Օտարալեզու դպրոցի այլընտրանքները

ustahrant.wordpress.com -ի Էքսկլյուզիվ (https://ustahrant.wordpress.com/2010/04/26/exclusive/)

Ի՞նչ կարելի էր անել, եթե նպատակն իրոք լիներ Հայաստանը աշխարհին ինտեգրելը եւ քաղաքակրթությանը հաղորդակից դարձնելը: Մի նպատակ, որին անձամբ ես երկու ձեռքով եւ երկու ոտքով կողմ եմ:

Նախ` պետք էր իմաստավորել աշխարհից մեր մեկուսացման եւ հետամնացության պատճառները: Կամ այն բանի պատճառները, որը կոչվում է գավառականություն: Ամբողջ պարադոքսն էլ այն է, որ գավառականության ակունքները առաջին հերթին սովետական շրջանի օտարալեզու` ռուսական դպրոցներն են: Հենց Սովետական Միության ինքնամեկուսացումը («երկաթե վարագույր», «կոսմոպոլիտիզմի դեմ» ստալինյան պայքարը եւ այլն) պատմականորեն աննախադեպ իրավիճակ են ստեղծել, երբ հայ մշակույթը կտրվել է իր բնական միջավայր` արեւմտյան քաղաքակրթությունից: Որքան էլ հայկականը այդ քաղաքակրթության մեջ ծայրագավառ լիներ, բայց ծայրագավառը նույնը չէ ինչ մշակութային գեղը: Մյուս կողմից, նույնպես պատմության մեջ առաջին անգամ հայերենը վերածվեց երկրորդական արտադրանքի լեզվի` համաշխարհային մշակութային արժեքները այժմ ոչ թե թարգմանվում էին հայերեն անմիջապես բնագրից, այլ ռուսերենի միջոցով: Սրանք են գավառականության եւ հայերենի երկրոդացման իրական աղբյուրները: Արհեստականորեն ընդհատվեց հայերենի եւ հայկական մշակույթի դարավոր ավանդույթը` հաղորդակից լինել արեւմտյան մայր քաղաքակրթության արժեքներին առանց միջնորդավորման: Հայերենը իջեցվեց գաղութական լեզվի կարգավիճակի: Հետեւաբար բուժումը պետք է հիմնված լինի այս ախտորոշման, այլ ոչ թե հայերնը նորից ստորացնելու գնով:

Ինչպիսի՞ կոնկրետ քայլեր կարելի էր անել:

Իմ կարծիքով դրանք երկու ուղղությամբ կարող են ընթանան, եթե խոսքը սահմանափակենք միայն հանրակրթական դպրոցների մակարդակով:

Ուղղություն Ա. Հայերենի դասավանդման խորացում:

Ուղղություն Բ. Օտար լեզուների դասավադման խորացում:

Հայերենի առումով: Հայերենը միայն գրական արեւելահայերենը չէ: Դա նաեւ արեւմտահայ գրական լեզուն է, գրաբարը եւ հայ բարբառները: Հայերենին կատարյալ տիրապետելու համար պետք է պատկերացում ունենալ հայերենի այդ շերտերի մասին: Որն է դրա գործնական նպատակը: Լեզուն երքնից իջած ու ինքն իր մեջ ամփոփված բան չէ: Որպեսզի այն կարողանա դիմանալ մրցակցութանը եւ լինել մրցունակ մտքի եւ գեղարվեստական արժեքների արտադրության, հետեւաբար նաեւ քաղաքական արդյունավետ որոշումների ընդունման լեզու, լեզվի խնդրում պետք է համակարգված քաղաքականություն վարվի: Հատկապես գրական լեզուն չի կարող միայն ինքն իրենից սնվել: Գրաբարի, արեւմտահայերենի եւ բարբառներին տիրապետելը կամ դրանց մասին պատկերացում ունենալը մեր գրական լեզուն շատ ավելի ճկուն ու հստակ գործիք կդարձնի այն տիրապետողի «ձեռքում» («բերանո՞ւմ»): Մի խոսքով, հիմնավորումը կարելի է շատ երկար շարադրել (դրա անտիպ տեքստը արդեն համարյա պատրաստ է), կրկնեմ առաջարկը: Հանրակրթական դպրոցներում երեխաները բացի գրական արեւալահայերենը սովորելուց, պետք է պատկերացում կազմեն գրաբարի, գրական արեւմտահայերենի եւ բարբառների համակարգի մասին: Խոսքը ոչ թե խորացված կուրսի, այլ հենց պատկերացում կազմելու մաիսն է: Գրաբարի իմացությունն էլ ի դեպ, կօգնի վերականգնել հայ մշակույթի ունիվերսալ չափումը:

(Այստեղ հաշվի եմ առել միայն հանրակրթական դպրոցին վերաբերվող առաջարկները. եթե խոսքը գնար ավելի լայն դաշտի մասին, բնականաբար, այլ քայլեր կարելի էր առաջարկել հայերենի զարգացման առումով, նախ եւ առաջ` համակարգված թարգմանչական նախագիծ):

Օտար լեզուների առումով: Դասավանդվող օտար լեզուների թիվը կարելի է ավելացնել, դրանք դասավանդող դասատուներին խրախուսել եւ կազմակերպել վերապատրասման գործընթացի պարբերականությունը: Առհասարակ լեզուների դասատուների աշխատավարձը կարող է ավելի բարձ լինել քան այլ դասատուներինը:

Ցանկալի է, որ հանրակրթական դպրոցը բացի երկու` ռուսերեն եւ անգլերեն լեզվի դասավադումից, նաեւ պատկերացում տա եւս մեկ ժամանակակից եվրոպական, մեկ տարածարջանային եւ մեկ դասական լեզվի մասին: Դրանք կարող են ընտրովի լինեն: ասենք` ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, կամ վրացերեն, պարսկերեն, արաբերեն, կամ լատիներեն, հին հոնարեն, սանսկրիտ, վենյան: Այստեղ եւս խոսքը կարող է գնալ ոչ թե խորացված ուսուսցման, այլ նախնական պատկերացում, ընդհանուր գիտելիք տալու մասին, որը հետագայում երեխային հնարավորություն կտա ցանկության դեպքում խորացնելու լեզուներից մեկը:

Ակնհայտ է, որ սա լավագույնս կնպաստի հայ երեխաների աշխարհին ավելի ինտեգրված լինելուն: Կդաստիարակվեն ե՛ւ անկախ Հայաստանի, ե՛ւ միաժամանակ բառիս լավագույն իմաստով` աշխարհի քաղաքացիներ: Ընդ որում, ուզում եմ շեշտեմ, բացի եվրոպական ժամանակակից լեզուներից, նաեւ դասական եւ տարածաշրջանային լեզուների իմացության պահը: Դասական լեզուները, կարելի է ասել, ունիվերսալ մտածողություն ձեւավորելու հիմք են: Բացի այդ ունեն նաեւ պրակտիկ նշանակություն,ք անի որ բանալի են գիտական եզրաբանության ավելի լավ հասկանալու, ինչպես նաեւ ժամանակաից եվրոպական լեզուներից միանգամից մի քանիսի բառապաշարի մի զգալի մասը միանգամից յուրացնմելու առումով: Մյուս կողմից, եթե ունենանք դասական լեզուներին հաղորդակից սերունդ, դա կարող է հենց հայերենով մտածելուն ու ստեղծագործելուն նոր թափ տա: Ինչ վերաբերվում է տարածաշրջանային լեզուներին, ապա դրանց իմացության նշանակութուն նույնպես, կարծում եմ, պետք չէ առանձնապես հիմնավորել:

Մի խոսքով, կարծում եմ, այսպիսի մոտեցման դեպքում, իրոք կարելի է լուծել կրթության ոլորտի խնդիրների մի մասը, պայքարել գավառական մտածողության դեմ, կառուցել արդարության, հավասարության եւ առաջադիմականության արեժքներով ապրող հասարակություն:

Հ.Գ. Կարելի է մտածել նաեւ տարբեր լեզվական թեկումով դպրոցների շատացման մասին: Ընդ որում, այստեղ նույնպես ցանկալի է ընգրկել ոչ միայն ավանդական անգլերենն ու ռուսերենը, այլ նաեւ այլ լեզուներ:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Տես նաեւ. Օտարալեզու դպրոցների մասին

եւ Доктор филИсофских наук

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Advertisements