Շաբաթվա լավագույն նյութը

ԱՂՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԾԱՂԻԿՆԵՐԸ
ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Անցած շաբաթ, Սարյանի արձանի մոտ, հանդիպում տեղի ունեցավ, որին, ափսոս, ներկա չէի:
Բայց Գագիկ Շամշյանի լուսանկարները շատ են խոսուն. երբ որ դրանց գումարում եմ ականատեսների պատմածը` ոնց որ ամեն ինչ աչքովս տեսած լինեմ: Քաղաքական զբոսանքի դուրս եկած երեւանցիները նախ չհավատացին սեփական աչքերին, երբ որ տեսան իրանց կողքով անցնող Աղվան Հովսեփյանին: Հետո, շատ արագ համոզվելով, որ տեսիլք չի, ասեցին գլխավոր դատախազին էն, ինչ-որ մտածում են իրա մասին: Առանց իմ ասելու էլ գիտեք, թե ինչ են երեւանցիները Աղվանի մասին մտածում, բայց ես մենակ մի կարճ բառ մեջբերեմ` «Բերիա»: Իսկ ի՞նչ պատասխանեց էս մեղադրանքներին Բերիան: Բերիան դանդաղ կիսաշրջվեց, ձեռքը պարզեց դեպի Սարյանի արձանն ու շշնջաց` «Մի՞թե չեք տեսնում այս գեղեցկությունը»: Ձայնը` քնքուշ, ժպիտը` նվաղուն: Աղվան Հովսեփյանի նվաղուն ժպիտը, եթե գոնե մի անգամ տեսել եք, դժվար մոռացած լինեք: Մինչեւ պատմածս դեպքը` անհասկանալի էր թվում էդ ժպիտը գլխավոր դատախազի դեմքին: Պատկերացնում եք, չէ՞, Մարտի 1-ին զոհվածի մայրը հարցնում ա Աղվանին` «Պարոն դատախազ, ո՞վ սպանեց իմ տղային», իսկ Աղվանը, որպես պատասխան, նվաղուն ժպտում ա: Հիմա, Սարյանի արձանի մոտ կատարվածից հետո, արդեն պարզ դարձավ, թե ինչու ա նման հարցերի ժամանակ Աղվանը ժպտում: Մտածում ա` «Ի՜նչ դատարկ հարցեր ես տալիս, մի հատ շուրջդ նայիր, տես` ինչ գեղեցկություն ա, էս հրաշք գեղեցկությունը թողած` ինչի՜ց ես խոսում»: Աղվան Հովսեփյանը, գիտեք իհարկե, ծաղիկներ ա նկարում եւ լուսանկարում: Սիրուն ծաղիկներ: Կեղտոտ աշխատանքից հետո «մաքրվում ա» արվեստով: Արվեստն իրա համար ժավելի նման բան ա` հանում ա արյան հետքերը սպիտակ վերնաշապիկի վրայից: Արվեստի մասին էս պատկերացումը Աղվանը չի հնարել, ինքը դրանից ուղղակի օգտվում ա: Պատկերացումը հին ա ու ելնում ա էն հիմնադրույթից, թե կյանքը ցածր ու կեղտոտ բան ա, իսկ արվեստը` բարձր: Կյանքում կեղտոտվում ես, արվեստի միջոցով` կեղտը լվանում: Երբ որ Սոս Սարգսյանը կամ, ասենք, Վլադիմիր Մսրյանը ընտրությունների ժամանակ Սերժին կամ Սեւ Գագոյին են պաշտպանում, իրանց արածի հիմքում նույնպես արվեստի մասին նշածս պատկերացումը կա` իրանք Սերժին ու Գագոյին, բարձր արվեստի անունից, փաստորեն ինդուլգենցիա են տալիս: Իսկ Աղվանը, ուրիշից ինդուլգենցիա առնելու փոխարեն, ինքն ա իրա համար ինդուլգենցիա սարքում` նկարում ա ծաղիկներ: Հայ պալատական մտավորականության դեմ տասնամյակներ շարունակ հնչող բանադրանքի ձայները հենց էն պատճառով են ակնհայտորեն անարդյունք, որ դրանք, նշածս պատկերացումը քննելու փոխարեն, քննում են էդ պատկերացումը կրող անձի բարոյական հատկանիշները: Քննադատողներին որ լսես, քեզ կթվա, թե հայ արվեստագետների մեջ ուղղակի վատ վիրուս ա ընկել` բոլորին վարակելով ստորաքարշությամբ ու վախկոտությամբ: Իսկ իրականում ոչ մի վիրուս էլ չկա, ուղղակի կա բարձր արվեստի մասին մի հին պատկերացում, որը դրա կրողին դարձնում ա պալատական: Պալատն էն տեղն ա, որտեղ նստում ա միապետը: Միապետը Աստծո ներկայացուցիչն ա երկրի վրա: Բարձր արվեստը նույնպես գալիս ա Աստծուց, եւ դրա կրողը` արվեստագետը, նույնպես իրան համարում ա աստվածայինի ներկայացուցիչը երկրի վրա: Արդյունքում երկուսն էլ` միապետն ու արվեստագետը, հայտնվում են ցածր գետնից իրանց կտրող պատվանդանի վրա եւ «ամբոխին» նայում են նույն դիրքից` վերեւից: Ինչը էս երկուսին դարձնում ա մեկը մյուսի պոտենցիալ դաշնակից: Միապետության դարաշրջանն աշխարհում վաղուց ավարտվել ա, բայց Հայաստանում դեռ բազմաթիվ մարդիկ կան, որոնք նախագահին ասում են «թագավոր»: Եղածը բառ չի ընդամենը, բառի հետեւում կա պատկերացում, որի վրա հենվում ա ներկա Հայաստանը: Թագավորն ու նախագահը իրարից տարբերվում են իշխանության աղբյուրով. թագավորի իշխանությունը գալիս ա Աստծուց, նախագահի իշխանությունը գալիս ա մարդկանցից` իրան ընտրողներից: Մարդուց եկող իշխանությունը թեթեւ իշխանություն ա` գալիս ա թեթեւ, հեռանում ա թեթեւ: Հայաստանում մինչեւ էսօր չի հաջողվում ստեղծել նման իշխանություն: Որպեսզի հաջողվի, պետք ա հստակ ձեւակերպված լինի նման իշխանության հասարակական պատվերը: Մինչեւ հիմա ոչ էդ հստակ ձեւակերպումը կա, ոչ էլ պատվերն առաջադրողը:
2008-ի շարժումը իրա մեջ միավորեց, փոքր բացառություններով, բոլոր նրանց, ովքեր դժգոհ են Հայաստանում տիրող վիճակից եւ ուզում են փոփոխություններ: Ու բոլորի համար ակնհայտ դարձավ, որ փոփոխություն ուզողները շատ են` հարյուր հազարներ: Բայց էդ հարյուր հազարների մեջ որքա՞նն են նրանք, ովքեր ոչ թե պարզապես իշխանական աթոռին նստած մարդուն են ուզում փոխել, այլ իշխանության տեսակը, որքա՞նն են նրանք, ովքեր ուզում են թեթեւ, մարդկային իշխանություն: Հիմա էս հարցի պատասխանը դեռ չկա, որովհետեւ մենակ էն ժամանակ, երբ որ նշածս հասարակական պահանջը հստակ ձեւակերպվի, դրան արձագանքողների թիվը հայտնի կդառնա: Հայ ազգային կոնգրեսը, եթե էսօրվա վիճակը չփոխվի, դժվար թե կարողանա դառնալ թեթեւ իշխանության էդ պահանջի ձեւակերպողը, որովհետեւ հենց ինքը ծանր կառուցվածք ունի` ձեւավորվել ա վերեւից ներքեւ, որպես բուրգ: Էդ ճիշտ ա, որ Կոնգրեսի բուրգը դասական մոնոլիտ բուրգերից չի, ներքեւի մասում լրիվ բաց ա ու չվերահսկվող, բայց եթե որոշումներ ընդունող վերին մասին նայենք, հստակ կտեսնենք, որ մեր առաջ սրածայր բուրգ ա կանգնած: Հայ-թուրքական գործընթացի հետ կապված դադար վերցնելու որոշումը, մնացած բոլոր որոշումների նման, ընդունվեց ներքին կարգով` Կոնգրեսի վերնամասում, ու հիմա դրանից դուրս գտնվող կոնգրեսականները շատ հետաքրքիր վիճակում են հայտնվել` կամ պետք ա ձեռքները ծալեն ու սպասեն, թե երբ բուրգի գագաթում դադարից դուրս գալու որոշում կընդունվի, կամ պետք ա ինքնուրույն քայլեր անեն եւ իրանց վրա վերցնեն քաղաքական պատասխանատվություն:
Աղվան Հովսեփյանն անցած շաբաթ դուրս էր եկել մշակութային զբոսանքի եւ քաղաքական զբոսանքի մասնակիցներին խորհուրդ էր տալիս հետեւել իրա օրինակին: Ճիշտը որ ասեմ, ինձ էլ են հաճախ նման խորհուրդ տալիս` թե՛ ներկա իշխանության, թե՛ բարձր արվեստի կողմնակիցները: Ասում են` ինչո՞ւ դավաճանեցիր բանաստեղծությանը եւ հեռացար դեպի կեղտոտ քաղաքականություն: Իրականում էն, ինչը ես անում եմ, շարունակությունն ա իմ բանաստեղծության եւ էն գեղագիտության, որով էդ բանաստեղծությունը ստեղծվում ա: Հին` «բարձր արվեստի» գեղագիտությունը, իմ հաստատ համոզմամբ, ենթադրում ա հենց էն Հայաստանը, որը մենք էսօր ունենք: Էն Հայաստանը, որտեղ Աղվան Հովսեփյանը առավոտյան գործ ա սարքում սրա-նրա վրա, իսկ երեկոյան նկարում ա ծաղիկներ: Նոր Հայաստան ունենալու համար պետք ա քաղաքական պատասխանատվություն վերցնեն նրանք, ովքեր կրողն են նոր գեղագիտության: Կամ որ նույնն ա թե` նոր մտածողության:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources