներըմբռնումն իմ հետ տեղի ունեցավ Ստամբուլում 2008 թ-ի մայիսին, երբ, ի դեպ նշվում էր Պոլսի գրավման հերթական` 555-րդ տարեդարձը: Տես այստեղ. https://ustahrant.wordpress.com/2008/06/05/lastbutnotleast/): Աշխարհաքաղաքական տեսակետից այդքան կարեւոր չեն էթնոսները որքան պետությունների եւ ազգային խմբերի զբաղեցրած աշխարհագրական դերերը: Այս իմաստով, գործ ունենք, ընդամենը Պոլսի եի Հայկական Լեռնաշխարհի հին պայքարի հետ, որի ընթացքում Պոլսի նպատակն է եղել միացնել եւ ձուլել Հայկական Լեռնաշխարհը, ինչպես նա արել է դա Փոքր Ասիայի հետ, իսկ Հայկական Լեռնաշխարհի հիմնական ձգտումն եղել է առանձնեցումը եւ ինքնավար շրջանի ստեղծումը:
Հատկանշական է, որ գերազման մտնելուց առաջ Օսմանյան կայսրությունը կամ կարող ենք ասել նաեւ Բյուզանդական Խալիֆատը իր հետ փորձեց տանել նաեւ հայերին, եւ հակառակը` ոչնչացնելով հայերին, ոչնչացավ նաեւ ինքը: Պակաս հետաքրքրիր չէ նաեւ այն, որ Օսմանյան Կայսրության փլատակներում առաջացած հանրապետական Թուրքիան, ըստ էության սկսեց իրականացնել զարգացման հայկական մոդելը` արեւմտյան, առաջադիմական եւ ազգայնական կողմնորոշում: Բայց սա արդեն առանձին թեմա է:

Հ.Գ. Մի առանձին թեմա է նաեւ Ցեղասպանության գաղափարական հիմք հանդիսացող հայատյացության` արմենոֆոբիայի գաղափարախոսության վերլուծությունը, որը նույնպես ունի հստակ բյուզանդական ակունքներ, եւ կարող է է՛լ ավելի համոզիչ դարձնել տվյալ նյութում ներկայացված վարկածը:

Տես նաեւ. https://ustahrant.wordpress.com/2008/01/27/goodgod/

Հրանտ Տէր-Աբրահամեան

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements