Կիլիկյան Հայաստանի Հանրապետության ինքնությունը 2

(այլընտրանքային պատմության փորձ )

(1940-ական – 1980-ական թթ.)

40-ական թվականների վերջից, երբ Կիլիկյան Հայաստանը ստանում է անկախություն եւ երբ տնտեսական եւ հասարակական վերելքի ու լայն ներգաղթի հիման վրա սկզբնավորվում է Կիլիկիայի Հայաստանի Հանրապետության ծաղկման շրջանը թափ է առնում մի բանավեճ, որի շրջանակներում ձեւավորվում է կիլիկյան նոր ինքնությունը: Ձեւավորման գործընթացի վրա որոշիչ ազդեցություն են ունենում մի քանի գործոններ: Դրանց թվում էին. հակադրությունը Խորհրդային Հայաստանին, միջնադրայան կիլիկյան ավանդույթը, համաշխարհային գործընթացներին մասնակից լինելը, սպեցեֆիկ արտաքին դիրքը` Արեւմուտքի դաշնակից լինելը Մերձավոր Արեւելքում եւ միաժամնակ վերջինիս հետ բազմաթիվ թելերով կապված լինելը, երկրի բազմազգությունը, իսկ մասամբ նաեւ ներքին աշխարհագրական բաժանումը` Լեռնային եւ Դաշտային-ծովային Կիլիկիայի: Բանավեճի մեջ ընգրկված երկու հիմնական կողմերը, ընդունելով հանդերձ որոշակի ընդհանուր ելակետային դրույթներ, հակադրվում էին կարեւոր դետալներում: Բանավիճող երկու հասարակական ուղղությունները հայտնի դարձան ըստ իրենց աշխարհագրական անվանումների որպես «զեյթունցիներ» եւ «ադանացիներ»:

«Զեյթունցիները» ներկայացնում էին երկրի ցամաքային` իրենց աշխարհագրական պայմաններով Փոքր Ասիային եւ Հայկական Լեռնաշխարհին ավելի մոտիկ լեռնային շրջանները, ուր բնակչության հիմնական զանգվածը էթնիկ հայկական էր, ընդ որում արեւմտահայկական, իսկ «ադանացիների» հոսանքը ներկայացնում էր դաշտային ու ծովամերձ շրջանները, որոնց բնակչությունը խառն էր թե՛ էթնիկ տեսակետից` հայեր, ասորիներ, հույներ, մահմեդականներ, թե՛ ներքին հայկական տեսանկյունից, քանի որ շնրոհիվ ներգաղթի այստեղ խառնվել էին արեւմտահայ եւ արեւելահայ զանգվածները: Համապատասխանաբար «զեյթունցիները» հանդես էին գալիս ավելի պահպանողական համարվող, իսկ «ադանացիները» ավելի «առաջադիմական» համարվող դիրքերից: Թե՛ առաջիններին, թե՛ երկրորդներին, սակայն, ինչպես ասվեց, միավորում էր որոշակի ելակետային դիրքերի ընդհանրությունը:

Երկու հոսանքի ներկայացուցիչներն էլ իրենց հակադրում էին Խորհրդային Հայաստանին միանգամից երկու իմաստով: Նախ` որպես ազգային ավանդույթների` կրոնի, ազգային քաղաքական պահանջների, դասական ուղղագրության եւ այլնի պահպանող եւ այդ հակադրությունը առավել մեծ չափով ընգծում էր «զեյթունցիների» հոսանքը, եւ երկրորդ` որպես աշխարհին ավելի բաց, ինտեգրված ու ազատ հասարակություն, եւ այս հակադրությունը առավել ըդնգծում էր «ադանացիների» հոսանքը: Երկուսի համար էլ, սակայն, սկզբնական շրջանում կարեւոր էր երկու տարրերի փոխկապվածությունը: 50-ական 60-ական թթ. կիլիկյան ինտելեկտուալները ընգծում էին, որ հայկական ինքնությունը միշտ էլ եղել է բաց փոխառությունների առաջ եւ հարստացել է նրանցով, միաժամանակ սակայն այնքան ուժեղ սեփականացնելով այդ փոխառությունները, որ դրանք ստանում են անճանաչելի ինքնուրույն դիմագիծ: Այս իմաստով, կիլիկյան մտածողները դիմակայում էին Խորհրդային Հայաստանին, որը, իրենց կարծիքով ազգային տեսակետից անգրագետ էր, իսկ համաշխարհային համատեսքտում` գավառական: Այս քննադատությունը 60-ական 70-ական թթ. ուժգնացավ, մանավանդ Խորհրդային Հայաստանից Կիլիկիա ճողոպրած հայաստանյան մշակույթի հայտնի գործիչների հայտնվելով, որոնց թվում էր, օրինակ Պարույր Սեւակը, որը ավելի ուշ միացավ «զեյթունցիների» հոսանքին:

Փորձելով հիմնվել միջնադարյան Կիլիկիայի պատմական-մշակութային ավանդույթի վրա նորկիլիկյան ինտելեկտուալները համեմատում էին Բյուզանդիայի դեմ Ռուբինյանների պայքարի ու նոր շրջանի խորհրդային Մոսկվայի հետ իրենց հակադրությունը: Նրանց համար կարեւոր էր այն պատմական զուգահեռը ըստ որի, ինչպես որ միջնադարյան Կիլիկիայի հայկական պետությունը կայացավ բյուզանդացիների կայսերական քաղաքականության դեմ հարատեւ ապստամբության շնորհիվ, այնպես էլ նոր շրջանում Կիլիկիայ Հայաստանի Հանրապետությունը իրենց մեկնաբանմամն փրկեց հայկական ինքնությունը խորհրդային-ռուսական ծավալապաշտության ուծացնող եւ աղավաղող ազդեցությունից: Ըստ այդ ձեւակերպումների Կիլիկիան նոր շրջանում էլ պայքարում է նույն հակառակորդի հետ, որը դարերի ընթացքում փոխել է իր զգեստը` «ուղղափառ» կայսերապաշտությունից ստալինյան կայսերապաշտ «սոցիալիզմի», սակայն պահպանել է իր էությունը` անհատների եւ ազգերի ազատության նկատմամբ ոտնձգությունները, տոտալիտար աշխարհայացքը, առաջնորդի անձի կռապաշտական ձեւերը եւ այլն:

Ավելի ուշ, սակայն, այս համատեքստը իրար դեմ սկսեցին օգտագործել նաեւ «զեյթունցիները» ու «ադանացիները» իրենց ներքին վեճում: Մասնավորապես «զեյթունցիները» հիշեցնում էին միջնադարյան Կիլիկիայի վաղ շրջանի պատմության Ռուբինյան-Հեթումյան հակադրության մասին, որի շրջանակներում Ռուբինյանները պայքարում էին անկախության համար բյուզանդացիների դեմ, իսկ Հեթումյանները հնազանդ էին հույներին: Ըստ «զեյթունցիների», «ադանացիները» իրենց «ոչ ազգային» դիրքով նմանվում էին Հեթումյաններին, իսկ իրենք` «զեյթունցիները» լեռներում իրենց իշխանությունը հիմնած Ռուբինյանների գծի ժառանգորդներն են: Մյուս կողմից «ադանացիների» չափից ավելի ուժեղ արեւմտամետությունը «զեյթունցիները» համեմատում էին արդեն ուշ շրջանի Կիլիկյան թագավորության վերջին Հեթումյան եւ Լուսինյան տիրակալների լատինամոլության հետ:

Կիլիկյան ինտելեկտուալների մտածողության ձեւավորման համար կարեւոր էր նաեւ երկրի յուրահատուկ արտաքին դիրքը` աշխարհագրորեն գտնվելով Մերձավոր Արեւելքում Կիլիկիան հանդիանում էր որպես Արեւմուտքի դաշնակից եւ որպես եվրոպական մշակույթի կրող: Չնայած քաղաքական առումով Կիլիկյան Հայաստանը առանձնապես սուր առճակատման մեջ չէր մտնում իր հարեւանների հետ, սակայն հակդրում էր իր հասարակական ազատ կարգերը եւ մշակութային դիմագիծը շրջապատի մահեմադական երկրներին եւ առհասարակ արեւլյան ազդեցությանը: Հակառակը, Խորհրդային Հայաստանը, կիլիկեցիների կողմից ընկալվում եւ քննադատվում էր որպես նաեւ արեւլյան ազդեցության տակ գտնվող: Միաժամանակ Կիլիկիան պաշտոնապես իրեն ներկայացնում էր որպես երկիր, որում իրենց փրկությունն ու մշակութային ինքնավորությունն են գտել Մերձավոր Արեւելքի փոքր քրիստոնյա ազգերը, հատկապես ասորիները:

Այս բոլոր համատեքստերում կիլիկյան ինքնության համար կարեւորագույն պատմական անձնավորություն էր դիտվում Ներսես Լամբրոնացին, իսկ առանցքային պատմական-գաղափարաբանական տեքստերը` Լամբրոնացու «Թուղթ առ Լեւոն արքայն հայոց» եւ «Ատենաբանությունը»: Նոր շրջանի Կիլիկիայի երկու հոսանքներն էլ սիրում էին մեջբերել Լամբրոնացու «Թղթի» հետեւյալ հատվածը, որն ուղղված էր Հյուսիս-արեւելյան Հայաստանի այն ժամանակվա հոգեւոր առաջնորդների դեմ եւ որը նոր ժամանակներում վերաիմաստավորվում էր Խորհրդային Հայաստանի առումով` «եւ չեն կամենում լատինացիների սովորությունները, այլ նախընտրում են պարսիկներինը, որոնց միջեւ նրանք ապրում են եւ որոնց ավանդույթներով շարժվում են»: Լամբրոնացու մյուս մեջբերումներն էլ արդեն օգտագործում էին «ադանացինիերը» «զեյթունցիների» հետ ներքին բանավեճում` «Աստծո շնորհն զորացրեց ինձ եւ ես նրանց սնոտի ավանդությունները գիտությամբ արհամարհեցի եւ սերը նախապատվեցի: Եվ հայն իմ համար լատինացու պես է, լատինացին հելենացու, հելենացին եգիպտացու, եգիպտացին ասորու: Արդ, եթե ես մի ազգի ջատագով էի, ե՞րբ կարող էի հաղրդվել օտարների հետ: Բայց բոլորի հետ, ով միմյան թշնամի էին, խառնվեցի եւ շահեցի»:

Կիլիկյան նոր շրջանի ինքնության այս ընթացքը, արտաքին եւ ներքին բանավեճը շարունակվեց մինչեւ ԽՍՀՄ փլուզումը, որը նոր հարցադրումներ դրեց կիլիկյան հասարակության առջեւ եւ նորովի վեճեր ու պատասխաններ առաջ բերեց:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources